Բանկերը դադարեցրել են վարկավորումը

Վարկային շուկան վերջին տարիներին Հայաստանում բարձր ակտիվություն է ցուցաբերել։ Ֆինանսական կառույցները մեծ քանակությամբ վարկեր են տրամադրել։ Վարկերի ծավալները՝ ինչպես տարեցտարի, այնպես էլ՝ ամսեամիս ավելացել են, երբեմն՝ բավական կտրուկ։ Եղել են, իհարկե, առանձին ամիսներ, որ որոշակի պասիվություն է դրսևորվել, պորտֆելի նվազում է եղել, բայց կտրուկ ու էական փոփոխություններ այդ առումով չեն եղել։ Այն, ինչ արձանագրվել է այս տարվա ապրիլին, ոչ մի կերպ չի տեղավորվում նախորդ շրջանի տրամաբանության մեջ։

Տպավորություն է, որ վերջին տարիներին չափազանց բարձր տեմպերով աճող վարկային շուկան ընտրություններից առաջ պարզապես փլվել է, բանկերը դադարեցրել են վարկավորումը։ Այդ ամսին բանկերի կողմից ռեզիդենտներին տրամադրված վարկային պորտֆելի շեշտակի կրճատում է արձանագրվել։

Կենտրոնական բանկի հրապարակած տվյալները փաստում են, որ ապրիլին առևտրային բանկերի վարկային պորտֆելն ընդամենը 1 ամսում նվազել է միանգամից գրեթե 413 մլրդ դրամով կամ 1.1 մլրդ դոլարով։

Այսպիսի կտրուկ փոփոխություն բանկային համակարգում, այն էլ՝ նման կարճ ժամանակահատվածում, ոչ միայն վերջին տարիներին, այլև ընդհանրապես չի արձանագրվել։ Նույնիսկ համավարակի ու 44-օրյա պատերազմի ժամանակ բանկերի վարկային պորտֆելի այդպիսի մեծ փոփոխություններ չեն եղել։ Չեն եղել նաև նախորդ խորհրդարանական ընտրություններից առաջ։

Կարդացեք նաև

Թե ապրիլին ի՞նչ է տեղի ունեցել վարկային շուկայում, այս պահին դժվար է միանշանակ ասել։ Կարելի է միայն ենթադրել, որ դա ինչ-որ կերպ կապված է եղել ընտրությունների հետ, որովհետև մինչ այդ, այս տարվա նախորդ բոլոր ամիսներին բանկերի վարկային պորտֆելը բացառապես աճել է, այն էլ՝ բավական ակտիվ տեմպերով։ Նախորդ տարվա վերջի համեմատ՝ առաջին եռամսյակում բանկերի վարկային պորտֆելն ավելացել էր 354 մլրդ դրամով։ Ապրիլին աճը ոչ միայն դադարել է, այլև վարկային պորտֆելի աննախադեպ նվազում է տեղի ունեցել։

Սա հիմք է տալիս ասելու, որ, ըստ էության, ընտրություններից առաջ ֆինանսական համակարգի մասնակիցները՝ ի դեմս բանկերի, որոշակի մտավախություններ են ունեցել ու այդ պատճառով «սառեցրել» են վարկավորումը՝ այդ կերպ փորձելով հավանաբար ապահովագրել իրենց հնարավոր կորուստներից։

Սովորաբար նման երևույթներ տեղի են ունենում այն ժամանակ, երբ ֆինանսական համակարգի մասնակիցները կասկածներ են ունենում ընթացող քաղաքական պրոցեսների, կայունության ու հատկապես իշխանությունների վերարտադրության հետ կապված։

Կարող են լինել նաև այլ պատճառներ՝ կապված զուտ տնտեսական պրոցեսների հետ։ Դրա համար, իհարկե, բանկերը բավարար հիմքեր կարող էին ունենալ՝ հաշվի առնելով՝ ինչպես տարեսկզբի տնտեսական աճի տեմպերի զգալի դանդաղումը, այնպես էլ՝ վերջին շրջանում տնտեսության առաջ կանգնած լրջագույն խնդիրները, որոնք շարունակվելու պարագայում կարող են պարզապես կոլապսի ենթարկել տնտեսական ամբողջ համակարգը՝ հանգեցնելով սոցիալական լարվածության խորացման։

Այս ամենը ռիսկեր են ֆինանսական համակարգի համար, որը սովորաբար շատ զգայուն է հնարավոր ցնցումների նկատմամբ։ Չի բացառվում, որ վարկային շուկայի նման կտրուկ պասիվացումը կապված է եղել նաև այլ գործոնների հետ։

Եթե մարտին բանկային համակարգի վարկային պորտֆելը հասել էր ընդհուպ 8.140 տրիլիոնի, ապրիլին նվազել է և կազմել 7.727 տրիլիոն դրամ։

Սա բանկերի վարկային պորտֆելի այս տարվա ամենացածր ցուցանիշն է։

Այն գրեթե 59 մլրդ դրամով պակաս է նաև անցած տարվա դեկտեմբերի մակարդակից։

Ապրիլին բանկերի վարկային պորտֆելի նվազում է արձանագրվել գրեթե բոլոր վարկային շուկաներում։ Իսկ ամենամեծ անկումը գրանցվել է սպառողական վարկերի պարագայում։

Նախորդ ամսվա համեմատ բանկերի սպառողական վարկերի պորտֆելը կրճատվել է միանգամից ավելի քան 138 մլրդ դրամով։ Նախորդ ամսվա 1.909 տրիլիոնից սպառողական վարկերի պորտֆելն իջել է 1.771 տրիլիոն դրամի։

Հիշեցնենք, որ սա այն վարկային շուկան է, որի վերաբերյալ վերջերս լուրջ մտահոգություններ հայտնեց Կենտրոնական բանկի նախագահը՝ կոչ անելով առևտրային բանկերին զգուշավորություն ցուցաբերել հետագայում սպառողական վարկերի տրամադրման նկատմամբ։ Կենտրոնական բանկի նախագահի մտահոգությունները կապված էին նրա հետ, որ սպառողական վարկերը շատ ավելի արագացված տեմպերով են աճում, քան քաղաքացիների եկամուտները, որոնք այդ վարկերի հիմնական շահառուներն են։

Ապրիլին ոչ միայն սպառողական, այլև հիփոթեքային շուկան է պասիվացել։ Բանկերի հիփոթեքային վարկերի պորտֆելն այդ ամսին կրճատվել է գրեթե 71 մլրդ դրամով։ Կրճատումից հետո այն կազմել է 1.633 միլիարդ,  ինչը 30 մլրդ դրամով զիջում է նաև նախորդ տարվա վերջի ցուցանիշը։

Ավելի քան 70 միլիարդով կրճատվել է նաև առևտրի վարկավորումը։ Իսկ որ առավել մտահոգիչ է, նվազել է արդյունաբերության ոլորտի վարկային պորտֆելը։ Ապրիլին տնտեսության այս հատվածում կատարված վարկային ներարկումները կազմել են 647 մլրդ դրամ, ինչը 62 միլիարդով պակաս է նախորդ ամսվանից։

Այդ ցուցանիշով արդյունաբերությանը տրամադրված բանկերի վարկային պորտֆելը զիջում է նաև նախորդ տարվա վերջի մակարդակը. Ապրիլին գրեթե 80 մլրդ դրամով պակաս է եղել։

Շինարարության վարկավորումը, որը վերջին տարիներին գտնվում էր բարձր ակտիվության վիճակում, նույնպես կրճատվել է. վարկային պորտֆելի գրեթե 20 միլիարդի նվազում կա՝ ապրիլի վարկավորման արդյունքներով։

Սպասարկման վարկերը, որոնք էլի կապվում են շինարարության ու քաղաքացիների հետ, նույնպես նվազել են՝ 1 ամսում գրեթե 47 մլրդ դրամով։

Բացառություն են եղել գյուղատնտեսական վարկերը, որոնք շարունակել են ավելանալ։ Բայց ընդհանուր պասիվացման ֆոնին՝ դա եղանակ չի ստեղծել։ Ընդհանուր վարկային շուկան գտնվել է խոր անկման մեջ, բանկերը հանկարծակի հետ են քաշվել ակտիվ վարկավորումից, սառեցրել են վարկերի տրամադրումը։ Սա կարճաժամկետ դրսևորո՞ւմ է եղել, թե՞ շարունակվել է նաև հետագայում, առայժմ հայտնի չէ։ Այդ մասին հնարավոր կլինի խոսել մայիսի տվյալների հրապարակումից հետո։

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930