Արդյոք Փաշինյանը ԱԱԾ պահպանության առարկա տեսանյութի «սլիվը» կդիտարկի՞ Սահմանապահ զորքերի հրամանատարության «տիրույթում»
Օրեր առաջ «Զվարթնոց» օդանավակայանում թույլ չէին տվել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին լքել ՀՀ տարածքը, ինչի իրավունքը չկար, քանի որ, ինչպես factor.am-ն է գրել, նա այդ պահին որևէ քրեական վարույթով մեղադրյալ չէր, որի շրջանակներում նրան չթույլատրվեր դուրս գալ ՀՀ տարածքից, ինչը հաստատել էին դատարանից և քննչական մարմիններից:
Բայց ամեն ինչ սրանով չի ավարտվել, շատ չանցած Ռոբերտ Քոչարյանի ելքն արգելելու տեսանյութը հայտնվել է Նիկոլ Փաշինյանի ընտանեկան լրատվամիջոցում։
Տեսախցիկի տեղադիրքը և բովանդակությունը թույլ են տվել լրատվամիջոցներին, տարբեր գործիչներին պնդելու, որ տեսագրությունը «Զվարթնոց»-ում տեղադրված սահմանային անցակետի հսկողության տեսախցիկներից է եղել։
Նշենք, որ 2024թ. հուլիսի 31-ին Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ներկայացուցիչները հայկական կողմի պահպանությանն էին հանձնել «Զվարթնոց» օդային անցակետի պետական սահմանը։
Ի՞նչ ճանապարհով են «Զվարթնոց»-ում տեղադրված սահմանային անցակետի հսկողության տեսախցիկի արձանագրած կադրերը հայտնվել իշխանական լրատվամիջոցների ձեռքում, կարելի է ենթադրություններ անել, նաև՝ այդ քայլի օրինական լինել-չլինելու վերաբերյալ: Եվ այստեղ իր պատասխանատվությունն ունի և՛ ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը, և՛ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար Գարիկ Մուրադյանը:
Ըստ այդմ՝ ինչպես 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը, այս հարցի հետ կապված գրավոր հարցումներ են ուղարկել Ազգային անվտանգության ծառայություն և ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատարություն:
«Նիկոլ Փաշինյանի ընտանեկան «Հայկական ժամանակ»-ը գրեթե անմիջապես հրապարակում է տեսանյութ, և անզեն աչքով էլ հասկանալի է՝ դա այն տեսախցիկից է, որը տեղադրված է «Զվարթնոց» օդանավակայանի հսկիչ-անցագրային կետում, այսինքն, պատկանում է ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերին: Ու գերգաղտնի կառույցից նման տեսանյութ, տեղեկատվություն կարող է դուրս գալ միայն բարձրագույն ղեկավարության որոշմամբ և ԱԱԾ տնօրենի ու Սահմանապահ զորքերի հրամանատարի կատարմամբ»,- շեշտեց նա՝ հիշեցնելով, որ նման առաջին դեպքը չէ:
ԱԱԾ սահմանապահ զորքերի իրավունքների մասին ՀՀ օրենքում, մասնավորապես, ասված է՝
■ Պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերում կատարել համապատասխան նշումներ, իսկ անհրաժեշտության դեպքում ժամանակավորապես վերցնել դրանք, ինչպես նաև վերցնել կեղծ փաստաթղթերը, թույլ չտալ պետական սահմանով անցնել Հայաստանի Հանրապետության տարածք մուտքի կամ Հայաստանի Հանրապետության տարածքից ելքի իրավունք տվող համապատասխան փաստաթղթեր չունեցող անձանց մինչև նրանց պետական սահմանը հատելու իրավունք տվող փաստաթղթերի պատշաճ ձևակերպումը կամ մինչև նրանց կողմից փաստաթղթերը կորցնելու հանգամանքների պարզաբանումը,
■ պետական սահմանի ռեժիմի, սահմանային ռեժիմի և պետական սահմանի անցման կետերի ռեժիմի պահպանման վերահսկողություն սահմանելու նպատակով կատարել անձանց գրանցում, փաստացի տվյալների հաշվառում, վիճակագրություն և այդ նպատակներով, Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով, օգտագործել տեղեկատվական համակարգերը,
■ օրենքով իրենց վարույթին վերաբերող գործերով կատարել հետաքննություն,
■ իրականացնել այն իրավախախտումների կանխարգելումը, որոնց դեմ պայքարը գտնվում է սահմանապահ զորքերի իրավասության սահմաններում և այլն:
Ինչ վերաբերում է պարտականություններին, ապա՝
■ Ապահովել պետական սահմանի ռեժիմին վերաբերող այն պարտավորությունների կատարումը, որոնք նախատեսված են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ և Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերով,
■ կանխել Հայաստանի Հանրապետության պետական սահմանի ռեժիմը, սահմանային ռեժիմը և պետական սահմանի անցման կետերի ռեժիմը խախտող անձանց գործողությունները և այլն:
Կրկնում ենք՝ Սահմանապահ զորքերը գտնվում են ԱԱԾ ենթակայության տակ, իսկ ԱԱԾ-ն ուղիղ ենթարկվում է Նիկոլ Փաշինյանին:
Մասնավորապես, ՀՀ ԱԱԾ կանոնադրությունը և կառուցվածքը հաստատելու մասին 2018 թվականի հունիսի 28-ի Նիկոլ Փաշինյանի որոշմանը կից հավելվածի՝ ԱԱԾ կառավարմանն ու ղեկավարմանը վերաբերող հատվածում նշվում է, որ «Ազգային անվտանգության ծառայությունը կառավարում է վարչապետը»: Իսկ ԱԱԾ տնօրենը «կառավարում է ազգային անվտանգության ծառայության ենթակայությանը հանձնված կազմակերպությունները և հիմնարկները»:
Եվ, ըստ օրենքի և սահմանված կարգի՝ ԱԱԾ-ի խնդիրները և գործառույթները, մասնավորապես, սրանք են՝
■ Պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկությունների պահպանության միջոցառումների մշակմանն ու իրականացմանը մասնակցությունը, պետական մարմիններում, զինվորական կազմավորումներում, կազմակերպություններում պետական և ծառայողական գաղտնիքի պահպանման վերահսկումը, քաղաքացիներին պետական և ծառայողական գաղտնիք կազմող տեղեկություններին առնչվելու թույլտվության հետ կապված միջոցառումների՝ սահմանված կարգով իրականացումը,
■ օրենքով սահմանված կարգով տեղեկատվական անվտանգության ոլորտում պետական վերահսկողության իրականացումը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ պաշտպանվող տեղեկատվության գաղտնագրային և տեխնիկական պաշտպանության բնագավառի գործունեության համակարգումը, Հայաստանի Հանրապետությունում տեխնիկական հետախուզությունների հակազդման կազմակերպման միասնական կարգի սահմանումը,
■ ազգային անվտանգության ծառայությունում գործունեության համակարգման և արդյունքների ամփոփման համար կապի, տեղեկատվական և տվյալների փոխանցման համակարգերի, տեղեկատվության պաշտպանության միջոցների (այդ թվում՝ նաև կրիպտոգրաֆիկական պաշտպանության միջոցների) ստեղծումը, Հայաստանի Հանրապետության օրենսդրությանը համապատասխան՝ ազգային անվտանգության ծառայության գործունեությանը վերաբերող օպերատիվ, արխիվային և այլ նյութերի հաշվառման, պահպանման ու օգտագործման կարգի սահմանումը և այլն:
Կա՞ արդյոք կետ, որը թույլ է տալիս ԱԱԾ-ին պատկանող տեսանյութի տրամադրումը մասնավոր լրատվամիջոցին, ինչի ականատեսը մեկ անգամ չէ, որ եղել ենք:
Սպասենք, թե ինչ կպատասխանի Ազգային անվտանգության ծառայությունը և Սահմանապահ զորքերի հրամանատարությունը «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանի գրավոր հարցումներին, բայց արդեն իսկ կարող են ենթադրել, որ ԱԱԾ-ն և Սահմանապահ զորքերի հրամանատարությունը, թերևս, հատել են իրենց լիազորությունների սահմանը:
Եվ դեռ հարց է՝ արդյո՞ք Նիկոլ Փաշինյանը, որին ուղիղ ենթարկվում է ԱԱԾ-ն և ում հրահանգն է կատարել, կատարվածում կտեսնի իր իսկ պատասխանատվությունը:
Ինչո՞ւ ենք սա ասում: Դեռ ապրիլին «Փաշինյանը «հրաժարվել է» ԱԱԾ սահմանապահ ուժերի ծառայության հարցում իր պատասխանատվությունից» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որի համար հիմք է ծառայել ապրիլի 30-ին, Կառավարության նիստից հետո կազմակերպված ճեպազրույցի ժամանակ Նիկոլ Փաշինյանի՝ սահմանապահների ծառայությանն առնչվող հետևյալ ձևակերպումը.
«Ես ՀՀ վարչապետն եմ, բայց կարող է չիմանամ, եթե հարց լինի, թե ՀՀ սահմանապահն ինչպես է իր ծառայությունն իրականացնում, ինչ տրամաբանությամբ, որովհետև դա իմ օրակարգի հարց չի»:
Սա, իհարկե, ասվել էր ավելի շատ պետական սահմանին սահմանապահների ծառայության մասին, բայց շատ հանգիստ կարող ենք պրոյեկտել հոդվածում նկարագրված դեպքի վրա, քանի որ չի բացառվում, որ տեսանյութի տարածման հարցում ևս Նիկոլ Փաշինյանը չընդունի իր պատասխանատվության չափը և այն ամբողջությամբ դնի ԱԱԾ-ի և Սահմանապահ զորքերի հրամանատարության վրա:
Ի դեպ, 2025 թվականի նոյեմբերի 10-ից ՀՀ ԱԱԾ սահմանապահ զորքերի հրամանատար նշանակված Գարիկ Մուրադյանը զինվորական է, և ծառայել է Արցախի ՊԲ-ում, այնուհետև ՀՀ ԶՈւ 3-րդ բանակային կորպուսում՝ ունենալով տարբեր պաշտոններ, և Տավուշում սահմանազատման և սահմանագծման գործընթացի առաջին փուլի ժամանակ նա հենց այս հատվածում էր զինվորական ծառայության: Իսկ հիմա նրան Նիկոլ Փաշինյանը վստահել է պետական սահմանի պաշտպանությունը, եթե առաջին հայացքից սա դրական ենք ընդունել առնվազն այն առումով, որ զինվորական է և տիրապետում է սահմանների «մարտական» պաշտպանությանը, ապա հիմա ստիպված ենք բացասական արձանագրումներ անել:

