Եթե զենք չենք ունեցել, բա 44-օրյա պատերազմին ինչո՞վ էիր կռիվ անում, հակառակորդի մռութն ինչո՞վ էիր ջարդում. Տիգրան Աբրահամյան
Այսօր լրանում է Արցախի վերածննդի 38-րդ տարեդարձը։ Փետրվարի 20-ը Հայոց նորագույն պատմության կարևորագույն ամսաթվերից է, որը խորհրդանշականորեն համարվում է Հայաստանի Հանրապետության անկախության վերականգնման և մեծ հաղթանակների բերած Արցախյան համաժողովրդական շարժման՝ Շարժում 88-ի սկիզբն ու մեկնակետը։
Ուղիղ 38 տարի առաջ՝ 1988թ. փետրվարի 20-ին, Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի (ԼՂԻՄ) 20-րդ գումարման Մարզային խորհուրդն արտահերթ նստաշրջանում որոշում ընդունեց դիմել Ադրբեջանական և Հայկական ԽՍՀ-ների Գերագույն խորհուրդներին՝ Լեռնային Ղարաբաղը (Արցախը) Ադրբեջանական ԽՍՀ կազմից դուրս բերելու և Հայկական ԽՍՀ-ին վերամիավորելու խնդրանքով, ինչպես ձևակերպված էր որոշման մեջ՝ «լուծել ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցը», միաժամանակ ԼՂԻՄ Մարզային խորհուրդը դիմում էր Ադրբեջանի ու Հայաստանի Գերագույն խորհուրդներին միջնորդելու ԽՍՀՄ Գերագույն խորհրդի առջև ԼՂԻՄ-ն Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ հանձնելու հարցի դրական լուծման համար։
Թեմայի շուրջ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի հյուրն է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Արցախի Հանրապետության երրորդ նախագահ Բակո Սահակյանի նախագահի խորհրդական (2017-2020 թթ.) Տիգրան Աբրահամյանը։

ԱԺ պատգամավորն ընդգծում է՝ 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայից, արցախահայերի բռնագաղթից ու Արցախի ամբողջական օկուպացիայից հետո՝ այս պահին, իհարկե, շատ բարդ իրավիճակի ենք հասել, բայց այսօրվա ծանր իրավիճակը նույնիսկ համեմատելի չէ 1980-ականների վերջին և 1990-ականների սկզբին ձևավորված իրավիճակի հետ, որի պայմաններում Հայաստանն ու հայ ժողովուրդը կարողացել են բեկում մտցնել և փոխել պատմության ընթացքը։
«Պայքարը սկսվել է, իր որոշակի զարգացման փուլն է անցել, հասել է մեզ համար ցավալի ճակատամարտի, որտեղ մենք պարտություն ենք կրել, բայց շարժումն այս պայքարի տեսանկյունից չի ավարտվել։ Մեզնից է կախված, այսօրվա և վաղվա սերունդներից է կախված, թե հետագա զարգացումն ինչպիսին կլինի՝ ժողովուրդը կհամակերպվի՞ այսօրվա իրողությունների հետ և կշարունակի այլ ճանապա՞րհ, թե՞ իր մտքում, հոգում ունենալով իրավիճակի առանձնահատկություններն ու կարևորությունները՝ սերունդներին կնախապատրաստի վաղվա հայկական Արցախին»,- մասնավորապես նշեց Տիգրան Աբրահամյանը։
ԱԺ ընդդիմադիր խմբակցության պատգամավորը խոսեց նաև ընթացիկ հարցերի ու խնդիրների, մասնավորապես՝ ներքաղաքական զարգացումների ու առաջիկա խորհրդարանական ընտրությունների, Բաքվում բանտարկված Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության և հայ մյուս գերիների ազատ արձակման հնարավորության, ինչպես նաև՝ Հայաստանի անվտանգության սպառնալիքների և պաշտպանական հարցերի թեմաների շուրջ։
Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Հայաստանի Հանրապետության անվտանգության գլխավոր սպառնալիքն այսօր այն է, որ խախտված ռազմական հավասարակշռության պայմաններում Ադրբեջանը շարունակում է խորացնել ռազմական բալանսի խախտումը և մեծացնել իր ռազմական ներուժը՝ փորձելով ուժեղացնել իր բանակն ու սպառազինությունը, վերջին 5 տարիների ընթացքում իր առջև խնդիր դնելով ՆԱՏՕ-ական չափանիշներով թուրքական մոդելով բանակի ստեղծում անձնակազմի ուսուցման և զինանոցի արդիականացման համատեքստում և կատարելով 5 տարվա պլանը, շարունակելով ակտիվ զորավարժությունները, զենքի մեծաթիվ գնումները և խորացնելով առանց այդ էլ խախտված ռազմական բալանսի անհավասարակշռությունն Ադրբեջանի և Հայաստանի միջև։

«Երբ մենք խոսում ենք Ադրբեջանի հետ համեմատության մասին, ապա այն սպառազինությունը և ռազմական տեխնիկան, որ ձեռք է բերում Ադրբեջանը, և այն սպառազինությունը, որը ձեռք է բերում Հայաստանի Հանրապետությունը, իրար հետ չափելի չեն ո՛չ ծավալի, ո՛չ մարտավարատեխնիկական բնութագրերի առումներով։
Ես չէի ուզենա, որ մեր հարցազրույցի այս հատվածը դառնար ադրբեջանական զինուժի մասին դրական դիտարկումների ժամանակահատված, բայց, ուզենք թե չուզենք, մեր բոլոր գնումները և հնարավորությունները պետք է համեմատենք Ադրբեջանի հետ, որովհետև դիմացի համար մեկ սպառնալիքն Ադրբեջանն է, և, բնականաբար, մեր ունեցածի հնարավորությունները մենք այդ համատեքստում ենք գնահատում։ Ինձ համար, ճիշտն ասած, հասկանալի չէ, երբ տարբեր գործիչներ կամ ակտիվ դեմքեր, Զինված ուժերի մասին խոսելիս, առանց հաշվի առնելու ադրբեջանական կարողությունները, այդ թվում՝ հարձակողական զինատեսակները և ռազմական այն մեծ զինանոցը, որ նա ունի, այդ համատեքստում ոչ միայն գնահատական են տալիս Հայաստանի ձեռքբերումներին, այլև փորձում են ցույց տալ, թե Հայաստանն այս փուլի համար իր խնդիրը լուծել է։
Հայաստանն այս թեմայի համատեքստում իր խնդիրը չի լուծել։ ՀՀ զինված ուժերը, ի տարբերություն Ադրբեջանի, որտեղ կան թիրախային ուղղություններ՝ սկսած բանակային մոդելից և վերջացրած ըստ իրավիճակի և սպառնալիքների համալրումների, Հայաստանի իշխանությունն անկանոն բնույթի գնումներ է անում, անում է քայլեր, որոնց մեծ մասը բխում են ներքաղաքական օրակարգից, այս դեպքում՝ ընտրություններից, դրանով է պայմանավորված նաև պարտադիր ժամկետային ծառայության ժամկետը 6 ամսով կրճատելը, որը շատ ավելի խորացնում է համալրման հարցերը Զինված ուժերում, և այս համատեքստում միայն ֆիզիկական ծավալը կամ տարբեր՝ ժողովրդահաճո նմուշների ցուցադրումը դեռևս երկրի բանակի մարտունակության մասին որևէ բան չի ասում, հատկապես, երբ հաշվի ենք առնում, որ մեծաթիվ՝ մի քանի միլիարդ դոլարի զինատեսակներ են խոցվել, մեր ռազմական տնտեսությանը բավականին մեծ վնասներ են հասցվել 44-օրյա պատերազմում, դրան հաջորդած ժամանակահատվածում, մեծ թվով սպառազինություն և ռազմական տեխնիկա ավարի ձևով, որպես ընծա՝ տրվել է կամ փոխանցվել է, թողնվել է Ադրբեջանին, և այս տեսանկյունից այդ ծափահարությունները 1 միլիարդի կամ 1 մլրդ 200 միլիոնի համար հասկանալի չեն։ Թե դու ինչ ես հանձնել, ինչքան կորուստներ ես ունեցել և ինչ ես դրա դիմաց ստեղծել՝ դրանք որևէ կերպ համեմատելի չեն։
Գիտեք, այս վերջերս Ազգային ժողովում տխրահռչակ ՔՊ-ականներից մեկն ասում էր. «Մենք էն ժամանակ զենք չենք ունեցել, այ, նոր ենք առել»։
Հիմա հարց է, չէ՞, առաջանում՝ բա 44-օրյա պատերազմին ինչո՞վ էիր կռիվ անում, 2016 թվականի մարտական գործողություններն ինչո՞վ էիր վարում և հակառակորդին ինչո՞վ էիր ջարդում, դրանից առաջ՝ 2014-16 թթ. դիվերսիոն պատերազմների ժամանակահատվածում, հակառակորդի մռութն ինչո՞վ էիր ջարդում։ Հասկանո՞ւմ եք, բաներ կան, որոնք բոլորի համար շատ պարզ են, բայց մեկ էլ մտածում են՝ երևի մարդիկ հիշողություն չունեն, երևի մարդիկ շատ բան մոռացել են, կամ մտածում են՝ մարդկանց համար երրորդական է։ Չէ, երրորդական չէ։

Կարող է՝ շատերը չխոսեն, շատերը չարտահայտվեն, շատերը պատերի տակ արտահայտվեն, բայց մարդիկ հիշում են, չէ՞, մենք ինչ ենք ունեցել, ինչպիսի բանակ ենք ունեցել, ինչպիսի հեղինակություններ են եղել, ինչպիսի հնարավորություններ են եղել, ի վերջո՝ զորահանդեսներ են եղել, ի վերջո՝ մարդիկ են ծառայել տարբեր զորատեսակներում, և այլն, և ասել՝ որևէ բան տեղի չի ունեցել, և հանկարծ մենք գնացել ենք, Հնդկաստանից գնումներ ենք արել, գիտեք, դա պարզապես անարգանք է մարդկանց նկատմամբ՝ այդ ափաշքյարա խաբելը, մոլորեցնելը, և, ի վերջո, բանակի մարտունակությունը, հնարավորություններն ու կարողությունները նաև երևում են կոնկրետ գործողությունների ժամանակ»,– հավելեց Տիգրան Աբրահամյանը։
Ամբողջական հարցազրույցը՝ տեսանյութում։



