
Առ այսօր Հայաստանում նման օրինակ չունենք․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում դամբարանադաշտ է հայտնաբերվել․ ովքե՞ր են թաղված
Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում հողային աշխատանքներ կատարելիս աշխատակիցները դամբարանադաշտ են հայտնաբերել։ Մանրամասների մասին զրուցել ենք հնագիտական արշավախմբի ղեկավար Հարություն Բադալյանի հետ։
– Պարո՛ն Բադալյան, ե՞րբ է հայտնաբերվել դամբարանադաշտը։
– Հունվար ամսին Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հանքի տարածքում՝ Ողջի գետի աջ ափին, հողային աշխատանքներ կատարելու ընթացքում կոմբինատի աշխատակիցները նկատել էին պատերի մնացորդներ, ահազանգել էին կոմբինատի բնապահպանության բաժին։ Աշխատանքը դադարեցրել և կապ են հաստատել հնագետների հետ։ Ժամանեցինք նշված տարածք և պարզվեց, որ գործ ունենք դամբարանների հետ։ Մի քանի ամիս տևած պեղումների ընթացքում հայտնաբերեցինք 7 դամբարան, որոնցից 4-ը, ցավոք, ավերված էին, միայն պահպանված էր դամբարանախցերի մի մասը։ Աշխատանքների ընթացքում ևս 3 դամբարան հայտնաբերեցինք, որոնք գրեթե անխափան վիճակում էին։ Բավական հետաքրքիր դամբարաններ էին։ Դամբարաններից մեկն ունի 3,5 մետր տրամագիծ, մինչև 2 մետր բարձրություն։ Շուրջը կառուցված է մինչև 80 սմ բարձրության եռաշերտ պատ՝ կրոմլեխ, որի վրա քարահողային լիցք էր։ Բացվեց նաև հուշասյուն, որը քանդակազարդ էր, աչքերի պատկերներ էին։ Շատ հետաքրքիր է։ Առ այսօր Հայաստանում նման օրինակ չունենք։ Հուշասյան հետևում զոհասեղան էր՝ քարից, հարթ մակերեսով։
Դամբարանի խցերն աչքի չեն ընկնում իրենց հարստությամբ, գտել ենք մետաղական նյութեր, քարից մի շարք ուլունքներ։ Սա ևս բացառիկ երևույթ է՝ դամբարաններում ընդհանրապես խեցեղեն, կավանոթներ չեն հայտնաբերվել։ Կարծում ենք, որ դամբարանները պատկանում են Ք․ա. 7-6-րդ դարերին։
– Աչքերի պատկերներն ի՞նչ են խորհրդանշում։
– Ըստ երևույթին դամբարանը չար աչքից հեռու պահելու գաղափարը։ Կրոմլեխը ևս այդ նշանակությունն ունի և հազարամյակներով կա մեր մշակույթում։ Այդ երևույթը բրոնզե դարից գալիս է և հասնում մինչև քրիստոնեություն։
– Հայտնաբերված մարմինները եղել են մասնատված․ սա ինչպե՞ս է բացատրվում։
– Դամբարաններում առհասարակ ոսկորները վատ էին պահպանված։ Ամեն խցում ամփոփված էր մեկ մարդու մարմին։ Կային խցեր, որտեղ բացակայում էր մարդու մարմնի մի մասը։ Օրինակ՝ վերջույթներ, ողնաշար։ Կարծում ենք, որ ամբողջությամբ չեն ամփոփել մարդուն։ Դա կարող էր լինել պատերազմի ժամանակ։ Վարկած է՝ մտածում ենք, որ մարմնի մնացորդներ են բերել ու թաղում իրականացրել։
– Այստեղից հետևություն կարող ենք անել, որ ոչ թե հարուստների, այլ հասարակ մարդկանց դամբարան է։
– Չեմ կարծում, որ սովորական մարդիկ են։ Իմ կարծիքով, բարձրաստիճան զինվորականների թաղումներ են, որովհետև գրեթե բոլոր խցերում ունենք դաշույն, դանակ։ Ճիշտ է, կան նաև ապարանջաններ, ուլունքներ։ Ըստ իս, ոչ թե ցածր, այլ բարձր խավի անձինք են թաղված, որովհետև նման դամբարաններ կառուցելն այդ ժամանակ հեշտ չէր, այն էլ՝ նման խնամքով հուշասյուն տեղադրել, պատեր շարել․․․։
– Նաև սեյսմակայունությունն է ապահովված եղել։
– Դամբարանները այնպես չէ, որ հարթ տեղում են, թեք լանջին են, այդ պատճառով վնասվել էին, բայց փառք Աստծո, 3 դամբարանում անխաթար վիճակ ունեցանք, և դա էր պատճառը, որ ԿԳՄՍ նախարարության թույլտվությամբ և Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի աջակցությամբ դամբարաններից ամենաշքեղը որոշեցինք տեղափոխել և նույնությամբ վերականգնել Կապանի երկրագիտական թանգարանի բակում, քանի որ մտածում էինք, որ այդտեղ անվտանգ չէ, հետագա շինարարական աշխատանքները կարող են վնասել։ Մնացած դամբարանները կծածկվեն, որոշները կմնան հողի տակ, և սերունդները հետագայում միգուցե ուսումնասիրեն։
Դամբարանի տարածքում աշխատանքներն ավարտել ենք, հողային աշխատանքները շարունակվում են, քանի որ կոմբինատի համար կենսական նշանակություն ունեցող տարածք է։
Եթե պարզվի, որ այլ դամբարաններ կան՝ պեղումները կշարունակենք։
– 2024թ․ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի տարածքում, որքանով տեղյակ եմ, տնտեսական նշանակության կառույց եք հայտնաբերել։
– Այո։ Կոմբինատի հետ աշխատում ենք շուրջ 10 տարի։ Կոմբինատին առնչվող տարածքներում բազմաթիվ ծրագրեր ենք իրականացրել իրենց ֆինանսավորմամբ։ Տասնյակի հասնող հուշարձաններ ենք ուսումնասիրել։ Հայտնաբերել ենք գինու արտադրամաս՝ 12-14-րդ դարերի, ձիթհան ենք պեղել, բնակատեղիներ։ Եվ հերթականը 2023թ․ հայտնաբերեցինք։ Այն Սյունիք գյուղի տարածքում է, պոչամբարից մոտ 200 մետր դեպի հարավ։ Պեղումների ընթացքում բացվեց հսկայական խոհանոցային կամ տնտեսական մի կառույց։ Ցավոք, մեծ մասը վնասվել է հետխորհրդային շրջանում դեպի պոչամբար բարձրացող ճանապարհը կառուցելու ժամանակ։
Այնուամենայնիվ, հաջողվեց ամբողջությամբ պեղել այն, ինչ ունենք այսօր։ Դա խոհանոցային խոշոր հատված է, որտեղ պեղումներով բացվեցին քանդակազարդ օջախներ, դրանց մոտ՝ թոնիրներ, բազմաթիվ հորեր։ Հսկայական խեցեղեն հայտնաբերեցինք։ Ամբողջ համալիրն ըստ խեցեղենի համեմատական վերլուծության՝ թվագրում ենք զարգացած միջնադարով՝ 12-14-րդ դարերով։ 2024թ․ ընդլայնելով ամբողջ տարածքը, մենք այլ հորեր ևս հայտնաբերեցինք։ Հորերից մեկը գտնվում է խոհանոցային տարածքում։ Մյուսը բացեցինք դրանից մոտ 5 մետր հեռավորության վրա։ Թունելով միանում են իրար՝ մոտ երեք մետր խորության վրա։ Կարծում ենք, հորերի կառուցման նպատակը եղել է հացահատիկի պահպանումը։ Լցնելով գարին ու ցորենը կառույցից դուրս գտնվող հորի մեջ՝ կառույցի ներսում հորից ցորենը հանել են, մանրացրել, հաց թխել։
Քանի որ անվտանգ չէր աշխատանքը, 3 մետր խորությամբ էր, դադարեցրեցինք։ Հնարավոր է՝ փլվածք տեղի ունենար։ Տարածքում նաև հայտնաբերվել են ընտանեկան թաղումներ։ Հետաքրքիր է նաև վաղ շրջանի նյութերի հայտնաբերումը՝ ավերված դամբարաններից, որոնք պատահական են հայտնաբերվել։ Նյութերը Ք․ա. 7-6-րդ դարերի են, այսպես կոչված՝ երկաթի լայն տարածման շրջանի են․ գտել ենք վզնոց, ապարանջաններ, ականջօղ և այլն։ Լաբորատոր հետազոտությունից հետո կհանձնվեն Կապանի երկրագիտական թանգարանին։
– Կառույցն ինչ-որ մեկի բիզնեսն է եղել երևի։
– Կարծում եմ՝ խոշոր կալվածատիրոջ, ավատատիրոջ տնտեսական համալիր է, որտեղ պատրաստել են կերակուր, հաց են թխել հսկայական կալվածքի համար։ Սա մի ընտանիքի չի պատկանում։ Հավանաբար՝ 200-300 հոգու համար ուտելիք են պատրաստել։
Եղել են նաև խաղողի այգիներ, որովհետև պոչամբարի ափերից մեկում հայտնաբերեցինք գինու հնձան, որը ցույց է տալիս, որ միջնադարում Կապանում ևս գինեգործությունը զարգացած է եղել։
– Որքա՞ն հաճախ եք հանդիպում գանձագողերի ոտնահետքերի։
– Այս տարածքում չենք հանդիպել, քանի որ հսկվում է կոմբինատի անվտանգության կողմից։ Սակայն քանի որ գանձագողության վտանգ կա՝ պեղումների ընթացքը շատ չենք հանրայնացնում։ Կան գանձագողեր, ինֆորմացիան քաղում են, պեղումների տեղը ֆիքսում են, ու հնագետներից հետո, հնարավոր է՝ սկսեն իրենց սև գործն անել։ Եղել է, որ գնալով հուշարձանի տարածք՝ նկատել եմ գանձագողերի ոտնահետքեր։ Քանդում են, գողանում, եթե ինչ-որ բան մնացել է՝ թոնիր և այլն։ Մտածում են, որ թոնրի մեջ ոսկի կլինի, ու ջարդում են։ Չգիտեն էլ, որ թոնիր է, կարծում են՝ կարաս է։ Հեքիաթներից լսել են, որ կարասի միջ ոսկի են դնում։ Դեպքեր կան, որ խաչքար են ջարդում՝ մտածելով, որ ոսկի կամ թանկարժեք իր կգտնեն։ Գանձագողությունը, ցավոք, շատ տարածված է Հայաստանում։ Հուշարձաններով հարուստ մարզերում զարգացում է ապրում։ Գանձագողերին ուղղորդում են Երևանից։
Այն հուշարձաններին, որոնք հսկվում են պետության կողմից, այդտեղ այնքան էլ չեն մոտենում գանձագողերը։
– Ինչպիսի՞ զգացողություն եք ունենում, որ հայտնաբերած գտածոն հայտնվում է թանգարանում։
– Հնագետի համար ամենամեծ հաճույքն է, երբ հայտնաբերածը հանրայնացվում է։
– Ո՞ր դարաշրջանում կուզեիք հայտնվել, ապրել։
– Չեմ մտածել։ Բոլոր դարաշրջաններում շատ հետաքրքիր է, երևի հելլենիստական, անտիկ ժամանակաշրջանում կուզեի հայտնվել։ Մակեդոնացու արշավանքից հետո բուռն զարգացում է ապրում հելլենիզմը, աշխարհը փոխվում, վերաձևվում է, նոր պետություններ են հայտնվում, հատկապես Հայաստանը հզորացում է ապրում Արտաշեսյան դարաշրջանում՝ Արտաշես Առաջինի, Տիգրան Մեծի օրոք։ Հռոմեական կայսրությունը կար․․. կարելի էր:
Մանրամասները՝ տեսանյութում։