Լաչինի միջանցքը՝ Ադրբեջանի վիզուալ վերահսկողության տակ. Փաշինյանի ռազմական և քաղաքական զիջումների գինը

Իլհամ Ալիևը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ենս Ստոլտենբերգի հետ հանդիպումից հետո կայացած համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հերթական անգամ հաստատեց, որ Նիկոլ Փաշինյանը, նրա շրջապատը և ընտանեկան թերթը, մեղմ ասած, ինքնախաբեությամբ են զբաղվում:

«Եռակողմ հայտարարություններում բացահայտ ասվում է, որ Ադրբեջանը ապահովում է անվտանգություն և մուտք դեպի Լաչինի միջանցք: Հայաստանը պետք է մեզ նույն անարգել մուտքը տա դեպի Զանգեզուրի միջանցք։ Այսօր Լաչինի միջանցքում չկան մաքսակետեր: Նույնը պետք է լինի նաև Զանգեզուրի միջանցքում։ Եթե Հայաստանը պնդի` մաքսակետեր ստեղծելու համար վերահսկել ապրանքների և քաղաքացիների տեղաշարժը «Զանգեզուրի միջանցքով», ապա այն ժամանակ մենք պնդելու ենք Լաչինի միջանցքում նույն պայմանները։ Սա տրամաբանական է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը: Սրան Նիկոլ Փաշինյանն արձագանքել է, թե Ադրբեջանը փորձում է փակուղի մտցնել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման հարցը:

Հիշեցնենք, որ երբ նոյեմբերի 26-ին, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստան-Ադրբեջան-Ռուսաստան ղեկավարների մակարդակով եռակողմ բանակցությունների արդյունքների ամփոփմանը օգտագործել էր «տրանսպորտային միջանցքների ապաշրջափակում» ձևակերպումը, այսինքն, Ալիևը Պուտինի միջոցով էր խոսել կամ Պուտինը Ալիևի շուրթերով էր խոսել, Նիկոլ Փաշինյանի ընտանեկան թերթը որոշել էր, որ ռուսաստանյան հանդիպման արդյունքներով «վերջնականապես հօդս ցնդեց ադրբեջանական քարոզչամեքենայի կողմից ավելի քան մեկ տարի շրջանառվող «Զանգեզուրի միջանցք» կոչվող երազանքը», և, որ «Զանգեզուրի միջանցքի» կյանքի կոչման անհնարինությունը, ըստ էության, ընդունեց նաև Իլհամ Ալիևը: Մինչդեռ Ադրբեջանը վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ խաղարկել է Լաչինի միջանցքը՝ Զանգեզուրի միջանցքի դիմաց:

Մասնավորապես, դեռ ամռանը Ադրբեջանի նախկին արտգործնախարար Թոֆիկ Զուլֆուգարովը ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ակնարկել էր, որ եթե հայկական կողմը շարունակի Զանգեզուրի միջանցքի բացման անհնարինության մասին հայտարարությունները, ապա Ադրբեջանը և Ռուսաստանը գաղտնի ու բաց խորհրդակցություններ կանցկացնեն Հայաստանի՝ եռակողմ հայտարարության պահանջները չկատարելու թեմայով:

«Չի բացառվում, որ մենք ևս կհրաժարվենք այդ փաստաթղթով սահմանված որոշ պարտականություններից: Օրինակ, «պոստեր» կտեղակայենք Լաչինի միջանցքում և այնտեղ կգործենք սեփական հայեցողությամբ: Այսինքն, եթե դու հրաժարվում ես համաձայնագրից, պատրաստ եղիր դրան համարժեք պատասխան քայլի»,- նշել էր Զուլֆուգարովը: Նույն պնդումը Զուլֆուգարովը արեց նաև դեկտեմբերի 1-ին՝ «Новости Кавказа GSAC» յութուբյան ալիքի հեղինակ, քաղաքական մեկնաբան Գելա Վասաձեի հետ հարցազրույցում: 

«Շատ է քննարկվում՝ միջա՞նցք է դա, թե՞ հաղորդակցություն: Միջանցքի և պարզապես հաղորդակցության միջև տարբերությունը դա հատուկ ռեժիմ է, այն պարունակում է, այսպես ասած, էքստերիտորիալ էլեմենտներ: Սա փոքր-ինչ վախեցնում է: Այո, այն հատուկ ռեժիմ է ենթադրում: 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարության մեջ նշվում է, որ այնտեղ վերահսկողությունն ու անվտանգությունն ապահովելու են ռուս սահմանապահները կամ խաղաղապահները: Ավելին, 1992-ից հայկական սահմանները գտնվում են ռուս սահմանապահների հսկողության տակ, դա հայկական կողմի որոշումն էր (1992 թվականին Հայաստանը և Ռուսաստանը ստորագրել են պայմանագիր, համաձայն որի՝ Հայաստան-Իրան և Հայաստան-Թուրքիա պետական սահմանին հայ սահմանապահների հետ միասին հաստատվել են ռուս սահմանապահներ.- խմբ): Այսինքն, էքստերիտորիալ ասվածն արդեն իսկ կա: Իսկ մենք գիտենք, որ երկաթուղային ճանապարհն անցնում է Արաքս գետի երկայնքով: Կրկնում եմ՝ էքստերիտորիալ ասվածն արդեն իսկ առկա է, Հայաստանն իր համաձայնությունը դրան տվել է, այսինքն, միջանցքը, այսպես ասած, կանխորոշված է»,- ասել է Ադրբեջանի ԱԳ նախկին նախարարը:

Ինչ վերաբերում է Փաշինյանի այս ամենին հայտարարությունների մակարդակով ընդդիմանալու անհաջող փորձերին, ապա դա պետք է աներ նոյեմբերի 7-9-ը, երբ պատրաստվում էր կապիտուլյացիոն փաստաթուղթը:

Ադրբեջանական «պոստեր»՝ Լաչինի միջանցքում, կամ ոչ մի հայկական մաքսակետ՝ Զանգեզուրի միջանցքում

168.am-ն ավելի վաղ գրել էր, որ 2020թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության տեքստի մեջ Լաչինի միջանցքի մասով խմբագրում է կատարվել:

Մասնավորապես, հայտարարության նախնական տարբերակի 6-րդ կետում նշված է եղել, որ «Հայաստանը Ադրբեջանին մինչև դեկտեմբերի 1-ը վերադարձնում է Լաչինի շրջանը, թողնելով միջանցք 5 կմ լայնությամբ, որն ապահովելու է Հայաստանի հետ կապը, սակայն չի շոշափելու Շուշին»։

Արդեն խմբագրված տարբերակում այդ հատվածը նման տեսք է ստացել.

«Հայաստանի Հանրապետությունն Ադրբեջանի Հանրապետությանը վերադարձնում է Քելբաջարի շրջանը մինչև 2020թ. նոյեմբերի 15-ը, իսկ Լաչինի շրջանը՝ մինչև 2020թ. դեկտեմբերի 1-ը: Լաչինի միջանցքը (5 կմ լայնությամբ), որը ապահովելու է Լեռնային Ղարաբաղի կապը Հայաստանի հետ, ընդ որում, շրջանցելով Շուշի քաղաքը, մնում է Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի վերահսկողության ներքո»:

Նույն կետի շարունակության մեջ ավելի ուշագրավ պահ կա, որը և Ալիևն օգտագործում է:

«Կողմերի համաձայնությամբ, Լեռնային Ղարաբաղի և Հայաստանի միջև կապն ապահովելու համար առաջիկա երեք տարիների ընթացքում պիտի հաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծ, որից հետո ռուսական խաղաղապահ զորակազմը կվերատեղակայվի՝ այդ երթուղին պաշտպանելու համար:

Ադրբեջանի Հանրապետությունը երաշխավորում է Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային և բեռնատար միջոցների երթևեկության անվտանգությունը երկու ուղղություններով»:

Սկզբունքորեն այստեղ ևս դոմինանտ դիրքորոշումն Ադրբեջանինն է լինելու:

Դեռ անցած տարի պատերազմից հետո Ալիևը որոշակի գաղտնազերծում էր արել՝ ասելով, որ Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարության նախնական տարբերակում առաջարկվել է, որ Լաչինի միջանցքի լայնությունը կազմի 30 կմ, ինչին Ադրբեջանը կատեգորիկ դեմ է եղել: Սրանից հետո առաջարկվել է երկրորդ տարբերակը՝ 10 կմ լայնությամբ, որին Ալիևը ևս չի համաձայնել, արդյունքում՝ Լաչինի միջանցքի լայնություն է սահմանվել 5 կմ։

«Բոլորին հայտնի է, որ Լաչինի միջանցքն անցնում է Լաչին քաղաքով։ Այսպիսով՝ Լաչին քաղաքը մնում է այդ միջանցքի մեջտեղում։ Ռուսաստանի նախագահ Պուտինի հետ զրույցներում ես ասել եմ, որ Լաչին քաղաքը պետք է վերադարձվի մեզ։ Մենք առաջարկում ենք նոր միջանցք կառուցել, մշակել միջանցքի նոր երթուղի, որը կկապի Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ։ Նշված է նաև ժամկետը՝ երեք տարվա ընթացքում։ Բայց ես կարծում եմ, որ մենք կարող ենք դա անել ավելի շուտ: Եվ նոր միջանցքի պարամետրերի հստակեցումից հետո Լաչին քաղաքը ևս կվերադարձվի մեզ: Այս հարցը հատուկ ուշադրության է արժանի, որովհետև եթե ես չհասնեի նրան, որ այն ներառվեր հայտարարության մեջ, ապա Լաչինի միջանցքը մշտապես կընդգրկեր Լաչին քաղաքը»,- հայտարարել էր նա:

Այսինքն, Նիկոլ Փաշինյանը դեռ այն ժամանակ գուցև չպատկերացնելով դրա հետևանքները՝ գնացել է նման զիջումների:

Պատերազմի ժամանակ Ադրբեջանի զինուժը կարևոր խնդիր ուներ՝ հասնել Լաչին

Ի դեպ, նոյեմբերի 23-ին կազմակերպված առցանց ասուլիսի ժամանակ Նիկոլ Փաշինյանը պատասխանելով հարցին, որ ադրբեջանական կողմը նոյեմբերի 9-ի հայտարարության անարգել երթևեկություն արտահայտությունը կիրառելով` պնդում է, սա հենց «սուվերեն միջանցք» է նշանակում, հայկական կողմի համար ընդունելի՞ է առանց մաքսային կամ այլ ստուգումների ճանապարհի տրամադրումը ադրբեջանական կողմին, Փաշինյանը պատասխանել էր.

«Եթե նշանակեր «սուվերեն միջանցք», գրված կլիներ՝ «սուվերեն միջանցք»: Մանավանդ այդ նույն փաստաթղթի մեջ միջանցք բառը օգտագործված է` «Լաչինի միջանցք» ձևակերպումով»:

Ադրբեջանական իշխանամերձ լրատվամիջոցներն ի պատասխան զգուշացրել են, որ ադրբեջանական կողմը շատ հանգիստ կարող է օգտվել Փաշինյանի այս լեզվական սայթաքումից: Այսինքն, կարող են վերանայել Լաչինի միջանցքով տեղաշարժման սկզբունքը և օգտվելով միջանցքից՝ անարգել Հայաստանի տարածքով շարժվեն դեպի Նախիջևան:

Նախքան Նախիջևանի և Զանգեզուրի միջանցքի մասին ևս մի քանի հիշեցում-դիտարկումները, նշենք, որ ադրբեջանական կողմը, ավելի ճիշտ՝ թուրք-ադրբեջանական տանդեմը դիվանագիտական քայլերից առաջ համապատասխան ռազմական գործողություններ է անում և դրանք փոփոխում ըստ իրավիճակի՝ ինչպես պատերազմի ժամանակ, այնպես էլ՝ պատերազմից հետո, ղեկավարների մակարդակով կարևոր հանդիպումներից առաջ: Եվ հենց այս ռազմական հաջողություններից կամ անհաջողություններից է բխել և բխում Ադրբեջանի հետագա արտաքին քաղաքական պահվածքը:

Հարցազրույցներից մեկում Ադրբեջանի կողմից հատուկ նշանակության ջոկատայիններից կազմված հարվածային միավորման հրամանատարի, Շուշիի գրավման օպերատիվ խմբի ղեկավարի պարտականությունները կատարած Թեհրան Մենսիմովը հայտարարել էր, որ վերջին պատերազմի ժամանակ «կարևոր խնդիր էր դրված՝ հասնել Լաչին»:

«Մենք տեղանքի հետախուզություն ենք իրականացրել, հասել ենք մինչև Լաչինի շրջանի Գյուլաբիրդ գյուղ: Լաչինը դեռ վերցված չէր: Խնդիր էր դրված գնալ հակառակորդի թիկունք՝ 40 կմ խորությամբ, փորձել աննկատ անցնել, աջից և ձախից փակել Լաչինի միջանցքը: Այսինքն՝ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի հետ կապող ճանապարհը: Գյուլաբիրդում արդեն կանգնած էր 6-րդ կորպուսը, որը հայերից «մաքրել» էր գյուղը: Հոկտեմբերի 16-17-ն էր: Մենք խորհրդակցեցինք, և հարցեր առաջացան, որովհետև հատուկ նշանակության խումբը պետք է հաղթահարեր ավելի քան 40 կմ տարածություն՝ Ջաբրայիլից մինչև Լաչինի միջանցք: Ինչպես պետք է ապահովվեր կրակային աջակցությունը, կապի ինչ միջոցներով պետք է մեզ ապահովեին: Շատ հարցեր կային նաև լոգիստիկայի և այլ խնդիրների հետ կապված: Եվ այս մարտական խնդիրը հանվեց օրակարգից՝ առանց պատճառի ամբողջական բացատրության»,- ասել էր Մենսիմովը:

168.am-ի տեղեկություններով, ադրբեջանական կողմը սկզբնական պլանները փոխել է, որովհետև հետախուզությունը համոզվել է, որ այդտեղ պաշտպանությունը կազմակերպված է, ուստի որոշել են շարժվել Մեծ թաղեր-Չըդրատեղ (բարձունք է, տեղացիներն այսպես են անվանում)-Սղնաղ-Քարինտակ-Շուշի ուղղությամբ, այստեղ պաշտպանություն չի եղել:

ՌԴ ԱԴԾ (ФСБ) նախկին սպա, գնդապետ, ռազմական փորձագետ Իգոր Ստրելկովը մի առիթով նշել էր, որ ՀՀ-ից աջակցություն չի եղել, երբ Ադրբեջանը ճեղքել է ՊԲ պաշտպանական գիծը:

«Այդ ժամանակ ՀՀ ռեզերվները վերահսկողության տակ չեն վերցրել կարևորագույն ճանապարհը՝ Լաչինի միջանցքը, և երբ ադրբեջանցիները դուրս են եկել Ստեփանակերտ տանող ճանապարհը, այնտեղ փաստացի ոչ ոք չի եղել: Այսինքն, ՊԲ-ն իր ռեզերվներն այդ ժամանակ արդեն սպառել էր, իսկ ՀՀ ուժերը կարող էին այդ ճանապարհին գոնե պաշտպանության նպատակով կանգնել, բայց նրանք այնտեղ նույնիսկ չեն երևացել: Գործ ունենք ռազմական դավաճանության հետ, որովհետև մտածել, որ Փաշինյանը պարզապես հիմար է, ես չեմ կարող»,- շեշտել էր նա:

2021-ի նոյեմբերի 16-ին ադրբեջանաթուրքական տանդեմի համաձայնեցված ռազմական օպերացիան ևս նրանց Նախիջևանի, Զանգեզուրի և Լաչինի միջանցքի հետ կապված նկրտումների համատեքստում էր: Այսինքն, ռազմական առումով ադրբեջանական կողմը ստեղծում է մի իրավիճակ, որպեսզի Նիկոլ Փաշինյանը, որն անգամ հայկական կողմի շահերից քիչ թե շատ բխող համաձայնագրերի կետերից չի օգտվում, գնա հերթական զիջմանը՝ իբր կանխելով նոր պատերազմը:

Նոյեմբերի 16-ի մարտական գործողությունների արդյունքում, ըստ ադրբեջանական լրատվամիջոցներում տեղադրված քարտեզների, թշնամու զինուժը կարողացել է դուրս գալ առանցքային և ռազմավարական կարևորություն ունեցող բարձունքներ՝ Արևելյան Սևանի լեռների կամ լեռնաշղթայի ուղղությամբ՝ դեպի Քարվաճառ, ինչպես նաև՝ Քիլիսալի լեռան շրջակայքում մարտերի հետևանքով գրավել են մի քանի հայկական դիրք: Ադրբեջանը նպատակ է ունեցել իր վիզուալ վերահսկողության տակ պահել Լաչինի միջանցքը, ինչը, որոշ չափով, թերևս, հաջողվել է:

 Տեր-Պետրոսյանի խոստումը. Լաչինի հարցը հետագա հանդիպումներում քննարկել՝ ԱՄՆ-ի կողմից կոնֆիդենցիալության երաշխավորմամբ

Հիշեցնենք, որ մեկ տարի առաջ 168.am-ի ձեռքում էր հայտնվել մի փաստաթուղթ՝ թվագրված՝ 1996 թվական, որտեղ անդրադարձ էր կատարվում ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի՝ ԱՄՆ փոխքարտուղար Սթրոբ Թելբոթի և ԱՄՆ Ազգային Անվտանգության տեղակալի խորհրդատու Բերգերի հետ ունեցած հանդիպումներին, որոնց ժամանակ անդրադարձ է կատարվել նաև Լաչինի միջանցքին: Մասնավորապես, Տեր-Պետրոսյանն ասել էր, որ Ղարաբաղը պետք է կապ ունենա Հայաստանի հետ։

«Դա կարող է լինել միջանցք, բայց դա պետք է լինի ռազմական տեսանկյունից անվտանգ միջանցք։ Սա մենք դիտարկում ենք՝ որպես Ղարաբաղի համար լրացուցիչ անվտանգության երաշխիք»,- ասել է նա:

Այնուհետ փաստաթղթում շարունակվում է, որ Տեր-Պետրոսյանն ասել է, թե «խնդիր չի լինի տարածքային ամբողջականությունը և Լաչինի հարցը հետագա հանդիպումներում քննարկելու հարցում, եթե ամերիկացիները կարողանան կոնֆիդենցիալությունը երաշխավորել»:

2021-ի փետրվարին, սակայն, Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Լեռնային Ղարաբաղի` Բաքվի վերահսկողության տակ անցած Քաշաթաղի (Լաչինի) շրջան կատարած այցի ժամանակ հայտարարել էր, որ բանակցությունների ժամանակ հայկական կողմը երբեք չի ցանկացել իրենց վերադարձնել Լաչինի և Քելբաջարի շրջանները։

«Դա բանակցություններում պայմանավորվածության բացակայության հիմնական պատճառն էր։ Ցավոք, Հայաստանն ու նրա մի շարք արտասահմանյան հովանավորներ ձգտում էին նրան, որ Ադրբեջանին վերադարձվի 5 շրջան, Ադրբեջանը բավարարվեր դրանով, Լեռնային Ղարաբաղը որևէ մի ժամանակահատվածում անկախություն ստանար, իսկ Քելբաջարի և Լաչինի շրջանները մնային Հայաստանի հավերժական վերահսկողության տակ»,- ասել էր Ալիևը` հավելելով, որ մերժել է այդ առաջարկը։

Ինչ ունենք փաշինյանական իշխանության օրոք՝ Լաչինի միջանցքի քննարկվող հարց, Արցախի կարգավիճակի աղոտ ապագա կամ ոչ հայանպաստ ապագա: Այսինքն, այսօր Արցախի ինքնորոշման իրավունքի իրացման հարցն օրակարգից դուրս է, և, ըստ էության, Փաշինյանը գրողի ծոցն է ուղարկել «անջատում՝ հանուն փրկության» բանաձևը:

Եվ ժամանակը ցույց կտա՝ կընդունի Սամվել Բաբայանի «մանդատային տարածքի բանաձև՞ը, թե՞ Տեր-Պետրոսյանի խոստացած «ինքնավարության ամենաբարձր հնարավոր աստիճանը»:

Տեսանյութեր

Լրահոս