Նիկոլ Փաշինյանն իր այս հայտարարություններով սխալական է հռչակում մի ամբողջ ժողովրդի, կայացած պետության անցյալը, ինստիտուցիոնալ հիշողությունը, այն ամենը, ինչ եղել է իրենից առաջ։ Բացի այդ, ըստ նրա տրամաբանության, սխալ ընկալումներով են ապրել և առաջնորդվել ոչ միայն հայաստանյան տարբեր իշխանությունները, այլև ողջ աշխարհը, միջազգային հանրությունը, որն ավելի քան երկու տասնամյակ բանակցային գործընթացի հիմքում դրել է «սխալ ընկալումները»։
Պետական շահը քաղաքականության այն հասկացություններից է, որը, թերևս, ամենաշատն է իր վրա կրում տարածության ու ժամանակի ազդեցությունը։ Այն առաջին հերթին հիմնվում է պետական կազմավորման տարածքային պատկանելության՝ աշխարհագրության վրա, որը, սակայն, կարևոր, բայց բավարար պայման չէ պետական շահերի համակարգի ձևավորման համար։