ՀԷՑ-ում վերադառնում են «հին ու բարի» ժամանակները

Մինչ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը՝ հանձնաժողովի նախագահի գործուն մասնակցությամբ, պատրաստվում է կատարել իշխանությունների կամքն ու սեփականատիրոջ ունեցվածքը խլելու համար՝ մտադիր է նրան զրկել ՀԷՑ-ի կառավարման լիցենզիայից, ցավոտ իրողություններ են ի հայտ գալիս էլցանցերում։

Վերադառնում են «հին ու բարի» ժամանակները։ Ընդամենը 4 ամիս պահանջվեց ՀԷՑ-ում կառավարության ժամանակավոր կառավարիչ նշանակված Ռոմանոս Պետրոսյանից՝ ցանցերում հոսանքի կորուստները շեշտակի ավելացնելու համար։

Խոսքը, այսպես կոչված, տեխնիկական կորուստների մասին է, որոնք շատ հաճախ կապ չունեն տեխնիկական կորուստների հետ։ Դրանք առաջանում են առավելապես կոռուպցիոն երևույթների հետևանքով՝ գողություններ, թերհայտարարագրումներ և այլն։ Կորուստները ֆինանսական միջոցներ են, որոնք պիտի մտնեն համակարգ, լուծեն համակարգի ֆինանսական խնդիրները, բայց համակարգ մտնելու փոխարեն՝ մտնում են առանձին անձանց գրպանները։ Տարիներ շարունակ ՀԷՑ-ն այդպես էր կառավարվում, որ համակարգում ֆինանսական ճեղքեր էին առաջանում ու դրանք փակելու համար պարբերաբար բարձրացնում էին սակագները։ Սամվել Կարապետյանի կողմից ցանցերը ձեռք բերելուց հետո, գերկորուստների խնդիրը վերացել էր, բայց վերջին ամիսներին, կառավարության ժամանակավոր կառավարչի նշանակումից հետո, կրկին արդիական է դարձել։

Այն մանր-մունր խնայողությունները, որոնք իբր ապահովվում են գնումներով, ոչինչ են կորուստների դիմաց։

Կարդացեք նաև

Ահա այն, ինչին հասել է կառավարության ժամանակավոր կառավարիչն իր գործունեության կարճ ժամանակի ընթացքում։ Եվ դա պատահական չէ, եթե հաշվի առնենք, թե ովքեր են ղեկավար պաշտոնների նշանակվել ՀԷՑ-ում։ Մարդիկ, ովքեր ոչ միայն մասնագիտական կարողություններ չունեն, այլև մինչ այդ ընդհանրապես կապ չեն ունեցել համակարգի հետ։ Այնպես, ինչպես չի ունեցել ՀԷՑ-ի կառավարության ժամանակավոր կառավարիչը՝ ի դեմս Ռոմանոս Պետրոսյանի։

Նույն Գյումրու մասնաճյուղի տնօրեն նշանակվեց մի մարդ, ով երկար տարիներ աշխատել է սոցիալական ծառայության ոլորտում։ Ու հիմա դժվար չէ պատկերացնել, թե նա ինչքանով է գլուխ հանում իրեն վստահված աշխատանքից։

Բայց սա միայն Գյումրու մասնաճյուղի տնօրենին չի վերաբերում։ Վերաբերում է նաև ցանցերում ղեկավար պաշտոնների նշանակված մյուս անձանց, որոնց գլխավոր առավելությունը եղել է մեկ հանգամանք՝ ՔՊ-ական լինելը կամ իշխանությունների հովանավորությունը վայելելը։

Այսքանից հետո զարմանալի չէ, որ ՀԷՑ-ի կառավարումը սեփականատիրոջից խլելուց հետո  տեղի են ունենում երևույթներ, որոնք, վաղ թե ուշ, հանգեցնելու են հոսանքի սակագների բարձրացման, որպեսզի սպառողների հաշվին փոխհատուցեն համակարգի ֆինանսական կորուստները։

Սա այն առաջին «օգուտն» է, որը քաղաքացիներն ու մյուս սպառողները երկարաժամկետում ստանալու են քաղաքական հաշվեհարդարի ու անօրինակ միջոցներով ՀԷՑ-ը պետությանը վերադարձնելու իշխանությունների ժողովրդահաճո հայտարարությունների ու քայլերի արդյունքում։

Մինչդեռ ՀԷՑ-ի սեփականատերը խոստացել էր առնվազն 10 տարի չբարձրացնել սակագները։

Սամվել Կարապետյանի կողմից ՀԷՑ-ը ձեռք բերելուց հետո հոսանքի կորուստները համակարգում 13-14 տոկոսից իջել էին 6.5-7 տոկոսի։ Հիմա էլի բարձրացել են։

Կորուստները դարձել են գերկորուստներ։ Բարձրացել են կառավարության ժամանակավոր կառավարչի այդքան «արդյունավետ» կառավարման արդյունքում։

Սեպտեմբերին, օրինակ, էլցանցի մասնաճյուղերից մեկում կորուստները հասել էին գրեթե 19 տոկոսի։ Նախորդ տարվա համեմատ շուրջ 2.6 անգամով ավելացել էին։

Ու հիմա ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչները տարբերակներ են փնտրում՝ դա էլ նախկիններին վերագրելու, ՀԷՑ-ը սեփականատիրոջից խլելն արդարացնելու համար։ Իրենց գործունեության հետևանքով կորուստները թռիչքաձև աճել են, պարզվում է՝ ինչպես միշտ, մեղավորը նախկիններն են։

Կարծում էին՝ ՀԷՑ-ի կառավարումը խաղ ու պար է, գալու էին ու փող աշխատեին սեփականատիրոջ հաշվին, մի կողմից էլ՝ գործեր սարքեին նրա վրա՝ վարկաբեկելու ու սեփականությունը խլելու համար։

Ընկերության ղեկավար կազմին ափալ-թափալ փոխեցին ու բերեցին մարդկանց, որոնք բացարձակ կապ չունեին գործի հետ։ Արդյունքը սա էր լինելու։

Մինչև վերջերս ՀԷՑ-ը համարվում էր Հայաստանի ամենաբարձր վարկանիշ ունեցող ընկերություններից մեկը ու այդ գնահատականը միջազգային ամենահեղինակավոր վարկանշային ընկերություններից մեկն էր շնորհել՝ ի դեմս Мoody’s-ի։ ՀԷՑ-ի վարկանիշն ավելի բարձր էր, քան անգամ Հայաստանինը։ Այն բանից հետո, երբ իշխանությունը խլեց ընկերության կառավարումը, Мoody’s-ը, առանց հապաղելու, նվազեցրեց նախկինում տրված վարկանիշը։

Այսօր տեսնում ենք, որ այդ նվազեցումը պատահական չէր։ Ընկերության կառավարման որակն ու արդյունավետությունը՝ կառավարության ժամանակավոր կառավարչի նշանակումից, ղեկավար կազմն ամբողջությամբ ՔՊ-ականացնելուց հետո, ընկել է, ինչն ակնհայտ է նաև կորուստների ավելացման տեսքով։

Կորուստների հետևանքները փոխհատուցելու մեկ տարբերակ կա՝ բարձրացնել սակագները։

Հաշվի առնելով թեմայի զգայունությունը՝ գուցե մինչև խորհրդարանական ընտրություններ մի կերպ փորձեն զսպել սակագների բարձրացումը, այլ խնայողությունների հաշվին՝ նույնիսկ նվազեցնեն։ Բայց ընտրություններից կարճ ժամանակ հետո հոսանքն անխուսափելիորեն թանկացնելու են։ Համակարգն անշեղորեն տանում են դրան։

Եթե չլինեին այն ժամանակավոր խնայողությունները, որոնք, ի վնաս սպառողների, ձևավորվել են հատկապես ՀԾԿՀ կողմից գործող սակագներում դրված ոչ ճիշտ էներգետիկ հաշվեկշիռների արդյունքում, ապա վաղուց բարձրացրել էին սակագները։ Այդ խնայողությունների ու սեփականատիրոջ շահույթների հաշվին պատրաստվում են ընտրությունների նախօրյակին սպառողներին սիրաշահելու ու ՀԷՑ-ի սեփականատիրոջը սևացնելու համար, նվազեցնել սակագները։ Բայց հետո գնալու են շատ ավելի կտրուկ թանկացումների՝ զուտ այն պատճառով, որ ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարիչները կարճ ժամանակում հասցրել են հոսանքի կորուստները վերածել գերկորուստների՝ հետագայի համար էապես մեծացնելով ճնշումը սակագների վրա։

ՀԷՑ-ը խլելով՝ ներկայացնում էին, թե ժողովրդին լավություն են անում։ Այսպես են պատրաստվում լավություն անել ժողովրդին։ Դեռ չհաշված այն հարյուր-միլիոնավոր դոլարները, որը, լիցենզիայից զրկելու պարագայում՝ ստիպված են լինելու կտրել ժողովրդի բերանից ու փոխհատուցել սեփականատիրոջը պատճառած վնասները։  

ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ

Տեսանյութեր

Լրահոս