Հայտնի են Վրաստանում բնակության իրավունք ստանալու ընթացակարգերը
Վրաստանում կացության թույլտվության ստացման գործընթացը հնարավոր է սկսել նաև առցանց ռեժիմով։ Պետական սերվիսների զարգացման գործակալության պարզաբանմամբ` դրա համար դիմողը պետք է էլեկտրոնային եղանակով վերբեռնի անհրաժեշտ փաստաթղթերը, կապ հաստատի հեռավար սպասարկման ծառայության աշխատակցի հետ և ուղիղ էլեկտրոնային հաղորդակցության ռեժիմով հայտնի, որ ցանկանում է կացության թույլտվություն ստանալ։ Այս մասին գրում է aliq.ge-ն։
Նշված ընթացակարգից հետո 10 օրվա ընթացքում Վրաստանում կացության թույլտվության քննարկման համար անհրաժեշտ փաստաթղթերը պետք է ներկայացվեն նաև նյութական (թղթային) ձևով։
Որպեսզի օտարերկրացին կարողանա գրանցել հայտը, նա պետք է լինի 18 տարին լրացած և գործունակ։ Անչափահասների դեպքում հարցը քննարկվում է նրանց օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա։ Հայտի հիման վրա օտարերկրացին կարող է Վրաստանում ստանալ.
- Աշխատանքային կացության թույլտվություն
- Ուսումնական կացության թույլտվություն
- Կացության թույլտվություն ընտանիքի վերամիավորման նպատակով
- Վրաստանի նախկին քաղաքացու կացության թույլտվություն
- Հատուկ կացության թույլտվություն
- Մշտական բնակության թույլտվություն
- Ներդրումային կացության թույլտվություն
- Կարճաժամկետ կացության թույլտվություն
- Անժամկետ կացության թույլտվություն։
Սրանցից կացությունը հաստատող ցանկացած փաստաթուղթ տրվում է Վրաստանի օկուպացված տարածքներից տեղահանվածների, աշխատանքի, առողջապահության և սոցիալական պաշտպանության նախարարությունում։
Աշխատանքային կացության թույլտվությունը տրվում է աշխատանքային ներգաղթյալին կամ Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով Վրաստանում ձեռնարկատիրական գործունեություն իրականացնող օտարերկրացուն։ Դրա համար աշխատանքային ներգաղթյալը գործակալությանը պետք է ներկայացնի Վրաստանում ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեության իրականացումը հաստատող փաստաթուղթ և տեղեկանք, որով հաստատվում է, որ Վրաստանում ձեռնարկատիրական կամ աշխատանքային գործունեությունից ստացած նրա ամսական եկամուտը/աշխատավարձը պակաս չէ Վրաստանում սահմանված միջին սպառողի կենսապահովման նվազագույնի հնգապատիկից, և նրա գործատու ձեռնարկության (բացի կրթական կամ բժշկական հաստատությունից) տարեկան շրջանառությունը յուրաքանչյուր աշխատանքային կացության թույլտվություն հայցող օտարերկրացու համար 50 հազար լարիից պակաս չէ։
Օտարերկրացու հիմնադրած կրթական կամ բժշկական հաստատության տարեկան շրջանառությունը սույն հոդվածի նպատակների համար կազմում է առնվազն 35 հազար լարի յուրաքանչյուր աշխատանքային կացության թույլտվություն հայցող օտարերկրացու համար։ Նման դեպքում աշխատանքային կացության թույլտվությունն առաջին անգամ տրվում է 6 ամսից մինչև 1 տարի ժամկետով, նաև` ուսումնական կացության թույլտվությունը, ընտանիքի վերամիավորման նպատակով կացության թույլտվությունը, Վրաստանի նախկին քաղաքացու կացության թույլտվությունը և հատուկ կացության թույլտվությունը (վերջինս բացառիկ դեպքերում տրվում է նաև 5 տարի ժամկետով)։
Մշտական բնակության թույլտվություն — տրվում է Վրաստանի քաղաքացու ամուսնուն, անչափահաս զավակին, Վրաստանի անչափահաս քաղաքացու ծնողին։ Մշտական բնակության թույլտվություն տրվում է նաև այն օտարերկրացուն, որը ժամանակավոր կացության թույլտվության հիման վրա Վրաստանում բնակվել է վերջին 10 տարվա ընթացքում։ Սակայն այս ժամկետի մեջ չի հաշվվում Վրաստանում ուսման կամ բուժման նպատակով բնակության և դիվանագիտական ներկայացուցչություններում ու դրանց հավասարեցված ներկայացուցչություններում աշխատելու ժամանակահատվածը։
Ներդրումային կացության թույլտվություն — տրվում է այն օտարերկրացուն և նրա ընտանիքի անդամներին, որը «Ներդրումային գործունեության խրատուսման և երաշխիքների մասին» Վրաստանի օրենքի համաձայն իրականացրել է առնվազն 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք լարիի ներդրում կամ Վրաստանի տարածքում, Վրաստանի օրենսդրությամբ սահմանված կարգով, ունի սեփականության իրավունք անշարժ գույքի նկատմամբ (բացի գյուղատնտեսական նշանակության հողից), որի շուկայական արժեքը գերազանցում է 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք լարին։ Ներդրումային կացության թույլտվությունը օտարերկրացուն կարող է տրվել 5 տարի ժամկետով։
Անժամկետ կացության թույլտվություն — տրվում է 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք լարիի ներդրման հիման վրա տրված ներդրումային կացության թույլտվություն ունեցող այն օտարերկրացուն և նրա ընտանիքի անդամներին, ում մոտ հաստատվում է Վրաստանում իրականացված ձեռնարկատիրական գործունեությունից առաջին տարվա ընթացքում առնվազն 50 հազար ԱՄՆ դոլարին համարժեք լարիի տարեկան շրջանառություն, երկրորդ տարվա ընթացքում՝ առնվազն 100 հազար ԱՄՆ դոլարին համարժեք լարիի տարեկան շրջանառություն, իսկ երրորդ, չորրորդ և հինգերորդ տարիների ընթացքում՝ առնվազն 120 հազար ԱՄՆ դոլարին համարժեք լարիի տարեկան շրջանառություն։ Կամ՝ 300 հազար ԱՄՆ դոլարին համարժեք լարիից ավելի արժեք ունեցող անշարժ գույքի սեփականատեր լինելու հիման վրա տրված ներդրումային կացության թույլտվություն ունեցող այն օտարերկրացուն և նրա ընտանիքի անդամներին, որը ներդրումային կացության թույլտվություն ստանալուց հետո 5 տարվա ընթացքում ունի սեփականության իրավունք այդ անշարժ գույքի նկատմամբ։
Պետական սերվիսների զարգացման գործակալությունը պարզաբանում է, որ աշխատանքային կացության թույլտվության տրամադրման հարցը, որպես կանոն, քննարկվում է 30 օրացուցային օրում, և 30-րդ օրացուցային օրը ծառայության վճարը կազմում է 300 լարի, արագացված ծառայության վճարը (20-րդ օրացուցային օրը)՝ 450 լարի, իսկ 10 օրացուցային օրում՝ 600 լարի։
Հիշեցնենք, որ կառավարությունն արգելել է մշտական կացություն չունեցող օտարերկրյա քաղաքացիների աշխատանքն առաքիչների ծառայության, վարորդների և զբոսաշրջիկների համար ուղեվարների ծառայության մատուցման հետ կապված ոլորտներում։
Որոշման համաձայն՝ սահմանվել է աշխատանքային ներգաղթյալներին և ինքնազբաղված օտարերկրացիներին աշխատանքային գործունեության իրավունքի տրամադրման կարգը, նաև այն մասնագիտությունների և աշխատանքային/ձեռնարկատիրական գործունեությունների ցանկը, որոնց համար սահմանվում են տարեկան քվոտաներ։
Փաստաթղթի համաձայն՝ որոշ ոլորտներում օտարերկրացիների աշխատանքի համար սահմանված է զրոյական քվոտա։



