Իշխանության ճգնաժամը խորանալու է… Փաշինյանը երկրում ման է գալու՝ որպես էլիտար կալանավոր. Սուրենյանց
Ձայների վերահաշվարկի արդյունքում «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը հաղթահարում է ընտրական շեմը և կանցնի հաջորդ գումարման խորհրդարան։ Այս մասին 168 TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում տեղեկացրեց ԲՀԿ ընտրական ցուցակով ԱԺ պատգամավորի թեկնածու, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը՝ խոսելով հունիսի 7-ի Ազգային ժողովի ընտրության արդյունքների և դրանց շուրջ ձևավորվող քաղաքական իրավիճակի թեմայի շուրջ։

«Հունիսի 8-ի լուսադեմին արդեն տեղի էր ունեցել բոլոր ընտրատեղամասերի ամփոփումը մեր նախընտրական շտաբում, և մենք վստահաբար գիտեինք, որ անցողիկության խնդիր չունենք։ Իհարկե, դրանից տրամադրություններս տոնական չէր դարձել հասկանալի պատճառներով, որովհետև երկրում քաղաքական իրավիճակ չի փոխվում, բայց, այնուամենայնիվ, շատ տխուր էր առավոտյան ԿԸՀ նախագահից լսել այդ անպատասխանատու հայտարարությունը»,- նշեց Սուրեն Սուրենյանցը։
Քաղաքագետը խորապես համոզված է, որ ԲՀԿ-ին վերագրվող նախնական արդյունքները՝ ԱԺ ընտրությանը մասնակցած ՀՀ քաղաքացիների քվեների 3.996 տոկոսը, որի պատճառով կուսակցությունը պիտի չկարողանար հաղթահարել 4 տոկոսանոց ընտրական շեմը, զուտ տեխնիկական անճշտություն չէ։ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը (ԿԸՀ) հայտարարել էր, որ ԲՀԿ-ին մոտ 60 ձայն է պակասում՝ ընտրական շեմը հաղթահարելու համար։ «Բարգավաճ Հայաստան»-ի նախընտրական ցուցակում 8-րդ հորիզոնականը զբաղեցնող Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ գործ ունենք կազմակերպված հանցագործության հետ։
«Ես խորապես վստահ եմ, որ տեղի ունեցածն այս պարագայում տեխնիկական անճշտություն չէ։ Հիմա բացատրեմ, թե ինչու։ Բանն այն է, որ եթե ԲՀԿ-ն չէր անցնում խորհրդարան, ՔՊ-ն ունենում էր ԱԺ մանդատների 3/5-ը, ինչը թույլ էր տալիս նրան միայն իր քվեներով ընդունել սահմանադրական օրենքներ, ընտրել կամ նշանակել բարձրաստիճան մի շարք պաշտոնյաների։ Սա արդեն, համաձայնեք, որ շատ զորեղ փաստարկ է Նիկոլ Փաշինյանի պես մանիպուլյատորի համար՝ աճպարարություն անելու և ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողելու։ Երկրորդը, կար քաղաքական հաշվեհարդարի շարունակական ընթացք, և տրամաբանորեն նա կուզենար, որ «եռագլուխ» կուսակցություններից գոնե մեկին չանցած տեսներ, որ ցույց տար, թե ինքն ինչքան «զորեղ» և «անպարտելի» է, հետևաբար՝ մի շարք պատճառներ ինձ հիմք են տալիս ենթադրելու, որ գործ ենք ունեցել կազմակերպված հանցագործության հետ, որի նպատակը եղել է ԲՀԿ-ին խորհրդարանից դուրս թողնելը, պարզապես քանի որ մեր ձեռքի տակ եղած բոլոր 2005 տեղամասերից առկա արձանագրություններով ակնհայտ էր, որ մենք անցողիկության շեմը հաղթահարել ենք, մենք շատ արագ և օպերատիվ՝ ընդամենը չորս ընտրատեղամասի օրինակով, ապացուցեցինք, որ մեզնից գրպանվել է 120 ձայն, և շատ արագ վերականգնեցինք արդարությունը»,- մեկնաբանեց Սուրենյանցը։

Գնահատելով ԱԺ ընտրության նախնական արդյունքներով Հայաստանում ձևավորվող քաղաքական փոխդասավորությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորած ՔՊ-ի՝ խորհրդարանում ոչ թե սահմանադրական, այլ պարզ մեծամասնություն ստանալը, և երեք ընդդիմադիր ուժերի՝ Սամվել Կարապետյանի գլխավորած «Ուժեղ Հայաստան»-ի, Ռոբերտ Քոչարյանի գխավորած «Հայաստան» դաշինքի և Գագիկ Ծառուկյանի գլխավորած ԲՀԿ-ի անցնելը, Սուրեն Սուրենյանցն ուշագրավ հեռանկար է ուրվագծում այս իրավիճակից բխող հետագա զարգացումների համար և կանխատեսում է «ցնցումներով իշխանափոխություն»։
Քաղաքագետի կանխատեսմամբ՝ ընտրական այս գործընթացի «խմորը դեռ շատ ջուր է քաշելու», քանի որ սրանով իշխանության ճգնաժամը միայն խորացել է։
«Իշխանության ճգնաժամը միայն խորացել է։ Նիկոլ Փաշինյանը երկրում ման է գալու՝ որպես էլիտար կալանավոր։ Նա առանց մեծաթիվ անվտանգային ուժերի չի կարող տեղաշարժվել։ Դա հաղթած ղեկավարի կեցվածք չէ, որովհետև ասում եմ՝ իշխանության ճգնաժամն այս ընտրությունների հետևանքով միայն խորանալու է։ Օրինակ՝ մեր հասարակությունը տեսավ, թե ինչպես ենք ես ու իմ գործընկերները քաղաքականապես ոչնչացնում ՔՊ-ականներին տաղավարներում։ Բարոյական և քաղաքական առումով իրենց սնանկությունը բացահայտվել է արդեն։ Թագավորը մե՛րկ է. Նիկոլ Փաշինյանը մե՛րկ է, իր շրջապատը Հայրենիքի գողերի, վախկոտների հավաքածու է։ Այս իշխանության ճգնաժամը խորանալու է, դա հանգեցնելու է նրան, որ տարիուկես-երկու տարի հետո ցնցումներով իշխանափոխություն է տեղի ունենալու Հայաստանում։ Ես ճշգրիտ ասում եմ, Դուք առիթ կունենաք հետո հաշիվ պահանջելու ինձնից իմ բառերի համար»,- կանխատեսում է Սուրենյանցը։
Հիշեցնենք, որ հունիսի 7-ին Հայաստանում տեղի ունեցավ Ազգային ժողովի ընտրության համապետական քվեարկությունը։ Հաջորդ օրը՝ հունիսի 8-ին, Կենտրոնական ընտրական հանձնաժողովը ամփոփեց ԱԺ ընտրության նախնական արդյունքները, որոնց համաձայն՝ իշխող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը ստացել է քվեարկությանը մասնակցած 1 մլն 477 հազար 736 ընտրողների քվեների ընդհանուր թվի 49.8 տոկոսը կամ 727 820 քվե, «Ուժեղ Հայաստան» դաշինքը՝ 340 088 ձայն կամ ընդհանուր քվեների 23.281 տոկոսը, «Հայաստան» դաշինքը՝ 145 113 ձայն կամ ընդհանուր քվեների 9.934 տոկոսը։
Ընտրական օրենսգրքով՝ այս երեք ուժերը հաղթահարում են սահմանված ընտրական շեմը և մանդատները վերցնելու դեպքում անցնում են խորհրդարան։ Նախնական արդյունքներով՝ ԲՀԿ-ն ստացել էր 58 378 ձայն կամ քվեների 3.996 տոկոսը՝ չկարողանալով հաղթահարել կուսակցությունների համար սահմանված 4 տոկոսանոց ընտրական շեմը, սակայն ԲՀԿ նախընտրական շտաբը նույն օրը հայտարարեց, որ դիմելու է ԿԸՀ՝ ձայների վերահաշվարկի պահանջով։
ԲՀԿ նախընտրական շտաբը հայտարարել էր, որ իրենց տվյալներով՝ միայն չորս ընտրատեղամասերում ԿԸՀ-ն չէր հաշվարկել ԲՀԿ-ի օգտին քվեարկված 120 ձայն՝ շատ ավելին, քան 4 տոկոսի ընտրական շեմը հաղթահարելու համար պահանջվող 60 քվեն։ Երեկ՝ հունիսի 9-ին, հայտնի դարձավ, որ «Բարգավաճ Հայաստան»-ի պահանջով թիվ 27/7 և թիվ 27/26 ընտրատեղամասերի քվեների վերահաշվարկի արդյունքում կուսակցության օգտին կավելանա 92 ձայն:
ԿԸՀ-ի պաշտոնական տվյալներով՝ 2026 թ. Ազգային ժողովի ընտրություններում ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների ընդհանուր թիվն է՝ 2 միլիոն 503.981։ Նախնական արդյունքներն ամփոփելիս՝ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանն այս թվին հավելեց քվեարկության օրը ընտրական տեղամասում կամզված ընտրողների լրացուցիչ ցուցակներում ընդգրկված ընտրողների (1237), շրջիկ արկղով քվեարկող ընտրողների ընտրողների (410), էլեկտրոնային եղանակով քվեարկությանը մասնակցած ընտրողների՝ (537) թիվը՝ նշելով, որ ընտրողների ընդհանուր թիվն է 2 մլն 507.216-ը։ Նախնական արդյունքներով քվեարկությանը մասնակցել է 1 միլիոն 477.736 ընտրող։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։

