Թուրքիան ու Ադրբեջանը Հայաստանի հարցում դիրքորոշումների մեղմացում են ակնկալում Իրանից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը Լաչինից վերադարձի ճանապարհին, օդանավում պատասխանելով լրագրողների հարցերին, անդրադարձել է նաև Ադրբեջանի պահանջած, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքի» մասին հարցին՝ հայտարարելով, որ ակնկալում են Իրանի աջակցությունը։

«Ինչ վերաբերում է Զանգեզուրի հարցին… Զանգեզուրի անցուղին Ադրբեջանի համար ոչ միայն ցամաքային կապ է Նախիջևանի հետ, այլև նոր ինտեգրացիոն գիծ, որը տարածվում է դեպի թյուրքական աշխարհ՝ Թուրքիայի միջոցով: Այս անցուղու կարճ ժամանակում բացումը նաև կամրապնդի Կովկասի տրանսպորտային և էներգետիկ ենթակառուցվածքները»,- թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ասել է Ռեջեփ Էրդողանը: Նա նաև հավելել է, որ ակնկալում են, որ հարևան Իրանը կաջակցի այս քայլերին, որոնք կծառայեն մեր տարածաշրջանի խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը»։

Թուրքիայի առաջնորդը նաև համոզմունք է հայտնել, որ «յուրաքանչյուր քայլ, յուրաքանչյուր բացված դուռ և միջանցք կապահովի տնտեսական շահույթ և ժամանակի ընթացքում կմերձեցնի երկրներին»:

Սակայն օրերս Երևանում անցկացվող «Երևանյան երկխոսություն» միջազգային համաժողովի ընթացքում բավականին ուշագրավ ելույթով էր հանդես եկել ԻԻՀ ԱԳ փոխնախարար Սայիդ Խաթիբզադեն։

Կարդացեք նաև

Նա նշել էր, որ Հարավային Կովկասում պետք է լինի կապվածություն, այլ ոչ թե կտրվածություն, իսկ «միջանցքի» տրամաբանությունը հենց կապի խզումն է։ «Շատ կարևոր է, ես ցանկանում եմ շեշտել և շատ հստակ ասել՝ մենք չենք ընդունում որևէ աշխարհագրական փոփոխություն տարածաշրջանում, ինչ էլ որ այն անվանենք՝ «Զանգեզուր» կամ մեկ այլ բան։ Մենք աջակցում ենք այն ամենին, ինչ Հայաստանն ու Ադրբեջանը կպայմանավորվեն իրար միջև, բայց այդ պայմանավորվածությունը պետք է հիմնված լինի միջազգային օրենքի, նորմերի, երկրների ինքնիշխանության և ինքնավարության սկզբունքների վրա»,- շեշտել էր Իրանի փոխարտգործնախարարը։

Նա հիշեցրել էր, որ վերջերս ՀՀ անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանի հետ Թեհրանում մասնակցել են մեկ այլ պանելային քննարկման, որի ժամանակ ևս խոսվել է «Զանգեզուրի միջանցքի» մասին։

«Իմ ցանկությունն էր՝ լսել Հայաստանից, որ ոչ մի միջանցք չի կարող լինել։ Միջանցքի տրամաբանությունն է՝ կտրել կապը տարածաշրջանում, դա մի բան է, որը մենք չենք տեսնում մեր տարածաշրջանի ապագայի համար»,- ասել էր Խաթիբզադեն։

Նա հավելել էր՝ Իրանը 100 տոկոսով աջակցում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի ստորագրմանը, հավատում է, որ մոտ ապագայում դա հնարավոր կլինի անել։ Նրա խոսքով՝ խաղաղության պայմանագիրը լավ է ոչ միայն Հայաստանի ու Ադրբեջանի, այլև ամբողջ տարածաշրջանի համար։

«Այս տարածաշրջանի ներուժը երբևէ չի իրացվել, մեր բազմաթիվ նախաձեռնություններն ու ծրագրերն այս ամենի զոհն են դարձել՝ աշխարհաքաղաքական մրցավազքի և այլն։ Խաղաղությունը միայն մի տարբերակ չէ, այն ամենակարևորն է, դա մի բան է, որին մենք բոլորս պետք է նվիրաբերենք մեր էներգիան և ռեսուրսները,- ասաց իրանցի փոխնախարարը՝ կրկին շեշտելով, որ որևէ բան չպետք է փոխի այս տարածաշրջանի աշխարհագրական պատկերը,- խաղաղությունն այն է, ինչի կարիքն իսկապես ունենք տարածաշրջանում, և Իրանը պատրաստ է իր բոլոր կարողությունները ներդնել այն իրականություն դարձնելու համար»,- հայտարարել էր Խաթիբզադեն։

Իսկ ԻԻՀ փոխարտգործնախարարի ելույթից օրեր առաջ էլ խնդրին անդրադարձել էր ՀՀ-ում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին, ասելով, թե ոչ մի հարց չի կարելի լուծել ստիպողաբար, որևէ «Զանգեզուրի միջանցք» չի լինելու:

168.am-ի հետ զրույցում իրանցի վերլուծաբան Կայհան Բարզեգարն ասաց, որ Թուրքիայի ղեկավարի դիտարկումները ցույց են տալիս, որ Իրանի դիրքորոշումներն իսկապես ազդեցիկ են ռեգիոնում իրավիճակների զարգացման հարցում:

Ըստ նրա, սա նաև ցույց է տալիս, որ Թուրքիան ու Ադրբեջանն Իրանի հանդեպ քաղաքականության հարցում այս հարցը լրջորեն հաշվի են առնում, և այն օրակարգային թեմա է այս հարաբերություններում:

«Սա ցույց է տալիս, որ Իրանի դիրքորոշումն այդ ճանապարհի բացման, դրա ձևաչափի հստակեցման հարցում էական նշանակություն է ունեցել: Սակայն պետք է արձանագրեմ, որ Իրանն իր դիրքորոշումներից չի հրաժարվել ու անընդհատ այդ մասին բարձրաձայնում է թե Թեհրանում, թե Բաքվում ու Երևանում, որ ճանապարհները պետք է լինեն երկրների ինքնիշխանության սահմաններում և ոչ պարտադրողաբար: Չեմ կարծում, որ Իրանը որևէ պարագայում հրաժարվի իր այս կարմիր գծերից: Հայաստանում այդ տարբերակին կարծես դեմ են, ուստի Իրանն աջակցում է հայկական կողմի այդ դիրքորոշմանը և եթե այդ դիրքորոշումը չփոխվի, Իրանը չի հրաժարվելու իր դիրքորոշումներից: Իրանը Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման պահը ևս փորձում է օգտագործել ռեգիոնալ սպառնալիքները վերացնելու և տարածքային նկրտումները չեզոքացնելու նպատակով»,- ընդգծեց վերլուծաբանը:

Սակայն, նրա որակմամբ, խնդրահարույցը նաև այն է, որ մատնացույց է արվում ոչ թե Հայաստանը, այլ Իրանը:

«Սա ցույց է տալիս, որ գուցե այս հարցում Թուրքիայի համար գլխավոր խոչընդոտն իր դիրքորոշումներով դիտարկվում է Իրանը, ու երբ բանակցությունները հասնեն հենց այս հարցին, ապա Իրանն անուղղակի «մասնակցելու է» դրանց»,- ասաց նա:

Տեսանյութեր

Լրահոս