
Ադրբեջանն ակտիվ բանակցում է Չինաստանի, ԵՄ-ի, Իրանի, Թուրքիայի ու Իսրայելի հետ․ ի՞նչ է կատարվում Հայաստանի շուրջ

Աշխարհաքաղաքական վերադասավորումների ու գլոբալ բանակցությունների ֆոնին Ադրբեջանում, ինչպես երևում է, միջազգային գործընկերների ու աշխարհաքաղաքական կենտրոնների հետ շփումների ու բանակցությունների ակտիվ շրջան է։
Վերջին տասնօրյակում Իլհամ Ալիևը պետական այց կատարեց Չինաստան, որտեղ Սի Ծինփինի հետ ստորագրեց համապարփակ ռազմավարական գործընկերության մասին հայտարարություն և մի շարք այլ առանցքային փաստաթղթեր։
Դրան հաջորդեց ԵՄ արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ, Եվրահանձնաժողովի փոխնախագահ Կայա Կալլասի այցն Ադրբեջան, որի ընթացքում քննարկվեցին՝ ինչպես երկկողմ հարաբերությունները նոր մակարդակի բարձրացնելու, այնպես էլ՝ ռեգիոնում խաղաղության հասնելու հեռանկարի մասին հարցերը։
Կալլասի այցին էլ հաջորդեց ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանի 120 հոգանոց պատվիրակության այցն Ադրբեջան, որի օրակարգում էին երկկողմ հարաբերությունները խորացնելու, Ադրբեջանը Նախիջևանին Իրանի տարածքով կապող ճանապարհի հարցերը, ռեգիոնալ և աշխարհաքաղաքական խնդիրները։
The Times of Israel-ը պարբերականն էլ օրերս հայտնեց, որ մայիսի 8-ին սպասվում է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի այցն Ադրբեջան։ Այն կրում է պետական բնույթ, որի ընթացքում Նեթանյահուն բանակցություններ է վարելու ղեկավարության հետ և հանդիպելու է հրեական համայնքին։
Իսրայելական լրատվամիջոցները հաղորդում են, որ կողմերը նախատեսում են քննարկել, ի թիվս այլ հարցերի, Իսրայելի և Թուրքիայի միջև Սիրիայի շուրջ հարաբերություններում աճող լարվածությունը։ Ynet-ը հայտնել է, որ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ժամանակ կքննարկվեն Սիրիայում Թուրքիայի ռազմական ներկայության վերաբերյալ բանակցությունները, ինչպես նաև երկկողմ կապերի ընդլայնումը։
Իսրայելական մեկ այլ պարբերական՝ Jerusalem post-ը, գրել էր, որ քննարկվելու է Աբրահամյան համաձայնագրին Ադրբեջանի միանալու հեռանկարի հարցը։
Ավելի վաղ հաղորդվել էր Իսրայելի հետ լարված հարաբերություններ ունեցող Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանի՝ մայիսին Բաքու նախատեսված այցի մասին։ Թուրքական ԶԼՄ-ները հայտնում են, որ Էրդողանը մտադիր է այցելել Ադրբեջանի մայրաքաղաք՝ մասնակցելու երկկողմ միջկառավարական հանձնաժողովի չորրորդ համատեղ նիստին։
Այնուամենայնիվ, հայտնի է, որ Ադրբեջանն առաջարկել է իր օգնությունը դաշնակից Թուրքիայի և մերձավոր գործընկեր Իսրայելի միջև առկա լարվածությունը մեղմելու գործում։
Վերջերս Բաքվում տեղի ունեցավ Իսրայելի և Թուրքիայի ներկայացուցիչների հանդիպում՝ նվիրված Սիրիայում կողմերի միջև բախումները կանխելու մեխանիզմի ստեղծմանը։
Սակայն, ինչպես հայտնի է, Անկարայի և Թել Ավիվի միջև քաղաքական լարվածության մեղմացման վերաբերյալ ուղիղ բանակցություններ դեռևս չեն անցկացվում։ Նման բանակցություններ սկսելու Թուրքիայի պայմանն այն է, որ Իսրայելը դադարեցնի իր գործողությունները Գազայում։
Ռուս վերլուծաբան Կոնստանտին Սիմոնովը 168.am-ի հետ զրույցում ասաց, որ վերոնշյալ ակտիվությունը պայմանավորված է Ադրբեջանի ձգտումներով՝ դառնալ աշխարհաքաղաքական հաղորդակցությունների առանցքային մասնակից երկիր, ունենալ ավելի բարձր աշխարհատնտեսական դերակատարություն։
Ըստ նրա, սա վերաբերում է նաև աշխարհաքաղաքական դերակատարությանը, Ադրբեջանը նաև ձգտում է դառնալ միջնորդ երկիր՝ ինչպես Թուրքիայի ու Իսրայելի, այնպես էլ՝ որոշակի առումով նաև Իրանի ու Իսրայելի հարաբերություններում։
«Սովորաբար միջնորդության հավակնություն հայտնում են իրենց աշխարհաքաղաքական դերակատարությունն ու ազդեցությունը հաստատել ցանկացող ուժերը։ Ակնհայտորեն, Ադրբեջանը վերջին տարիներին փորձում է այդ ճանապարհով ընթանալ։ Որքանով կհաջողվի ի վերջո, դեռ բարդ է ասել, քանի որ խնդիրները չափազանց շատ են, սակայն նաև չի բացառվում հաջողություն որոշ ուղղություններում։ Օրինակ՝ երբ խոսքը Թուրքիայի ու Իսրայելի բանակցություններին է վերաբերում։ Ադրբեջանը, օգտագործելով պատերազմում իր հաղթանակի փաստը, բոլոր ուղղություններում ձգտում է հասնել առավելությունների։ Եվ այս օրակարգերի ֆոնին Հայաստան-Ադրբեջան կարգավորման օրակարգը կարծես երկրորդ պլան է մղված, այն կարծես վերածվել է ընթացիկ խնդրի՝ ինչպես ռեգիոնալ, այնպես էլ՝ արտատարածաշրջանային խաղացողների համար։ Ադրբեջանը հենց այդ դիրքերից է փորձում, ըստ իր պատկերացումների, լուծել ռեգիոնալ խնդիրները, ուստի Ադրբեջանի համար կարևոր է ամրապնդել հենց այդ դիրքերը»,- ասաց Սիմոնովը։
Նրա խոսքով, Չինաստանին, ԵՄ-ին, Իրանին հետաքրքիր են ռեգիոնով անցնող հաղորդակցությունները։
«Այս հարցերում Ադրբեջանը վարում է նախաձեռնողական քաղաքականություն, իր առաջարկներն է իրականացնում, և այս բոլոր երկրներն իրենց վերաբերմունքն ունեն այս ամենի վերաբերյալ։ Օրինակ՝ եթե Չինաստանին կամ ԵՄ-ին հետաքրքիր են հաղորդակցությունները, որոնք կանցնեն Հարավային Կովկասով, և ավելի մեգապրոյեկտները, ապա Իրանին հետաքրքիր է, որ դրանք չհակասեն իր շահերին, ուստի տեղի են ունենում ակտիվ բանակցություններ սեփական շահերն առաջ մղելու նպատակով»,- ասաց նա։
Այս ամենին զուգահեռ, վերլուծաբանի կարծիքով, ոչ պակաս կարևոր է նաև խաղաղությունը բոլոր ուղղություններով։
«Քանի դեռ չկա խաղաղություն, չկան նաև նման մեծ պրոյեկտներ, ուստի թե Մերձավոր Արևելքում, թե Հարավային Կովկասում պետք է խաղաղություն հաստատվի, որի հեռանկարները շատ անորոշ են։ Աշխարհում տուրբուլենտ գործընթացները խորանում են, տեսնում ենք նոր սպառնալիքներ այլ ռեգիոններում, խոսքը Հնդկաստանի ու Պակիստանի միջև նախապատերազմական ու բարդ իրավիճակի մասին է, որը բռնկվելու դեպքում աշխարհի համար ծանր հետևանքներ կարող է ունենալ։
Մերձավոր Արևելքում՝ մասնավորապես Սիրիայում, թեև հաստատվել է նոր իշխանություն, սակայն Սիրիայի ճակատագիրը և այնտեղ ազդեցության գոտիների բաժանման հարցը շարունակում է ակտուալ մնալ։ Հարավային Կովկասում պետք է որ հաստատված լիներ խաղաղություն, սակայն դա տեղի չի ունենում, նույնը վերաբերում է նաև Ուկրաինայի հարցին։ Տեսնում ենք, որ բանակցությունները սկսվեցին դրական մեծ դինամիկայով, սակայն ներկայումս փակուղի է ուրվագծվում ու գուցե չհաջողվի բանակցություններում հասնել որևէ դրական հանգրվանի։
Այս ամենին զուգահեռ՝ բանակցություններ են սկսել նաև Իրանն ու ԱՄՆ-ը, այստեղ ևս ամեն բան հարթ չէ, քանի որ պատերազմի կողմնակիցները քիչ չեն, ուստի, եթե Իրանը կոշտ դիրքավորվի, ապա այստեղ ևս վտանգները կմեծանան։ Աշխարհը մեծ ու բարդ վերադասավորումների փուլ է ապրում, որը վերաբերում է գրեթե բոլոր երկրներին, սակայն կան ռեգիոններ, որոնք ավելի են ազդվում այս ամենից, որոնցից մեկը հենց Հարավային Կովկասն է։
Հենց այս փուլն է նաև պատճառը, որ բարդացնում է այստեղ նոր ստատուս-քվոյի ամրապնդումը, աշխարհում անկայունությունը շղթայական էֆեկտով տարածվում է ամենուր, նույնիսկ այն ռեգիոններ, որտեղ թշնամության պատճառ գուցեև չկա»,- ասաց Սիմոնովը։
Նրա խոսքով՝ շատ երկրներ փորձում են օգտվել, ամրապնդել իրենց դիրքերը, և Ադրբեջանը բացառություն չէ։