Մինչ ընտրություններից առաջ քաղաքական իշխանությունը զբաղված է քաղաքացիների ուղեղները լվանալով, տնտեսության բուռն զարգացումների ու աճերի վերաբերյալ հայտարարություններ անելով փորձում է տրամադրություններ ստեղծել, տնտեսության մեջ տեղի են ունենում պրոցեսներ, որոնք ոչ մի կերպ չեն տեղավորվում իշխանությունների լավատեսության շրջանակներում։
Էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանն օրերս փորձելով գովաբանել իշխանության տնտեսական քաղաքականությունը, ակամայից բացահայտեց, որ Հայաստանից իրականացվող արտահանումների գրեթե կեսը հայկական ծագում չունի։ Այլ կերպ ասած՝ վերաարտահանումներն են։
Այսօր տեսնում ենք, թե իրականում ինչ է կատարվում՝ ինչպես տնտեսության, այնպես էլ՝ արտաքին առևտրի ոլորտում։ Բոլոր հիմնական գործընկեր երկրների հետ առևտուրը խոր անկման մեջ է։ Վերջին տարիներին արտաքին առևտրի համար ստեղծված նպաստավոր գործոնները թուլացել են, իսկ ներքին տնտեսության արտահանման պոտենցիալը ոչ մի կերպ չեն կարողանում ավելացնել։
Զարմանալի չէ, որ այդքանից հետո արտադրության ծավալները չեն հասել անգամ 2021թ. մակարդակին։ Չորս տարի առաջ Հայաստանում ավելի շատ համակարգիչներ, էլեկտրոնային ու օպտիկական սարքավորումներ էին արտադրվում, քան արտադրվել են այս տարի՝ ընդհուպ 2,6 անգամ աճից հետո։
Զարմանալի չէ, որ այսօր տնտեսության իրական հատվածը, մասնավորապես՝ արդյունաբերությունը, կանգնած է փաստի առաջ՝ ոչ միայն աճ չկա, այլև տարին երկնիշ անկումով է մեկնարկել։ Ու դեռ Նիկոլ Փաշինյանը հայտարարում է, թե Հայաստանը շարունակում է գտնվել կայուն տնտեսական զարգացման ուղեծրի վրա։ Այսպիսի հայտարարություններով էլ խաբում են հասարակությանն ու թաքցնում տնտեսության իրական վիճակը։