Մեռնող տնտեսության արհեստական շնչառությունը․ կառավարությունն՝ ընդդեմ հերոսների  

Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է այս տարվա առաջին կիսամյակի խոշոր հարկատուների ցանկը։ Մինչ Նիկոլ Փաշինյանն ու իր իշխանական թիմը հպարտանում են իրենց տնտեսական ձեռքբերումներով, այս ցանկը ցույց է տալիս, թե ինչ խղճուկ վիճակի են հասցրել տնտեսությունը։

Խոշոր հարկատուների առաջատարը դարձել է մի ընկերություն, որի գործունեությունը մեր տնտեսության հետ այնքանով կապ ունի, որ տարբեր երկրներից բջջային հեռախոսներ, տեխնիկա է ներմուծում ու արտահանում Ռուսաստան։

Խոսքը «Մոբայլ Սենթր Արթ» ընկերության մասին է, որի անունը հայտնի դարձավ հատկապես Ռուսաստանի նկատմամբ կիրառված պատժամիջոցներից հետո, երբ սկսեց մեծ քանակությամբ տեխնիկա ներկրել ու Հայաստանով տանել Ռուսաստան։

Ահա այս ընկերությունն է դարձել մեր տնտեսության դեմքը։ Մինչև Ռուսաստանի նկատմամբ պատժամիջոցների կիրառումը բավական համեստ հարկային պարտավորություններ կատարող ընկերությունը, վերջին տարիներին տասնյակ միլիարդների հարկեր է վճարում։ Իշխանություններն էլ ուրախանում են, որ բյուջեի մուտքերն ավելանում են։

Կարդացեք նաև

Իրականում, սակայն, սրանք հարկեր են, որոնք ինչպես մտնում, այնպես էլ դուրս են գալիս բյուջեից. Հայաստան մտնելուց ավելացված արժեքի հարկ են վճարում, արտահանելուց՝ հետ են ստանում վճարած գումարները։

Բյուջեի մուտքերն արտաքուստ աճում են, բայց բյուջեն դրանից ոչինչ չի շահում։ Փողը պտտվում, դուրս է գալիս։

Ահա այսպիսի գործունեությամբ զբաղվող ընկերությունն է գլխավորում Հայաստանի խոշոր հարկատուների ցանկը։ Այնինչ՝ «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի» նման հզոր ընկերությունը, որը գրեթե մշտապես եղել է 1000 խոշորների ցանկի առաջատարը, վճարած հարկերով ընդամենը 6-րդ տեղում է։ Անհամեմատ ավելի քիչ հարկ է վճարել, քան այլ երկրներից բջջային հեռախոսներ, կենցաղային տեխնիկա Հայաստան ներկրող ու վերարտահանող «Մոբայլ Սենթր Արթը»։ Վերջինս վճարել է շուրջ 33 մլրդ դրամի, «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը»՝ 20.4 միլիարդի հարկ՝ գրեթե 44 միլիարդով պակաս, քան անցած տարի։ Անցած տարվա առաջին կեսին կոմբինատի վճարած հարկերը գերազանցել էին 64 միլիարդը։ Սա էլ կոմբինատում պետական բաժնեմաս ստանալու արդյունքը։

Ընկերությունները, որոնց գործունեությունը կապված է Հայաստանի տնտեսության հետ, խոշոր հարկատուների ցանկում կորցնում են իրենց դիրքերը, փոխարենը՝ առաջատար են դառնում «Մոբայլ Սենթր Արթի» նմանները, առևտրային գործունեություն իրականացնողները, նաև բանկերը։

Ցանկի առաջին 5 ընկերություններից 2-ը բանկեր են՝ «Արդշինբանկն» ու «Ամերիաբանկը»։

«Արդշինբանկը» գրեթե 28 մլրդ դրամի հարկ է վճարել։ Նախորդ տարվա համեմատ՝ 4.7 անգամով ավելի շատ։

«Ամերիբանկի» վճարած հարկերն էլ կազմել են 21.4 մլրդ դրամ՝ գրեթե 4 միլիարդով ավելի, քան անցած տարի։

Բանկերի վճարած հարկերն ավելացել են այն բանի շնորհիվ, որ վերջին տարիներին դրանք բարձր շահույթներ են ստանում։ Տնտեսությունն ու քաղաքացիներն աշխատում են՝ բանկերը վայելում են։ Այդ վայելքներից բաժին են հանում նաև կառավարությանը, դրա համար էլ լուռ հետևում են, թե ինչպես են թալանում տնտեսությանն ու քաղաքացիներին։

Անցած տարի բանկային համակարգի շահույթները գերազանցեցին 900 մլն դոլարը, այս տարվա առաջին կեսին էլ արդեն անցնում են 500 միլիոնից։

Սրանք գումարներ են, որոնք գոյանում են վարկերի բարձր տոկոսներից ու առաջարկվող ծառայությունների բարձր գներից։ Դրանց շնորհիվ էլ բանկերը խոշորների ցանկում եղանակ են ստեղծում՝ դուրս մղելով արտադրողներին։ Նրանց, որոնք պիտի հավելյալ արդյունք ստեղծեին, հիմքեր ձևավորեին տնտեսական զարգացումների, անվտանգության ու քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման համար։

Խոշոր հարկատուների ցանկում, արտադրողների փոխարեն, առաջատարներն են դարձել ոչ միայն վերարտահանողներն ու բանկերը, այլև խաղային բիզնեսը, առևտրային գործունեություն իրականացնողները։ Իսկ տեղական արտադրողը, տնտեսական արդյունք ստեղծողն այս ամենի մեջ գնալով կորում է։ Արդյունաբերությունը խոր անկման մեջ է, գահավիժել է մշակող արդյունաբերությունը, մեծացել է ներքին շուկայի կախվածությունն արտաքին գործոններից։ Բյուջեն մնացել է վերարտահանումների, առևտրի, ֆինանսական ոլորտի հույսին։ Բայց քանի որ դրանք բավարար չեն, ամենուրեք հարկային բեռ են ավելացնում։ Խոշորների վրա չեն կարողանում, փոքրերին են ճնշում։ Հարկային բեռի ավելացման արդյունքում փոքրերի վճարած հարկերն անգամներով ավելի արագ են աճել, քան խոշորներինը։

1000 խոշոր հարկ վճարողների կողմից այս տարվա առաջին կեսին պետական բյուջե է վճարվել է 986 մլրդ 71 մլն դրամ, նախորդ տարվա համադրելի ցուցանիշը կազմել էր 900 մլրդ 401 մլն դրամ, կամ ավել է հավաքագրվել 85 մլրդ 670 մլն դրամ: Աճը կազմել է 9,5 տոկոս։ Սա անհամեմատ ավելի ցած էր, քան առաջին կեսին արձանագրված հարկային մուտքերի ընդհանուր աճը։

Հունվար-հունիսին բյուջեի հարկային եկամուտները կազմել են 1 տրիլիոն 356 մլրդ դրամ։

Նախորդ տարվա համեմատ մուտքերն աճել են 14.2 տոկոս։ Մինչդեռ խոշորների պարագայում աճը եղել է 9.5 տոկոս։

Սա նշանակում է, որ փոքրերից գանձված հարկերը շատ ավելի արագ են աճել։ Խոշորների պարագայում հարկերն աճել են 9.5 տոկոսով, փոքրերի պարագայում՝ 29 տոկոսով։ Աճի տեմպը փոքրերի դեպքում 3 անգամ ավելին է։

Այսպես են խթանում փոքր ու միջին բիզնեսը։

Երբ կառավարությունն ու Ազգային ժողովի ՔՊ-ական մեծամասնությունը կտրուկ բարձրացնում էին մանր ու միջին բիզնեսի հարկային բեռը, ասում էին, թե դա ուղղված չէ մանր ու միջին բիզնեսի դեմ։ Ասում էին՝ խոշորների ստվերի դեմ ենք պայքարում, փոքրերի համար սրանով ավելի արտոնյալ հարկային պայմաններ ենք ստեղծում։ Այնպիսի արտոնյալ պայմաններ են ստեղծել, որ տարվա առաջին կեսին մանր ու միջին բիզնեսից գրեթե այնքան ավել հարկ են հավաքել, ինչքան խոշորից։

Խոշորից ավել են հավաքել 85 մլրդ դրամ, մանր ու միջին բիզնեսից՝ 83 մլրդ դրամ։

Այս պայմաններում մանր ու միջին բիզնեսի համար կառավարության ճնշմանը դիմանալն ուղղակի հերոսություն է։ Շատ ավելի, քանի սովորական հարկ վճարողի հերոսությունը։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս