Խորհրդարան անցած քաղաքական ուժերը պիտի որոշում կայացնեն, ու մենք՝ բոլորս, պետք է ենթարկվենք դրան. Սերժ Սարգսյան
Խորհրդարան անցած ընդդիմադիր ուժերի՝ մանդատները վերցնելու կամ դրանցից հրաժարվելու տարբերակներից յուրաքանչյուրն էլ ունի իր առավելություններն ու բացասական կողմերը, սակայն խնդիրը ձևն ընտրելը չէ, այլ հստակ ռազմավարություն ունենալը։ Այս մասին այսօր՝ դատական նիստից հետո, 168.am-ի հարցին ի պատասխան՝ ասել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը՝ խոսելով ԱԺ ընտրության արդյունքների մասին։
Երրորդ նախագահի կարծիքով՝ երկու ձևով էլ կարելի է հասնել հաջողության։
«Հիմա քաղաքական այն ուժերը, որոնք անցել են խորհրդարան, պիտի որոշում կայացնեն, և մենք բոլորս պետք է այդ որոշմանը ենթարկվենք, մենք բոլորս պետք է այդ որոշումներն իրականացնենք»,- ասել է Սերժ Սարգսյանը։
Հարցին՝ փողոցային պայքարի օրակարգն այսօր իրատեսակա՞ն է, Հանրապետության երրորդ նախագահը պատասխանել է. «Փողոցը միշտ էլ օգտակար է»։
«Կարծում եմ՝ որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը տեղի են ունեցել մասսայական խախտումներ, և կարծում եմ, որ եթե մենք, օրինակ, 2017 թվականին անցկացնեինք այսպիսի ընտրություններ, ապա եվրոպական դիտորդներն անպայման կֆիքսեին հետևյալ նախադասությունը, որ և՛ նախընտրական փուլում, և՛ քվեարկության օրը ընտրություններն անցել են համատարած խախտումներով, բայց ես չեմ ակնկալում, որ հիմա դիտորդներն այդպիսի արձանագրում կանեն։ Հասկանալի պատճառներով՝ չէ, որովհետև այդ նախընտրական փուլում իրենց քաղաքական ղեկավարներն ամբողջական սատարում են հայտնել այսօրվա իշխանություններին, կարծում եմ՝ դա այդ մարդկանց կկաշկանդի»,- հավելել է Երրորդ նախագահը։
Սերժ Սարգսյանը խոսել է նաև ձայների վերահաշվարկի մասին՝ նշելով, որ վերահաշվարկը կարող է փոխել իրավիճակը։ Երրորդ նախագահը վստահություն է հայտնել, որ վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կստանա մանդատներ, իսկ եթե ոչ, ապա անհասկանալի կլինի, թե ինչու։
Լրագրողի հարցին՝ Հանրապետական կուսակցությունը պատրա՞ստ է արդյոք փողոցային պայքարի, Սերժ Սարգսյանը պատասխանել է. «Հանրապետական կուսակցությունը պատրաստ է մշտապես սատարել այն քաղաքական ուժերին, որոնք ստացել են մեր ժողովրդի քվեն բավականաչափ մեծ չափերով»։

