
Բաքվում Լևոն Մնացականյանի «ցուցմունքը». արդյո՞ք ԳՇ պետը միանձնյա է գործում, ի՞նչ է ասել նա, որ ասել կամ չի ասել ՀՀ իշխանությունը

Մարտի 13-ին Բաքվում կայացած «դատավարության» ժամանակ, ինչպես կարելի էր նկատել ադրբեջանական քարոզչամեքենայի փոխանցած տեղեկությունից, Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը ՊԲ-ՀՀ ԶՈՒ գործակցության կամ ներքին հարաբերություններին վերաբերող հարցերի ժամանակ մատնանշել էր ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին՝ ասելով, թե հրամանների կատարման կարգի մասին ավելի լավ կարող է նա խոսել:
Մարտի 17-ի «դատական նիստին» դատախազների հարցերին (և ոչ միայն) պատասխանել է ՊԲ նախկին հրամանատար Լևոն Մնացականյանը:
Նախ գեներալը հայտնել է, որ 1992 թվականին զինվորական ծառայության է անցել Ղարաբաղում և նույն թվականի հոկտեմբերի 2-ին մարտական գործողությունների ժամանակ վիրավորվել է:
Իսկ 1993 թվականից մինչև 2012 թվականը շարունակել է իր զինծառայությունն Արցախի պաշտպանության բանակի տարբեր պաշտոններում, որից հետո նշանակվել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի տեղակալ։
2015 թվականին էլ նշանակվել է ԼՂՀ պաշտպանության նախարար-բանակի հրամանատար, ընդ որում, ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, Լևոն Մնացականյանը նշել է, որ իր նշանակման առաջարկությունն արել է այդ ժամանակ ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը, ինչը հաստատվել է ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի կողմից:
Այսինքն, Լևոն Մնացականյանը կրկնել է Բաքվի դատարանում Արցախի նախկին նախագահների պնդումները, որ Արցախի պաշտպանության բանակի բարձր պաշտոններում նշանակումների մասին որոշումները կայացվել են Հայաստանում, ինչպես նաև, որ Արցախի պաշտպանության բանակում ֆինանսական խնդիրները լուծվել են Հայաստանի աջակցությամբ, և, որ այնտեղից ստացել են զենք-զինամթերք:
Ի դեպ, գեներալ Մնացականյանին ադրբեջանական քարոզչամեքենան վերագրում է նաև այն, թե Արցախ հակահետևակային ականները Հայաստանից են բերվել:
Դեռ 2022 թվականին 168.am-ը գրել էր, որ Ադրբեջանի՝ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարին ներկայացված միջանկյալ զեկույց-նամակում նշվել է՝ Արցախի օկուպացված տարածքներում հայտնաբերված ականների և պայթուցիկ զինամթերքի մեծ մասն արտադրվել են հայկական «Հայկ Մեկ» ընկերության կողմից, որը հիմնվել է 1991-ին և կարևոր դերակատարում է ունեցել Հայաստանի ռազմարդյունաբերության ոլորտում:
Զեկույցում շեշտվել է, որ «Հայկ Մեկ» ընկերության արտադրած (ПМН-Э, ПМН-2, ПОМЗ-2, ОЗМ-72, МОН-50, ПФМ-1) ականները ցուցադրվել են ArmHiTec–2016 սպառազինության և պաշտպանական տեխնոլոգիաների միջազգային ցուցահանդեսում:
Մենք էլ մեր հերթին՝ պարզել էինք, որ «Հայկ Մեկ» ընկերությանը, ապա 2017-ին՝ ՀՀ կառավարության որոշմամբ երկարացվել էր կազմակերպության՝ զենք արտադրելու թույլտվության արտոնագիրը, դրանով ընկերությանը թույլատրվել էր ևս 5 տարի ռազմամթերք արտադրել:
Որոշման նախագծի հիմնավորման մեջ նշվում էր, որ ընկերությունը 2012 թվականից մինչ այդ պահը կատարել է զենքի արտադրության մոտ 503 միլիոն դրամի պետական պատվերով նախատեսված պայմանագրային աշխատանքներ և ըստ տվյալների՝ ավելացրել արտադրության ծավալները։
Ընկերությունը զբաղվում էր ականանետերի, ականների, պայթուցիչների, փամփուշտների և այլ զինամթերքի արտադրությամբ: Իշխանափոխությունից հետո «Հայկ Մեկ»-ը դադարել է գործել:
Իսկ ադրբեջանական դատարանում հարցեր են ուղղվել ՊԲ նախկին հրամանատարին նաև ՊԲ զինծառայողների թվաքանակի և դրանում ՀՀ-ի մասնակցության մասին, ինչին ի պատասխան՝ Լևոն Մնացականյանն ընդունել է, որ ՀՀ-ից ժամկետային զինծառայողներ են ուղարկվել Արցախի ՊԲ ծառայության, և ըստ ադրբեջանական լրատվամիջոցների, թվային որոշակի տվյալներ հայտնել, որոնք մենք չենք վերարտադրի:
Բայց այն, որ ՀՀ-ից Արցախ զորակոչ է կազմակերպվել, այս մասին շատ ավելի վաղ հայտարարել էին նաև ՀՀ իշխանության ներկայացուցիչները, երբ 2022 թվականի ամռանը ՊՆ ներկայացուցիչը լրագրողներին ասել էր. «Վերջին զորակոչը եղել է 2020 թվականի զորակոչը, և, որ 2022 թվականի հուլիսի 1-ից մինչև օգոստոսի 30-ը զորացրում տեղի կունենա, և այլևս Արցախում ժամկետային զինծառայող չենք ունենա»:
2022 թվականի հուլիսի 19-ին էլ «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը հայտարարել էր.
«Պատերազմի ընթացքում ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ օգնության են հասել ԼՂ Պաշտպանության բանակին: Հրադադարի հաստատումից և ԼՂ-ում Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ կոնտինգենտի տեղակայումից հետո ՀՀ ԶՈւ ստորաբաժանումների դուրսբերումը ԼՂ-ից տրամաբանական է»:
Այնուհետև նույն միտքը կրկնել էր՝ ի պատասխան հարցին՝ «ԼՂ-ում Հայաստանի Զինված ուժերի ժամկետային զինծառայողները փոխարինվում են պայմանագրայիններո՞վ, թե՞ ՀՀ ԶՈւ ստորաբաժանումները դուրս են գալիս ԼՂ-ից»:
«Պատերազմի բերումով ՀՀ ԶՈւ մի շարք ստորաբաժանումներ ՊԲ-ին օգնելու նպատակով մուտք են գործել ԼՂ: Հրադադարի հաստատումից հետո նրանք վերադառնում են Հայաստանի Հանրապետություն: Այս գործընթացը մոտ է ավարտին և սեպտեմբերին կավարտվի: Ինչ վերաբերում է Պաշտպանության բանակին, այն Լեռնային Ղարաբաղում է եղել և շարունակում է այնտեղ մնալ»,– հավելել էր Արմեն Գրիգորյանը:
Կրկնում ենք՝ ՀՀ ԱԽ քարտուղարի այս հայտարարությունը հնչեցվել է 2022 թվականին, հրադադարը տեղի է ունեցել 2020 թվականի նոյեմբերի 9-ին, և եռակողմ հայտարարության 4-րդ կետում նշվում է՝ «Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմը տեղակայվում է հայկական զինված ուժերի դուրսբերմանը զուգահեռ»:
Այսինքն, մինչ Բաքվում պահվող Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարների՝ ՊԲ-ի և ՀՀ զինված ուժերի վերաբերյալ ադրբեջանական քարոզչամեքենայի փոխանցած հայտարարություններից զարմանալը, պետք է հիշել, որ նմանատիպ հայտարարություններ շատ ավելի վաղ հնչել են ՀՀ իշխանությունների կողմից:
Բերենք ևս մեկ օրինակ: Լևոն Մնացականյանը հաստատել է, որ եղել է մեկ միասնական ռազմական համակարգ, ուստի բանակում արձանագրված մահվան դեպքերը և հարուցված քրեական գործերը քննվել են ՀՀ տարածքում:
Բայց չպետք է մոռանալ, որ Մարզահամերգային համալիրում 2020 թվականի հունիսի 19-ին հրավիրված ԱԽ համատեղ նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել էր Ադրբեջանի ապակառուցողական քաղաքականության և առավելապաշտական կեցվածքի մասին՝ վստահեցնելով. «Հայաստանի և Արցախի միասնական անվտանգության համակարգն առավել քան պատրաստ է պաշտպանելու հայ ժողովրդի անվտանգությունը մեր հայրենիքի յուրաքանչյուր հատվածում»:
Այստեղ այլ խնդիր կա: Օրինակ, այսօր 44-օրյա պատերազմին առնչվող քրեական գործերի ժամանակ, որով անցնում են ՊԲ և ՀՀ ԶՈՒ բարձրաստիճան զինվորականները, հարց է ծագում՝ «ենթադրյալ հանցագործությունը որտե՞ղ է կատարվել՝ ՀՀ տարածքո՞ւմ, թե՞ այլ տարածքում», կամ՝ ՀՀ իշխանություններն իրավունք ունե՞ն այսօր դատելու ՊԲ նախկին հրամանատարներին, կարո՞ղ է ՀՀ իշխանությունը օգտվել այս հայտարարությունից և ասել, որ երբ կատարվել է «ենթադրյալ հանցագործությունը», եղել է միասնական ռազմական և անվտանգային համակարգ: Այս հարցին մասնագետներն ավելի լավ կպատասխանեն:
Իսկ Բաքվի դատարանում Լևոն Մնացականյանը կրկնել է Արցախի նախկին նախագահ Բակո Սահակյանի հայտարարությունը, որ Արցախի տարածքում «Իսկանդեր-Մ» և «Տոչկա-Ու» չի եղել:
Այս համատեքստում «դատավարության» ժամանակ Լևոն Մնացականյանին Ադրբեջանի պետական մեղադրողը հարց է տվել առաջնագծում տեսադիտարկման սարքերի հետ կապված, ինչին գեներալը պատասխանել է.
«Դա 2015 թվականն էր կամ դրանից առաջ, ես հստակ չեմ հիշում: Տեսադիտարկման սարքերը և այլ միջոցներ Ամերիկայից էին Հայաստան հասել: Բայց հետո արգելեցին դրա ուղիղ տեղափոխումը: Եվ արդեն այդ օգնությունը ՀՀ ՊՆ-ի բազայում էր հավաքվում և հետո բաշխվում»:
Այստեղ հիշեցնենք, որ 2020թ. հուլիսյան մարտերից առաջ՝ հունիսի վերջին, Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն ադրբեջանական լրատվամիջոցներից մեկին տված հարցազրույցում դժգոհել էր, թե «հայերն իրենց ամերիկյան հովանավորների շնորհիվ գնել են ռազմական նշանակության արտադրանք՝ տեսադիտարկման համակարգեր, և տեղադրել դրանք սահմանի ամբողջ երկայնքով»:
Նա նաև ասել էր, որ այդ տեսադիտարկման համակարգերի տեղադրումից հետո ադրբեջանական կողմի համար դժվարացել է տարբեր գործողությունների իրականացումը:
«Դատավարության» համատեքստում Ադրբեջանի պետական մեղադրողները չեն անտեսում 2016 թվականի Ապրիլյան և 2020 թվականի 44-օրյա պատերազմը: Մարտի 17-ի նիստն այս առումով բացառություն չի եղել: Ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ, Լևոն Մնացականյանը խոսելով Ապրիլյան պատերազմից՝ նշել է, որ իրավիճակի մասին զեկուցել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբին:
Հիշեցնենք, որ նախորդ «դատական նիստերից» մեկի ժամանակ էլ, ըստ ադրբեջանական քարոզչամեքենայի, 2016 թվականի Ապրիլյան պատերազմի մասին խոսելիս, Լևոն Մնացականյանը հայտարարել է, որ իրեն 2016 թվականի օպերացիաներին ներգրավելու անհրաժեշտություն չի եղել, հակառակ դեպքում, իհարկե, ապահովելու էր իր ներգրավվածությունը:
Իսկ մարտի 17-ի նիստին խոսելով 44-օրյա պատերազմին իր մասնակցության մասին, Լևոն Մնացականյանը հայտնել է, որ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի առաջարկով եղել է Թալիշում և հարավային ուղղությունում ու իբր բացասական արձանագրումներ արել:
Այստեղ էլ պետք է հիշեցնենք, որ նախորդ նիստին, ադրբեջանական կայքերի փոխանցմամբ, գեներալը հաստատել է իր մասնակցությունն Ադրբեջանի դեմ պատերազմին Հայաստանի կանոնավոր բանակի կազմում, այնուհետև նշել, թե 20.09.2020 թվագրված գաղտնի հրաման է եղել, որը չի գաղտնազերծել:
Բնականաբար, ադրբեջանական դատախազները չէին կարող Լևոն Մնացականյանին հարցեր չտալ «Գյանջայի դեպքերի» վերաբերյալ:
Եվ հարցին՝ պատերազմի ժամանակ «ո՞վ է հրաման տվել Գյանջայում, Բարդայում և այլ շրջաններում հրթիռներ արձակել», գեներալը պատասխանել է, որ նման կրակ բացելու հրամանը կարող էր տալ ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը:
Հակադարձմանը՝ եթե գլխավոր շտաբի պետը կարող էր հրամաններ տալ, ապա ո՞ւմ հետ պետք է համաձայնեցներ, Մնացականյանը պատասխանել է. «Պատերազմի ժամանակ գլխավոր շտաբի պետը հաշվետու է մեկ անձի՝ երկրի ղեկավարին»։
Ճշտող հարցին՝ երկրի ղեկավար ասելով՝ ո՞ւմ նկատի ունի, Լևոն Մնացականյանն արձագանքել է. «Հայաստանի վարչապետին, այն ժամանակ գլխավոր շտաբի պետը Օնիկ Գասպարյանն էր, իսկ վարչապետը՝ Նիկոլ Փաշինյանը»։
Այսինքն, ասվել է այն, ինչ ՀՀ օրենսդրությունն է սահմանում:
Ադրբեջանական դատախազներին այս պատասխանը կարծես չի բավարարել, և նրանք փորձել են Լևոն Մնացականյանից «ցուցմունք ստանալ»՝ արդյո՞ք «Գյանջայի դեպքերում» դիտավորություն կա, թե՞ «հրթիռային հարվածի» ժամանակ նշանակետից շեղում է եղել, որից իբր խաղաղ բնակչություն է տուժել:
Ի դեպ, ավելի վաղ Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանն է մի քանի անգամ դատարանում ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ անդրադարձել «Գյանջայի դեպքերին»: Վերջին անգամ Հարությունյանն ասել է, որ «հրթիռակոծության մասին տեղեկություն ստացել է ՀՀ ԶՈԻ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանից», ում համարում է գլխավոր ֆիգուր, բայց նրա լիազորությունները չգիտի:
Այն, որ Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարությանը տրվող հարցերն ուղղորդված են և նպատակ ունեն «ցուցմունքներ» ստանալ ՀՀ նախկին նախագահների և ռազմական ղեկավարության դեմ, հենց Հայաստանի Հանրապետության դեմ՝ ցույց տալով, որ ՀՀ-ն «օկուպանտ» և «ագրեսոր է», որ ՀՀ զինված ուժերը սպառնալիք են հանդիսանում Ադրբեջանի և տարածաշրջանի համար, իսկ «Գյանջայի դեպքերի» համատեքստում նաև փոխհատուցում կամ այլ զիջում ստանալ Նիկոլ Փաշինյանից, դա ակնհայտ է, ուստի Բաքվի «դատավարությունը» հենց այս տրամաբանության մեջ պետք է դիտարկել:
Շատ հարցադրումներ են արվում՝ արդյո՞ք հայաստանյան մամուլում պետք է տեղ գտնեն Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «ցուցմունքները»: Իսկ հայ հասարակությունն այսօրվա տեղեկատվական իրականությունում անտեղյա՞կ է:
Ուստի այլ բան չի մնում, քան այդ «ցուցմունքների» իրական նպատակների, մեսիջների մասին գրելն ու ադրբեջանական կեղծ պնդումներին պարբերաբար փաստերով հակադրել 44-օրյա պատերազմին Թուրքիայի ուղիղ մասնակցության, և այսօր էլ՝ Նախիջևանում և ադրբեջանական բանակում թուրքական ռազմական ուժի ներկայության մասին:
Նաև հարց է՝ արդյո՞ք ճիշտ էր, որ 30 տարիների ընթացքում շատ ակտիվ չենք եղել «Խոջալուի դեպքերի» իրականությունը փոխանցելու հարցում, որ քիչ ենք խոսում Մարաղայի ցեղասպանության մասին:
Ի դեպ, եթե հարց է բարձրացվում Բաքվի դատարանում Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության «ցուցմունքները» մեկնաբանելու մասին, չպետք է տարածել նաև Ռուբեն Վարդանյանի ձայնային հաղորդագրություններն ու հայտարարությունները, ի վերջո, հայտնի չէ՝ ի՞նչ պայմաններում է դա իրականացվում, որքանո՞վ են դրանում ներգրավված Ադրբեջանի հատուկ ծառայությունները, հատկապես, երբ այդ հայտարարություններում վիճելի ձևակերպումներ ևս լինում են:
Իսկ Արցախի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության դեմ «դատական գործընթացը» կշարունակվի ապրիլի 3-ին: