Դավիթ Իշխանյանը Բաքվում ներկայացրել է՝ Առաջին պատերազմի ժամանակ ինչ օպերացիաների է մասնակցել, Լևոն Մնացականյանն էլ հաստատել է՝ ՊԲ հրամանատար է եղել

168.amգրել է, որ ապրիլի 28-ին Բաքվում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «դատավարության» օրակարգում 1992 թվականի մայիսին հայկական կողմի իրականացրած Շուշիի օպերացիան էր՝ հաղթական ելքով:

Մենք ուշադրություն ենք հրավիրել այն հանգամանքի վրա, որ ՀՀ նախկին նախագահների դեմ պայքարն Ալիևին մղել է մոռանալ ադրբեջանական երբեմնի ղեկավարության «դավաճանությունը»:

Մայիսի 1-ին Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ «դատական» նիստին ևս չի անտեսվել Շուշիի օպերացիան:
Դատական նիստը լուսաբանող միակ լրատվամիջոցը՝ պետական «Ազերթաջ»-ը, հայտնել է, թե դատաքննությանը ցուցադրվել է տեսանյութ, որում Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանն է, լրատվամիջոցի ձևակերպմամբ՝ «Շուշիի օկուպացիայից անմիջապես հետո»:

Այնուհետև հղում անելով Ղուկասյանին, ադրբեջանական լրատվամիջոցը գրել է, որ ներկայացված տեսանյութում երևում են Օլեգ Եսայանը, Զորի Բալայանը, Արմեն Իսագուլովը, Վասիլի Աղաջանյանը, Արցախի թեմի նախկին առաջնորդ Պարգև Սրբազանը և այլք:

Կարդացեք նաև

«Դատավարությանը» ներկայացված մեկ այլ տեսանյութի կադրերում, «Ազերթաջ»-ի պնդմամբ, երևում է Դավիթ Իշխանյանը, ով իր ջոկատով և Մոնթե Մելքոնյանի հրամանով փորձել է կանգնեցնել Մարտունիի ուղղությամբ ադրբեջանական զինյալների առաջխաղացումը՝ դրանով իսկ իբր փակելով Շուշի տանող ճանապարհը:

Դավիթ Իշխանյանը, ըստ «Ազերթաջ»-ի, հայտարարել է, որ տեսանյութում ներկայացված փաստերը չեն համապատասխանում իրականությանը, և այն իբր քարոզչական նպատակով պատրաստվել է 2020-ի խորհրդարանական ընտրություններից առաջ, և, որ ինքը ֆիզիկապես չէր կարող մասնակցել այդ գործողություններին, քանի որ այդ ժամանակ ձեռնափայտով է քայլել:

Իսկ թե կոնկրետ ինչ տեսանյութի մասին է խոսքը՝ չի հստակեցվում, առհասարակ, Բաքվի դատարանում ցուցադրվող ոչ մի տեսանյութի «ինքնություն» ադրբեջանական կողմը չի հստակեցնում, և ոչ էլ «դատավարության» մասին պատմող ռեպորտաժներում դրանցում գործող անձանց ասելիքն ու ձայնն է հրապարակվում: Գուցե այդտեղ բացարձակ այլ բան է ասվում, որն ադրբեջանական քարոզչամեքենան չի փոխանցում, և իրականում հենց այդպես էլ կա. աղավաղվում է ասվածը, չի փոխանցվում այն, ինչ ձեռնտու չէ ադրբեջանական կողմին:

Իր հերթին՝ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, հայտարարել է, թե Շուշիի օպերացիան ղեկավարողները նաև մասնակցել են Բերձորի ազատագրմանը, և, որ ծանոթ է Շուշիի մասին պատմող և դատարանում ներկայացված տեսանյութերում երևացող Սամվել Բաբայանին, Սեյրան Օհանյանին, Արկադի Կարապետյանին, իսկ Վալերի Չիթչյանի հետ ծանոթ չի եղել:

«Այն, ինչ պատմվում է ֆիլմում, համապատասխանում է իրականությանը: Նրանք մասնակցել են ոչ միայն Շուշիի, այլ նաև Լաչինի օպերացիային»,- ադրբեջանական աղբյուրների հաղորդմամբ՝ ասել է Արայիկ Հարությունյանը:

Հիշեցնենք, որ 1992-ի մայիսի 18-ին ճեղքվել էր Արցախի շրջափակման մահացու օղակը. ազատագրվել էր Լաչինի շրջանը (Սյունյաց նահանգի Աղահեճք գավառը, 13-րդ դարից՝ Քաշաթաղ) և Լաչին քաղաքը (Բերձոր):

Լաչինի ազատագրումը դարձավ Շուշի-Լաչին ռազմավարական օպերացիայի տրամաբանական ավարտը՝ վերականգնելով Մայր Հայաստանի հետ կապը:

Արցախ-ՀՀ միջանցքին «Կյանքի ճանապարհը» հենց այնպես տրված անվանում չէր. Լեռնային Ղարաբաղը ծանրագույն վիճակում էր, քանի որ չկար էլեկտրամատակարարում, գազամատակարարում, զինամթերքի, սննդամթերքի, դեղորայքի, վառելիքի անհրաժեշտ նվազագույն քանակն էլ տեղափոխվում էր քաղավիացիայի ուժերով:

Իսկ 2020 թվականի սեպտեմբերի 27-ից նոյեմբերի 9-ը տևած 44-օրյա պատերազմն ավարտվեց եռակողմ հայտարարությունով, որը սահմանում է.

«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը՝ մինչև 2020 թվականի նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020 թվականի դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որն ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ և միաժամանակ շրջանցելու է Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո:

Կողմերի միջև համաձայնեցմամբ՝ առաջիկա երեք տարիների ընթացքում սահմանվելու է Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովող Լաչինի միջանցքով նոր երթուղու կառուցման պլանը՝ այդ երթուղու պահպանության նպատակով ռուսական խաղաղապահ զորակազմի հետագա վերատեղակայմամբ: Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների՝ երկու ուղղություններով տեղաշարժի անվտանգությունը»:

Բայց Ադրբեջանը խախտեց այս պահանջը, որի մասին բազմիցս ահազանգել էինք։ Այսինքն, վտանգվեց Բերձոր քաղաքի ճակատագիրը, հետո Արցախը հայտնվեց շրջափակման մեջ, ավելի ուշ՝ 2023 թվականի սեպտեմբերին, ամբողջովին կորցրեցինք հայկական երկրորդ պետությունը:

Ի դեպ, 168.am գրել էր, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանը փոխել է Լաչինի գրավման սկզբնական պլաններն ու ուղղությունը, ու այն, ըստ էության, Ադրբեջանին անցավ ոչ բուն մարտական գործողությունների արդյունքում կամ պատերազմի ժամանակ:

Վերադառնալով Բաքվի «դատավարությանը»՝ նշենք, որ մայիսի 1-ի նիստը շարունակվել է մայիսի 2-ին, որի ընթացքում անդրադարձ է կատարվել Մարտունիի հատվածում մարտական գործողություններին, և դարձյալ պետական մեղադրողները հարցեր են տվել Դավիթ Իշխանյանին, ընդ որում՝ դրանք, ըստ էության, առաջին անգամ չեն տրվում: Նախորդ «դատական» նիստերին նա արդեն պատմել է իր կենսագրության՝ Արցախի առաջին պատերազմին առնչվող հատվածը, որ ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Մարտունիում ութ գումարտակ է եղել, որոնցից մեկի հրամանատարն ինքն է եղել, և, որ «այդ ութ գումարտակը գտնվում էր շրջանի պաշտպանական գծի ենթակայության տակ, որի ղեկավարը Մոնթե Մելքոնյանն էր, իսկ բանակի հրամանատարը՝ Սամվել Բաբայանը»:

Մայիսի 2-ին կայացած «դատավարությանը» Դավիթ Իշխանյանը ստիպված է եղել կրկնել, որ 1992 թվականին զինվորական ծառայության է կանչվել, հետո Մարտունու գումարտակներից մեկն է ղեկավարել, և, որ Մարտունու պաշտպանական շրջանի ղեկավարը եղել է Մոնթե Մելքոնյանը, նրա տեղակալն էլ՝ Մովսես Հակոբյանը:

Ադրբեջանական քարոզչամեքենայի հաղորդմամբ, Իշխանյանը հայտարարել է, թե մասնակցել է Մարտակերտի վերին հատվածը վերցնելու օպերացիային, ինչպես նաև մի քանի օպերացիայի Քարվաճառի (Քելբաջար) և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանների ուղղությամբ:

Մայիսի 2-ի նիստին հարցեր են ուղղվել նաև ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին: Նախ, ինչպես փոխանցում են ադրբեջանական լրատվամիջոցները, գեներալը հաստատել է, որ 2015-2018 թվականներին եղել է Արցախի ՊԲ հրամանատարը, իսկ մինչև այդ զինվորական այլ պաշտոններ է զբաղեցրել, և, որ իր զինվորական ծառայությունը ՊԲ-ում սկսել է 1992 թվականի սեպտեմբերից՝ մոտոհրաձգային գումարտակի հրամանատարի տեղակալի պաշտոնից:

Լևոն Մնացականյանը Բաքվի դատարանում, ըստ ադրբեջանական աղբյուրների, հերքել է իր մասնակցությունը Մարտունիի և Խոջալուի օպերացիաներին, և, որ 1992 թվականի հոկտեմբերին Շուշիի շրջանում վիրավորվել է:

Եվ, ըստ Ադրբեջանի լրատվամիջոցների, գեներալն ասել է, որ Արկադի Տեր-Թադևոսյանի հետ ծանոթացել է Հայաստանում զինվորական ծառայության ժամանակ:

Հավելենք, որ ՊԲ նախկին հրամանատարը ևս առաջին անգամ չի հարցաքննվում, և որոշ հարցեր և մտքեր կրկնվում են: Ավելի վաղ նրան հարցեր են տրվել 2016 թվականի Ապրիլյան պատերազմի և Արցախի ՊԲ-ՀՀ ԶՈւ գործակցության մասին:

Իր հերթին՝ Արցախի նախկին նախագահ Արկադի Ղուկասյանը Բաքվի դատարանում հայտարարել է, որ չի տիրապետում Մարտունիում «իրականացված ցեղասպանական գործողությունների» մասին ոչ մի տեղեկության, որ անձամբ ծանոթ չի եղել Մոնթե Մելքոնյանի և Աշոտ Ղուլյանի (Բեկոր Աշոտ-Ասկոլկա- Մ.Պ) հետ, Արթուր Աղաբեկյանի հետ  էլ ծանոթացել է 1994-95 թվականներին, 1999-ին էլ նրան նշանակել ԼՂՀ ներքին գործերի նախարար, և, որ Աղաբեկյանը պաշտոն է զբաղեցրել ՀՀ պաշտպանության նախարարությունում:

«Դատական» հաջորդ նիստը Բաքվի դատարանը նշանակել է մայիսի 5-ին:

Իսկ այն, որ ադրբեջանական կողմը քննության առարկա է դարձնում պատերազմի ժամանակ իր հակառակորդի՝ հայկական կողմի ռազմական օպերացիաները, աբսուրդ է, այն էլ մի երկրի կողմից, որը բոլոր պատերազմական գործողությունների ժամանակ խախտել է պատերազմի օրենքները:

Գաղտնիք չէ նաև, որ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ այս շինծու դատավարությամբ Ալիևն արտաքին և ներքին քաղաքական խնդիրներ է լուծում, և գլոբալ առումով այն ուղղված է Հայաստանի Հանրապետության դեմ, ինչո՞ւ չէ՝ բանակցությունների համատեքստում այն որպես ճնշման գործիք ծառայեցնում է Փաշինյանի դեմ, հատկապես, երբ անգամ ադրբեջանական կողմն է արձանագրում Փաշինյանի վարկանիշի անկումը հայ հանրության շրջանում՝ 2018 թվականի, 2021 թվականի համեմատությամբ:

Տեսանյութեր

Լրահոս