Սկսվել են Իրանի դեմ հարվածները (թարմացվող)

 

  • Եմենը նախազգուշացրել է ԱՄՆ-ին. «Մենք լուռ չենք մնա, եթե Իրանին հասցվող հարվածները շարունակվեն»։

 

  • Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը (ԻՀՊԿ) հայտարարում է, որ հայտնաբերել է Իրանի օդային տարածքը խախտած F-16 կործանիչ և դրա ուղղությամբ արձակել «մակերևույթ-օդ» դասի հրթիռներ՝ ստիպելով նրան նահանջել։

 

  • ԱՄՆ նախկին գլխավոր բանակցող Ռոբերտ Մելլին, մեկնաբանելով իրավիճակը, հայտարարել է. «Եթե [Թրամփի վարչակազմն] իսկապես կարծում է, թե հարձակման միջոցով Իրանի դիրքորոշումը կփոխվի, ապա այս իրավիճակը բնորոշ է այնպիսի մեկին, ով հուսահատված է իր ուզածին չհասնելու պատճառով, ուստի անկանոն քայլեր է անում ու հարձակվում։ Նրանք ռազմական էսկալացիան շփոթում են ճնշման լծակի հետ՝ միայն նրա համար, որ հերթական անգամ համոզվեն՝ ճնշումն Իրանի կեցվածքը չի փոխելու»։

 

  • Իսրայելական 11-րդ ալիքը հաղորդում է. «Իսրայելն այս փուլում ներգրավված չէ Իրանին հասցվող հարվածներում»։

 

  • Հարձակումը շարունակվում է։ Ամերիկացի պաշտոնյաները հայտարարում են, որ այն կտևի ժամեր։

 

  • Ներկայացվել է այս պահի դրությամբ Իրանին հասցված ԱՄՆ հարվածների թիրախային քարտեզը:
    ԱՄՆ ուժերը խոցում Իրանի հարավային ափի երկայնքով՝ Հորմուզի նեղուցի հարևանությամբ. Ասալույե, Բանդար Աբբաս, Քեշմ, Հենգամ կղզի, Մինաբ, Քարգան և Սիրիկ։

  • ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցություններում դիվանագիտական առաջընթացի հասնելու հեռանկարները էլ ավելի մշուշոտ են դարձել այն բանից հետո, երբ չորեքշաբթի երեկոյան Կատարի միջնորդական պատվիրակությունը լքել է Թեհրանը՝ բանակցություններում որևէ առաջընթացի չհասնելով, հայտնում է The New York Times-ը։

 

  • Ռազմական ավիացիայի տեղաշարժին հետևող աղբյուրները հայտնում են, որ ԱՄՆ ռազմաօդային ուժերի երկու միավոր «KC-135R Stratotanker» տեսակի օդային լիցքավորման ինքնաթիռներ ներկայումս վառելիքի լիցքավորման մանևրներ են իրականացնում Հորմոզգան նահանգի հարավում՝ Հորմուզի նեղուցից դեպի արևմուտք։ Այս ստրատոտանկերները օդ են բարձրացել Սաուդյան Արաբիայում գտնվող Prince Sultan ավիաբազայից։

 

  • IRIB-ի և դրանց իրաքյան աղբյուրների փոխանցմամբ՝ Իրաքի հյուսիսում՝ Էրբիլում գտնվող ամերիկյան «Ալ-Հարիր» ռազմաբազան թիրախավորվել է իրանական հրթիռի կողմից։ Իրաքյան Al-Ma’uluma լրատվամիջոցը նույնպես հայտնել է, որ Իրանը Էրբիլում ամերիկյան ռադար է ոչնչացրել։

 

  • Արաբական լրատվական աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանը բանակցությունների ընթացքում որևէ զիջման չի գնացել Միացյալ Նահանգների նկատմամբ, ինչն էլ հավանաբար հանգեցրել է ռազմական բախման ներկայիս փուլին։

 

  • Իսրայելական Yedioth Ahronoth պարբերական. «Այսօր գիշերային բախման ընթացքում ամերիկյան ռազմանավերից մեկը լուրջ վնասվածքներ է ստացել»։

 

  • «Fox News»-ը, հղում կատարելով ԱՄՆ բարձրաստիճան մի պաշտոնյայի, հայտնում է, որ այս գիշեր Իրանի ուղղությամբ նախատեսված են հարձակման ևս մի քանի նոր ալիքներ։

 

  • Տեղեկություններ են տարածվում Իրաքի հյուսիսում ամերիկյան կործանիչների ինտենսիվ ակտիվության մասին։

 

  • Ռազմական ավիացիայի տեղաշարժին հետևող աղբյուրները փոխանցում են, որ Իսրայելի տարածքից մեծ թվով ամերիկյան օդային լիցքավորման (վառելիք լցնող) ինքնաթիռներ են օդ բարձրացել՝ աջակցելու ընթացող գործողություններին։

 

  • Այս պահին Իրանի Իսլամական Հանրապետության ռազմաօդային ուժերի կործանիչները թռչում են Թեհրանի վրայով։

 

  • Իսրայելի 12-րդ ալիքը հաղորդում է, որ Իսրայելի բանակը պատրաստվում է միանալ Միացյալ Նահանգներին՝ Իրանի դեմ նոր արշավում։

 

  • ԱՄՆ զինված ուժերը, գլխավոր հրամանատարի հրամանով, սկսել են լրացուցիչ հարվածներ հասցնել Իրանում գտնվող թիրախներին, հայտարարել են ՍԵՆՏԿՈՄ-ից (ԱՄՆ ԶՈՒ Կենտրոնական հրամանատարություն)։

 

  • ԱՄՆ ներկայացուցիչը Axios-ին հայտնել է, որ բոլոր թիրախավորված օբյեկտները գտնվում են Իրանի հարավում։ Նրա խոսքով՝ դրանց թվում են ՀՕՊ (հակաօդային պաշտպանության) համակարգեր, ռադարներ, ինչպես նաև անօդաչու թռչող սարքերի (ԱԹՍ) հրամանատարական և կառավարման կետեր։

 

  • Այս հարվածները իրականացվում են Թեհրանի վրա ճնշում գործադրելու համար, որպեսզի համաձայնագիրը ստորագրվի, բայց դրանք կարող են հանգեցնել ռազմական հակամարտության սրման, գրում է Axios-ը։

 

  • Բանդար Աբբասում հենց նոր պայթյուններ են լսվել, հայտնում է Իրանի պետական IRIB գործակալությունը։

 

  • Իրանը հրթիռային հարվածներ է հասցրել Հյուսիսային Իրաքում գտնվող ամերիկյան թիրախներին

 

  • Իրաքյան աղբյուրների փոխանցմամբ՝ Իրաքի հյուսիսում (Էրբիլ) տեղակայված ամերիկյան «Ալ-Հարիր» ռազմակայանը ենթարկվել է Իրանի տարածքից արձակված հրթիռային հարվածների։

 

  • Իրաքյան «Ալ-Մալումա» կայքը հայտնում է, որ իրանական հարվածների հետևանքով Իրաքյան Քրդստանի կենտրոն Էրբիլում ոչնչացվել է ամերիկյան ռադարային (ՌԼԿ) համակարգ։

 

  • ԱՄՆ-ն այս գիշեր ուժգին հարվածներ կհասցնի Իրանին,-ավելի վաղ հայտարարել էր Պենտագոնի ղեկավար Հեգսեթը, և ավելացրել` ռմբակոծություններ կիրականացվեն հանգուցային ենթակառուցվածքների ուղղությամբ։

 

  • Ռազմական գործողությունների պատճառով ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը չի մասնակցի ՖԻՖԱ-ի Աշխարհի առաջնության բացման խաղին, որը պետք է կայանար ուրբաթ օրը Լոս Անջելեսում՝ ԱՄՆ-ի և Պարագվայի հավաքականների միջև։ Այս մասին հայտնում է «Politico» պարբերականը՝ հղում անելով իր իրազեկ աղբյուրներին։

 

  • Իրանական ռադիոհեռուստատեսությունը և «Tasnim» լրատվական գործակալությունը հայտնում են, որ հզոր պայթյունների ձայներ են լսվում Բանդար Աբաս նավահանգստային քաղաքում։ Բացի այդ, ռմբակոծության է ենթարկվել Ասալույե քաղաքում գտնվող «Հարավային Փարս» գազային համալիրին պատկանող նավթաքիմիական գործարանը։ Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ հերթական անգամ թիրախավորվել է նաև Քարգանի ռազմածովային բազան։

Axios-ի լրագրողը՝ հղում անելով ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյային, քիչ առաջ հայտնել է, որ սկսվել են հարվածները Իրանին.

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930