Կխնդրենք Նիկոլ Փաշինյանին գործել իր լիազորությունների շրջանակում և քիթը չխոթել եկեղեցու գործերի մեջ. Տեր Վրթանես քահանա Բաղալյան. Aysor.am
«Մեզ ինչքան էլ մեղադրեն եկեղեցուն դեմ լինելու, մեր ինքնությանը դեմ լինելու մեջ, բայց գիտե՞ք ովքեր են մեզ մեղադրում»,- ԱԺ-ում այսօր ասաց Նիկոլ Փաշինյանը՝ նշելով, թե այսօր իշխանություններըը ոչ թե եկեղեցիների վրա «նախկինի պես իրենց բաջանաղների կամ քեռու կանանց անուններն են դնում, այլ վերականգնում են ավիրվող եկեղեցիները ու դրանց վրա իրենց անունները չեն դնում»։
Ի պատասխան Փաշինյանի՝ հերթական հակաեկեղեցական հայտարարությունների, Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ Տեր Վրթանես քահանա Բաղալյանը Aysor.am-ի հետ զրույցում նշեց՝ վարչապետը երևի ապատեղեկացված է։
«Հաշվի առնելով իր շուրջ հավաքված հակաեկեղեցական ուժերին՝ կարող ենք ենթադրել, որ Փաշինյանն այդ ազդեցության տակ է։ Չեմ կարծում, որ ինքը դիտավորությամբ է ստում, հնարավոր է՝ իրեն խաբել են։ Հավանաբար, Փաշազադեն իրեն ասել է, որ նախկինում նման բաներ են եղել»,– ասաց Տեր Վրթանեսը։
Նրա խոսքով՝ նախկին իշխանությունների օրոք երբեք չեն եղել դեպքեր, երբ եկեղեցուց գույքահարկ պահանջվեր, սահմանին հարկվեին ծիսական պարագաները կամ դրանց նկատմամբ կիրառվեին տույժեր ու տուգանքներ։
«Այս առումով Նիկոլ Փաշինյանն աննախադեպ է, որովհետև միայն իր օրոք է, որ եկեղեցուց նման հարկեր են գանձվում։ Եկեղեցու սպասքը, պարաֆինը և այլ պարագաներ բարեգործական չեն համարվում, մինչդեռ նույն տրամաբանությամբ աղանդավորները՝ «Եհովայի վկաները» կամ մորմոնականները, կարողանում են իրենց գրականությունը և այլ նյութեր ներմուծել բարեգործականի անվան տակ»։
Տեր Վրթանես քահանա Բաղալյանի խոսքով՝ Նիկոլ Փաշինյանը նրանցից ու նրանց հետևում կանգնած ուժերից ուղղակի վախենում է, իսկ Հայ Առաքելական եկեղեցու նկատմամբ իր վերաբերմունքով պարզապես փորձում է հակադարձել նրան, որ եկեղեցին խոսում է ցեղասպանության, արցախցիների վերադարձի իրավունքի, Արցախում սրբավայրերի ոչնչացման և գերիների վերադարձի մասին։
«ՀՀ Սահմանադրությամբ եկեղեցին և պետությունը միմյանցից անկախ են։ Լավ գիտենք նաև, որ վերջին ընտրություններին վարչական ռեսուրսի, սոցիալական տարբեր քայլերի կիրառմամբ հանդերձ՝ Նիկոլ Փաշինյանը հասարակության ձայների 50 տոկոսն անգամ չի ստացել։
Այդ ամենը հաշվի առնելով՝ կխնդրենք պարոն վարչապետին գործել իր լիազորությունների շրջանակում և քիթը չխոթել եկեղեցու գործերի մեջ»։

