
«Քառօրյայի» ադրբեջանական ծրագրի վերաբերյալ ընդդիմադիր Փաշինյանի վարկածը և Բաքվում հնչող հայկական պատասխանները

9 տարի առաջ այս օրերին Ապրիլյան պատերազմն էր, և 2016 թվականի ապրիլի 5-ին Ռուսաստանի Դաշնության միջնորդությամբ Ադրբեջանը խնդրել էր մարտական գործողությունների դադարեցում։ Այս մասին «Հաղթանակի ապրիլ» փաստավավերագրական ֆիլմի շրջանակում խոսել է ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ Յուրի Խաչատուրովը: Այլ հարց է, որ հրադադարից հետո Ադրբեջանը չի պահպանել կրակի դադարեցման պայմանավորվածությունը:
Այդ ժամանակ Արցախից ստացված պաշտոնական տվյալների համաձայն՝ 2016 թվականի ապրիլի 6-30-ն ընկած ժամանակահատվածում հայկական կողմն ունեցել է ևս 13 զոհ, որից 8-ը՝ զինծառայող, 5-ը՝ պահեստազորային:
Եվ ինչպես վերջերս 168.am-ի հետ զրույցում շեշտեց Ապրիլյան պատերազմի ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, «Ապրիլյան պատերազմում մենք չենք պարտվել, 2 կողմից հակառակորդը որոշակի մխրճում է ունեցել, ինչը կանգնեցվել է»:
Չնայած սրան՝ ՀՀ գործող իշխանությունները գտնում են, որ «քառօրյայի» ժամանակ հայկական կողմը պարտվել է, թեպետ Ապրիլյանի քննիչ հանձնաժողովի զեկույցում արդյունքների մասին ոչ մի խոսք ու գնահատական չկա։
Ի դեպ, 2016-ի ապրիլի 8-ին ֆեյսբուքյան իր էջում ընդդիմադիր Նիկոլ Փաշինյանը ներկայացրել էր թուրք-ադրբեջանական ծրագրի իր վարկածը:
«Համադրելով վերջին շրջանի փակ և բաց աղբյուրներից ստացված տեղեկատվությունը, կարելի է հետևյալ վարկածն առաջ քաշել, թե ի՞նչ հեռահար սցենար կարող էր թաքնված լինել ապրիլի 2-ին Ադրբեջանի ձեռնարկած հարձակման տակ:
Իսկ վարկածը կարելի է նկարագրել հետևյալ կետերով.
ա) Ադրբեջանական զորքը բլից-կրիգի արդյունքում պետք է խորանար ԼՂՀ տարածք:
բ) Հայկական կողմը խուճապահար պետք է օգնություն խնդրեր, բնականաբար, առաջին հերթին՝ իր ռազմավարական դաշնակցից:
գ) Ռազմավարական դաշնակիցը պետք է դեսանտով խաղաղարար (չշփոթել խաղաղապահի հետ) ուժեր տեղակայեր տարածքում (ադրբեջանական հարձակման ուղղությունները կարող են հնարավորություն տալ ենթադրել, որ սա պետք է տեղի ունենար այն ժամանակ, երբ Ադրբեջանը գրաված կլիներ Սարսանգի ջրամբարը, Քարվաճառը, Ֆիզուլին, Կովսականը, Սանասարավանը (Կուբաթլու։- Մ.Պ), Աղդամը):
դ) Կկնքվեր Հայաստանի համար հարկադիր-ստորացուցիչ կարգավորման համաձայնագիր՝ մի նոր Մոսկվայի, կամ՝ Կարսի, Բաթումի, Ալեքսանդրապոլի պայմանագիր:
ե) Ադրբեջանը կդառնար ԵՏՄ անդամ և նշված պայմաններում Հայաստանը դրան դիմադրելու որևէ ռեսուրս չէր ունենա:
– Եթե այս վարկածն իրական է, հայկական Զինված ուժերի սպաները, ժամկետային և պայմանագրային ծառայողներն իրենց կյանքի և հերոսության գնով անկումից փրկել են ոչ միայն Մարտակերտն ու Հադրութը կամ ԼՂՀ-ն, այլև՝ Հայաստանի Հանրապետությունը, Հայոց պետականությունը:
– Եթե այս վարկածն իրական է, հայ-ռուսական հարաբերություններն ամբողջական և խորքային վերագնահատման և վերանայման կարիք ունեն:
Ամեն դեպքում, մեր ռազմավարական գործընկեր Ռուսաստանը կարիք ունի փարատել հայ հանրության շրջանում առկա կասկածները: Ինքս պատրաստ եմ աջակցել Ռուսաստանին այդ կասկածները փարատելու գործում: Հույս ունեմ՝ դրանք գործնականում հնարավոր է փարատել:
Հ.Գ. Նշված սցենարին, իհարկե, դեմ չէր լինի Թուրքիան, ինչպես ժամանակին դեմ չեղավ, որ Ադրբեջանն ընդգրկվի ԽՍՀՄ կազմում: Նրա համար ավելի կարևոր է, որ Հայաստանը լինի ընդամենը մանրադրամ-պետություն, որին ցանկացած պահի հնարավոր կլինի «մանրել» աշխարհաքաղաքական առևտրում: Ակնհայտ է նաև, որ, այսպես կոչված, հրադադարը հաստատվեց այն ժամանակ, երբ հայկական կողմը հակահարձակում էր նախապատրաստում, և Իլհամ Ալիևը հրադադարի համար շտապեց շնորհակալություն հայտնել Ռուսաստանին: Հայկական կողմից հրադադարի կապակցությամբ որևէ շնորհակալության խոսք չի հնչել:
Հ.Գ.-1. Երկրորդ, ԱՄՆ-ը և ԵՄ-ն կարող են լինել գործարքի մասնակից և համահեղինակ: Այս պարագան, սակայն, պիտի նշանակի, որ գործ ունենք աշխարհաքաղաքական մեծ բարտերի հետ, որը ներառում է նաև Սիրիայի և Ուկրաինայի հարցերը:
Հ.Գ.-2 Երրորդ, եթե այս վարկածը իրական է, այն կասեցվել, բայց չի չեղարկվել: Այս սցենարը հնարավոր է չեղարկել միայն 10 միլիոն հայի համատեղ ջանքով: Ուրիշ ոչ մի կերպ»,- մանրամասնել էր Փաշինյանը:
Թե Փաշինյանի ներկայացրած վարկած-թուրք-ադրբեջանական ծրագիրն ինչպես, երբ իրականացվեց և որքանով՝ թողնում ենք առանց մեկնաբանության:
Չմոռանանք, որ Փաշինյանը ՌԴ-ին մեղադրել էր 2016 թվականի Ապրիլյան պատերազմի կազմակերպման մեջ, ինչն ապացուցելու համար, սակայն, Քննիչ հանձնաժողով չէր կանչվել:
Այս համատեքստում հավելենք, որ օրերս Ապրիլյան մարտական գործողությունների 9-րդ տարվա ֆոնին, ըստ էության, հակառուսական մի հոդված էլ ադրբեջանական minval.az-ն էր հրապարակել։
Ապրիլյան պատերազմի թեման ժամանակ առ ժամանակ Ադրբեջանը շոշափում է Բաքվի «դատավարության» ժամանակ, քանի որ «մեղադրյալի» աթոռին են նաև Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանը և ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:
2025 թվականի ապրիլի 3-ին և 4-ին կայացած «դատական նիստերի» ժամանակ այս թեմային անդրադարձ չի եղել, և Ադրբեջանում պահվող Դավիթ Իշխանյանի և Դավիթ Մանուկյանի հարցաքննությունների ժամանակ Ադրբեջանի հարցերն առնչվել են Արցախյան առաջին և 2020 թվականի պատերազմին:
Եվ մինչև Նիկոլ Փաշինյանն այս օրերին վախեցել է հիշել Ապրիլյան պատերազմը և հարգել հայ հերոսների հիշատակը (և ոչինչ, որ Ապրիլյան պատերազմից մեկ ամիս հետո օկուպացված Ճանկաթաղում խրամատ փորելը ՔՊ ջոկատի անդամները համարել էին Ապրիլյան պատերազմին մասնակցություն), Դավիթ Իշխանյանը և Դավիթ Մանուկյանը պատմել են Ադրբեջանի դեմ գործողություններում իրենց մասնակցության և Դաշնակցության հետ իրենց կապի մասին:
Ադրբեջանի «Ազերթաջ» պետական լրատվական գործակալության հաղորդմամբ, Արցախի ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը հայտարարել է, որ եղել է ՀՅԴ ակտիվ անդամ և երկու տարի Արցախի խորհրդարանում եղել է «Դաշնակցություն» խմբակցության ղեկավարը, և, որ Արցախյան առաջին պատերազմին միացել է 1992 թվականի ամռանը՝ որպես «Դաշնակցություն» կուսակցության անդամ:
Իշխանյանը մանրամասնել է, որ Արցախյան առաջին պատերազմի ժամանակ գումարտակի հրամանատար է եղել և ենթարկվել է իր վերադաս Մոնթե Մելքոնյանին:
«Մարտունիում ութ գումարտակ կար, որոնցից մեկի հրամանատարը ես էի, այդ ութ գումարտակը գտնվում էր շրջանի պաշտպանական գծի ենթակայության տակ, որի ղեկավարը Մոնթե Մելքոնյանն էր, իսկ բանակի հրամանատարը՝ Սամվել Բաբայանը»,- ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, ասել է Իշխանյանը:
Ադրբեջանական պետական մեղադրողներից նրան հիշեցրել են նաև 2023 թվականի օգոստոսին արած հայտարարության մասին, որ բաց նամակներ է ուղարկել ՌԴ-ի, Իրանի, Ֆրանսիայի, ԱՄՆ-ի և եվրոպական երկրների խորհրդարանների նախագահներին՝ կոչ անելով ճնշում գործադրել Ադրբեջանի վրա։
«Ո՞րն էր այդ նամակների բովանդակությունը, ինչպիսի՞ ճնշումներ էիք կոչ անում կիրառել Ադրբեջանի նկատմամբ»՝ դատախազի հարցին ի պատասխան՝ Իշխանյանը հաստատել է, որ, այո՛, նամակներ ուղարկել է, բայց տեղյակ չէ՝ դրանք հասե՞լ են հասցեատերերին:
Այնուհետև Դավիթ Իշխանյանին հարցրել են՝ ո՞րն է եղել «Ադրբեջանի դեմ Հայաստանի «ռազմական ագրեսիայի» նպատակը», ինչին, ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, Իշխանյանը պատասխանել է.
«Այդ ժամանակաշրջանի մասին չեմ կարող խոսել (նկատի ունի ղարաբաղյան շարժման սկզբնավորման ժամանակաշրջանը։- Մ.Պ.), քանի որ այն ժամանակ շատ երիտասարդ էի, բայց երբ չափահաս դարձա, հասկացա, թե որոնք են ռազմավարական նպատակներն ու ռազմավարական սկզբունքները, իսկ ռազմավարական նպատակն Արցախի միավորումն էր Հայաստանին»։
Ինչ վերաբերում է ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ գեներալ Դավիթ Մանուկյանին, ապա նրան տրված որոշ հարցեր նաև նախորդ նիստերին են տրվել, որոնք վերաբերում էին Արցախի առաջին պատերազմին նրա մասնակցությանը, 44-օրյա պատերազմի հետ նրա առնչությանը, 44-օրյայից հետո ՊԲ-ի կրճատմանը և ՊԲ-ից նրա զորացրմանը:
Այս անգամ, սակայն, ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, Դավիթ Մանուկյանը նշել է, որ ՊԲ հրամանատարի առաջին տեղակալ «նշանակվել է» ՀՀ նախագահի հրամանագրով, սակայն 44-օրյա պատերազմի ժամանակ հրահանգներ է ստացել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանից:
Գեներալը, ինչպես փոխանցում է ադրբեջանական կողմը, ասել է, թե Արցախում գտնվող շտաբի ստորին հարկում պահեստային հրամանատարական կետ է եղել, որպեսզի հրամանատարական կետի ոչնչացման դեպքում այն ժամանակավորապես ծառայեր որպես շտաբ:
Դավիթ Մանուկյանի հարցաքննության ժամանակ ադրբեջանական մեղադրողները չեն անտեսել 44-օրյա պատերազմի օրերին «Ադրբեջանին հրթիռային հարվածներ» հասցնելու թեման, ինչն արծարծվել է նաև Արցախի նախկին նախագահների ադրբեջանական հարցաքննությունների ժամանակ:
Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, գեներալ Մանուկյանը հայտարարել է, թե տեղյակ չէ առաջնագծից հեռու Ադրբեջանի տարածքների ենթադրյալ հրթիռակոծությունների մասին։
Եվ հաշվի առնելով, որ այս օրերին Ադրբեջանը դարձյալ բարձրացնում է ՀՀ-ից ստացած ականապատ տարածքների ոչ ճշգրիտ քարտեզների հարցը, Դավիթ Մանուկյանից պետական մեղադրողներն ապրիլի 4-ին փորձ են արել հարմար ցուցմունք կորզել, որը հետո վերագրել են նրան, թե 44-օրյայից հետո Արցախում հայկական կողմն ականներ է տեղադրել:
Կրկնում ենք, սա ադրբեջանական կողմի ներկայացրած պատասխանն է, որը վերագրվում է Դավիթ Մանուկյանին, իսկ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության հարցաքննությունները ներկայացվում են անձայն:
Վերջին թեմայի համատեքստում հիշեցնենք, որ օրերս Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դարձյալ հայտարարել է, որ Հայաստանի տրամադրած ականապատ տարածքների քարտեզների ճշգրտությունը կազմել է 25 տոկոս: Այսինքն, Հայաստանի քարտեզները ցույց են տալիս մոտ 400.000 ականների տեղակայման վայրերը, սակայն իրական թիվը, ադրբեջանական կողմի պնդմամբ, մոտ 1,5 միլիոն է։
ՀՀ ԱԳՆ-ն արձագանքել էր Ադրբեջանի այս դժգոհությանը:
«Կարևորելով հումանիտար հարցերի հասցեագրումը՝ 2021 թվականի հունիսի 12-ին, հուլիսի 3-ին, հոկտեմբերի 19-ին, նոյեմբերի 1-ին և նոյեմբերի 29-ին Հայաստանն առանց նախապայմանների միակողմանի կերպով Ադրբեջանին է տրամադրել ականապատ դաշտերի թվով 972 տեղեկամատյաններ։
Ավելին, հավատարիմ մնալով մարդասիրական հարցերում համագործակցության սկզբունքներին՝ Հայաստանը հարցումների միջոցով կազմել և 2024թ. սկզբում Ադրբեջանին է փոխանցել ականապատ դաշտերի նոր տեղամատյաններ:
Ադրբեջանը շարունակաբար կասկածի տակ է դնում այդ քարտեզների ճշգրտությունը, չնայած որ մեր կողմից բազմիցս հայտարարվել է, որ չկան «ավելի լավ կամ ավելի ճշգրիտ» քարտեզներ:
Հայաստանը, ինչպես նախկինում, այնպես էլ այժմ պատրաստ է միջազգային փորձագետների ներգրավմամբ ստուգել այդ քարտեզների ճշգրտությունը։
Հավելենք, որ Արդարադատության միջազգային դատարանը միանշանակ մերժել է Հայաստանի նկատմամբ ժամանակավոր միջոց կիրառելու պահանջը, որով Ադրբեջանը Հայաստանին մեղադրում էր ականապատումների մեջ»,- ասվում է ԱԳՆ պատասխանում:
168.am-ն անդրադարձել էր Ադրբեջանին ականապատ տարածքների քարտեզների առանց նախապայմանների տրամադրմանը: Այսինքն, Հայաստանը կարող էր շատ հանգիստ դրանց դիմաց 2021 թվականին Ադրբեջանից տեղեկություններ ստանալ 44-օրյա պատերազմում մեր անհետ կորածների կամ գուցե գերության մեջ գտնվողների մասին, ինչը չի արվել և չի արվում:
Իսկ ականների խնդրին և՛ Ադրբեջանը, և՛ Հայաստանը դեռ բախվելու են սահմանազատման և սահմանագծման գործընթացի արդյունքում: