Նեթանյահուի երախտապարտ խոստովանությունը՝ Ալիևի ջանքերը տարածաշրջանում նաև իրենց պլանների համար է, կամ՝ առաջ մղվող խաղաղության օրակարգ՝ հօգուտ Բաքու-Իսրայել նպատակների

Հունիսի 7-ին Հայաստանում ԱԺ ընտրություններից հետո իշխող ուժին հաղթանակի կապակցությամբ օպերատիվ շնորհավորող երկրների ցանկում է նաև Իսրայելը:

Մասնավորապես, հունիսի 8-ին հրապարակված Իսրայելի արտգործնախարար Գեդեոն Սաարի շնորհավորական ուղերձում նշված է.

«Վարչապետ Փաշինյանը ցուցաբերել է առաջնորդի որակներ՝ իր երկիրը տանելով դեպի խաղաղություն և հաշտեցում Ադրբեջանի հետ, ինչը կնպաստի տարածաշրջանային կայունությանն ու համագործակցությանը»:

Սրանից մի քանի օր հետո ադրբեջանական լրատվամիջոցները տարածում են Իսրայելի վարչապետ Նեթանյահուի նամակն Ալիևին՝ Ադրբեջանի անկախության օրվա առիթով, որում ասվում է.

Կարդացեք նաև

«Շատ բարձր եմ գնահատում Ձեր ջանքերը, որոնք նպաստում են տարածաշրջանային կայունությանը, կարևոր դեր են խաղում խաղաղության առաջմղման գործում և մեզ մոտեցնում են մեր ընդհանուր նպատակների իրագործմանը, ինչպես նաև՝ Ձեր վճռական դիրքորոշումը ծայրահեղականության դեմ պայքարում։

Հատկապես շնորհակալ եմ հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ-ի ստոր հարձակումից հետո Ձեր երկրի կողմից Իսրայելին ցուցաբերած անփոփոխ աջակցության, համերաշխության, ինչպես նաև՝ տարածաշրջանային սպառնալիքների դեմ Ձեր պայքարի համար։

Դա հաստատում է այն վստահությունն ու հարգանքը, որոնց վրա հիմնված է մեր կառավարությունների և ժողովուրդների միջև ճշմարիտ գործընկերությունը։

Անհամբերությամբ սպասում եմ մեր երկկողմ հարաբերությունների հետագա ընդլայնմանը և տարբեր ուղղություններով համագործակցությանը, որը ներառում է արհեստական ​​բանականության, ավիացիայի, զբոսաշրջության և ակադեմիական ոլորտները»:

Նախ հիշեցնենք, որ 2023 թ. հոկտեմբերի 7-ին ՀԱՄԱՍ խմբավորման զինյալները Իսրայելի դեմ հարձակում էին գործել, որի հետևանքով այդ ժամանակ նշվում էր Իսրայելում 1200 զոհի և շուրջ 250 գերեվարվածի մասին, որի նպատակը, ըստ ադրբեջանական աղբյուրների, հրեական պետության և Սաուդյան Արաբիայի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խափանելն էր:

Իսկ ՀԱՄԱՍ-ի այդ հարձակումը բավական երկրներ էին դատապարտել, քանի որ անմեղ մարդիկ էին զոհ գնացել, բնականաբար, ադրբեջանական կողմից ևս զգուշավոր դատապարտող հայտարարություններ եղել էին, և սա այն դեպքում, երբ 2023 թվականի սեպտեմբերի 19-20-ն Արցախում Բաքուն ռազմական և էթնիկ զտման գործողություններ էր իրականացրել:

Բայց տվյալ դեպքում մեր խնդիրը հերթական ուշադրություն գրավելն է Նեթանյահուի խոստովանության վրա, որ Բաքվի՝ Ալիևի տարածաշրջանում ներկա գործողությունները, այդ թվում՝ խաղաղության օրակարգի անվան տակ, մոտեցնում են Ադրբեջան-Իսրայել ընդհանուր նպատակների իրագործմանը:

Սա հատկապես հնարավոր է դարձել 44-օրյա պատերազմի արդյունքում Ադրբեջանի դերի մեծացման համատեքստում, իսկ Բաքուն 2020 թվականի պատերազմում իր հաղթանակի համար պարտական է նաև Իսրայելին, մասնավորապես՝ սպառազինությունների մատակարարման առումով, ընդ որում, նույնիսկ պատերազմից ոչ այնքան շատ առաջ Սլովակիայի սպառազինությունն Ադրբեջան հասել է Իսրայելի միջոցով:

44-օրյա պատերազմի համատեքստում մասնագետները խոսելով Իսրայելի շահերից, նշում էին մի քանի կարևոր հանգամանք՝

Առաջին, Ադրբեջանը, առաջատար դիրքեր զբաղեցնելով իսրայելական սպառազինություն ներկրող երկրների շարքում, բարեխղճորեն կատարում էր պայմանագրային պարտավորությունները, ուստի օրհասական ժամանակահատվածում Թել-Ավիվը չէր կարող անտեսել իր գործընկերոջ կարիքները, հատկապես, երբ այդ պայմանագրերը կնքվել էին նախքան 44-օրյա պատերազմը, և հետո Արցախում պատերազմական գործողությունների ժամանակ իսրայելական ժամանակակից սպառազինության փորձարկումը և դրա դրսևորած արդյունավետությունը կարող էր մեծացնել Իսրայելի սպառազինության պահանջարկը համաշխարհային շուկայում, և դա օգնելու էր սեփական ռազմական պլաններում ճիշտ հաշվարկներ անել:

– Երկրորդ, 44-օրյա պատերազմից հետո տեղի ունեցած զարգացումները ցույց տվեցին, որ Իսրայելը դարձավ դրա բենեֆիցիարներից մեկը: Եվ սա ոչ թե միայն նրա համար, որ Բաքուն ռազմատեխնիկական նոր պայմանագրեր պիտի կնքեր Իսրայելի հետ, այլ նաև, որ Հարավային Կովկասում, Ադրբեջանում սեփական դիրքերի ամրապնդման հարցում դրական հեռանկարներ էին ուղեգծվում Թեհրանի հետ կապված: Ընդ որում, ոչ մեկ անգամ ենք գրել, որ օկուպացված Արցախի տարածքում ադրբեջանական օդանավակայանները շատ հանգիստ կարող են որպես պլացդարմ ծառայել Իրանի դեմ, այսինքն՝ հնարավոր է իրականացվեն հետախուզական թռիչքներ կամ նույնիսկ օդային հարձակումներ:

2025 թվականի դեկտեմբերին «Ադրբեջանը բացել է Իսրայելի պաշտպանական մշակումների համար պատասխանատու Դանիել Գոլդի այցի փակագծերը. Ո՞ւմ էր այն ուղղված, ի՞նչ դեր է վերապահվել Բաքվին» վերտառությամբ հոդված ենք հրապարակել, որտեղ անդրադարձել ենք Ադրբեջան-Իսրայել ռազմավարական միության՝ նոր մակարդակ թևակոխելու, Բաքվի և Իսրայելի փոխգործակցությունն առավել նշանակալի դարձնող ամերիկյան գործոնին և այլն: Իհարկե, 2025 թվականի տարեվերջից մինչ այս պահը բավական իրադարձություններ են տեղի ունեցել, բայց, մեծ հաշվով, Նեթանյահու վարչակազմի գլոբալ պլաններն Իրանի հետ կապված չեն փոխվել, ոչ էլ Բաքվի հետ հարաբերություններում են վերանայումներ տեղի ունեցել: Ուստի զարմանալի չէ, որ օրեր առաջ CNN-ը, հղում տալով իր աղբյուրներին, տեղեկություն էր շրջանառել, որ Իրանի դեմ պատերազմի ժամանակ Իսրայելը գաղտնի Ադրբեջան է տեղակայել էլիտար ռազմական և հետախուզական ստորաբաժանումներ, այդ թվում՝ «Մոսադի» գործակալներ, և, որ դա Մերձավոր Արևելքի տարբեր մասերում, այդ թվում՝ ԱՄԷ-ում և Իրաքում տեղակայված ցանցի մի մասն է՝ Իրանի դեմ գործողություններ իրականացնելու համար:

Մենք դեռ անցած տարի ենք զգուշացրել, որ Իսրայելը փորձում է ամրապնդել իր դիրքերն Իրանի անմիջական հարևանությամբ, ընդ որում, ոչ միայն տեխնիկապես, այլ նաև մարդկային, հետախուզական և տարածաշրջանային ներկայության առումով։ Այսինքն, Իրանի սահմանների մոտ տեխնոլոգիական կարողությունների ստեղծումը Թել Ավիվի համար ունի ռազմավարական նշանակություն։

Եվ Բաքու-Իսրայել ռազմավարական հարաբերությունների վրա որևէ ազդեցություն չի ունենում Էրդողան-Նեթանյահու փոխհրաձգությունները, և նաև այն, որ Իսրայելը, ըստ էության, դեռ չի պատրաստվում ընդունել Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի առաջ քաշած Թուրքիա-Իսրայել հարաբերությունների կարգավորման պայմանները՝ երկու պետությունների ստեղծում, Գազայում հումանիտար ճգնաժամի դադարեցում։
Իսկ Իսրայելը, մի քանի տարի է, քննարկում է օկուպացված Արցախում ևս լուրջ ներդրումներ և ծրագրեր իրականացնելու պլաններ:

Ի դեպ, հունիսի 12-ին Իրանի հարցերով փորձագետ, քաղաքական վերլուծաբան Արամ Շահնազարյանի հետ հարցազրույցում անդրադարձել ենք Թուրքիա-Իսրայել հարաբերությունների հնարավոր կարգավորման հետևանքներին տարածաշրջանում: Փորձագետը նկատեց.

«Իրանի տեսանկյունից Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը կարող է ընկալվել որպես տարածաշրջանային ուժային նոր դասավորության տարր։ Թեհրանում ավանդաբար զգայուն են վերաբերվում այնպիսի գործընթացներին, որոնք կարող են մեծացնել Իսրայելի քաղաքական, տնտեսական կամ անվտանգության ներկայությունն Իրանի անմիջական հարևանությամբ։ Հետևաբար, եթե Անկարա-Թել Ավիվ երկխոսությունը վերականգնվի, Իրանը, ամենայն հավանականությամբ, կփորձի ակտիվացնել իր հարաբերություններն այլ տարածաշրջանային գործընկերների հետ և ամրապնդել սեփական զսպման մեխանիզմները։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի և Իսրայելի հարաբերությունների կարգավորումը պարտադիր չէ, որ վերածվի հակաիրանական դաշինքի։

Անկարան սովորաբար ձգտում է պահպանել ռազմավարական ինքնուրույնությունը և արտաքին քաղաքական մանևրելու հնարավորությունը։ Ուստի առավել հավանական է, որ Թուրքիան փորձի օգտագործել Իսրայելի հետ հարաբերությունների կարգավորումը՝ որպես լրացուցիչ դիվանագիտական և տնտեսական ռեսուրս, այլ ոչ թե ներքաշվել Իրանի դեմ ուղղված բաց հակամարտային ճարտարապետության մեջ։ Այդուհանդերձ, նույնիսկ նման սահմանափակ կարգավորումը կարող է ազդել Իրանի ռազմավարական հաշվարկների վրա և դառնալ ապագա բախումների կարևոր արտաքին գործոն»:

Իսկ մեր տարածաշրջանում և նրա շուրջ կայուն խաղաղության մասին դեռ վաղ է խոսել, այս կարծիքին է նաև Թուրքիայի նախագահ Էրդողանը, որի դիտարկմամբ, մեր տարածաշրջանը և, թերևս, ողջ աշխարհն ականատեսն են Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր ամենաօրհասական իրադարձությունների։ Ավելին, Էրդողանի խոսքով, ապրում ենք մի ժամանակաշրջանում, երբ դեռ մի ճգնաժամը չհանգուցալուծված՝սկսվում է մեկ ուրիշը, ուստի
ոչ մեկը չի կարող կանխատեսել, թե ինչ կլինի վաղը, կամ, թե որտեղ կհնչեն զենքերի ձայներ։

Այսինքն, լավագույն դեպքում կարող ենք փորձել խուսափել ընկնել տարածաշրջանում ժամանակ առ ժամանակ ակտիվացող «կրակում», բայց արդյո՞ք դա կայուն խաղաղության մասին է վկայում: Իհարկե՝ ոչ:

Տեսանյութեր

Լրահոս

Լուրերի օրացույց

Հունիս 2026
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիրակի
« Մայիս    
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930