Իսկ պաշտոնապես հայտարարված 44-օրյայի զոհերի մի մասի «զեղչումը» սրիկայություն չէ՞…
Հունիսի 4-ին Հանրային հեռուստաընկերության «Հայաստանն ընտրում է» նախագծի շրջանակում քաղաքական ուժերի նախընտրական ցուցակների առաջին համարների միջև մեծ բանավեճի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է. «44-օրյա պատերազմի ժամանակ զոհվել է 3755 զինծառայող»:
Նա նշել է, որ սա պաշտոնական թիվ է, և չգիտես` ինչու, մոռացել է 44-օրյա պատերազմում զոհված քաղաքացիական անձանց, որոնք պատերազմական գործողությունների կիզակետում հայտնվել են տարբեր պատճառներով:
Հիշեցնենք, որ ոչ մեկ անգամ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել է.
«Որոշ սրիկա ընդդիմադիրներ նախընտրական այս շրջանում ահագնացող ձևով փորձում են ավելացնել մեր զոհված հերոսների թիվը, և ասում են՝ 5.000-ից ավելի, 6.000-7.000, մինչև 10.000: Պետք է ասեմ, որ այդ թիվը չի համապատասխանում իրականությանը: 44-օրյա պատերազմի քրեական գործերով այդ թիվը 3833 է, որից 78-ը քաղաքացիական անձ են, 3755-ը՝ զինվորական»:
Հետաքրքիր է՝ 44-օրյա պատերազմում զոհված 78 քաղաքացիական անձանց մոռանալը սրիկայություն չէ՞, կա՞ տարբերություն զոհերի թիվն ավելացնելու և «զեղչելու» մեջ:
Իսկ Նիկոլ Փաշինյանը նախընտրական բանավեճի ժամանակ, չհամաձայնելով «Միասնության թևեր» կուսակցության առաջնորդ Արման Թաթոյանի հետ, որ իր իշխանության օրոք մարտական զոհերի թիվը կազմում է 4991, պնդել է.
«2018 թվականից մինչ օրս (մարտական գործողությունների հետևանքով:- Մ․Պ.) զոհվել է
4 273 մարդ՝ ներառյալ քաղաքացիական անձինք»:
Ինչպես արդեն նշեցինք՝ 44-օրյա պատերազմում այս պահի դրությամբ պաշտոնական տվյալներով՝ զոհերի թիվը 3833 է՝ չհաշված մոտ 190 անհայտ կորածներին, որոնց թվում ավելի քան 170-ը զինծառայող է:
Ի դեպ, վերջերս անդրադարձել ենք անհայտ կորածների թվի վերաբերյալ պետական պաշտոնյաների ներկայացրած տարբեր տվյալներին:
Բայց հիմա խոսքը զոհերի մասին է, որի հետ կապված ևս տարբեր տեղեկություններ են ներկայացվել, ընդ որում՝ տարբերություններ կան նաև 44-օրյայի քննիչ հանձնաժողովի զեկույցում նշված թվի հետ համեմատած:
Հիմա փորձենք հասկանալ, թե ում ներկայացրած թիվն է ճիշտ՝ Արման Թաթոյանի՞, թե՞ Նիկոլ Փաշինյանի:
Արդեն նշեցինք, որ այս պահի դրությամբ 44-օրյա պատերազմի զոհերի թիվը 3833 է, 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի ժամանակ հայկական կողմը տվել է 224 զոհ, բացի այս, 2023 թվականին fip.am-ը 5 տարվա կտրվածքով՝ 2018-2022 թվականն ընկած ժամանակահատվածի համար մարտական զոհերի վիճակագրություն էր ներկայացրել, որտեղ ներառված չէր 2020 թվականի պատերազմի զոհերի թիվը, և առանց դրա այդ թիվը 593 էր:
Իսկ ՀՀ կառավարության ծրագրի (2021-2026թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցում նշվում է. «2023 թվականի ընթացքում ՀՀ զինված ուժերում մարտական պայմաններում զոհվել է 19 զինծառայող»:
Սրան գումարած 2023 թվականին Արցախում սեպտեմբերի 19-20-ը տեղի ունեցած Ադրբեջանի հարձակման ժամանակ հայկական կողմի զոհերը, որոնց թիվը 207 է:
2024 թվականին հակառակորդից կամ մարտական պայմաններում ևս զոհեր ունեցել ենք՝ ԵԿՄ 4 անդամ:
Կրկնում ենք՝ սրանք միայն մարտական զոհերն են, բայց 8 տարվա մեջ բավականին ոչ մարտական զոհեր ևս ունեցել ենք և գործ ունենք մարդկային կյանքերի և ճակատագրերի հետ: Ավելին, 2023 թվականի ադրբեջանական ագրեսիայի հետևանքով ՊԲ վառելիքի պահեստի պայթյունի զոհերի թիվն ավելի քան 200 է, կան նաև անհետ կորածներ:
Նիկոլ Փաշինյանը որքան էլ իր 8-ամյա վարչապետության շրջանում զեղչի զոհերի թիվը կամ վերը նշված դեպքերը հաշվի չառնի, բայց այդ ողբերգությունները տեղի են ունեցել և մարդկային կյանքներ արժեցել:
Իսկ եթե իշխանությունները չեն համաձայնի այս վիճակագրության հետ, որն իր մեջ պաշտոնական տեղեկատվություն է պարունակում, կարող են հրապարակել 44-օրյա պատերազմի, 2022 թվականի սեպտեմբերյան մարտերի և 2023 թվականին Արցախում ադրբեջանական ագրեսիայի զոհերի ցուցակը, ինչո՞ւ չի արվել դա:
Ի դեպ, մենք հիշում ենք նաև, որ 2021 թվականին նոյեմբերյան մարտերի զոհերի մասին ևս իշխանական շրջանակները հակասական թվեր էին հրապարակում, օրինակ, այն դեպքում, երբ ՊՆ-ն 6 զոհի մասին էր հայտնել դեռ, ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը հայտնել էր հայկական կողմի առնվազն 15 զոհ ունենալու մասին:
Եվ այս իշխանությունն իրեն բարոյական իրավունք է վերապահում որևէ մեկին կեղծիքի մեջ մեղադրելու և հարգել-չհարգելու հարց դնում, երբ իրենք իրենց իսկ ինստիտուտները չեն հարգել մշտապես:

