
Տնտեսության սրտի հանդեպ վտանգավոր անտարբերությունը

Հայաստանում մասնագիտական որոշ շրջանակներ քննարկում են, թե ինչն է Հայաստանում արդյունաբերության ցուցանիշի գրեթե 20 տոկոսի հասնող նվազման պատճառը: Պաշտոնական վիճակագրության համաձայն, գրեթե այդքան է արդյունաբերական ոլորտի անկումը 2025-ի առաջին եռամսյակում՝ 2024-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ:
Որևէ երկրի հասարակական-քաղաքական կյանքում այդ հանգամանքը կլիներ քննարկման գլխավոր հարցերից մեկը, քաղաքական բանավեճի հիմնական առարկան, որովհետև խոսքը վերաբերում է Հայաստանի կենսունակության և դիմադրունակության արմատին՝ տնտեսությանը, որի կառուցվածքն ու բովանդակությունն են կանխորոշելու, թե ինչ տեղի ու դերի կարող է հավակնել Հայաստանը հիմնովին վերափոխվող աշխարհում:
Հայաստանում, սակայն, անգամ Հանրային հեռուստաընկերության մակարդակով քննարկվող գլխավոր հարցերն այն են, թե Երկրորդ աշխարհամարտում արդյո՞ք Գերմանիայի հաղթանակն էր իրականում հայության համար բարեբեր, թե՞ ԽՍՀՄ հաղթանակը: Իսկ Հայաստանի տնտեսական ներկան քննարկվում է շատ համեստ մասնագիտական շրջանակներում, այդպես էլ չդառնալով հասարակական-քաղաքական օրակարգի շարժիչ: Այն դեպքում, երբ տնտեսությունն է ցանկացած պետության շարժիչը: Եվ առավել ևս՝ պետության, որն ունի պատերազմից և ծանր կորուստներից հետո մեջքը շտկելու և վերականգնվելու կենսական հրամայական, որի համար արդյունաբերական տնտեսությունը պարզապես աներկբա անհրաժեշտություն է:
Բայց տնտեսության արդյունաբերական ծավալը նվազում է, թեև, ցավոք սրտի, այստեղ չկա զարմանալու ոչինչ: Իսկ ինչո՞ւ չպետք է նվազի: Ի՞նչ է տեղի ունենում Հայաստանում, որ արդյունաբերությունն աճի, կամ գոնե չնվազի՝ պահպանի իր ծավալները: Տնտեսական բանավեճ, որը կլինի հասարակական-քաղաքական օրակարգի օբյեկտիվ առանցքը՝ չկա: Տնտեսական քաղաքականության առանցքային որոշումներ և ազդակներ, որոնք թե ներքին, թե արտաքին ներդրողներին կմղի Հայաստանում արդյունաբերական ծրագրեր իրականացնելու իրական մտադրության՝ չկա:
Փոխարենը՝ կան, օրինակ, լիովին հակառակի «մասին» ազդակներ, երբ կարող է «գործադուլի» անվան ներքո սաբոտաժի ենթարկվել երկրի տնտեսության և ռազմավարական նշանակության մարզի ռազմաարդյունաբերական հսկան՝ օրական հարյուրավոր միլիոն դրամների վնաս պատճառելով տնտեսությանն ու պետական բյուջեին, իսկ մի քանի շաբաթ անց «գործադուլավորները» հայտնվեն «Իրական Հայաստանի» մասին Նիկոլ Փաշինյանի բանախոսության առաջին շարքերում:
Որևէ ներդրողի աչքի համար դա ոչ միայն մանրուք չէ՝ լինի ներսում թե դրսում, այլ նույնիսկ աչք ծակող է: Ներդրողները չեն գնում այնտեղ, ուր «ծակվում» են կամ կարող են «ծակվել» իրենց աչքերը:
Հայաստանում արդյունաբերական ներդրումները խթանող հարկային քաղաքականություն ՉԿԱ՛:
Փոխարենը՝ Հայաստանում կան անհաջողության կամ պարզապես «պարապուրդի» մատնված խոշոր ներդրումային ծրագրեր՝ ազգային ավիափոխադրողի ստեղծման տապալված նախաձեռնություն և Հայաստանից դժգոհ հեռացած հեղինակավոր ներդրող, մեկ այլ հեղինակավոր խոշոր ընկերության հետ արևային կայանի կառուցման ծրագիր, որն անորոշության և մեծ ձգձգումների փուլում է:
2018 թվականից արգելափակված ներդրումային ծրագիր, որը պետք է լիներ խոշորագույնը Հայաստանի անկախության ընթացքում, սակայն առայժմ խոշորագույն իմիջային հարվածն է ներդրումային միջավայրին: Իսկ ծրագրի վերականգնման վերաբերյալ պարբերական հայտարարությունները դեռևս չեն դառնում իրականություն:
Հայաստանում տեղի չի ունենում որևէ ծանրակշիռ բան, որը կարող էր լինել արդյունաբերական աճի խթան, և այդ պարագայում աճի բացակայությունն առաջացներ զարմանք: Փոխարենը կարելի է թվարկել շարքը այն «չկա»-ների, որոնց պարագայում ոչ միայն զարմանալի չէ, որ Հայաստանում կարող է արձանագրվել արդյունաբերական ծավալների նվազում, այլ նույնիսկ զարմանալի է, որ դեռ կա արդյունաբերություն, դեռ կա արտադրանք, դեռ կա արտահանում:
Ընդ որում, այստեղ էլ մեծ հարց է, թե ինչպիսին կլիներ պատկերը, եթե չաշխատեր հանքարդյունաբերական համալիրը:
Ավելին, հենց դրա համար էլ, թերևս, այդ համալիրն է Ադրբեջանի կեղծ ու մտացածին մեղադրանքների և «էկոլոգիական» ֆեյքարշավի թիրախում:
Արդյունաբերական ներուժը տնտեսության իմունային համակարգն է, իսկ դրանում եղած խնդիրների հանդեպ հանրային վերաբերմունքը, հասարակական-քաղաքական ուշադրության աստիճանը՝ հանրային և պետական օրգանիզմի իմունային ցուցիչ:
Տնտեսության արդյունաբերական ներուժի հետ տեղի ունեցողի, արդյունաբերության վիճակագրության և խոշոր ներդրումների ցուցանիշի նվազման հանդեպ հասարակական-քաղաքական օրգանիզմի անտարբերությունը հավասարազոր է սրտի առիթմիայի հանդեպ մարդու անուշադրությանը:
Այդ անուշադրության հետևանքները ծանր են լինում ամբողջ օրգանիզմի, ոչ միայն սրտի համար:
ՀԱԿՈԲ ԲԱԴԱԼՅԱՆ