Կաթողիկոսը կրկին քննարկել է Արցախի հայաթափումն ու արցախցիների ոտնահարված իրավունքները

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը «Մարդու իրավունքների և Ցեղասպանագիտության կենտրոն» ՀԿ ներկայացուցիչների հետ քննարկել է Արցախի հայաթափման, արցախահայության հիմնարար իրավունքների ոտնահարման մասին։ Տեղեկությունը հայտնում է Մայր աթոռի տեղեկատվական համակարգը։

Հանդիպման ընթացքում կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը կաթողիկոսին ներկայացրել է կենտրոնի գործունեության հիմնական ուղղությունները, իրականացվող գիտակրթական ծրագրերը և առաջիկա նախաձեռնությունները։

Կաթողիկոսն իր հերթին գնահատել է ՀԿ–ի` ցեղասպանագիտության ոլորտում իրականացվող գիտական, կրթական և հանրային իրազեկման աշխատանքները։

Վեհափառն անդրադարձել է Հայաստանում և սփյուռքում Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման ու դատապարտման ուղղությամբ եկեղեցու նախաձեռնություններին։ Նա ընդգծել է ցեղասպանությունների ճանաչման և դատապարտման կարևորությունը ժողովուրդների իրավունքների պաշտպանության ու մարդկության դեմ գործված ոճրագործությունների կանխարգելման գործում։

«Հանդիպմանը խոսվեց Արցախի հայաթափման, արցախահայության հիմնարար իրավունքների ոտնահարման և Արցախի հոգևոր-մշակութային ժառանգության նկատմամբ շարունակվող ոտնձգությունների մասին։ Ընդգծվեց, որ տեղի ունեցածը հայ ժողովրդի դեմ իրականացված հերթական ցեղասպան գործողություն է, ինչը վկայում է, որ մարդկության դեմ ոճրագործությունների անպատժելիությունն ու դրանց ոչ համարժեք դատապարտումը շարունակում են ծնել նոր ողբերգություններ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Զրույցի ընթացքում քննարկվել է նաև ցեղասպանագիտության ոլորտում կրթական նախաձեռնություններին հոգևորականների մասնագիտական ներգրավվածության մասին։

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930