Իրան-Իսրայել պատերազմն ու դրա ընթացքը Հարավային Կովկասում կարող է մի շարք վտանգներ ակտիվացնել․ վերլուծաբան

5-րդ օրն է, ինչ Հայաստանի անմիջական հարևանությամբ շարունակվում է Իրան-Իսրայել ոչ կոնտակտային պատերազմը։

Արդեն հինգ օր է, ինչ միմյանց հերթ չտալով՝ Իրանն ու Իսրայելը թիրախավորում են միմյանց ռազմավարական նշանակության՝ միջուկային, ռազմական, հետախուզական կարևորագույն օբյեկտները՝ միմյանց պատճառելով էական վնասներ։

Միջազգային հանրությունն ըստ էության շարունակում է հետևել իրավիճակին, կոչ անել դադարեցնել ռազմական գործողությունները՝ ուղղելով հորդոր սեփական քաղաքացիներին՝ լքել Իսրայելն ու Իրանը։

«Մեծ յոթնյակը» (Մեծ Բրիտանիա, Կանադա, Ֆրանսիա, Գերմանիա, Իտալիա, Ճապոնիա և ԱՄՆ) երկուշաբթի տարածած հայտարարությամբ շեշտել է, որ Իրանը չպետք է երբևէ ունենա միջուկային զենք, իսկ Իսրայելն ունի ինքնապաշտպանվելու իրավունք։

Կարդացեք նաև

Արաբական ու իսլամական երկրների մի քանի տասնյակ ԱԳՆ ղեկավարները հայտարարությամբ են հանդես եկել՝ բարձրաձայնելով Իրանի դեմ իսրայելական ռազմական գործողությունների դադարեցման անհրաժեշտության մասին։ Նրանք կոչ են արել հնարավորինս շուտ վերադառնալ Իրանի միջուկային ծրագրի շուրջ բանակցություններին։ ԱԳՆ ղեկավարներն անհրաժեշտ են համարել ԱԷՄԳ երաշխավորությամբ զերծ մնալ միջուկային օբյեկտների վրա հարձակումներից։

Այս օրերի ընթացքում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հռետորաբանությունը գնալով սրվում է, նա Իրանի հետ հեռահար «խոսում է» վերջնագրերի բառապաշարով։ ԱՄՆ նախագահ Թրամփը, ով իր նախընտրական քարոզարշավի ընթացքում պարծենում էր, թե որքան արագ կկարողանա խաղաղություն հաստատել Ուկրաինայում, այսօր տարհանման կոչ է անում Թեհրանի վերաբերյալ, անոնսելով նոր հարձակումների մասին կամ ակնարկելով ԱՄՆ հնարավոր պաշտոնական ներգրավման մասին։

Չնայած հարկ է նաև նշել, որ ԱՄՆ պաշտպանության նախարար Փիթ Հեգսեթն ասել է, թե նախագահ Դոնալդ Թրամփը, չնայած ԱՄՆ դաշնակից Իսրայելի և Թեհրանի միջև սրացած լարվածությանը, դեռ նպատակ ունի Իրանի հետ միջուկային համաձայնության հասնել։ Հայաստանի հարևանությամբ պատերազմի դադարեցման միտումներ չկան, Հայաստանում անհանգստությունները Սյունիքի ճակատագրի վերաբերյալ չեն թուլանում այս օրերի ընթացքում, հաշվի առնելով, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցք»-ի հարցում Իրանի հաստատակամ դեմ դիրքորոշումն ու թուրք-ադրբեջանական տանդեմի ձգտումը՝ միջանցք ստանալ ՀՀ տարածքով։

168.am-ի հետ զրույցում ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովն ասաց, որ Իսրայել-Իրան պատերազմի նպատակը Իրանի միջուկային օբյեկտների վերացումն է, որոնք գտնվում են գետնի տակ և որոնք խոցելու հնարավորություն Իսրայելը չունի։ Ուստի, նրա խոսքով, ներկայումս գլխավոր հարցն այն է՝ արդյոք Իսրայելին կհաջողվի՞ Միացյալ Նահանգներին ներքաշել այս գործողությունների մեջ կամ նրանցից ստանալ այնպիսի զենք, որը հնարավորություն կտա խոցել օբյեկտներ, որոնք գետնի տակ են։

«Ցավոք, այս պատերազմն ունի ընդլայնման ու ծանրանալու ներուժ, հաշվի առնելով Իրանից հնչող հայտարարությունները, թե ողջ ներուժը գործի չի դրվում, կարող է թե մասնակիցների ցանկն ընդլայնվել, թե աշխարհագրությունը, ուստի, կարծում եմ, դեռ պետք է սպասել և հասկանալ, թե ինչպես են զարգանում իրադարձությունները։

Ակնհայտ է, որ գործարք ասելով՝ ԱՄՆ-ը որոշակի առումով վերջնագիր է պատկերացնում Իրանի համար, որին Իրանը չի համաձայնի, առավել ևս, իր դեմ զինված հարձակումների պայմաններում»,- ասաց Սիմոնովը։

Խոսելով Հարավային Կովկասի համար այս պատերազմի հնարավոր հետևանքների մասին՝ նա ասաց, որ այս պատերազմը շարունակվելու և ծավալվելու դեպքում Մերձավոր Արևելքում փոխելու է ուժային պատկերը։

Նա չի բացառում, որ նման փոփոխություններ լինեն նաև Հարավային Կովկասում։

«Սակայն պատերազմը նոր է սկսվում, վերջնական եզրահանգումներ անել հնարավոր չէ, մենք կարող ենք տեսականորեն ասել, որ եթե Իրանին հաջողվի արդյունավետ դիմադրություն ունենալ, չպարտվել, ապա Իրանը կպահպանի իր զսպող դերակատարությունը թե Մերձավոր Արևելքում, թե Հարավային Կովկասում։ Սակայն շատ մասնագետներ նշում են, որ Իրանը Մերձավոր Արևելքում արդեն իսկ կորցրել է իր այդ դերակատարությունը, բայց ես գտնում եմ, որ պատերազմը կարող է երկար շարունակվել և շատ անակնկալներ մատուցել։

Պատերազմը միշտ անկանխատեսելի է, Ռուսաստանը, օրինակ, սկսեց ռազմական օպերացիա Ուկրաինայում՝ ունենալով հստակ մի քանի նպատակ, սակայն օպերացիան երկարաձգվեց և վերածվեց պատերազմի։ Սա գուցե սպասելի էր, սակայն սկզբնական նպատակն արագ օպերացիան էր։

Սովորաբար, երբ նման պլանավորման դեպքում խնդիրը չի լուծվում, ռազմական գործողությունները երկարաձգվում են։ Իրան-Իսրայել բախման մեջ դեռ շատ զարգացումներ կարող են լինել, դիմակայության արսենալը մեծ է երկու երկրների դեպքում էլ»,- նման կարծիք հայտնեց Սիմոնովը։

Նրա խոսքով, Հարավային Կովկասը ևս խոցելի տարածաշրջան է, որի համար Իրանի ու Իսրայելի միջև տեղի ունեցողը լուրջ մարտահրավեր է։

Սիմոնովը կարծում է, որ պատերազմը կարող է ունենալ ուղիղ հետևանքներ, ինչպես արտահանման հարցում բարդություններ, գնաճ, փախստականների հոսք։

«Իրան-Իսրայել բախման վտանգը նոր հարց չէ, ուստի սրան պետք է պատրաստված լինեին երկրները։ Բացի այս, բոլորն էլ գիտեն, որ կան չլուծված հարցեր Հայաստանի ու Ադրբեջանի միջև։ Նման պարագայում ցանկացած անկայունություն հարևանությամբ անկայունացնում է իրավիճակը նաև հակամարտություն ունեցող ռեգիոնում, ակտիվացնելով մի շարք վտանգներ։ Սակայն դեռ վաղ է, ժամանակ է հարկավոր, որ պարզ լինի, թե ինչպես է ընթանում Իրան-Իսրայել պատերազմը, քանի որ ամեն բան կախված է դրա ընթացքից։ Բոլոր էական խաղացողները դեռ զգուշավորություն են պահպանելու, քանի որ իրերի էական դրությունը դեռ պարզ չէ»,- ասաց Սիմոնովը։

Տեսանյութեր

Լրահոս