
Նույն ապրանքն Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին արդեն տասն անգամ վաճառել է․ ՀՀ-ն ստանալու է խաղաղության պատրանք․ Հրանտ Միքայելյան

Հայաստանի արտգործնախարարությունը հայտնում է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև նախաստորագրված խաղաղության համաձայնագրի տեքստը կհրապարակվի երկուշաբթի՝ օգոստոսի 11-ի երեկոյան:
Իսկ հանրային ու քաղաքական շրջանակները նախօրեից փորձում են գետնի վրա, առանց խաղաղության մասին ճռճռան խոստումների՝ հասկանալ՝ ինչի մասին է նախաստորագրված համաձայնագիրը։ Եթե Նիկոլ Փաշինյանն ու նրան սատարողները ստորագրված փաստաթուղթը համարում են պատմական ձեռքբերում, ապա հանրային ու քաղաքական մի շարք շրջանակներ պնդում են՝ սա ձեռքբերում է Ադրբեջանի համար։
Քաղաքագետ, վերլուծաբան Հրանտ Միքայելյանը 168.am-ի հետ զրույցում թվարկեց նախաստորագրված փաստաթղթի՝ հայկական կողմի շահերից չբխող մի քանի դրվագներ․ «Լուծարվելու է ԵԱՀ Մինսկի խումբը, և, այսպիսով, գոնե իրավական տեսանկյունից, Արցախյան հակամարտությունը միանշանակ Ադրբեջանի հաղթանակով է նշվում, չեղարկվում է Ադրբեջանի հետ կապված ռազմական առևտրի սահմանափակումը, որը մտցվել է 1992 թ․-ին՝ Ադրբեջանի ոճրագործությունների պատճառով (907-րդ հոդվածի սահմանափակումը՝ Ադրբեջանին ռազմական օգնություն տրամադրելու հարցում), ապա նաև՝ Ադրբեջանի բոլոր ոճրագործությունները՝ էթնիկ զտում և այլն, փաստորեն, ընդունելի է դառնում, այսինքն՝ Ադրբեջանն այս ամենը մարսում է»։
Ադրբեջանը կարողացել է հասնել իր նպատակներին՝ ցավով արձանագրեց քաղաքագետը, ապա անդրադառնալով Հայաստանի «ձեռքբերումների» մասին թեզին՝ նշեց թեական խաղաղության մասին։
«Ի՞նչ է ստանալու Հայաստանը․ էլի խոսքը խաղաղության մասին է, խաղաղության առևտրի։ Այսինքն՝ նույն ապրանքն Ադրբեջանը Հայաստանի իշխանություններին մի 10 անգամ արդեն վաճառել է, ինչն էլի վերջնական չէ։ Բայց, ամեն դեպքում, Հայաստանը ստանում է պատրանք, որ ունենալու է խաղաղություն»,- հավելեց նա։
Վաշինգտոնում Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարներ Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ ղեկավարների ներկայությամբ նախաստորագրել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագիրը։
Նախարարները, ԱԳՆ-ի փոխանցմամբ, ստորագրել են նաև ԵԱՀԿ-ին համատեղ դիմումը ԵԱՀԿ Մինսկի խմբի գործընթացների և առնչվող կառույցների փակման վերաբերյալ։