Ահա թե ինչու են այդքան սարսափում Անկախության հռչակագրից. չեմ զարմանա, որ վաղն ասեն՝ անկախություն հռչակելն ինքնին ինքնասպանություն էր. Միքայել Մալխասյան
«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը պատմական գիտությունների թեկնածու, պատմական ժողովրդագրության մասնագետ Միքայել Մալխասյանն է։
Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.
- Փաշինյանի կողմից «Գինի լից» երգի մեկնաբանությունը մանիպուլյացիա էր։ Պարզ ճշմարտություն է, որ այնտեղ կամավորը հենց խորքային պետությունն է՝ Առաջին Հանրապետությունը։ Դա շատ պարզ, պատմական փաստ է, որ «Նեմեսիս» օպերացիայի որոշումը կայացվել է ոչ թե կամավորների, այլ պետության կողմից։ Ըստ այս մեկնաբանության՝ ստացվում է, որ Սողոմոն Թեհլերյանը, Արշավիր Շիրակյանն ինչ–որ առանձին, ռոմանտիկ կամավորներ էին։ Բա ինչպե՞ս էին նրանք հասնում իրենց նպատակակետին՝ լավ պաշտպանված, անունները փոխած մարդկանց։ Այս մարդիկ իրենց առաջին գործողությունները կատարել էին Պոլսում՝ մաքրելով այն հայ դավաճաններին, ովքեր օգնել էին թուրքերին կոտորել հայերին։ Երկրորդը՝ պատժի էին ենթարկել Արցախի, հայերի դեմ գործողություններ կատարած ադրբեջանական մուսավաթականներին։ Հետո նոր «Նեմեսիս» օպերացիան էր ծրագրվել ու կատարվել։ Այս ամենն առանց պետության չէր կարող լինել։
- Չի կարելի «Նեմեսիսը» գնահատել զուտ Թալեաթ փաշայով, պայմանական կամավորով։ Այդ թեման հիմա դաշտ նետելով՝ հայտարարվում է, որ «Նեմեսիսի» վրիժառուական գործողությունն անիմաստ էր, մյուս կողմից՝ ստորադասվում է պետության դերակատարությունը։ Իրենց տեսանկյունից ստացվում է՝ թուրքական կողմն ինչ արել է, ճիշտ է արել։
- Մենք տեսնում ենք պետականության տարբեր ձևեր, տարբեր դրսևորումներով, ոչ միայն համահայկական թագավորության։ Դրա օրինակն էին Արցախի և Սյունիքի մելիքությունները։
- Պատմությունը գործընթաց է․եթե դրա ընթացքում մենք ընկնենք միայն դերակատարների հետևից, կկորցնենք գործընթացի շարունակականությունը։ Եթե 2-րդ աշխարհամարտի ժամանակ գերմանացիները Փարիզը գրավել են, ի՞նչ, Փարիզը գերմանակա՞ն քաղաք է, կամ ռուսները Լեհաստանն են գրավել, լեհերը՝ Մոսկվան, ու ի՞նչ։ Նման պնդումներն անգրագիտություն ու պատմական մանիպուլյացիաներ են։
- Երբ այդ թեզերը հնչում են ամբողջ թիմի կողմից, դա նշանակում է, որ դրանք մշակված թեզեր են ու ունեն վերջնանպատակ։ 6.5 տարվա ընթացքում ունենք հայտարարություններ ու հանձնված Արցախ, Տավուշ, այլ տարածքներ։ Ու այս պարագայում մտածել, որ դա պատահականություն է, միամտություն է և անհեթեթություն։ Այս ամենի վերջնական նպատակն ազգային պետության գաղափարի վերջնականապես ոտնատակ տալն է։ Այսինքն՝ ստեղծում են մի խաղաղության խաչմերուկ, ամորֆ տարածք, որտեղ ով ոնց ուզի՝ մեզ կխաղաղեցնի։ Սրանք պատահականություն չեն։
- Չի կարելի հավերժ նայել հայելու մեջ ու ինքդ քեզ համոզել՝ ես միամիտ եմ, ու մեզ ճիշտ տեղ են տանում։ Ո՞րն է այդ ճիշտ տեղը՝ դեպի տարածքների կորուստ, տրանսպորտի թանկացում, արտաքին քաղաքականության վատթարացում, արտաքին պարտքի մեծացում, ո՞ւր…
- Վերջերս Սահմանադրական դատարանը որոշում ընդունեց, որն, արդեն պարզ է, նույն ուղեգիծն ուներ, ինչ Նիկոլ Փաշինյանի՝ ԱԺ-ում արված հայտարարությունն Անկախության հռչակագրի մասին։ Բա էդ դեպքում որտե՞ղ է այդ փաստաթղթի իրավականությունը։ Մասնավոր սեփականության գաղափարը որտե՞ղ է ֆիքսված… Անկախության հռչակագրում։ Սեփականաշնորհման առաջին փուլն ի՞նչ հիմքով են արել։ Կրկին՝ այդ։ Դա միայն Ցեղասպանության ու Արցախի մասին չէ։ Չի կարելի 12 կետից 2-ը զրոյացնել, որ տակից կարողանաք ինչ ուզեք, անեք։
- Եթե մեր հանքերի կամ որևէ տարածքի կառավարումը հանձնված է որևէ օտար ներդրողի, դա չի նշանակում, որ դրանք մերը չեն, կամ այդ հարկերը ՀՀ պետբյուջե չեն գալիս։ Մարդկանց ուղեղի մեջ մտցնում են, որ դե, մեկ է, այդ հանքերը մերը չեն, ի՞նչ տարբերություն։
- Ջրային և ոչ միայն ջրային ռեսուրսների հետ կապված թուրք–ադրբեջանական տանդեմի հայտարարությունները թիրախավորում են Հայաստանի տարածքը շատ ավելի խորքային իմաստով։ Նրանց համար Հայաստանի տարածքը յուրացման տարածք է։
- Իրական ու պատմական Հայաստանների թեզերի հակադրությունն արհեստական է։ Երբեք նման բան չի եղել։ Խոսքը շատ հստակ վերաբերում է այն Հայաստանին, որը մենք խորենացիական ժամանակներից ընկալում ենք որպես Հայաստան՝ մինչև Հայոց ցեղասպանության վերջնական փուլ։ Իսկ եթե մենք ֆիքսում ենք, որ դա պատմական է, ուրեմն մենք արդարացնում ենք Հայոց ցեղասպանությունը։
- Եթե անգամ իրենք դոկտրին ընդունեն ու դրա տեքստից փորձեն հանեն Ցեղասպանության ճանաչումը՝ որպես արտաքին քաղաքականության առաջնահերթություն, միևնույն է, այն չեն կարող հանել Անկախության հռչակագրից ու հրաժարվել դրանից։ Դրա համար են այդքան վախենում Հռչակագրից ու հայտարարում, որ այն վատ բան է։ Չեմ զարմանա, որ վաղը ասեն՝ գիտե՞ք ինչ, անկախություն հռչակելն ինքնին ինքնասպանություն էր։
- Մենք չգիտենք՝ ռուս–ադրբեջանական հարաբերություններն ինչ տրանսֆորմացիաներ կունենան, ու այսօրվա արտաքուստ ջերմ մթնոլորտը վաղն ինչի կարող է վերածվել։
- Հրաշալի է, որ Ադրբեջանի Սահմանադրությունը փոխելու խնդիր դուք չեք դնում, բա ինչի՞ եք թույլ տալիս, որ ձերը փոխելու պահանջ ներկայացնեն։ Իրենք գիտեն, որ սահմանադրական հանրաքվեով համապատասխան քանակի ձայներ ապահովելու խնդիր ունեն, դրա համար են գնացել, կպել Անկախության հռչակագրից։
- Հայաստանում գործող կառավարող խմբակի գործողությունները չեն բխում մեր ազգային պետական շահերից։
- Էրդողանի գրքում նշված է ապագա Թուրքիայի տեսլականը, և եթե ապա դոմինանտ Թուրքիայի ուժի ցուցադրությունը Հայաստանի ղեկավարի մոտ ժպիտ է հարուցում, նշանակում է՝ այդ թուրքական համակարգում մենք ունենք մեր արժանի տեղը։ Սա ապտակ էր մեզ, որը մենք ուրախությամբ ենք ընդունում։ Էրդողանի տեսլականը նեոօսմանյան Թուրքիան է։
- Ադրբեջանը համարում է, որ Վրաստանի տարածքի կեսից ավելին պատմական Ադրբեջան է։ Նրանք հավակնություններ ունեն անգամ Թբիլիսիի նկատմամբ։ դա էլ Հյուսիսային Ադրբեջանի նախագիծն է։ Եթե դուք գնաք Մառնեուլ քաղաք, այնտեղ գրությունները փողոցներում ադրբեջաներեն են, վրացերեն գրեթե ոչինչ չկա, 80%-ից ավելին ադրբեջանցիներ են։ Դեմոգրաֆիական պատկերն էլ հուսադրող չէ։ Հայերից անցել են, ծնելիությամբ էլ առաջ են անցել վրացիներից։ հիմա Ադրբեջանը դեմոգրաֆիական պատերազմ է մղում։ Առահասարակ լուրջ պետություններն իրենց քաղաքական հաշվարկներում լուրջ հույսեր են կապում դեմոգրաֆիայի հետ։
- Թրամփի հեռախոսազանգն Արամ կաթողիկոսին կարող է բացատրվել նրանով, որ վերջինս դավանում է ավանդական ազգային քրիստոնեական արժեքներին։ Բայց պետք չէ տրվել հույզերին։ Ես անկեղծորեն չեմ հասկանում, երբ այստեղ մենք ուրախանում ենք այս կամ այն թեկնածուի հաղթանակով օտար երկրում։
- Հանրապետական կուսակցությունն ԱՄՆ-ում համարում է, որ իրենց կապիտալի զգալի մասը պետք է մնա իրենց երկրում։ Դրա համար նրանք վերանայումներ կանեն իրենց եվրոպական քաղաքականության մեջ։
- ԱՄՆ-ում 29 միլիոն նատուրալիզացված միգրանտ քվեարկել է այս ընտրություններում, և նրանք, բնականաբար, քվեարկել են դեմոկրատների օգտին։ Այս մարդիկ խնդիր են, որովհետև կան նաև նույնքան մարդիկ, ովքեր հայցում են ԱՄՆ քաղաքացիություն, և Թրամփի ադմինիստրացիան այդ հարցը պետք է կարողանա լուծել։
- Իրականում հանրային տրամադրությունների առումով հիմա մենք ունենք դիմադրողականության մեծ պաշար։ Ինձ հետ ընդդիմադիր գործիչները չեն համաձայնի, բայց դա այդպես է։ Նախ՝ չի կարելի ժողովրդին պիտակավորել։ Մարդիկ շատ բան են հասկանում։ Խնդիրն այն է, որ ինֆորմացիոն դաշտում այնքան շատ բան է լցվում, ալգորիթմներն այնպես են կառուցված, որ մարդուն կարող են պարփակել աստղագուշակների, «Perfect TV»-ների մեջ։ Անհեթեթություն է, որ այս դարում մարդիկ կարող են հավատալ դրան։
- Դաշտը տոտալ ամայացվում է, և ընտրությունների ելքը վճռում են տարեց կանայք, ինչպես եղավ Երևանի ավագանու ընտրությունների ժամանակ։
- Մենք այլևս տարածաշրջանում գործոն չենք։ Ինքնիշխանության մասին գեղեցիկ բառերը ոչինչ չեն նշանակում։ Մենք սպասարկու ենք։ Իրավիճակը կարող են փոխել ազգային էլիտաները։
- Եթե մեր պատմական կերպարները լինեին թույլ, ձախողակ, պարտված, մենք հիմա չէինք լինի։
- Պետք չէ նեղանալ աշխարհից։ Պետք է այնպես դիրքավորվել, որ կարողանաս ներկայացնել քո սիմվոլները և հասկանաս՝ ինչով են դրանք աշխարհին հետաքրքիր։ Նժդեհի՝ իբր ֆաշիստ լինելը ոչ թե ռուսական թեզ է, այլ լավ մշակված ադրբեջանական թեզ։
Մանրամասները՝ տեսանյութում։