ԵԱԶԲ-ն 10 մլն դոլար վարկ կտրամադրի Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին. Տիգրան Սարգսյան

Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը Եվրասիական զարգացման բանկից 10 մլն դոլար վարկ կստանա։ Այս մասին Sputnik Արմենիա մուլտիմեդիոն հարթակի միացմամբ Մոսկվա-Մինսկ-Աստանա-Բիշքեկ-Երևան-Տաշքենդ տեսակամուրջի ժամանակ հայտարարեց ԵԱԶԲ վարչության փոխնախագահ, ԵԱԶԲ թվային նախաձեռնությունների հիմնադրամի համակարգող Տիգրան Սարգսյանը։

«Մեր բանկի տնօրենների խորհուրդը հաստատել է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում բիզնես գործընթացների թվայնացմանն ուղղված վարկը։ Նման խոշոր վարկային նախագիծ է եղել, և մենք Զանգեզուրի կոմբինատին կհատկացնենք 10 մլն դոլար՝ ներքին գործընթացները թվայնացնելու համար, ինչը թույլ կտա բարելավել այդ արտադրության կառավարման արդյունավետությունը»,- ընդգծեց Սարգսյանը։

Ինչ վերաբերում է ԵԱԶԲ-ի կողմից տրամադրվող անհատույց ֆինանսավորմանը, ապա բանկի բաժնետեր երկրներում արհեստական ​​բանականության կիրառմամբ խոշոր նախագծերի իրականացման համար դրամաշնորհների չափը, նրա խոսքով, հասնում է մինչև 1 մլն դոլարի: Սա դրամաշնորհների առավելագույն գումարն է, միևնույն ժամանակ կան նախագծեր, որոնք ստանում են մոտ 200 000 դոլար, ասաց Սարգսյանը։

Նրա խոսքով` Հայաստանը կարող է նաև դրամաշնորհ ստանալ «AI SuperCloud» արհեստական ​​բանականության միջազգային հարթակի մշակման նախագծին մասնակցելու համար։

Կարդացեք նաև

«Սա բաց նախագիծ է, որը հասանելիություն է ապահովում արհեստական ​​բանականության գործիքներին և ծառայություններին: Թվային նախաձեռնությունների հիմնադրամի կողմից այս մոտեցումների իրագործման և մասշտաբավորման համար տեխնիկական աջակցությունը տրամադրվում է անհատույց հիմունքներով: Անկասկած, Հայաստանը, հետաքրքրվածության պարագայում կարող է դիմել մեր հիմնադրամին: ՀՀ կառավարության հետ քննարկել ենք նաև առավելությունները, որոնք ստեղծում է նման նախագիծը»,- նշեց նա։

Տիգրան Սարգսյանը հույս հայտնեց, որ Հայաստանը հետաքրքրություն կցուցաբերի այս նախագծի նկատմամբ։

Տեսանյութեր

Լրահոս