ՄԻԵԴ-ում եկեղեցին կկարողանա հաղթանակել․ Եթե Փաշինյանը որպես քաղաքացի է անհանգստացած, թող իր թիկնազորը տանը թողնի ու որպես քաղաքացի գնա․ Իրավապաշտպան

Կարգալույծ հոգևորականներ Արամայիս Թախմազյանը և Ստեփան Ասատրյանը հայցադիմումներ են ներկայացրել Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցու․ նրանք պահանջում են անվավեր ճանաչել Ամենայն Հայոց կաթողիկոսի տնօրինությունները և իրենց վերականգնել հոգևոր հովվի պաշտոնում։

Հիշեցնենք, որ եկեղեցու կողմից իր կարգալուծությունը վիճարկող առաջին քաղաքացին Արման Սարոյանն էր․ Տ. Գևորգ եպիսկոպոս Սարոյանը Գերագույն հոգևոր խորհրդի 2026թ. հունվարի 27-ի որոշմամբ՝ հայրապետական տնօրինությամբ կարգալույծ էր հռչակվել։

Սեփական հոգևոր կարգավիճակն աշխարհիկի ձևով հետ բերել փորձող Սարոյանի հայցից հետո, սակայն, Քննչական կոմիտեն որոշեց հապճեպորեն քրեական վարույթ նախաձեռնել այդ որոշմանն իբրև թե «մասնակից» հոգևորականների դեմ՝ մեղադրանք առաջադրելով ՀԱԵ ԳԽ ներկայացուցիչների՝ 6 բարձրաստիճան հոգևորականի և մեկ քահանայի։

Մինչ իշխանական մեծ ու փոքր խոսնակներն այս համատեքստում փորձելով արդարացնել կարգալույծ նախկին քահանաների քայլերը՝ անընդհատ մատնացույց են անում ՀՀ օրենսդրությունը, հանրային ու քաղաքական տարբեր շրջանակներ արձանագրում են՝ իշխանության կողմից շրջանցվում է ՀՀ Սահմանադրությունը, քանի որ սա ուղիղ միջամտություն է եկեղեցու գործերին, ապա նաև հիշեցնում՝ Վեհափառն ինչպես և օծել ու կոչում է տվել այդ անձանց, այնպես էլ վերցրել է այդ կոչումը, ինչը բացառապես եկեղեցու ու նրա գահակալի գործն է։

Կարդացեք նաև

Իրավապաշտպան, փաստաբան Հովհաննես Խուդոյանը 168am-ի հետ զրույցում անդրադառնալով կարգալույծների կողմից հայցերին՝ նշեց․ «Մեր օրենսդրությունը դա չի նախատեսում, և դատարանները խեղաթյուրում են դրա բովանդակությունը։

Բայց, եթե նույնիսկ ասեինք, որ մեր օրենսդրությունն էլ հստակ չէ, կամ դրա մասին դատական պրակտիկա չկա, ապա Մարդու Իրավունքների Եվրոպական դատարանում շատ հստակ, սևը սպիտակի վրա գրված պրակտիկա կա, որ պետություններն իրավունք չունեն միջամտել կրոնական կազմակերպության ներքին գործերին»։

Հովհաննես Խուդոյանը շեշտեց՝ այնտեղ ընդհուպ նշված է կառույցին անդամակցության, անդամակցությունը դադարեցնելու մասին։

«Բոլոր այս հարաբերություններին իրավական գործիքակազմով միջամտելը թույլատրելի չէ, և դա նաև շատ լավ հայտնի է առնվազն այն մարդկանց, ովքեր այս որոշումները կայացնում են բարձր մակարդակով»,- հավելեց նա։

Հստակեցմանը՝ այսինքն՝ եթե ներպետական կառույցներում եկեղեցին սպառի որոշումները վիճարկելու հնարավորությունները, կկարողանա՞ վերականգնել իր իրավունքները միջազգային հարթակներում, իրավապաշտպանն արձագանքեց․

«Միանշանակ այո, և դա 99 տոկոսանոց հաղթանակ է լինելու Եվրոպական դատարանում, բայց դա լինելու է տևական ժամանակ անց։ Այս պայմաններում իրավական գործիքներ չկան, որովհետև դատաիրավական համակարգն ամբողջությամբ զավթված է ադրբեջանական շահեր սպասարկող իշխանությունների կողմից»։

Հարցի բարոյական կողմին անդրադառնալով՝ Հովհաննես Խուդոյանն ընդգծեց, որ անբարոյական է ցանկացած նման միջամտություն, բայց ցանկացած հարված, որը գալիս է անհիմն, անտեղի, ավելի է ամրապնդում եկեղեցու դիրքերը։

Այս համատեքստում արձագանքելով Արդարադատության նախարար Սրբուհի Գալյանի արդարացմանը, թե Փաշինյանն ընդամենը որպես քաղաքացի է մտահոգված և որպես քաղաքացի է քայլեր ձեռնարկում «եկեղեցին բարենորոգելու» համար, իրավապաշտպանն ընդգծեց․

«Եթե որպես քաղաքացի է անհանգստացած, խնդիր չկա, թող իր թիկնազորը տանը թողնի ու որպես քաղաքացի՝ գնա այդ միջոցառումներին՝ առանց իր համայնքապետերի, վարչության պետերի։

Բայց քանի դեռ նա օգտվում է պետական գործիքակազմից, քանի դեռ կառավարության շենքում  կամ կառավարական դաչաներում է մարդիկ ընդունում, քանի դեռ իր «ախրանան» է ուղեկցում, քանի դեռ պետական լրատվամիջոցներն այդ ամենը լուսաբանում են, ապա ինքը դա չի անում որպես քաղաքացի, որովհետև ես, օրինակ, դրա հնարավորությունը չեմ ունենա։ Այսինքն՝ որպեսզի այդ ամեն ինչն ինձ համար էլ ապահովվի, և ես էլ գնամ-մտնեմ ինչ-որ կրոնական կազմակերպություն ու սկսեմ քանդել»։

Տեսանյութեր

Լրահոս