ԵՐԵՎԱՆՑԻՆԵ՛Ր, ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎՏԱՆԳԸ ՁԵՐ ՔԹԻ ՏԱԿ Է. ՍԱՀՄԱՆԻՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՄԵՆԱՀԵՌՈՒ ԿԵՏԸ 67 ԿՄ Է, ԴՈ՛ՒՐՍ ԵԿԵՔ ԱՆՏԱՐԲԵՐՈՒԹՅԱՆ ՃԱՀՃԻՑ. #ԴԱՍԵՐ
«Դասեր» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրերն «Ազգային ժողովի» (ԱԺ) «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար, Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ Տիգրան Աբրահամյանն ու «ՀայաՔվեի» խորհրդի անդամ, 2018-2020թթ․ Ռազմարդյունաբերական կոմիտեի նախագահ Ավետիք Քերոբյանն են։

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը և «ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական միավորման խորհրդի անդամ Ավետիք Քերոբյանը հայտարարել էին, որ առաջնագծում տեղեր կան, որտեղ ադրբեջանական կողմը ստուգում է հայ զինվորներին և նոր միայն թողնում դիրքեր։ Նոյեմբերի 21-ին 168.am-ը գրավոր հարցում էր ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու, թե արդյո՞ք իրականում կա նման իրավիճակ, և ո՞ր հատվածի մասին է խոսքը, ինչի՞ հետևանքով է նման իրավիճակ ստեղծվել, արդյո՞ք հայկական կողմն էլ իր հերթին է ստուգում ադրբեջանական զինվորներին:
Մոտ մեկ ամիս անց պաշտպանական գերատեսչությունը պատասխան գրություն էր ուղարկել, որտեղ նշվում էր.
«Ի պատասխան Պաշտպանության նախարարին հասցեագրված Ձեր 2025 թվականի նոյեմբերի 21-ի հարցման՝ հայտնում ենք, որ Պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանումը մշտադիտարկում է մամուլի և սոցցանցերի հրապարակումները, դրանց արձագանքում ըստ անհրաժեշտության։ Հայտնում ենք նաև, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները հերթափոխերն իրականացնում են բնականոն»:
Այսինքն, պաշտպանական գերատեսչությունը, ըստ էության, չէր հերքել, որ ադրբեջանական կողմն ինչ-որ հատվածում ստուգել կամ դեռ ստուգում է հայ զինվորներին և նոր միայն թողնում դիրքեր:
Զրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

Տիգրան Աբրահամյան.– Պաշտպանության նախարարությունը չէր կարող հերքել դա, հերքելու բան չկա։ Նույնիսկ այնպիսի իշխանություն, ինչպիսին այսօրվա ստախոս իշխանությունն է, չի կարող հերքել, որ ադրբեջանցիները մեր դիրքերում հսկում են մեր իսկ զինվորներին։ Այս խնդիրը մենք ունեցանք, որովհետև իշխանությունը 2020թ․պատերազմից հետո Քարվաճառի, Քաշաթաղի հանձնումից ու Գեղարքունիքի, Սյունիքի և Վայոց ձորի որոշ հատվածների օկուպացիայից հետո առաջնագիծը պատշաճ կերպով չկահավորեց։ Մենք ստացանք մի իրականություն, երբ այսօր Ադրբեջանի կամքից է կախված առհասարակ հայկական կողմի՝ մարտական հերթապահություն իրականացնելը։ Եթե, Աստված մի արասցե, իրադարձությունները զարգանան դեպի ակտիվ գործողությունների փուլ, մենք կունենանք լրջագույն խնդիրներ։ Այս խնդիրներն իշխանությունները քողարկում են կեղծ խաղաղասիրական թեզերով։

Ադրբեջանը պատահական որևէ տեղ չի դիրքավորվել։ Կարող է այդ մխրճումը լինել 200 մետր, բայց դա այնպիսի ռազմավարական նշանակություն ունենա իր հետագա գործողությունների համար, ինչպես, ասենք, եթե 2-3 կմ առաջ գար։ Նպատակները տարբեր են, ընդհուպ՝ ջրային ռեսուրսների վերահսկողությունը…
Ավետիք Քերոբյան.- Լիքը վկայություններ կան այն մասին, որ հենց վարժական հավաքների մասնակիցներին են տանում այն դիրքերը, որտեղ ադրբեջանցիները ստուգում են մեր զինվորականներին։ Մարդկանց տանում են մի տեղանք, որին նրանք ծանոթ չեն։ Հարևան դիրքում մարդիկ ինչպե՞ս կարող են ծառայել, եթե գիտեն, որ կողքի դիրքում իրենց մարտական եղբայրներն անցնում են նման նվաստացումների միջով… Իսկ ինչպե՞ս են ստուգում հայ զինվորներին: Դեպքեր կան, որ ադրբեջանցիները նկարել են մարդկանց դեմքերը, ուղարկել ինչ-որ տեղ, հետո նոր որոշել՝ թողնե՞ն նրանց դիրքեր, թե՞ ոչ։
Գործ ունենք խրոնիկ մանիպուլյատիվ և ստախոս իշխանության հետ։
Փաստացի Գեղարքունիքից մինչև Սյունիք մենք շատ քիչ տեղեր ունենք, որտեղ մեր ու հակառակորդի դիրքերը քիչ թե շատ հավասար են։ Հատված ունենք, որտեղով Ադրբեջանը կարող է տանկային հարձակում սկսել, որից պաշտպանվելու որևէ հնարավորություն մենք չունենք… Ջերմուկ գնացող ցանկացած մարդ կարող է բարձրանալ Եղնիկի մոտ ու տեսնել, որ ադրբեջանցիները պաշտպանական կառույցներ են դնում ՀԽՍՀ սահմանից 7.5 կմ ներս։
Իմ կարծիքով՝ կա կուլիսային պայմանավորվածություն, որ Հայաստանի՝ դե ֆակտո սուվերեն տարածքից օկուպացրած հատվածներում որևէ սահմանազատում չի էլ լինելու։ Մենք գործ ունենք հող հանձնած իշխանության հետ, որը էս հանցագործությունը պատճառաբանում է հող չհանձնելու կեղծ քարոզչությամբ։
Տիգրան Աբրահամյան.– Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի հայտնի Կուտականի լիճը, որը ժամանակին գտնվում էր մեր վերահսկողության տակ, այժմ Ադրբեջանի վերահսկողության ներքո է։
Ավետիք Քերոբյան.– Սահմանային գյուղերի մեր բնակիչները զրկված են հող մշակելու, սեփականության իրավունքով իրենց տնօրինմանը հանձնված հողերը, հողատարածքները տնօրինելու իրավունքից։ Սրա մասին մեր իշխանությունները չեն խոսում, խոսում են այն մասին, թե ինչ խանդավառությամբ են մեր տարածքները հանձնում թշնամուն։

Տիգրան Աբրահամյան.- Թուրքիայի ու Ադրբեջանի նպատակը խաղաղությունը չէ։ Նրանց համար Հայաստանը պիտի լինի ինքնուրույնությունից զուրկ մի սուբյեկտ, որը ոչ մի կերպ չի կարողանալու խոչընդոտել իրենց ռազմավարական շահերի իրականացմանը։
Նույն TRIPP-ի նպատակը Թուրանական առանցքը ստանալն է։ Բոլորը ստացել են իրենց հասանելիքը, իսկ Հայաստանը դարձել է ծառայություն մատուցող տարածք։
Ավետիք Քերոբյան.- Ջուրն այսօր նավթից թանկ է։ Հեռու չէ այն օրը, երբ ադրբեջանցիները թունել կփորեն ու ջրային ռեսուրսների հոսքը կուղղեն իրենց կողմ։ Դա կլինի բնապահպանական աղետ, կպակասի Սևանի ջուրը, Արփա գետը կծառայի իրենց կարիքներին։
Տիգրան Աբրահամյան.– Իսրայելն էլ պատահական չի մտել Սիրիա։ Այսօր արդեն Իսրայելը վերահսկում է Սիրիայի ջրային ռեսուրսների մեծ մասը։
Ավետիք Քերոբյան.– Այս կառավարությունը շատ հմուտ կերպով իրականացնում է փոխադարձության սկզբունքով միակողմանի զիջումների քաղաքականություն։ Այս հարցում նրանք գործընկեր են Ադրբեջանի և Թուրքիայի իշխանություններին, իսկ թուրքական օրակարգում Հայաստան պետություն գոյություն չունի, գոյություն ունի Էրմենիստան տարածք։
Տիգրան Աբրահամյան.- Թուրքական քարտեզներում Սյունիքն ու Գեղարքունիքն առհասարակ գտնվում են իրենց վերահսկողության տակ, Վայոց ձորի ու այլ մարզերի տարածքների որոշ հատվածներ նույնպես իրենցով են արել։ Մանկապարտեզներից սկսած՝ մեծացնում են սերունդ հենց այս մտայնությամբ։ Ադրբեջանն ասում է մի բան, բայց իրականացնում է լրիվ այլ քաղաքականություն։ «Խաղաղություն» բառը զուտ կաղապարն է, տակը լրիվ այլ բան է դրված։

2 ամիս առաջ նույն Արծվաշենի հետ կապված՝ Փաշինյանը խուճուճ նախադասություններ էր ասում։ Վաղը որ մի բան լինի, պիտի ասեն՝ դե, ժողովուրդ ջան, թղթերը չգտանք, տվեցինք։
Ավետիք Քերոբյան.– Այս իշխանությունն այնպես է անում, որ մեր հասարակության վրա չազդի մեր երկրի տարածքներից զրկվելը, մեր քույրերի ու եղբայրների դաժան մահը, կորուստները, այնպես են անում, որ մեր հասարակությունը լրիվ կամազրկվի, պառակտվի։ Դրա համար խոսում են, ասենք, երկու բաժակ սուրճի գնով Եվրոպա գնալու ու սուրճ խմելու մասին… Սա նրանք պատահական չեն անում, ունեն հստակ «методичка»։
Այսօր Հայաստանում տարերայնորեն քաղաքացիություն են ստանում դրա տարրական պահանջներին չհամապատասխանող օտարազգի մարդիկ, ովքեր բավարար չափով Հայաստանում չեն ապրել, հայերեն չգիտեն, բերում են հազարավոր հնդիկներ, պակիստանցիներ, հաշվառում են մարդկանց տներում… Սա արվում է ուղիղ կերպով 2026թ. ընտրությունների վրա ազդելու համար։
Մենք ունենք բացարձակ ստորացված բարձրագույն սպայական կազմ, մարդիկ, ովքեր երկու օր առաջ հայտարարությամբ պահանջել էին Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, իսկ երկու օր հետո ձիգ կեցվածքով պատվի էին առնում նրան… Այդ նվաստացումը հատուկ նպատակով է արվում…
Տիգրան Աբրահամյան.- Ժամանակակից պատերազմներն անընդհատ փոխվում են։ Կարող է այնպես լինել, որ ռազմական գործողությունները գերճշգրիտ կետային հարվածների միջոցով ծավալվեն միայն Երևանի տարածքում։ Սահմանային բնակավայրերում կարող է որևէ արկ չընկնել։ Փոխվել է ամեն ինչ։ Հայաստանի տարածքն էլ չունի այն խորությունը, որ կարողանաս մանևրել։
Ավետիք Քերոբյան.- ՀՀ ամենահեռու կետը սահմանից 67 կմ է, իսկ Թուրքիան արտադրում է հրթիռներ, որոնք կարող են թռչել 2 անգամ հեռու։ Միայն Ադրբեջանի զորահանդեսի ժամանակ ցուցադրված զենքերը կիրառվեն, մենք կզրկվենք պաշտպանունակությունից։ Այսօրվա իշխանությունների գործողությունները կամ անգործությունն այլ կերպ, քան թշնամու հետ համագործակցություն, չի կարելի անվանել։

Տիգրան Աբրահամյան.- Դիմում ես, որ գնաս առաջնագիծ կամ բանակի հետ կապված այլ տեղեկություն ստանաս, ասում են՝ չի կարելի, գաղտնիության հարց կա, այն դեպքում, որ ես գաղտնիության դոպուսկն ունեմ։ Մեկ էլ տեսնում ես, որ 2 ամիս հետո տուրիստական խմբեր են կազմում, տանում են էքսկուրսիայի, զենքեր են ցույց տալիս, առաջնագիծ են տանում…
Ավետիք Քերոբյան.- 8 միլիարդի զենք գնելու թեզը բացարձակ սուտ է։ Էս իշխանությունը որդեգրել է մի քաղաքականություն, որ հնարավորինս շատ մարդկանց դարձնի իրեն հանցակից։ Օրինակ՝ Փաշինյանի հետ Կիրանցի պատի տակ գնալ-կանգնելը նշանակում է՝ դու հաշտ ես քո երկրի մի հատվածի հանձնմանը։ Նույնը՝ զենքերի մասով․ երբ գնում, մասնակցում են զենքերի էքսկուրսիային, իրենց հետ կիսում են դրա ձեռքբերման հետ կապված ողջ պատասխանատվությունը։
Այս իշխանությունը ոչ մի դրամի համար հաշվետու չի լինում։ Սոցիալական այս աղետալի վիճակում գտնվող երկրում ԱԺ մեկ պատգամավորին տալիս են 2.9 միլիոն դրամ պարգևավճար, պլյուս՝ աշխատավարձ։
Տիգրան Աբրահամյան.– Անունը դնում են վարժական հավաք, բայց մարդկանց տանում են մարտական հերթապահության։ Եթե բանակի ժամկետը կրճատում են, վարժական հավաքները պետք է դարձնեն հաճախակի, որ կարողանան ապահովել պահանջը։ Սուրեն Պապիկյանը վերջերս ասաց՝ այս տարի 16.000 մարդ է մասնակցել վարժական հավաքների, իսկ մյուս տարի կմասնակցի 20.000-ը։ 2027թ․ կարող է լինել այնպես, որ 30.000 մարդ մասնակցի, որպեսզի կարողանան պատշաճ մարտական հերթապահություն իրականացնել։ Քաղաքացու համար առաջին հայացքից միգուցե լավ է, որ իր տղան 2 տարվա փոխարեն՝ ծառայի 1.5 տարի, բայց պետք է հասկանալ, որ հիմա եթե վարժական հավաքը 25 օր է, վաղը կարող է դառնալ 3 ամիս։ Եկեք չմոռանանք, որ այդ ռեզերվը կանոնավոր զորք չէ։ Քաղաքացիական կյանքից չի կարելի մարդկանց բերել ու ուղարկել մարտական հերթապահության։
Ավետիք Քերոբյան.– Հայաստանի բանակի թվի կրճատումը պայմանավորված է ադրբեջանական պահանջներով ու 2026թ. նախընտրական-քարոզչական տրամաբանությամբ։ Փաստացի ժամկետային ծառայությունը դարձել է անժամկետ ծառայություն։
Տիգրան Աբրահամյան.- Հայաստանի իշխանության քաղաքականությունը բերել է նրան, որ մարդիկ ստիպված ադրբեջանական աղբյուրներից են իմանում՝ մեզ հետ ինչ է լինելու։ Սա նաև տեղեկատվական սպառնալիք է։ Հայաստանին վերաբերող հարցերն ամերիկացիները գնում, ռուսների կամ թուրքերի հետ են քննարկում, վերջում մեզ դեմ են տալիս փաստաթուղթ, որում Հայաստանը միգուցե 5% մասնակցություն է ունեցել։

Օրեր առաջ Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովն ասուլիսում հայտարարել էր, որ Երևանը Բաքվին հայտնել է, որ TRIPP-ով անցնող երկաթուղու հատվածը չի վերաբերում Ռուսաստանին: Նրա խոսքով՝ «Հնարավոր է, Հայաստանը ստանձնելով TRIPP-ի մասով պարտավորությունները, նաև հաշվի է առել երկաթուղու մասը»:
Բայրամովը նաև նկատել է, որ երկաթուղու կառավարման պայմանագիրը Հայաստանի և Ռուսաստանի միջև գործում է մինչև 2038 թվականը, բայց, ըստ նրա, հայկական կողմը Բաքվին բացատրել է իր դիրքորոշումը, ըստ այդմ՝ Սյունիքում կառուցվելիք երկաթուղու հատվածը Ռուսաստանին չի վերաբերում, քանի որ կոնցեսիոն պայմանագրի կնքման պահին այդ երկաթուղին պարզապես գոյություն չուներ: «Հետևաբար՝ հնարավոր չէ պայմանագրում ներառել այն, ինչ պարզապես չկա»,- ասել է Բայրամովը:
Ըստ էության, Բայրամովն ասում է, որ հայկական կողմն իրենց ասել է, որ Մեղրիի երկաթուղին ռուսների հետ կապ չի ունենալու: Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը 168.am-ի հետ զրույցում ասել է, որ ըստ իր տեղեկությունների՝ Ադրբեջանը բանակցություններում պնդել է՝ Մեղրիի երկաթուղու շահագործումը հանձնեք մեզ, մանավանդ, որ սովետական տարիներին դա մեզ է պատկանել: Նշենք նաև, որ վերջերս Ադրբեջանի նախկին ԱԳՆ նախարար Թոֆիկ Զուլֆուգարովը, որն Ալիևի գլխավոր խոսափողներից մեկն է, Ադրբեջանի պետական հեռուստաընկերությամբ հայտարարել է, որ Մեղրիի երկաթուղին պետք է Ադրբեջանի վերահսկողության տակ լինի:
Ավետիք Քերոբյան.–Ակնհայտ է, որ մեր հարևան թշնամի պետություններն աչք ունեն մեր ամեն ինչի՝ մեր հողի, ունեցածի, մեր կյանքերի վրա։
Այս իշխանություններն իրենց այսօրվա դեսպանների միջոցով փորձում են Իրանի ու Վրաստանի իշխանություններին համոզել, որ TRIPP-ով իրենց կենսական շահերին ոչ մի վնաս չի հասցվում։ Բայց Իրանի անհանգստությունը չի փարատվել։ Նույն կերպ անհանգիստ են Վրաստանում։ Որևէ կերպ մեր բարեկամ-հարևան երկրների հետ աշխատանք չի տարվում, որ տնտեսական օգուտները լինեն երկուստեք։

Ինձ թվում է՝ Մեղրու երկաթուղին շահագործելու իրավունքն արդեն տվել են Ադրբեջանին։
Տիգրան Աբրահամյան.– Միգուցե նոմինալ Թուրքիան կամ Ադրբեջանը չշահագործեն Մեղրու երկաթուղին, դա կատարվի երրորդ երկրի միջոցով, բայց իրական վերահսկողությունը կիրականացվի հենց նրանց միջոցով։
Ավետիք Քերոբյան.– Մենք պետք է չլինենք անտարբեր, չլինենք անմասնակից՝ մեր ապագայի հետ կապված իրադարձությունների վերաբերյալ։ Պետք է կարողանանք դուրս գալ անտարբերության ճահճից ու դառնալ երկրի ապագայի զինվոր։
Մանրամասները՝ տեսանյութում։
