Այս բոլոր քայլերը լինելու են ի վնաս ոչ միայն գործող բիզնեսի, այլև ներդրումների, ու առավել ևս՝ օտարերկրյա ներդրումների, որոնց կարիքը տնտեսության մեջ չափազանց մեծ է։ Վերջին տարիների անվտանգային խնդիրների ու անկայունության հետևանքով, առանց այդ էլ օտարերկրյա կապիտալը պատրաստ չէ գալ Հայաստան, նույնիսկ եղածներն են հեռանում։ Իսկ նման քայլերով իշխանություններն ավելի են խորացնում այս իրավիճակը՝ ռիսկեր ստեղծելով՝ ինչպես տնտեսության կայունության, այնպես էլ՝ պետական բյուջեի համար։
Անցած տարի, երբ իշխող վարչախումբը, արհամարհելով տարբեր տեղերից հնչող մտահոգությունները, բազմաթիվ ոլորտներում շըփ-թըփ անելով՝ օրենքներ էր փոխում ու ավելացնում էր բիզնեսի հարկային բեռը, մեծացնում էր քաղաքացիների ֆինանսական ծանրաբեռնվածությունը, հավանաբար չէր սպասում, որ կարող է հայտնվել հասարակական այսպիսի դժգոհությունների ալիքի տակ։ Այսօր, սակայն, դա իրողություն է։
Եթե մինչև վերջերս աշխատողների որոշ խմբերի հաշվին միջին աշխատավարձն իներցիայով աճում էր, այս տարի դա էլ կդադարի։ Փոքր ու միջին բիզնեսի նկատմամբ հարկային ճնշման մեծացման հետևանքով՝ մարդիկ կկանգնեն նաև աշխատանքը կորցնելու վտանգի առջև՝ զրկվելով անգամ այն չնչին եկամուտներից, որոնցով մի կերպ գոյություն էին պահպանում։
Տնտեսագետ-վերլուծաբան Լիլիա Ամիրխանյանը 168․am-ի հետ զրույցում անդրադառնալով առկա հարկային քաղաքականությանը, նկատեց․ «Այսօր մենք ունենք հարկային վարչարարության բավական խիտ փուլ՝ շրջանառության հարկատեսակի հետզհետե չեղարկում, հարկադրույքների ավելացումներ այլ ուղղություններով, գույքահարկի սպասվող շարունակական թանկացում և այլն»։
Կառավարության իրականացվող հարկային քաղաքականությունը տանում է սրան։ Ու քանի դեռ Հայաստանում չկա հստակ և համակարգված տնտեսական քաղաքականություն, իսկ տնտեսական խնդիրները ստորադասվում են բացառապես բյուջեի եկամուտներին, այլ բան չի էլ կարող սպասվել։ Միկրոբիզնեսը, փոքր ու միջին բիզնեսն աստիճանաբար դուրս են գալու տնտեսական դաշտից, իսկ բիզնեսը կենտրոնանալու է խոշորների ձեռքում։