ՍՅՈՒՆԻՔԸ ԹԱԳԱԳՈՀԱՐ Է. ՀԱՅԱՍՏԱՆԸ ՊԵՏՔ Է ԱՍԻ՝ ԲԱՐԻ ԵՂԵՔ ԱՊԱՀՈՎԵԼ ՄԵՐ ԵԼՔԸ ԴԵՊԻ ԲԱՑ ԾՈՎ, ՈՐ ՉԴԱՌՆԱՆՔ ՄԵԾ ԹՈՒՐԱՆԻ ՏՐԱՆՍՊՈՐՏԱՅԻՆ ՈՂՆԱՇԱՐ. ԱՐԱ ՄԱՐՋԱՆՅԱՆ

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրն էներգետիկայի հարցերով ՄԱԿ-ի ազգային փորձագետ Արա Մարջանյանն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • Ողջ տարածաշրջանը, Հայաստանն ու աշխարհը կանգնած են շատ լուրջ վերափոխումների շեմին: Ամբողջ 2025թ. և 2026թ. հունվարը մենք ականատեսը եղանք խոշորագույն, տեկտոնիկ փոփոխությունների՝ թե՛ մեր տարածաշրջանում, թե՛ մեր հարևանների մոտ, թե՛ ողջ աշխարհում: Խոսքը նոր աշխարհակարգի ուրվագծման գործընթացների մասին է՝ պայմանավորված նախագահ Թրամփի 2-րդ կադենցիայով, նրա ընդունած հետևանքներ բերող որոշումների: Փոխվում է աշխարհի կառուցվածքը, տեղի է ունենում այն, ինչ մենք ժամանակին անվանել էինք աշխարհների գոյացում, այսինքն՝ մեծ մակրոռեգիոնների ձևավորման գործընթաց։ 

Թերևս, դրա ամենաակնհայտ դրսևորումն է, այսպես կոչված՝ «Մոնրոյի դոկտրինի» վերակենդանացումը, երբ ԱՄՆ-ը ողջ Արևմտյան կիսագունդը համարում է իրենց մակրոռեգիոնը: Դա նշանակում է՝ կոնսոլիդացիա Կանադայի, Մեքսիկայի և Կենտրոնական Լատինական տարածաշրջանում: Դրան հարում են Գրենլանդիայի հետ կապված զարգացումները: 

Կարդացեք նաև

Մակրոռեգիոնների ձևավորումը մենք տեսնում ենք նաև Արևելյան կիսագնդում: Մենք տեսնում ենք թյուրքախոս երկրների միության ակտիվացումը, մի քանի ռեգիոնալ բլոկների ձևավորումը։ 

Հայաստանի համար հատկապես կարևոր և մտահոգիչ է Պակիստան-Թուրքիա-Ադրբեջան եռակողմ ռազմավարական համագործակցության բլոկը: 

Հետաքրքիր է նաև Իսրայել-Հունաստան-Կիպրոս բլոկի ձևավորումը: Ռուսաստանը ջանում է պահպանել իր մակրոտարածաշրջանը: Ուկրաինայում, տեսնում եք, ինչպես են զարգանում դեպքերը:

Նույնն անում է Չինաստանը: Չինական ծովում ընթանում են շատ կարևոր գործընթացներ: Այնտեղ էլ են ձևավորվում մակրոռեգիոններ: Կարճ ասած՝ աշխարհը կանգնած է վերաձևավորումների ընթացքում: Այս իրավիճակում Հայաստանը պարտավոր է ճշգրիտ և հաշվարկված քայլեր անել։ Ամեն սխալը հղի է ծանր հետևանքներով, և հակառակը՝ ճիշտ որոշումները կարող են լուրջ հեռանկարներ բացել:

  • Նեոգաղութատիրությունը վերջին ժամանակների, թերևս, ամենակարևոր թրենդն է։ Դա մենք տեսնում ենք մոլորակի տարբեր ծայրերում: Մոտ 1.5 տարի առաջ մի հոդված պատրաստեցի, որը կոչվում էր «Ադրբեջանը և նեոգաղութատիրությունը», որտեղ վերլուծում էի Ադրբեջանի արտաքին քաղաքական որոշ դրվագներ՝ կապված նեոգաղութատիրության նարատիվի օգտագործման հետ:

Ադրբեջանն արտաքին քաղաքականության մեջ վարում է ընդգծված հակաֆրանսիական  քաղաքականություն՝ հրահրելով տարբեր տեսակի զարգացումներ՝ Նոր Կալեդոնիայից սկսած՝ մինչև Մադագասկար, Կորսիկա կղզի և Լատինական Ամերիկա, և, փաստորեն, Ադրբեջանն իր ներքին նպատակների համար օգտագործում է նեոգաղութատիրության այդ նարատիվը:

Կարծում եմ՝ սա ցույց է տալիս, որ տարածաշրջանային երկրները պետք է պրագմատիկ մոտենան այդ նեոգաղութատիրության նարատիվներին: Վերջերս այդ զարգացումները տեսանք նաև Վենեսուելայում:

  • Այո, TRIPP ծրագիրն ունի որոշակի նեոգաղութատիրական երանգ։ Բայց այլընտրանքը ո՞րն էր։ Առհասարակ չգնալ ու դո՞ւրս մնալ այդ ծրագրից։ Չէ՞ որ TRIPP-ը Հայաստանին մտցրեց աշխարհաքաղաքական գործընթացների մեջ։ TRIPP-ն է Հայաստանը դարձնում տարածաշրջանային ապաշրջափակման գործընթացների մաս։ 
  • Այսօրվա քաղաքական նարատիվը TRIPP-ը ենթադրում է ընդգծված հակառուսական, հակաչինական ու հակաիրանական ծրագիր։ Բոլոր այդ պնդումներն արդարացի են. Անակոնդայի գրանդ ստրատեգիան երևում է, բայց չի երևում դրա հակախաղը: 

Ընթանալու է Մեծ Յալթայի բազարը, իսկ դրա ժամանակ բացառված չէ, որ ԱՄՆ-ը ու Ռուսաստանը կգնան փոխզիջումների։ Եվ բացառված չէ, որ որոշակի պահից Ռուսաստանն ու ԱՄՆ-ը համաձայնության գան TRIPP-ին Ռուսաստանի մասնակցության հարցում։ Կարճ ասած՝ TRIPP-ը պետք է դիտարկել որպես մեծ ուժային բլոկների համագործակցության, այլ ոչ առճակատման տիրույթ։ 

Փորձագետները կանխատեսում էին, որ 2025-2026 թվականները կլինեն այն ժամանակաշրջանը, երբ գերտերությունները կնստեն բանակցությունների սեղանի շուրջ՝ աշխարհը նորովի բաժանելու կամ «ազդեցության գոտիները» վերանայելու համար։ Տերմինը գալիս է 1945թ. Յալթայի կոնֆերանսից, որտեղ Ստալինը, Ռուզվելտը և Չերչիլը որոշեցին հետպատերազմյան աշխարհի պատկերը։ «Մեծ Յալթա-2»-ի տրամաբանությունն այսօր հետևյալն է՝ տեղի կունենա մեծ սակարկություն, որ ընթացքում ԱՄՆ-ը, Ռուսաստանը և Չինաստանը կպայմանավորվեն նոր կանոնների շուրջ։ Եթե պայմանավորվածությունը կայանա, հնարավոր է պատժամիջոցների թուլացում կամ վերացում Իրանի և Ռուսաստանի վրայից, կհանգուցալուծվեն ուկրաինական և մերձավորարևելյան հարցերը։

Արա Մարջանյանը մեզ հետ ունեցած զրույցներից մեկում ահազանգել էր՝ եթե Հայաստանը չհասցնի ճիշտ դիրքավորվել մինչև այդ բանակցությունները, մեր շահերը կարող են պարզապես զոհաբերվել մեծ խաղացողների կողմից, Հայաստանը կկլանվի. «սխալվողը կսխալվի առհավետ»։ 

Հիշեցնենք նաև, որ «Անակոնդայի մեթոդը» ռազմավարական շրջափակման տակտիկա է, որի նպատակն է թիրախավորված երկրին աստիճանաբար սեղմել օղակի մեջ՝ մեկուսացնելով, զրկելով նրան արտաքին կապերից և ռեսուրսներից։ 

  • Ես չգիտեմ՝ ինչ հաշվարկների հիման վրա մենք ունենք TRIPP-ի բաժնեմասերի 74/26 հարաբերակցությունը՝ ի վնաս մեզ։ Ի վերջո, Հայաստանի տարածքում է օգտագործվում, ու այդ գործարքն արդար չէ մեր նկատմամբ։ Բայց սա այս իրականության արդյունք է։ Հայաստանն այս գործարքից կստանա այն, ինչ կկարողանա ստանալ, իսկ ինչ-որ բան ստանալու համար քայլեր ու գործողություններ պետք է անել ու խուսափել չարդարացված սպասումներից։ 
  • TRIPP-ի փաստաթղթում աշխարհագրորեն չի հասկացվում TRIPP-ի երթուղին, աշխարհագրական գոտին։ Սա շատ կարևոր հանգամանք է, որը դուրս է սպրդում մեր վերլուծաբանների ուշադրւթյունից։ Խոսքը համալիր ապաշրջափակման մասին է՝ ավտոմոբիլային ու տրանսպորտային ուղիներ, նավթատարներ, գազատարներ, բարձրավոլտ էլեկտրական գծեր, օպտիկամալուխային կապեր, ավիացիոն երթուղիներ, դիսպետչերական կանալներ, և այլն:

Այս կռվաններից պետք է կառչել և ասել՝ այո՛, Արաքսի հովտով ձգվող գոտին շատ կարևոր է, և դա TRIPP-ի կարևոր բաղադրիչներից մեկն է, բայց քանի որ խոսքը համալիր ապաշրջափակման և տարածաշրջանային ներառական զարգացման մասին է, Հայաստանը պետք է ասի՝  առաջարկում եմ դիտարկել նաև Գյումրի-Ղարս երկաթուղու վերաթողարկումը, Ղազախ-Ֆիալետովո-Ղարս երկաթուղու շինարարությունը, Գյումրի-Ղարս բարձրավոլտ գծի վերաթողարկումը։ Սրանք պետք է ընկած լինեն TRIPP-ի ծրագրում, որպեսզի այն չդառնա միայն Թուրքիայի գրանդ ստրատեգիայի՝ Մեծ թուրանի տրանսպորտային ողնաշար: Այստեղ պետք է հստակ ասենք՝ ինչ ենք ուզում մենք: 

  • TRIPP-ի զարգացումը չպետք է խոչընդոտի արդեն առկա Հայաստան-Իրան էներգահամակարգի ծրագրերի իրականացմանը, ընդհակառակը, պետք է օժանդակի։ 
  • Հայաստանի և Ադրբեջանի էլեկտրաէներգետիկ համակարգերը միացնելու առաջարկը շատ սթափ առաջարկ է։ Եվ Հայաստանը դրանում առավել քան շահագրգիռ պետք է լինի, որովհետև էլեկտրաէներգետիկան էներգետիկ համակարգերի այն բաժինն է, որտեղ Հայաստանն ակնհայտ առավելություն ունի հարևանների նկատմամբ։ Համակցումը շահեկան կարող է լինել։
  • Հայաստանն ունակ չէ գրանդ ստրատեգիա առաջարկելՀայաստանը Չինաստան չէ, ԱՄՆ չէ, Ռուսաստան չէ։ Սյունիքն ԱՄՆ տրանսկասպյան հետաքրքրությունների թագագոհարն է, որովհետև ղազախական նավթը, թուրքմենական գազը Եվրոպա հասցնող ամենակարճ ու արդյունավետ ճանապարհն անցնում է Սյունիքով, ու սա ամենահամեղ պատառն է այս ամենի մեջ: Եվ այս հանգամանքը հնարավոր չէ հաշվի չառնել։ Հայաստանը պետք է հստակ ասի՝ եթե խոսքը գնում է տրանսկասպիական ծրագրերի իրականացման մասին, ուրեմն մենք ոչ միայն տրանզիտ երկիր ենք այդ 46 կմ մասով, այլև ուզում ենք մասնակցել այդ ծրագրին՝ որոշակի փայաբաժնով ու ծրագրերով: Կամ պետք է ասենք՝ հարգելի գործընկերներ, ներառեք Հայաստանը Կասպյան երկրների շրջանակ և բարի եղեք հետևել միջազգային բաց ծովի կոնվենցիայի հիմնադրույթին:
  • Հայաստանը շրջափակված է երկու ծովերով՝ Սև և Կասպից։ Սև ծովը համարվում է փակ ծով, Կասպիցը՝ բաց։ Բայց Հայաստանը դուրս է թողնված թե՛ Կասպից ծովի տնտեսական համագործակցության ծրագրերից, թե՛ Կասպիցի շուրջ ձևավորված աշխարհաքաղաքական ճարտարապետությունից։ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը ստեղծված էր Թուրքիայի կողմից, և անցնող 25 տարիների ընթացքում Հայաստանը հետևողականորեն դուրս էր թողնվում ЧЭС-ի՝ Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության զարգացման բոլոր ծրագրերից, բայց գոնե ֆորմալ առումով Հայաստանն այնտեղ կար: Այն 5 երկրները, որոնք ափ ունեն դեպի Կասպից ծով՝ Ղազախստան, Ռուսաստան, Ուկրաինա, Իրան, Ադրբեջան, ասել են՝ իրենք կորոշեն՝ ինչ է կատարվելու Կասպից ծովում: Փաստորեն, ստացվում է, որ Հայաստանը մեկուսացված է թե՛ մեկից, թե՛ մյուսից: Եվ կարծում եմ՝ ժամանակն է, որ Հայաստանը ասի՝ եթե խոսքը գնում է TRIPP-ի՝ որպես տարածաշրջանային ծրագրի մասին, ապա Հայաստանը պետք է մաս կազմի Կասպից ծովի երկրների փակ ակումբի մեջ և որոշակի դերակատարություն ստանձնի։ Եվ եթե ուզում եք մեր՝ Հայաստանի, Սյունիքի վրայով ղազախական նավթն ու ուրանը, թուրքմենական գազն ու ուզբեկական հազվագյուտ մետաղները տարհանել դեպի Արևմուտք, ապա Հայաստանը պետք է դնի այդ հարցը ու բերի TRIPP-ի դաշտ: 
  • Որպեսզի չդառնա մեծ գերտերությունների առճակատման զոհ, Հայաստանը պետք է դրսևորի զգուշավոր ու հաշվենկատ դիրքորոշում։ Թող 90 միլիոնանոց Իրանը, 150 միլիոնանոց Ռուսաստանը, 350 միլիոնանոց ԱՄՆ-ը և 1.5 միլիարդանոց Չինաստանն իրենց հարցերը լուծեն։ Հայաստանը պետք է կարողանա ստանալ իր ստանալիքը, պետք է կարողանա ասել՝ Թուրքիա՛, մի շարունակիր քո համալիր շրջափակումը, Վրաստան, մի՛ բարձրացրու մաքսատուրքերը, Հայաստանին մի՛ մեկուսացրեք նոր օպտիկամալուխային ծրագրերից, Հայաստանը պետք է մուտք ունենա Չաբահարի ու Բանդերաբասի նավահանգիստներ։ Կարճ ասած՝ Հայաստանը պետք է լսելի դարձնի իր ակնկալիքները։

  • Այո, Իրանի մտահոգությունը տեղին է և հասկանալի է: Բայց մենք էլ կարող ենք հարցեր ուղղել Իրանին՝ ասելով՝ հարգարժան Իրան, եթե այդքան մտահոգ էիր այս խնդիրների վերաբերյալ, ապա ո՞ւր էր քո մտահոգությունը, երբ ընկավ Հորադիզն անհասկանալի իրադրության պայմաններում, և Իրանի դերակատարությունը դեռ պարզ չէ 44-օրյա պատերազմի ընթացքում։ Ինչո՞ւ քո գրանդ ստրատեգիայի մաս չէր Խուդաֆերինի ջրամբարին մեր հասանելիության հարցը…
  • Այսօր իր գրառմամբ Վրաստանի նախկին նախագահ Սահակաշվիլին ըստ էության խոստովանել է, որ տասնամյակներ շարունակ Հայաստանը պահել է շրջափակման մեջ տարբեր մաքսատուրքերով ու այլ եղանակներով։ Հետևաբար՝ այսօր չպետք է զարմանան, որ Հայաստանն ապաշրջափակման տարբերակներ է գտնում։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հայտարարությունը Հայաստանի տարածքով անցնող տարանցիկ ուղու վերաբերյալ «քանդում է այն ամենը», ինչին հասել էր Վրաստանը 1990-2000-ական թվականներին, հայտարարել է Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սահակաշվիլին: 

Ըստ նրա, Վրաստանը գտնվում է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում։ «Իլհամ Ալիևի հայտարարությունը, թե այսօր տարանցիկ ուղին անցնում է՝ Վրաստանի, իսկ վաղն այն կանցնի Հայաստանի տարածքով, քանդում է այն ամենը, ինչին մենք հասել ենք 90-ական և 2000-ական թվականներին՝ որպես երկիր։ Վրաստանը հայտնվել է ծանրագույն աշխարհաքաղաքական փակուղում, որը մոտ ժամանակում կավարտվի կամ մեր՝ որպես անկախ պետության վերացմամբ, կամ էլ մենք կհաջողենք դուրս գալ մաֆիոզ Իվանիշվիլիի ճանկերից և նորից անցնել երկրի զարգացման ճանապարհը»,- գրել է Սահակաշվիլին։

  • Պետք է ասել՝ սիրելի Չինաստան, ինչո՞ւ ես ժամանակին օգնել Բելառուսին զարգացնել «Պոլոնեզ» հրթիռային համակարգերը ու հետո երրորդ երկրներին վաճառելու արգելք չես դրել, և դրանով էր Ադրբեջանը պատերազմի ժամանակ մեզ խփում… 
  • Հայաստանը պետք է, ինչպես հայտնի «Եռանկյունի» ֆիլմում Աշխարհաբեկին է ասում մայրը, գլուխը ցած պահի, չցցվի՝ Մեծ բազարի ժամանակ առաջացող ծանր հետևանքներից խուսափելու համար. նկատի ունեմ այնպիսի ծանր հետևանքները, որոնք այսօր տեղի են ունենում Ուկրաինայում։ Տեսեք՝ ինչ հարված կրեց այդ ծաղկուն ենթակառուցվածքներով երկիրը։ Նայե՛ք Սիրիային, Իրաքին, Լիբիային։ Միասնական Իրաք, Սիրիա ու Լիբիա հիմա գոյություն չունեն։
  • Ամերիկյան ներդրումները կարևոր են, բայց խաղաղության երաշխիք չեն։ Երաշխիք կարող էր լինել, եթե ԱՄՆ-ը ասեր՝ եթե քեզ կպնեն, կուղարկեմ 2 ավիակիր, 17 հրթիռ ու այլ զինատեսակներ… բայց TRIPP-ի շրջանակում դրա մասին խոսք չի կարող լինել։
  • Թուրքական աշխարհի դարերի երազանքն է՝ մասնատել Հայաստանը և Սյունիքն իրենցով անել։ Այդ երազանքը դեռ ակտուալ է ու լուրջ վտանգ է Հայաստանի համար։ Կարծում եմ՝ դա հասկանում են և՛ Հայաստանը, և՛ Կրեմլի որոշ հաշտարարներ։
  • TRIPP-ի փաստաթուղթը Սյունիքի դեմիլիտարիզացիայի մասին չի խոսում, նման բան չկա, բայց կա նման ենթադրություն:

Հիշեցնենք, քաղաքագետ, էներգետիկ անվտանգության մասնագետ Վահե Դավթյանը գրել էր https://168.am/2026/01/14/2343604.html .

«Հայաստանն այլևս դասագրքային իմաստով լիմիտրոֆ պետություն է։

TRIPP-ի մասին համատեղ հայտարարությունը վերջնականապես ամրագրեց մեր այդ կարգավիճակը։ Դրանով իսկ Հայաստանը վերածվում է միաժամանակ երեք աշխարհաքաղաքական կենտրոնների` Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի դեմ ուղղված գործիքի։ Վստահաբար, սա կներկայացվի՝ որպես ինքնիշխանության մեծ առաջընթաց։ Սակայն գործնականում TRIPP-ը վերածելու է Հայաստանը անկայունության եռման կետի։ Իսկ որոշ սցենարների դեպքում` նաև լեգիտիմ թիրախի։

Հայաստանում Իրանի դեսպանի այսօրվա հայտարարությունը հենց դրա մասին է. «Թեհրանում այնպիսի պատկերացում է ձևավորվում, թե Հայաստանը դառնում է Իրանի դեմ թշնամաբար տրամադրված ուժերի գործունեության կենտրոն»: Առանցքային բառն այստեղ «կենտրոնն» է։

Լոկալ կտրվածքով TRIPP-ը հանգեցնելու է Սյունիքի ապամիլիտարիզացմանն ու այդտեղ ազատ տնտեսական գոտու ձևավորմանը։ Դա, իր հերթին, նպաստելու է թուրք-ադրբեջանական տնտեսական, այնուհետև մշակութային ու աշխարհաքաղաքական-տարածքային էքսպանսիայի իրականացմանը։

Մակրոռեգիոնալ կտրվածքով TRIPP-ը նպաստելու է Իրանի նկատմամբ «անակոնդայի մեթոդի» կիրառմանը, ինչը «Բեն Գուրիոնի ջրանցք» ու «Դավթի միջանցք» նախագծերի հետ մեկտեղ՝ լիովին տեղավորվում է Իսրայելի հակաիրանական ռազմավարության մեջ»: 

  • Սյունիքը Հայաստանի այն տարածքն է, որտեղ ԱՄՆ-ը կատարել է վերջին 33 տարվա մեջ Հայաստանում ամենամեծ ներդրումը։ Խոսքը Որոտան ՀԷԿ-երի համակարգի մասին է (Որոտանի հիդրոէլեկտրակայանների համակարգ), որը կառուցված է օֆշորային միջոցներով, բայց Սյունիքում կա նաև ռուսական խոշոր ներդրում՝ Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատում, որից կառավարությունը բաժնեմաս է ստացել։ 

Հիշեցնենք, 2021 թվականի հոկտեմբերին պարզ դարձավ, որ ՀՀ կառավարությունը դարձել է ԶՊՄԿ 15%-ի սեփականատեր։ Հայտարարվեց, որ պետությունն այն նվեր է ստացել «Արդյունաբերական ընկերություն» բաժնետիրական ընկերությունից, որը ԶՊՄԿ-ի բաժնետերերից է և պատկանում է «Գեոպրոմայնինգ Արմենիա»-ին։ 2022-ի օգոստոսին Կառավարությունը կրկին հայտարարեց, որ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ»-ի բաժնետոմսերից ևս 6.875% նվիրատվություն է ստացել։ Այդ անգամ նվիրողը ԶՊՄԿ-ի մյուս բաժնետերն էր՝ «ԱՄՓ» հոլդինգ ՍՊ ընկերությունը։ Պետության բաժնեմասը դարձավ մոտ 21.9% (21.875%)։ Նիկոլ Փաշինյանը այդ բաժնեմասի կառավարումը հանձնեց իրենց կողմից ստեղծված հայտնի «Հայաստանի պետական հետաքրքրությունների ֆոնդ» ՓԲ ընկերությանը (ԱՆԻՖ), որը բազմաթիվ ծրագրեր տապալեց՝  միլիարդներ մսխելով: 

  • Հայաստանի գերխնդիրն է՝ Սյունիքը դարձնել այդ մեծ երկրների տնտեսական համագործակցության, ոչ թե առճակատման հարթակ։ Եթե այսօր դու քո ասածն ու ուզածը հստակ չձևակերպես, կընկնես ոտքի տակ ու կկորչես, ու ոչ ոք չի էլ ասի՝ ուր է Հայաստանը։ Պետք է հստակ քաշել կարմիր գծերն ու հետևել դրանց։

  • Հայաստանն այժմ գտնվում է ռազմավարական նահանջի փուլում։ Հայաստանը 2020թ կրեց չափազանց ծանր, շատ խորը ռազմական պարտություն։ Հայաստանը պետք է կենտրոնանա, ուրվագծի իր զարգացման ու հզորացման ուղենիշները և ասի՝ ինչ էլ տեղի ունենա, Հայաստանում պետք է կառուցվի նոր, հզոր ատոմային բլոկ, պետք է կառուցվի Իրան-Հայաստան 3-րդ բարձրավոլտ գիծը, Հայաստանը պետք է ասի դեպի ծով ելք ունեցող իր հարևաններին՝ բարի եղեք, ապահովեք մեր ելքը դեպի բաց ծով։
  • Արցախի հարցի տիպի հարցերը չեն բացվում կամ փակվում իշխող քաղաքական ուժի կամքով։ Դրանք մեծ աշխարհաքաղաքական հարցեր են։ Այստեղ զարգացումները կարող են լինել շատ անակնկալ ու սրընթաց։ Պետք է պատրաստ լինես դրանց։
  • Ինչ կլինի 3 տարի հետո՝ կտեսնենք, բայց այս փուլում Դավոսում լինելն ու Թրամփի առաջարկն ընդունելը՝ դառնալ «Խաղաղության խորհրդի» հիմնադիր անդամ, կարևոր էր։
  • Պետք չէ ընկնղմվել ինքնաողբի մեջ ու մեր պարտությունը դարձնել անխուսափելի ճակատագիր։
  • Ադրբեջանը մեզ ստիպում է փոխել մեր Սահմանադրությունը, կասկածի տակ են դնում որպես պետություն մեր կայացվածությունը, մեզ ներկայացնում են որպես մի պետություն, որն ի վիճակի չէ պաշտպանել իր տարածքները, փորձում են մասնատել Հայաստանը, պոկել Սյունիքը ու կփորձեն դա անել գալիք տարիների ընթացքում։
  • Այն, որ ՀԷՑ-ը խնդիրներ է ունեցել, ասում են նաև սեփականատերերը, այն, որ ինչ-որ ժամանակ Կարապետյանների ընտանիքը փրկել է ՀԷՑ-ը, դա էլ է ակնհայտ, ակնհայտ է նաև, որ ինչ-որ պահից ՀԷՑ-ի հարցը քաղաքականացվեց։
  • Հայաստանն է այն հաբը, որը կարող է բոլորին միացնել իրար, Հայաստանը պետք է վերահսկողություն ունենա թե բարձրավոլտ, թե ցածրավոլտ կայանների վրա։
  • Փոքր մոդուլային կայաններն էներգետիկ նպատակներով գործարկելի չեն։ ԱՄՆ-ի և արևմտյան այդ առաջարկներն ընդհանրապես քննարկելի չեն։ Իսկ այդ ճնշումները կային դեռևս 2015թ.-ից, մեզ ստիպում էին հրաժարվել ատոմակայանների զարգացման ռուսական տեխնոլոգիաներից։ Այդ ճնշումները շարունակվեցին մինչև 2024 թվական։ Բայց կարծում եմ՝ նոր ատոմային էներգաբլոկի կառուցումն ու զարգացումը պետք է կապված լինի ռուսական տեխնոլոգիաների հետ։

  • Հայաստանը հավասարակշռությունը պահպանում է, «Ռոսատոմի» հետ աշխատանքները շարունակվում են։ 
  • Անցած տարի առաջին անգամ Չինաստանում գործարկվեց թորիումի հիման վրա գործարկվող ատոմային ռեակտորը։ Սա հեղափոխական քայլ է։ Սյունիքում գոյություն չունեն արդյունաբերական նշանակության ո՛չ ուրանի, ո՛չ թորիումի պաշարներ, և այդ առումով Սյունիքն ԱՄՆ-ի, Ֆրանսիայի ու այլոց համար հետաքրքրություն չի կարող ներկայացնել։
  • Ոչ մի միջուկային խնդիր էլ չկա․ Իսրայելն ու ԱՄՆ-ը փորձում են փոխել Իրանի քաղաքական ռեժիմն ու երկրի ներքին կառուցվածքը։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս