Պարտադիր չէ, որ «երրորդ ուժը»՝ «Ուժեղ Հայաստանը», ապագայում էլ պահպանի իր ազդեցությունը հայկական քաղաքականության մեջ, բայց այդ դերի համար լուրջ հայտ արդեն ներկայացված է. Մարկեդոնով
«Հայաստանում հնգամյակի գլխավոր ընտրարշավից շատ հարցերի պատասխաններ էին ակնկալում։ Կպահպանի՞ արդյոք իշխանությունը Նիկոլ Փաշինյանը, թե՞ կզիջի ընդդիմադիր մի քանի թևերի ճնշման ներքո, որոնք միասնական են «Քաղաքացիական պայմանագրի» մենաշնորհը խախտելու իրենց ցանկության մեջ։ Երևանը կգնա՞ եվրոպական ինտեգրման ճանապարհով, թե՞ կհետևի սովորական դարձած եվրասիական ուղուն։ Արդյո՞ք «պատմական ընտրությունները» կմոտեցնեն Ադրբեջանի հետ խաղաղության հասնելն ու Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը։
Սակայն ընտրություններից հետո մենք ստացանք միայն հարցերի նոր չափաբաժին։ Ինչպես պարզվեց, քաղաքական հորիզոնի գծին մոտենալը միայն էլ ավելի անորոշ ու անհասանելի դարձրեց այն»,- այս մասին «Կոմերսանտ» ռուսական պարբերականում գրում է ռուս վերլուծաբան Սերգեյ Մարկեդոնովը «Հորիզոնից այն կողմ» վերտառությամբ հոդվածում:
Նրա խոսքով, առաջին հայացքից՝ իշխող կուսակցության և անձամբ Նիկոլ Փաշինյանի հաջողությունը կասկած չի հարուցում։
«Նույնիսկ, եթե մի պահ մի կողմ դնենք հետխորհրդային Հայաստանի համար աննախադեպ վարչական ռեսուրսի կիրառումն ու ընդդիմության նկատմամբ ճնշումները, պետք է խոստովանել, որ անկախ հայաստանյան վարչապետի կերպարի հանդեպ անձնական վերաբերմունքից, նա ունի աջակցության և ժողովրդականության որոշակի պաշար՝ հատկապես գյուղերում և փոքր քաղաքներում։
«Քաղաքացիական պայմանագիրը», ինչպես և հինգ տարի առաջ, կկարողանա ինքնուրույն՝ առանց որևէ մեկի հետ կոալիցիա կազմելու, ձևավորել կառավարություն։ Սակայն 2021 թվականի համեմատ իշխող կուսակցությունը տասը մանդատ պակաս կստանա, ինչը նշանակում է, որ փայփայած սահմանադրական մեծամասնությունը չի ապահովվի։
Հետևաբար, խնդիրներ կառաջանան Մայր օրենքում փոփոխություններ կատարելիս, թեև պոտենցիալ առումով Հայաստանի առջև ծառացած է երկու հանրաքվե անցկացնելու հեռանկարը (Սահմանադրության փոփոխության և ինտեգրացիոն վեկտորի ընտրության վերաբերյալ)։ Բարդություններ իշխանության համա՞ր։ Ոչ միայն։ Կառավարությունը մանևրելու դաշտ է ստանում՝ ինչպես երկրի ներսում, այնպես էլ՝ Մոսկվայի, Անկարայի և Բաքվի հետ երկխոսության ու սակարկությունների մեջ»,- նման մեկնաբանություն է անում Մարկեդոնովը:
Նա գտնում է նաև, որ ամեն ինչ միանշանակ չէ նաև ընդդիմադիր դաշտում։ Ռուս վերլուծաբանի որակմամբ, իշխանության ղեկին գտնվելու բոլոր ութ տարիների ընթացքում Փաշինյանն իր սեփական լեգիտիմությունը կառուցում էր նրանց հակադրվելու միջոցով, ում անվանում էր «նախկիններ»։
Բայց, ըստ վերլուծաբանի, «Ուժեղ Հայաստան» դաշինքի առաջնորդ Սամվել Կարապետյանը փաստացիորեն իրացրեց «երրորդ ուժի» հանրային պահանջը՝ իրականացնելով հայաստանյան ընդդիմության «վերագործարկումը» և դառնալով դրա գլխավոր հենասյունը՝ քոչարյանական «Հայաստան» դաշինքի փոխարեն։
«Պարտադիր չէ, որ «երրորդ ուժն» ապագայում էլ պահպանի իր ազդեցությունը հայկական քաղաքականության մեջ, բայց այդ դերի համար լուրջ հայտ արդեն ներկայացված է»,- նկատում է Մարկեդոնովը: Նրա կարծիքով, խորհրդարանական ընտրությունները ոչ միայն չվերացրին, այլ ընդհակառակը, էլ ավելի ընդգծեցին հայկական ազգային-պետական հայեցակարգի հիմնարար խնդիրները, «Միացումի» գաղափարն այլևս չի գործում, իսկ «Իրական Հայաստանի» կոնցեպտը, որը հիմնված է հերոսականությունից ու զոհաբերությունից հրաժարվելու և սպառողականության (կոնսյումերիզմի) վրա, երկիրը ոչ թե միավորում է, այլ ավելի շատ բևեռացնում։ «Հայ հասարակությունն ու քաղաքական դասը մնում են պառակտված. դրանց տարբեր հատվածները չեն ձգտում փոխզիջումների որոնման։ Չափազանց տարբեր է նրանց պատկերացումը երկրի ապագայի և աշխարհում դրա տեղի մասին։ Ընտրություններն ավարտվեցին, բայց պայքարը «սեփական Հայաստանի» համար շարունակվում է, և յուրաքանչյուրն ունի իր սեփական Հայաստանը»,- գրում է Մարկեդոնովը:

