
Փաշինյանը դե ֆակտո «իջեցրել» է Սուրեն Պապիկյանի կարգավիճակը. Ե՞րբ ռազմական ղեկավարությունը կհամարի, որ սահման է հատվել

Ապրիլի 5-ին 168.am-ն անդրադարձել էր նույն օրն Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հրավիրած ծառայողական խորհրդակցությանը, որի ժամանակ լայնորեն քննարկվել էր հայ-ադրբեջանական սահմանին տիրող օպերատիվ իրավիճակը, այդ թվում՝ վերջին օրերին «հայկական կողմից հրադադարի խախտման» և ադրբեջանական դիրքերի վրայով «հետախուզական թռիչքների» վերաբերյալ ադրբեջանական պնդումները, որի վերաբերյալ ոչ մի փաստ չի ներկայացվել հայկական կողմին:
Եվ այս համատեքստում Ադրբեջանի պաշտպանության նախարարը համապատասխան պաշտոնյաներին հստակ խնդիրներ էր առաջադրել՝ կապված ադրբեջանական բանակի ստորաբաժանումների պատրաստ լինելու և ցանկացած «սադրանքի» օպերատիվ արձագանքելու հետ:
Եվ այսօր Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որտեղ ՀՀ զինված ուժերին մեղադրել է Սյունիքի և Գեղարքունիքի մարզերի սահմանային հատվածներում, ինչպես նաև տավուշյան թևում «ադրբեջանական դիրքերի ուղղությամբ կրակ բացելու համար»:
Միաժամանակ Ադրբեջանը խոստովանել է՝ «նշված շրջաններում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից ձեռնարկվել են պատասխան համաչափ միջոցներ»:
Այսինքն, ադրբեջանական կողմն ընդունում է իր կողմից կրակոցների փաստը, իհարկե, ներկայացնելով որպես պատասխան:
Ավելի ուշ, իհարկե, ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է ադրբեջանական մեղադրանքները՝ անտեսելով Տավուշի հատվածը, որտեղ տիրող իրավիճակին առնչվող իրարամերժ տեղեկություններ ենք ստացել անցած շաբաթվա վերջին:
Բայց խնդիրն այնքան սա չէ, որքան այն, որ ՀՀ պաշտպանության նախարարության հաղորդագրության մեջ ոչ մի խոսք չկա ադրբեջանական կրակոցների վերաբերյալ, ինչի մասին անգամ Ադրբեջանի պաշտպանական գերատեսչությունն է խոսել, հատկապես, երբ հանգստյան օրերին սոցիալական ցանցերում և մամուլում տեղեկություններ էին շրջանառվում ադրբեջանական ռեգուլյար դարձած կրակոցների մասին երեկոյան ժամերին:
Իհարկե, այսօր որոշ լրատվամիջոցների հարցերին ի պատասխան՝ Սուրեն Պապիկյանի ղեկավարած պաշտպանության նախարարությունից դարձյալ կրկնել են, որ երբեմն արձանագրվում են անկանոն կրակոցներ, և, որ թիրախային կրակոցների մասին պատշաճ հաղորդվում է:
Բայց այս հայտարարությունը, եթե անգամ իրականությանը համապատասխանի, չի կարող վստահություն ներշնչել հասարակությանը, քանի որ, ինչպես մի քանի անգամ գրել ենք, ՀՀ պաշտպանության նախարարությունն օրերի կամ շաբաթվա կտրվածքով պետք է հստակ հայտարարի՝ քանի՞ անգամ է Ադրբեջանը խախտել հրադադարի ռեժիմը, քանի՞ կրակոց է արձակվել ընդհանուր առմամբ, ի՞նչ բնույթի կրակոցներ են եղել, ի՞նչ զինատեսակներից են կրակոցներն արձակվել՝ անկանոն, ոչ թիրախային կամ թիրախային, ո՞ր ուղղություններով որքա՞ն անգամ է հրադադարը խախտել Ադրբեջանը: Կամ՝ հայկական դիրքերի ուղղությամբ եղե՞լ են կրակոցներ, թե՞ ոչ, գյուղերի ուղղությամբ եղե՞լ են կրակոցներ, թե՞ ոչ, ինչո՞ւ չէ՝ ցույց տալով նաև կրակոցների նվազման միտումը կամ՝ հակառակը:
Սա իրականում բխում է պաշտպանական գերատեսչության շահերից, եթե, իհարկե, ռազմաքաղաքական ղեկավարության մոտ կա ցանկություն՝ բանակի հանդեպ վերականգնել հասարակական վստահությունը:
Այսինքն, օբյեկտիվ և սուբյեկտիվ հանգամանքներով պայմանավորված՝ Ադրբեջանին չեն պատասխանում առաջնագծում և հաղորդագրությունների միջոցով՝ պատասխանատվությունը թողնելով նրա վրա, բայց խուսափում են նաև ամբողջական տեղեկություն տալ նրանց խախտումների և կրակոցների մասին, կամ՝ ցույց տալ, որ Ադրբեջանի ասած պատասխան կրակոցն իրականում պատասխան կրակոց չէ:
Այսքանից հետո ինչպե՞ս են պատկերացնում, որ հասարակությունը կհավատա ՀՀ բանակին, կամ՝ միջազգային հանրությունը՝ Հայաստանին: Գուցե օտար երկրներին մանրամասն տեղեկություններ տրամադրվո՞ւմ են, բայց այսօրվա տեղեկատվական միջոցների զարգացման դարում դա բավարար չէ՝ դրսում և ներսում իրական պատկեր ստեղծելու համար:
Ստացվում է՝ Նիկոլ Փաշինյանն անօրինական հրաման է տալիս բանակին՝ չպատասխանել ադրբեջանական կրակոցներին, բայցև պարտադրում է Սուրեն Պապիկյանին՝ չխոսել ադրբեջանական կրակոցների մասին այն ծավալով, որն անհրաժե՞շտ է:
Պարտադրված ասուլիս, պարտադրված հաղորդագրություններ, պարտադրված լռություն:
Մի քիչ շատ չէ՞ պարտադրանքի չափաբաժինը:
Բնականաբար, Պաշտպանության նախարարությունը չի կարող իրեն դուրս դնել երկրի ընդհանուր քաղաքականությունից, և, ցավոք, այսօր այդ քաղաքականությունը ՀՀ ազգային և պետական շահերից չի բխում, բայց հասել ենք մի կետի, երբ, ըստ էության, կոնկրետ դեպքում ՀՀ պաշտպանության նախարարի կարգավիճակի նշաձողը դե ֆակտո գնալով իջեցվում է:
Եվ հայկական զինված ուժերը, ռազմական ղեկավարությունը, մեղմ ասած, կորցնում են իրենց սուբյեկտայնությունը հենց երկրի ներսում, արտաքին մասշտաբով, որում առաջին պատասխանատուն Նիկոլ Փաշինյանն է:
Ի դեպ, ինչո՞ւ Նիկոլ Փաշինյանը Ֆեյսբուքում մի գրառում էլ չի անում և խոստովանում, որ հենց ինքը թույլ չի տալիս պաշտպանության նախարարությանը ներկայացնել ադրբեջանական խախտումների ամբողջական պատկերը՝ անկախ վտանգավորության աստիճանից, որպեսզի սլաքը Պաշտպանության նախարարությունից ուղղի իր վրա, թեպետ միևնույն է՝ դրանից Սուրեն Պապիկյանի ղեկավարած գերատեսչության հեղինակությունը չի շահի:
Գուցե այս իրավիճակը նկատի ունենալո՞վ էր, որ Փաշինյանն ինչ-որ պահի ցանկացավ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում տեսնել քաղաքական կամ կուսակցական թիմակցի, որի համբերությունը դեռ չի հատում վերը նշված պարտադրանքներից, ինչպես, օրինակ, ինչ-որ պահի հատեց ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանինը, ով «նոր պատերազմ՝ նոր տարածքներ» բանաձևի տրամաբանության մեջ հայտարարություն արել էր նաև 2016 թվականի Ապրիլյան պատերազմից առաջ՝ 2015-ին, ինչի մասին օրերս հենց Ապրիլյան պատերազմի ֆոնին հիշել էր ադրբեջանական կողմը:
Ինչ-որ ժամանակ հետո հատեց նաև ԶՈՒ ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի համբերությունը, որի գլխավորությամբ 2021 թվականի փետրվարի 25-ին ԳՇ-ն պահանջեց Նիկոլ Փաշինյանի և նրա կառավարության հրաժարականը:
Չի բացառվում նաև, որ ԳՇ պետի պաշտոնից Արտակ Դավթյանի երկրորդ ազատումը ևս Փաշինյանի հետ խնդիրների տրամաբանության մեջ է եղել:
ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից Արշակ Կարապետյանի հեռացումը ևս տեղի է ունեցել Փաշինյանի դիրքորոշումների հետ չհամաձայնության արդյունքում, հատկապես երբ նա այցելել էր Արցախ, ադրբեջանական կողմն էլ հայտարարել էր Սև լճի հատվածում հայկական դիրք դնելու նրա փորձերի մասին:
Մի տեսակ դժվար է պատկերացնել, որ ԳՇ գործող պետ Էդվարդ Ասրյանի համբերությունը հատի բանակի շահի համատեքստում, չմոռանանք, որ երբ նա նշանակվում էր այդ պաշտոնին, Փաշինյանը հայտարարել էր՝ ճիշտ որոշում է կայացված: Այս պահի դրությամբ, այո, Փաշինյանի քաղաքական շահի տեսանկյունից որոշումը ճիշտ է:
Արդյոք ինչ-որ պահի կընդդիմանա՞ Սուրեն Պապիկյանը Նիկոլ Փաշինյանին՝ բանակի զարգացման համատեքստում, դարձյալ դժվար է պատկերացնել, միգուցե այս թեմաներից դուրս ինչ-որ պահի ինչ-որ բան չկիսեն… Իսկ 44-օրյա պատերազմի ժամանակ Փաշինյանի պարտադրած տեղեկատվության հետևանքները մենք տեսել ենք, երբ ՀՀ պաշտպանության նախարարն ուներ խոսնակ, բայց Նիկոլ Փաշինյանը ցանկացել է այդ օրերին տեղեկատվական-քարոզչական լիազորությունները, այսպես ասած, վերապահել հենց Արծրուն Հովհաննիսյանին: Բայց սա այլ թեմա է…
Իսկ ադրբեջանական նոր հարձակման հավանականությունը Հայաստանի դեմ չի բացառվում…