Եվ՛ 44-օրյան, և՛ ռուս-ուկրաինական պատերազմը ցույց են տալիս, որ հաղթում կամ պարտվում են ոչ թե առանձին հրթիռները, ԱԹՍ-ները կամ հակաօդային պաշտպանության համակարգերը, այլ պետությունները. Վիտալի Մանգասարյան
Մայիսի 28-ին Հանրապետության հրապարակում տեղի ունեցած զորահանդեսի ընթացքում ցուցադրված սպառազինության և ռազմական տեխնիկայի մասին (որոնք հիմնականում ձեռք են բերվել 2022-2025 թվականներին, չնայած կային նաև դրանից առաջ գնվածներ) տարբեր գնահատականներ եղան, և դրանցում շատ էին քաղաքական և ոչ մասնագիտական գնահատականները։
168.am-ը փորձել է ճշտել նաև «Հենակետ» ռազմական վերլուծական կենտրոնի հիմնադիր Վիտալի Մանգասարյանի կարծիքը զորահանդեսում ցուցադրված զինատեսակների և համակարգերի վերաբերյալ, հաշվի առնելով Ադրբեջանի ռեսուրսը և ժամանակակից պատերազմի պահանջները, ինչպես նաև այն, որ Հայաստանը որդեգրել է պաշտպանական քաղաքականություն, չնայած պաշտպանություն ասվածն իր մեջ հարձակողական և հակահարձակողական տարրեր է պարունակում:
– Առաջին հայացքից ցուցադրված տեխնիկան, անկասկած, ոգևորող տպավորություն էր թողնում, հատկապես տեղական ռազմարդյունաբերության կողմից մշակված և ստեղծված մի շարք լուծումները։ Դրանցից շատերը ցույց են տալիս, որ Հայաստանում պահպանվել և զարգացել է ինժեներական միտքը, որը նույնիսկ ամենածանր պայմաններում շարունակում է նոր լուծումներ առաջարկել պաշտպանության ոլորտի համար։
Միևնույն ժամանակ պետք է հասկանալ, որ նման տեխնոլոգիական լուծումների ստեղծումը մեկ կամ երկու տարվա աշխատանքի արդյունք չէ։ Դրանք տևական, երբեմն՝ տասնամյակների ընթացքում կուտակված գիտելիքի, փորձի և հետևողական աշխատանքի արդյունք են։ Ավելին, դեռևս 2016 թվականի Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո բազմաթիվ հայ ինժեներներ, գիտնականներ և մասնագետներ սկսեցին ակտիվորեն մտածել ու մշակել տարբեր տեխնոլոգիական լուծումներ՝ հաշվի առնելով ժամանակակից մարտադաշտի փոփոխվող պահանջներն ու մարտահրավերները։ Այսօր դրանց մի մասի արդյունքները տեսանելի են դարձել հանրության համար։
Հայաստանի որդեգրած պաշտպանական քաղաքականության պայմաններում անհրաժեշտ է հիշել, որ անվտանգությունը երբեք միայն պաշտպանությունը չէ։ Այո, այն իր մեջ ներառում է նաև հակահարձակողական և ակտիվ գործողությունների տարրեր, որոնք անհրաժեշտ են հակառակորդի նախաձեռնությունը կասեցնելու, նրա գործողությունները խափանելու և սեփական ուժերի անվտանգությունն ապահովելու համար։ Հատկապես այնպիսի հակառակորդի պարագայում, ինչպիսին Ադրբեջանն է՝ իր զգալի ֆինանսական, մարդկային և տեխնոլոգիական ռեսուրսներով, յուրաքանչյուր նոր տեխնոլոգիական լուծում պետք է գնահատվի ոչ թե ցուցադրական, այլ իրական մարտական արդյունավետության տեսանկյունից։
Հենց այստեղ է, որ առաջանում է ամենակարևոր հարցը՝ որքան էլ զորահանդեսում ցուցադրված տեխնիկան տպավորիչ լինի, դրա արժեքը պետք է հիմնավորվի գործնական կիրառմամբ։ Անհրաժեշտ է հնարավորինս արագ անցում կատարել ցուցադրությունից դեպի զորախաղեր՝ հատկապես միջին և մեծ մասշտաբների։ Նորարարական տեխնոլոգիաներով հագեցված բանակի համար զորավարժությունները ոչ թե ցանկալի, այլ կենսական անհրաժեշտություն են։ Միայն այդ պայմաններում կարելի է գնահատել՝ ինչպես են նոր համակարգերը գործում իրականին մոտ պայմաններում, ինչ խնդիրներ են ի հայտ գալիս և ինչպիսի կատարելագործման կարիք կա։
Կարևոր է նաև, որպեսզի մշակված լուծումները հնարավորինս արագ և արդյունավետ հասնեն բանակի բոլոր օղակներին։ Խոսքը միայն կոնկրետ ստորաբաժանման կողմից տվյալ տեխնիկային տիրապետելու մասին չէ։ Ժամանակակից պատերազմում հաջողությունը որոշվում է ոչ թե առանձին տեխնիկական միջոցի կամ առանձին ստորաբաժանման արդյունավետությամբ, այլ տարբեր զորատեսակների, ստորաբաժանումների և կառավարման օղակների միջև ներդաշնակ համագործակցությամբ։
Նույնիսկ ամենաժամանակակից տեխնոլոգիաներով հագեցած ստորաբաժանումը չի կարող իր հնարավորությունները լիարժեք իրացնել, եթե այդ համակարգը ներդրված չէ ընդհանուր մարտական կառավարման և փոխգործակցության շղթայի մեջ։
Ուստի այսօր գլխավոր խնդիրը ոչ թե զորահանդեսի ընթացքում ցուցադրված տեխնիկայի քանակը կամ արտաքին տեսքն է, այլ այն՝ որքան արագ և արդյունավետ կստուգվեն ու կհղկվեն դրանց կիրառման մեխանիզմները։ Իսկ դա հնարավոր է իրականացնել միայն կանոնավոր և լայնածավալ զորախաղերի միջոցով՝ ներառյալ նաև մոբիլիզացիոն ռեսուրսի ներգրավմամբ։ Ժամանակակից պատերազմներում հաղթում են ոչ միայն տեխնոլոգիաները, այլ դրանց շուրջ ձևավորված համակարգերը։
Եթե նորարարական լուծումները կարողանան դառնալ միասնական, ներդաշնակ և բազմաշերտ ռազմական համակարգի մաս, ապա դրանք կվերածվեն երկրի անվտանգության իրական գործոնի։
– Ռուս-ուկրաինական պատերազմի մասին մեզ մոտ հաճախ են հիշում, այդ թվում՝ վերջին զորահանդեսի համատեքստում, ըստ այդմ՝ ի՞նչ հետևություն պիտի անի Հայաստանը զուտ ռազմական բաղադրիչի առումով, զենք գնելու, կամ արել է: ՀՀ իշխանություններից, իհարկե, վստահեցնում են, որ արել են, ուստի շեշտը, մասնավորապես, դնում են անօդաչու սարքերի վրա և 155 մմ հրետանային միջոցների:
Ի դեպ, օրերս Ուկրաինայի նախագահի գրասենյակի ղեկավար Կիրիլ Բուդանովը հայտարարել է, որ ռուսական «Օրեշնիկ» կամ «Կեդր» համալիրը դա առաջին ցուցադրական միջոց է, և, որ առավել շատ խնդիր Ուկրաինայի համար ռուսական այլ սպառազինություն է ստեղծում, մասնավորապես՝ իրենց համար կենսական խնդիրը դրանք «Իսկանդեր»-ներն են, Ս-400 համալիրները, օդային և ծովային բազավորման թևավոր հրթիռները ու նաև անօդաչու թռչող սարքերը: Այստեղ ուզում եմ ևս մեկ հարցադրում անել՝ Ադրբեջանը 44-օրյա պատերազմում հաղթեց թուրքական անօդաչուների՞ շնորհիվ, թե,՞ օրինակ, ճշգրիտ հրթիռային համակարգերի, չեխական հրետանային միջոցների՝ 155 մմ տրամաչափով։
– Ռուս-ուկրաինական պատերազմի փորձը ցույց է տալիս, որ ժամանակակից պատերազմներում որևէ առանձին զինատեսակ ինքնին հաղթանակ չի ապահովում։
Հայաստանում քննարկումների ժամանակ փորձ է արվում գտնել «հրաշք զենքը»՝ լինի դա «Իսկանդերը», Ս-400-ը, ԱԹՍ-ները կամ որևէ այլ համակարգ, սակայն պատերազմի դաշտում հաջողությունը պայմանավորված է ամբողջ ռազմական համակարգի արդյունավետությամբ։ Այդ համակարգը ներառում է հետախուզություն, կապ, հրամանատարություն, օդային պաշտպանություն, հրետանի, ավիացիա, անօդաչու միջոցներ, լոգիստիկա և քաղաքական ղեկավարության կողմից հստակ ձևակերպված ռազմավարական նպատակներ։
Կարծում եմ, որ չափազանց պարզեցված է այն պնդումը, թե Ադրբեջանը հաղթեց բացառապես թուրքական անօդաչու թռչող սարքերի շնորհիվ։ ԱԹՍ-ները, անշուշտ, կարևոր դեր ունեցան, սակայն դրանք ընդամենը մեկ բաղադրիչ էին ընդհանուր համակարգի մեջ։ Ադրբեջանը լայնորեն կիրառեց նաև ճշգրիտ հրթիռային համակարգեր, իսրայելական սպառազինություն, ժամանակակից հետախուզական միջոցներ, հատուկ նշանակության ստորաբաժանումներ, էլեկտրոնային պայքարի միջոցներ և տարբեր տրամաչափի հրետանային համակարգեր։
Բացի այդ, պատերազմից առաջ երկար տարիներ իրականացվել էր բանակի վերազինման, ուսուցման և կառավարման արդիականացման գործընթաց։ Հետևաբար, կարծում եմ, որ Ադրբեջանը պատերազմում հաղթեց համակարգային և կոմպլեքս առավելության, այլ ոչ թե առանձին վերցրած որևէ զորատեսակի կամ զինատեսակի շնորհիվ։
Այս կոնտեքստում վերջին տարիներին հայկական քաղաքական դաշտում հնչած հայտարարությունները ևս հարցեր են առաջացնում պատերազմի ընթացքում տարբեր զինատեսակների կիրառման արդյունավետության վերաբերյալ։
Եթե երկրի ղեկավարության ներկայացուցիչները հետագայում հայտարարում են, որ Արցախը «թոկ էր մեր վզին փաթաթված», և անհրաժեշտ էր ազատվել այդ բեռից, ապա, բնականաբար, առաջանում են քաղաքական և ռազմական բնույթի հարցադրումներ։
Այդպիսի հայտարարությունների ֆոնին որոշ վերլուծաբաններ եզրակացնում են, որ գուցե հակառակորդի համար լուրջ խնդիրներ ստեղծելու նպատակը ձևակերպված չի եղել, քանի որ այդ դեպքում «թոկից ազատվելու» գործընթացը կարող էր ձախողվել, կամ՝ ժողովրդական լեզվով ասած, «պրավալ» գնալ։ Իհարկե, սա քաղաքական գնահատական է և պահանջում է լրացուցիչ փաստարկներ ու ուսումնասիրություն, սակայն նման հարցադրումների առաջացումը լիովին բնական է։
Ամփոփելով ուզում եմ ասել, որ ինչպես ռուս-ուկրաինական պատերազմը, այնպես էլ 44-օրյա պատերազմի փորձը ցույց են տալիս մեկ կարևոր ճշմարտություն. պատերազմներում հաղթում կամ պարտվում են ոչ թե առանձին հրթիռները, ԱԹՍ-ները կամ հակաօդային պաշտպանության համակարգերը, այլ ամբողջ պետությունները՝ իրենց քաղաքական կամքով, ռազմական կառավարման որակով, տեխնոլոգիական հնարավորություններով և համակարգված գործողություններով։
– Վերջերս Ադրբեջանի նախագահը Շուշիի շրջան այցի ժամանակ հայտարարել է, որ Բաքվի համար Ղարաբաղի անվտանգության հարցը պակաս կարևոր չէ, քան տարածաշրջանի տնտեսական վերականգնումը, այդ իսկ պատճառով քաղաքացիական ենթակառուցվածքներ ստեղծելուն զուգահեռ՝ ձևավորվում է նաև անվտանգության ժամանակակից համակարգ։ Ալիևն այստեղ նաև նշել է, որ տարածաշրջանի ամրությունը ստուգելու կամ ձևավորված իրողությունները կասկածի տակ դնելու հերթական փորձերը, ում կողմից էլ այն լինի, խստորեն կասեցվելու են։ Բաքուն ումի՞ց է վտանգ տեսնում, սա ի՞նչ է ենթադրում։
– Կարծում եմ՝ Ալիևը շատ լավ հասկանում է, թե ինչ գործընթացների և հետևանքների հետ կարող է բախվել ապագայում։ Նա քաջ գիտակցում է, որ Արցախում տեղի ունեցածը միջազգային իրավունքի տեսանկյունից բազմաթիվ լուրջ հարցեր է առաջացնում՝ սկսած էթնիկ զտման մեղադրանքներից՝ մինչև տարբեր ռազմական հանցագործությունների վերաբերյալ քննարկումներ։ Անկախ նրանից, թե այսօր միջազգային դերակատարների արձագանքը որքան ակտիվ կամ պասիվ է, պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ քաղաքական գնահատականներն ու իրավական հետևանքները հաճախ ձևավորվում են ոչ թե իրադարձությունների պահին, այլ տարիներ անց՝ աշխարհաքաղաքական նոր պայմաններում։
Հենց այդ պատճառով Բաքվի կողմից ստեղծվող «անվտանգության համակարգը» կարելի է դիտարկել ապագայի անորոշությունների դեմ ապահովագրության փորձ։ Ալիևի համար առաջնահերթ խնդիր է ոչ միայն պահպանել ներկա քաղաքական արդյունքները, այլ նաև սեփական իշխանության կայունությունը։ Աշխարհաքաղաքական վերադասավորումներն այնքան արագ և անսպասելի են լինում, որ երեկ անփոփոխ թվացող իրողությունները կարող են կարճ ժամանակ անց ամբողջությամբ վերանայվել։
Եթե 10 տարի առաջ որևէ մեկը պնդեր, որ Արցախում կարող է տեղի ունենալ այն, ինչ այսօր տեսնում ենք իրականության մեջ, շատերի համար դա կթվար ծիծաղելի և անիրատեսական սցենար։ Նույնը կարելի է ասել Ռուսաստանի և Ուկրաինայի լայնածավալ պատերազմի, ԱՄՆ-Իրան հարաբերություններում պարբերաբար առաջացող ճգնաժամերի կամ վերջին տասնամյակների բազմաթիվ այլ իրադարձությունների մասին։ Միջազգային քաղաքականությունը բազմիցս ապացուցել է, որ նույնիսկ ամենակայուն թվացող իրավիճակները կարող են կտրուկ փոխվել, իսկ անհնարին համարվող սցենարները՝ իրականություն դառնալ։
Հետևաբար, որքան էլ այսօր անիրատեսական թվան այն ակնկալիքներն ու ցանկությունները, որոնք ապրում են շատերիս, և հատկապես՝ արցախահայության սրտում, դրանց իրականացման հավանականությունը չի կարելի գնահատել որպես զրոյական։
Պատմությունը գծային գործընթաց չէ, իսկ միջազգային հարաբերություններում վերջնական և անշրջելի լուծումներ գրեթե չեն լինում։ Հենց այդ գիտակցումն է, որ, հավանաբար, ստիպում է Բաքվին ոչ միայն՝ կառուցել ճանապարհներ և շենքեր, այլ նաև՝ ստեղծել այնպիսի անվտանգության համակարգ, որը նախատեսված է պաշտպանելու ոչ միայն ներկան, այլև այն քաղաքական արդյունքները, որոնց ապագան ինքը ևս ամբողջովին կանխատեսել չի կարող։
– Թուրքիան փորձում է վերականգնել Իսրայելի հետ հարաբերությունները, իհարկե, կոնկրետ նախապայմաններ առաջադրելով, այդ թվում՝ Գազայում իսրայելական գործողությունների հետ կապված: Սա ի՞նչ կտա Բաքվին և ի՞նչ ռիսկեր է պարունակում Հայաստանի համար։
– Վերջին տարիներին Թուրքիայի և Իսրայելի հարաբերություններն անցել են լուրջ փորձությունների միջով՝ հատկապես Գազայի շուրջ զարգացումների և երկու երկրների ղեկավարությունների միջև սրված հռետորաբանության ֆոնին։ Սակայն միջազգային հարաբերությունների պատմությունը ցույց է տալիս, որ պետություններն առաջնորդվում են ոչ թե հույզերով, այլ շահերով։ Այդ իսկ պատճառով Անկարայի կողմից Իսրայելի հետ հարաբերությունների վերականգնման փորձերը պետք է դիտարկել՝ որպես տարածաշրջանային ուժային հավասարակշռության վերաձևավորման գործընթացի մաս։ Հարցն առավել կարևոր է Հարավային Կովկասի համար, քանի որ այն անմիջականորեն առնչվում է Ադրբեջանի դիրքավորմանը և Հայաստանի անվտանգության միջավայրին։
Ադրբեջանը երկար տարիներ հանդիսացել է Իսրայելի կարևոր գործընկերներից մեկը՝ հատկապես էներգետիկ և ռազմատեխնիկական ոլորտներում։ Բաքուն Իսրայելին մատակարարում է նավթ, իսկ փոխարենը ստանում է ժամանակակից սպառազինություն և տեխնոլոգիաներ։ Եթե Թուրքիան և Իսրայելը կարողանան վերականգնել լիարժեք համագործակցությունը, ապա Ադրբեջանը կարող է հայտնվել առավել շահավետ դիրքում՝ դառնալով մի տեսակ կամուրջ երկու գործընկեր պետությունների միջև։ Այդ դեպքում կարող է ձևավորվել Անկարա-Բաքու-Թել Ավիվ ոչ պաշտոնական համագործակցության ավելի ամուր առանցք, որն իր ազդեցությունը կունենա թե՛ էներգետիկ նախագծերի, թե՛ անվտանգության ոլորտի վրա։
Բաքվի համար նման զարգացումը նաև հնարավորություն է մեծացնելու իր քաղաքական կշիռը միջազգային հարթակներում։ Թուրքիան և Իսրայելը տարածաշրջանի ամենազորեղ ռազմական և տեխնոլոգիական պետություններից են, և նրանց միջև հարաբերությունների բարելավումը կարող է նպաստել նոր տնտեսական, լոգիստիկ և պաշտպանական ծրագրերի առաջխաղացմանը։ Հատկապես կարևոր կարող է լինել անօդաչու համակարգերի, հետախուզական տեխնոլոգիաների և հակաօդային պաշտպանության ոլորտներում համագործակցության ընդլայնումը, որտեղ թե՛ Թուրքիան, թե՛ Իսրայելը զգալի ներուժ ունեն։
Ընդհանուր առմամբ, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների հնարավոր վերականգնումը, ամենայն հավանականությամբ, կստեղծի լրացուցիչ հնարավորություններ Ադրբեջանի համար՝ ուժեղացնելով նրա տարածաշրջանային դիրքերը և ընդլայնելով գործընկերային ցանցը։



