Փաշինյանին իր կուրատորները միանգամից ցուցում տվեցին՝ դեմն ա՛ռ, թույլ չտա՛ս. տեղի է ունենում հոգևոր այլասերում, պայքար՝ քրիստոնեության դեմ. Վարդան Հակոբյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը ՀՀ արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարար, քաղաքական վերլուծաբան Վարդան Հակոբյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

- Այո, 2018-ին տեղի ունեցածը գունավոր հեղափոխություն էր՝ իր բոլոր կանոններով: Հիշում եք, ԱՄՆ նախագահ Թրամփի Ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնն իր հանձնարարականները դրեց Հայաստանում 2018թ․գունավոր հեղափոխությամբ իշխանության եկածների սեղանին։ Հասել են արդեն եկեղեցուն։ Էս իշխանությունն արտաքին այդ կենտրոնների ծրագրերի կատարողն է։ Նույն բաները քայլ առ քայլ տեղի էին ունենում Ուկրաինայում, Վրաստանում, այդ թվում՝ Եկեղեցու դեմ հարձակումները։ Ժողովրդի հոգևոր զգացմունքներին հարված հասցնելը միայն ուկրաինական պրակտիկա չէ։ Դա տեղի է ունենում նաև Եվրոպայում։
- Այն, ինչ այսօր տեղի է ունենում մեր Եկեղեցու դեմ, հոգևոր այլասերում է, պայքար քրիստոնեության դեմ։ Սա այս իշխանությունների կողմից մեզ մոտ վաղուց է սկսվել՝ սկսած 2018թ.-ից, հիմա հասել է գագաթնակետին։ Սա Նիկոլի հնարածը չէ, սա լիբերալների այդ մեծ ծրագրի մաս է, методичка-ով։
- Ես չեմ կասկածում, որ Նիկոլ Փաշինյանին և նրա խմբակին տրվում է իրենց քայլերի հաջորդականությունը, որովհետև ամեն տեղ նույն սցենարն է, նույն մեթոդական ցուցումները. պետք է կույր լինել դա չտեսնելու համար: Տրոցկուց է գալիս գաղափարների այդ մշակումը: Իսկ Տրոցկին ինչպե՞ս էր նայում մասսային՝ հասարակությանը: Նրա համար ժողովուրդ գոյություն չուներ: Մասսա էր, մեկ-մեկ էլ պրոլետարիատ էին ասում, և Տրոցկին այդ մասսային որպես վառելանյութ էր նայում՝ իր առջև դրված նպատակին հասնելու համար: Դու կարող ես ոչխարացնել, ապուշացնել այդ մասսային և որպես վառելանյութ՝ Համաշխարհային հեղափոխության համար օգտագործել:
- 2018թ.-ին ես ասում էի՝ շատ շուտով կսկսվի ժողովրդի խրախճանքը, ինչպես եղավ 1917թ. հեղափոխությունից հետո՝ երգեր, քայլերթեր և այլն:
- Հիմա այս ամենը Տրոցկուց եկած գաղափարական методичка-ներն են, որոնք օգտագործում են ամեն տեղ: Իսկ Տրոցկին կապ ուներ Մեծ Բրիտանիայի հետ:

- Մարդիկ չեն հասկանում, որ սա ոչ թե Նիկոլի հնարածն է, այլ ընդհանուր գիծ, և հենց այստեղ է, որ, ուզենք թե չուզենք, հանգում ենք ընդհանուր ծրագրի մի մասնիկ լինելու գաղափարին:
- Երբեմն բրիտանացիները մատնում են իրենց ծրագրերը: Երբ Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Բորիս Ջոնսոնն ասաց իր հանրահայտ նախադասությունը՝ «Կռվել մինչև վերջին ուկրաինացին…», դա ուղիղ ցուցում էր այն մասին, որ ուկրաինացի ժողովուրդը պետք է լինի այն վառելանյութը, որը պետք է վնաս հասցնի Ռուսաստանին:
- Սա գլոբալ լիբերալների ծրագիրն է, որն ուղղված է Ռուսաստանի, նաև Չինաստանի դեմ: Այնպես որ, այն, ինչ կատարվում է, թելադրվում է՝ ելնելով այդ ծրագրից:
- Այդ ընդհանուր ծրագիրն օգտագործում են թուրքերը, հասկանում են, որ իրենք էլ են այդ ծրագրի մեջ, բայց փորձում են իրենցը պոկել:
- Զանգեզուրի միջանցքի հարցը ՆԱՏՕ-ի ռազմական ճանապարհի հարցն է։
- ԽՍՀՄ բոլոր նախկին հանրապետություններն այն բոլոր գործիքներն են, որոնցով Արևմուտքն աշխարհաքաղաքական հարցեր է լուծում։ Հերթը Ղազախստանինն է՝ մի հարուստ վառելանյութ, բոլոր ականներն արդեն դրված են։
- Խորհրդային ընդամենը 2 պետություն կարողացան պահել իրենց ազգային պետական հարստությունը՝ Բելառուսն ու Ուզբեկստանը։
- Եթե Ալիևն ու Փաշինյանը՝ Էրդողանի հովանավորությամբ, որևէ նոր փաստաթուղթ ստորագրեն, ու իրենց նպատակներն իրականանան, մեզ մոտ գալու են մուսուլման վերակացուներ՝ թուրքերը, իսկ ազգային արժանապատվությունը զրոյացվելու է, որ ընդվզում չլինի, հեշտ կառավարեն էս ժողովրդին։
- Ալիևը երեկվա իր ցեղային մակարդակի մարդկանց փորձում է դարձնել ժողովուրդ, բայց ինքն էլ գիտի, որ իրենք էլ են խաղալիք։
1917թ. հեղափոխությունից առաջ ադրբեջանցի չկար. դրանք կովկասյան թաթարներ էին:
- Ալիևը գիտի, որ իր վրա հանձնարարական կա, բայց ինքն էլ է թակարդում։ Ինչպես այստեղ, նույն մեթոդական ցուցումները նաև Ալիևի սեղանին են դրված։ Ու նա արդեն հերթական հակառուսական քայլերն է անում։ Դեռևս այն ժամանակ, երբ Մեծ Բրիտանիայի վարչապետ Թետչերն այցելեց Բաքու, նա Հեյդար Ալիևի առաջ դրեց իր պահանջները։ Այսօր էլ Բաքվի ծրագրերը բրիտանացիներն են մշակում, բայց ԱՄՆ հատուկ ծառայությունները դրանից օգտվում են։

Հիշեցնենք. Կասպից ծովի էներգետիկ ռեսուրսներում արևմտյան նավթային ընկերությունների աճող հետաքրքրության ֆոնի վրա 1992 թվականի սեպտեմբերին Թետչերն այցելեց Բաքու, որտեղ նա մասնակցեց Չիրագի և Շահդենիզի հանքավայրերի գնահատման ստորագրությանն Ադրբեջանի կառավարության և անգլիական British Petroleum ու նորվեգական Statoil ընկերությունների միջև։
- Փաշինյանն ու Ալիևն իրենց կուրատորների հրահանգով իրար մեջ արդեն պայմանավորվել են։ Ու էլի մեզ վրա կեղծ խաղաղություն են ծախելու։
- Փաշինյանի կուրատորները հասկացան՝ կա Սամվել Կարապետյան, որը կարող է վտանգ հանդիսանալ իրենց ծրագրերի համար, կարող է խափանել իրենց ծրագրերը։ Ի՞նչ արեց Վրաստանում Իվանիշվիլին․եկավ իշխանության, հիմա փորձում է առնել թուրքական էքսպանսիայի առաջը։ Սամվել Կարապետյանը վտանգավոր է իրենց համար՝ ունի բարձր հեղինակություն և փող։ Փաշինյանին միանգամից զգուշացրեցին՝ թույլ չտալ, որ Սամվել Կարապետյանը դառնա հայկական Իվանիշվիլի։
- Թուրքերը պետք է գան և ուտեն ամեն ինչ, կլանեն… Նրանք կգրավեն հայկական շուկան, տնտեսությունը կտապալվի։ Կխլեն ամեն ինչ: Եվ կգտնվեն մարդիկ, որ կասեն՝ ի՞նչ է եղել, որ… ռուսինն էր, հիմա էլ թող թուրքինը լինի…
- Եթե Ռուսաստանն, իր աշխարհաքաղաքական շահերից ելնելով, չխառնվի Հարավային Կովկասի իրողություններին, շատ շուտով մեր հասարակությունը լինելու է տնտեսական ողորմելի վիճակի մեջ։
- Ժամանակին՝ մինչև 2018 թվականը, այն ժամանակվա իշխանությունների կողմից տարվում էր աշխատանք, որ Իսլամական համագործակցության կազմակերպությունը ոչ հայանպաստ բանաձևեր չընդունի։ Հիմա Իրանի դիրքերի թուլացումը հանգեցրեց նաև այդ ուղղությամբ պարտության։
- Կարծում եմ՝ Իրանի հետ կապված զարգացումները դեռ առջևում են։ Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը դեռ մնում է արևմտամետ գծի մեջ։ Հիմա հակաարևմտյան հայտարարություններ է անում, բայց դրանք անկեղծ չեն։
- Իրանը փորձում է մեզ հետ խաղալ առանց Ռուսաստանի:
- Կատարվածից դասեր քաղում ես այն ժամանակ, երբ չես գիտակցել՝ ինչ ես արել։ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում բոլշևիկներն արել են այն, ինչ Ռուսաստան-Ուկրաինա հարաբերություններում։ Ռուսները շատ լավ գիտակցում են՝ ինչ է եղել ու ինչ է տեղի ունենում։ Այլ հարց է՝ ունե՞ն ռուսներն այն ուժը, որ կարողանան Հարավային Կովկասում դիմանալ։ Այսօր, կարծում եմ՝ չունեն։ Արցախից հետո տեղի ունեցածը ռուսների պարտությունն էր։ Երբեք թուրքի ոտքն այդ ծավալով Հարավային Կովկասում չէր եղել։

- Այժմ խորքային աշխատանք է ընթանում՝ Ռուսաստանի ներկայությունը Հարավային Կովկասում ավելի ազդեցիկ դարձնելու համար։
- Ռուսաստանը հասկանում է՝ այսպես շարունակվելու դեպքում Ադրբեջանը կարող է Դաղստանը «հրդեհել»:
- Չեմ կարծում, որ Իրան-Ադրբեջան համաձայնություն է տեղի ունեցել Զանգեզուրի միջանցքի հարցով։ Իրանի վիճակը հիմա նրան թելադրում է սիրաշահել, այդ թվում՝ Ադրբեջանին։ Քաղաքական-դիվանագիտական խաղ է գնում, Իրանը փորձում է վտանգն իրենից հեռացնել։ Իրանին Միջանցքի առումով մտահոգում է, որ այն, ինչպես ասացի՝ ՆԱՏՕ-ի զորքերի համար է։ Իրանի գլխին մահացու վտանգ կա կախված։ Չգիտեմ՝ ինչքան դեռ կսպասի Թրամփը։ Թերևս հույս ունեն, որ Իրանում ներքին պայթյուն կլինի, կփոխվի իշխանություն, ու ամեն ինչ կլինի իրենց ուզած սցենարով։ Բայց մի բան ինձ հուշում է, որ ԱՄՆ-ին էլ ձեռք չի տալու, որ այդ Զանգեզուրի միջանցքը թուրքերը հսկեն։ Գուցե Իրանը զիջումների գնա, բայց պայմաններ կդնեն։
- ԽՍՀՄ քանդվելուց հետո ոչ թե մենք ձևավորեցինք մեր քաղաքական դաշտը, այլ դրսից նախապատրաստեցին ՀՀՇ-ին։ Այնտեղ սահմանում են որոշակի կանոններ՝ ովքեր կարող են լինել այդ շրջանակի մեջ։ Այս պարագայում, երբ քաղաքական դաշտը ձևավորվում է դրսից, դու քո ազգային շահը հետապնդելու ձև չունես։ Ըստ էության 1992թ.-ից հետո այդ դաշտը չի փոխվել։ Այն կառավարվում է ԱՄՆ դեսպանատան կողմից։
- 2026-ի ընտրությունների մասին: Ինչ ծրագրեր ուզում ես՝ արա, ընտրությունների ժամանակ նրանք ավելի շատ գիտեն, բայց դա արդեն քո խաղը չէ։ Ես չեմ ասում՝ չպետք է գնալ ընտրության, բայց այս դաշտում ուրիշ սկզբունքներ են աշխատում։ Իսկ այդ դաշտից դուրս գտնվող ազգային ուժերն ըստ էության զրկված են իրենց շահերը հետապնդելու գործիքներից։ Միայն հասարակության ոտքի ելնելու դեպքում քաղաքական ուժերը կարող են այդ դաշտից օգտվել։
- Այս իշխանությունն արտաքին դաշնակից ունի, սրանց ֆինանսավորում են, ու սրանք գնալով լկտիանալու են, ավտորիտար ռեժիմն ամրապնդելու են։ Ընդդիմությունն այդ ամենի դեմն առնելու գործիքակազմը չունի։ Հետևաբար՝ ընդդիմությունն էլ պետք է արտաքին հենարան, դաշնակից ունենա:
- Մեր պետությունն այսօր դաշնակից չունի։ Սրանք երբ եկան իշխանության, առաջինը վերացրեցին մեր պետության դաշնակցային հարաբերությունները Ռուսաստանի և Իրանի հետ։
Մանրամասները՝ տեսանյութում։



