
Թուրքիան երբեք որևէ հարաբերություն «զրոյից» չի սկսում. միայն Փաշինյանի նման «բոբիկ» և անգրագետ ղեկավարը կարող է դրան գնալ. Գեղամ Մանուկյան

Թուրքիայում հայ համայնքի հետ հանդիպմանը Նիկոլ Փաշինյանը խոսել է հայ-թուրքական հարաբերությունները զրոյական կետից սկսելու մասին: Արդյո՞ք Թուրքիան ևս այս ընկալումն ունի, երբ թուրքական նախապայմանները գալիս են դեռ 1990-ականներից, որոնց մի մասը թերևս կատարված են: Չմոռանանք, որ ղարաբաղյան հակամարտության և ռազմական գործողությունների համատեքստում 1993թ. Թուրքիան է միակողմանիորեն փակել Հայաստանի հետ օդային և ցամաքային սահմանները, 1995թ. օդային սահմանը միայն վերաբացել է:
Այս և այլ հարցերի շուրջ 168.am-ը զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, թուրքագետ Գեղամ Մանուկյանի հետ:
– Թուրքիան իր քաղաքականությամբ երբեք որևէ հարաբերություն «զրոյից» չի սկսում։ Յուրաքանչյուր հարաբերություն սկսելու դեպքում Թուրքիան նախապաշարում ունի՝ բոլոր նախկին և կուտակված դիրքորոշումներով։ Այս տեսանկյունից միջազգային դիվանագիտության մեջ միայն Նիկոլ Փաշինյանի նման «բոբիկ» և անգրագետ ղեկավարը կարող էր որևէ երկրի հետ կամ որևէ կոնֆլիկտի շուրջ հարաբերությունները սկսել զրոյից, թե կարծես նախապատմություն գոյություն չունի։
Իսկ այդ ընթացքում Թուրքիան հետևողականորեն շարունակում է իր արտաքին քաղաքականությունը, այդ թվում՝ Հայաստանի հետ հարաբերություններում։ Եվ, բնականաբար, բոլոր այն նախապայմանները, որոնք Թուրքիան առաջ է քաշել վերջին 30 տարիների ընթացքում, շարունակում է հետևողականորեն կյանքի կոչել։ Նիկոլ Փաշինյանի վերջին այցը Ստամբուլ, հանդիպումն Էրդողանի հետ, ինչպես նաև հանդիպման ժամանակ Պոլսահայ համայնքի ներկայացուցիչների առաջ հնչած մտքերը ևս մեկ անգամ փաստում են այդ նախապայմանների իրագործման ուղղությամբ կատարվող քայլերը։
– Թեպետ արդեն ասացիք, թե ինչ սկզբունքներով է թուրքական դիվանագիտությունը վարվում, ամեն դեպքում, այն ի՞նչ վերափոխումների է ենթարկվել վերջին տարիներին՝ հաշվի առնելով աշխարհաքաղաքական տարբեր զարգացումներ, և արդյո՞ք իրականում Հայաստանը համահունչ է շարժվում դրան:
– Թուրքիայի դիվանագիտական կորպուսը գրեթե չի փոխվել՝ բացառությամբ ղեկավար կազմի։ Տեսնում ենք, որ նախկինում հայ-թուրքական գործընթացում ակտիվ դերակատարում ունեցած փոխարտգործնախարար Ֆերիդուն Սինիրլիօղլուին դարձրել են ԵԱՀԿ գլխավոր քարտուղար։ Այսինքն՝ նրա կուրսը շարունակվում է այլ մակարդակով։ Թուրքիան ունի մասնագիտական, փորձառու և համակարգված դիվանագիտական կորպուս։ Իսկ Հայաստանում ամեն ինչ հակառակն է։ Մեր դիվանագիտությունը զրկված է փորձառու կադրերից, իսկ նրանց տեղում հայտնվել են հեղափոխական ալիքի վրա դիվանագիտության հետ ոչ մի կապ չունեցող մարդիկ։ Սա նորություն չէ։ Մենք գործ ունենք ոչ թե հավասարազոր հարաբերության, այլ՝ ուժերի անհավասարակշիռ հարաբերակցության հետ։
– Հունիսի 21-22-ը Թուրքիայում տեղի ունեցած Իսլամական համագործակցության կազմակերպության նախարարական համաժողովի շրջանակում ընդունվել է «Ստամբուլի հռչակագիրը» և Ադրբեջանի նախաձեռնությամբ Հայաստանի դեմ մի շարք բանաձևեր, որոնցում առաջ է քաշվում «արևմտյան Ադրբեջան» խոսույթը, շոշափվում է «Խոջալուի ցեղասպանության» թեման, և այլն: Ի՞նչ ռիսկեր է այս ամենը ենթադրում:
– Հատկանշական է Հայաստանի արտգործնախարարության՝ ցավ արտահայտող անատամ հայտարարությունը:
Կարծես իշխանություններն ունեին միամիտ հույս, թե այս այցով, մեկ ժամանոց անիմաստ ելույթներով և թուրքական օրակարգի նկատմամբ բարեսրտությամբ հնարավոր կլիներ մեղմել Թուրքիայի և Ադրբեջանի նկրտումները։ Սակայն իրականությունն այն է, որ այդ երկու պետությունները շարունակում են իրենց հակահայկական քաղաքական գիծը՝ անկախ Հայաստանի բոլոր զիջումներից։
Ավելին, մինչ Նիկոլ Փաշինյանը ճամպրուկներով ուղևորվում էր Թուրքիա, մեկ օր առաջ այնտեղ էր արդեն Ադրբեջանի նախագահը։ Իսկ Փաշինյանի այցի օրը Ստամբուլում էր նաև Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը, որի դիրքորոշումներն արտացոլվեցին Իսլամական համագործակցության կազմակերպության անդամ երկրների արտգործնախարարների հռչակագրում։ Այնքան խայտառակ ձևակերպումներ կային այնտեղ, որ նույնիսկ Փաշինյանի այս «խաղաղասիրական» ժեստերի ֆոնին Հայաստանը ստացավ հերթական ծանր հարվածը։
– Հիշենք, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն օտարերկրյա լրատվամիջոցներին տված տարբեր հարցազրույցներում խոսում էր Թուրքիայի ուղիղ մասնակցության մասին: Ավելին, այդ հարցն անգամ ՆԱՏՕ-ի պատասխանատվության գոտի էր տեղափոխում, հետո մոռացվեց այդ մասին: Իսկ այսօր Փաշինյանն ասում է, որ պետք է հաշվի նստենք աշխարհաքաղաքական առկա իրողությունների հետ, եթե չենք ուզում «գլխներիս վրայով» հրթիռներ թռչեն, ասում է, որ միջազգային հանրության համար, օրինակ, ընկալելի չէ քաղաքակիրթ երկրում մեկ այլ երկրի դրոշ վառելը:
– Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները նոր աշխարհակարգի, տարածաշրջանային խաղաղության, նոր քաղաքական հարաբերությունների մասին, իրականում միմյանց հակասող և անտրամաբանական խոսքեր են։ Այն ժամանակ, երբ ողջ տարածաշրջանը թեժանում է՝ պատերազմի նոր ալիքներով, Փաշինյանը Հայաստանում զբաղված է հարկային հսկողությամբ ու հաշվետվություններ ստուգելով։ Միևնույն ժամանակ շարունակում է իր հակաեկեղեցական քաղաքականությունը՝ հարձակվելով Հայ Առաքելական եկեղեցու վրա։
Այս պայմաններում նա չունի ո՛չ բարոյական, ո՛չ քաղաքական իրավունք՝ խոսելու նոր աշխարհակարգից։ Նա պարզապես փորձում է մաքրազատել և արդարացնել Թուրքիայի ծավալապաշտական քաղաքականությունը Հայաստանի նկատմամբ։ Սա ոչ թե նոր աշխարհակարգ է, այլ պետական անճարակության հերթական փուլ։
– Հիմա ցանկանում եմ մի ցավոտ թեմայի անդրադառնալ, եթե չցանկանաք, կարող ենք չշարունակել: Բաքվի «դատավարությունից» ի՞նչ հետևություններ պետք է անենք, որ չենք անում, որտեղ ադրբեջանական մեղադրողները փորձում են «ցուցմունքներ» կորզել Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությունից, որոնց մեջ նաև Ձեր եղբայրն է՝ գեներալ Մանուկյանը:
– Որքան էլ դժվար է այս թեմայով խոսելը, պետք է արձանագրել՝ այսօր ընթանում է «դատավարություն» ոչ թե միայն մեր եղբայրների դեմ, որոնք հայտնվել են ադրբեջանական բանտերում, այլ՝ հենց Հայաստանի Հանրապետության։ Սա դատ է Հայաստանի իշխանությունների և Հայաստանի անկախության 30-ամյա պատմության դեմ։
Երկար ժամանակ Հայաստանի իշխանությունները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, ջայլամային քաղաքականություն էին վարում՝ ձևացնելով, թե ոչինչ չի կատարվում։ Սակայն հիմա, կարծես թե, սկսում են հասկանալ, որ այս դատն առնչվում է ամբողջ պետությանը, պետականությանը։ Սա իսկապես վտանգավոր գործընթաց է, որը պետք է ոչ թե «ցավ» հայտարարություններով ընդունել, այլ պետական վճռականությամբ կանգնեցնել։