Բյուջեի փողը որոշել են արտահանել Բրիտանիա. փափուկ բարձ՝ գործարարների գլխի տակ
Ինչպես արդեն տեղեկացրել ենք, Հայաստանի Կառավարությունը որոշել է հայ տնտեսվարողների համար լայն բացել Եվրոպայի դռները՝ այդ դռնից ներս մտնելու ցանկություն ունեցող տնտեսվարողներին Հայաստանի բյուջեից հատկացնելով հսկայական սուբսիդիաներ։
Խոսքն այս դեպքում Կառավարության ընդունած մի չզեկուցված նախագծի մասին է, որով բյուջեից տարեկան 15 միլիարդ դրամ սուբսիդիա է հատկացվել այն գործարարներին, որոնք իրենց արտադրանքը Հայաստանից կարտահանեն Մեծ Բրիտանիա, Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորություն և ԵՄ անդամ երկրներ։
Ըստ Կառավարության հիմնավորման՝ այս որոշումը կօգնի, որպեսզի Հայաստանի տնտեսությունը կախված չլինի մեծամասամբ Ռուսաստանից. տեղի կունենա տնտեսական դիվերսիֆիկացիա։
Սա իրական տնտեսական դիվերսիֆիկացիա՞ է, թե՞ պետական բյուջեից գումարների բաշխում որոշ տնտեսվարողների, 168.am-ը փորձեց պարզել «Գոտի և ճանապարհ» արտահանման կենտրոնի տնօրեն Ռուզաննա Մալխասյանից։
Վերջինիս համոզմամբ՝ այն որոշումը, որն ընդունել է Կառավարությունը, իր մեջ պարունակում է մի շարք ռիսկային հարցեր։
«Սա ավելի շատ Հայաստանի պետական բյուջեի փողերի արտահանման գործընթաց է դեպի մեծ Բրիտանիա և ԵՄ անդամ երկրներ, որովհետև Կառավարության ընդունած որոշումից պարզ չէ, թե ում ինչի համար են գումար հատկացնելու։ Օրինակ, ես կարող եմ կազմակերպություն բացել Մեծ Բրիտանիայում, իմ կողմից ՀՀ-ից արտահանված ապրանքը գնել և Հայաստանի պետական բյուջեից դրա դիմաց սուբսիդիա ստանալ։ Կամ՝ ինչպե՞ս են հայ տնտեսվարողները կարողանալու բավարարել եվրոպական երկրների սննդի անվտանգության պահանջները, որոնք շատ խիստ են, որ մի հատ էլ կարողանան ապրանք վաճառել այնտեղ»,- ասաց Մալխասյանը՝ ընդգծելով՝ Կառավարությունն այս որոշումով ընդամենը փափուկ բարձր է դնում գործարարների գլխի տակ։
«Փափուկ բարձ, որ Ռուսաստան արտահանումներ չիրականացնեն՝ դրա դիմաց խոստանալով պետական բյուջեից գումարների հատկացում։
Մինչդեռ, եթե Հայաստանի Կառավարությունը ցանկանում է, օրինակ, Մեծ Բրիտանիա ապրանք արտահանողին օգնել, սուբսիդիա տալ, նախ առաջինը պետք է տվյալ երկրի Կառավարության հետ կնքի տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր։
Առանց Կառավարությունների միջև նման տնտեսական համաձայնագրերի, ստացվելու է ընդամենը գումարի փոխանցում տնտեսվարողի՝ առանց վերահսկողության մեխանիզմի։ Կրկնում եմ՝ սուբսիդավորում կարող է տեղի ունենալ, եթե Կառավարությունների միջև ստորագրված է տնտեսական համագործակցության վերաբերյալ համաձայնագիր»,- ասաց Մալխասյանը։