Միրզոյանի վերջին հայտարարությունները և ՀՑԹ-ից անհետացած 19 գրքերի ոդիսականը․ Հայկ Դեմոյանը՝ ողբերգական ու ոչ ողբերգական անցքերի մասին

«Պատմության ողբերգական անցքերը՝ Հայոց ցեղասպանությունն ուսումնասիրելը կամ դա թիվ մեկ առաջնահերթություն դարձնելը, անշուշտ, արտաքին գործերի նախարարության օրակարգը չէ», «պատմության ողբերգական էջերը պետք է ուսումնասիրեն պատմաբանները․ սա արտաքին քաղաքականության և դիվանագիտության խնդիր չէ»․ այս հայտարարությունները, ոչ ավել, ոչ  պակաս, արվել են ոչ թե Թուրքիայում, այլ Հայաստանում ու հենց Հայաստանի արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի կողմից՝ ի պատասխան ԱԺ-ում ընդդիմադիր պատգամավոր Արմեն Ռուստամյանի՝ «Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարց ԱԳՆ օրակարգում գոյություն ունի՞, թե՞ ոչ» հարցադրման։

Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանն անակնկալի չի եկել արտաքին գերատեսչության ղեկավարի այս պատասխաններից՝ դրանք համարելով գործող իշխանությունների մանիպուլյատիվ քաղաքականության մաս։

168am-ի հետ զրույցում Հայկ Դեմոյանը մասնավորապես ուշադրություն հրավիրեց Արարատ Միրզոյանի կողմից արված ձևակերպումներին՝ նկատելով․ «Հարց տվողը՝ Արմեն Ռուստամյանը, հետաքրքրվում է՝ օրակարգում կա՞, թե՞ չկա, Արարատ Միրզոյանը դա արագ տեղափոխում է մանիպուլյացիայի դաշտ՝ ինչպես հաճախ անում են ինքն ու իր կուսակիցները։ Իսկ մանիպուլյացիան, ի պատասխան հարցադրման՝ արձագանքելն է, թե դա մեր թիվ մեկ խնդիրը չէ։ Սա էժան մեկքայլանոց օպերացիա է, քանի որ այդ ձևակերպմամբ ուզում է ասել, թե ինքը ճիշտ է (քանի որ խորքում հասկանալի է՝ ինչպե՞ս կարող է երկրի արտաքին քաղաքականության համար մեկ հարցը կամ առաջնայինը հենց դա դիտարկվի)։

Հաջորդ խնդիրը միջազգային ճանաչման մասին խոսելիս Արարատ Միրզոյանի՝ հեգնական ու քամահրական խոսելաոճն է․ այդ կերպ խոսում է մի մարդ, որը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում գիտաշխատող է եղել, պաշտպանել է գիտական թեզ, ստացել պատմական գիտությունների թեկնածուի աստիճան՝ այդ նույն Ցեղասպանության միջազգային ճանաչման թեմայով։

Կարդացեք նաև

ԱԳ նախարարն իր հարցուպատասխանի ընթացքում առանցքային մի բառ օգտագործեց՝ «բարոյական»․ հենց պետք է իրեն հարց ուղղենք՝ որքանո՞վ է բարոյական, տղա՛ ջան, երբ դու Հայոց ցեղասպանության թեմային անդրադառնալիս՝ այս կերպ ես արտահայտվում։

Մյուս մանիպուլյացիան այն ձևակերպումն է, թե ԱԳՆ-ն չպետք է զբաղվի պատմական թեմաների հետազոտությամբ․ այսինքն՝ ինքը հարցը տեղափոխում է մի դաշտ, որտեղից նորից փորձում է չոր դուրս գալ, քանի որ որևէ մեկը հակառակը չի կարող պնդել՝ ասելով, թե ԱԳՆ գործառույթը դա ցեղասպանության ուսումնասիրությունն է»։

Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրենն այս մանիպուլյատիվ գործելաոճն ու պարզաբանումները համարում է գործող իշխանությունների այցեքարտը, ու այդ համատեքստում՝ ԱԳ նախարարի հայտարարությունների մասին դիտարկումներից զատ՝ հիշեցնում գործող ուժի կողմից Ցեղասպանությանն առնչվող այլ հայտարարություններ ևս։

«Տարեսկզբին նրա կուսակից Անդրանիկ Քոչարյանը, հղում տալով Նիկոլ Փաշինյանին, ասաց, որ վարչապետի կողմից հանձնարարություն կա Ցեղասպանության զոհերի ցուցակների ամբողջականացման մասին, որպեսզի պարզեն՝ շա՞տ են զոհերը, թե՞ քիչ․ սա արդեն ցինիզմի գագաթնակետն է։ Ճիշտ է, հետո հանեց Նիկոլ Փաշինյանին հղումը՝ նշելով, թե դա իր անձնական մոտեցումն է։ Այս դեպքում բազմաքայլ մանիպուլյացիա կիրառվեց։

Կարծում եմ՝ վաղուց հասունացել է պահն իշխանությանն ու նրա ներկայացուցիչներին մրցանակներ շնորհելու՝ անգերազանցելի մանիպուլյատորի, անհասանելի ստախոսի, բացառիկ տխմարություն դուրս տալու անվանակարգերով»,- հավելեց մասնագետը։

Իրավիճակ փոխելու համար, ըստ ՀՑԹ ինստիտուտի նախկին տնօրենի, անհրաժեշտ է համախմբվել ու ինչպես մոլախոտը՝ արմատախիլ անել այս ամենը։ Իսկ դրա արմատները, նրա համոզմամբ, առավել խորն են։ Վերջինին վերաբերող իր պարզաբանումներում Հայկ Դեմոյանը՝ «ողբերգական անցքերից» խոսող Արարատ Միրզոյանի առնչությամբ «անցքեր» հիշեց։

«2007 թվականին իմ նախաձեռնությամբ հարուցվեց քրեական գործ՝ Հայոց ցեղասպանության թանգարանում նախկին տնօրեն Լավրենտի Բարսեղյանի օրոք տեղի ունեցած գողությունների փաստով։ 2004թ. թանգարանի վերանորոգման ընթացքում անհայտացել էին շատ արժեքավոր 19 գրքեր (թե ինչ պատճառով նախկին տնօրենը քրեական գործ չէր հարուցել այս դրվագով՝ հարցին ի պատասխան՝ մեկնաբանվեց, թե չէր ցանկացել աղմուկ բարձրացնել):

Այդ գործի շրջանակներում, ունեցածս տվյալներով, հարցաքննվել էին նաև թանգարանի նախկին ասպիրանտները, այդ թվում՝ երկու անձ, որոնք այսօր բարձրաստիճան պաշտոնյաներ են՝ մեկն Արարատ Միրզոյանն է, մյուսը՝ Վլադիմիր Վարդանյանը։ Ըստ հավաստի տեղեկությունների՝ անգամ Արարատ Միրզոյանը փորձել է սլաքներն ուղղել աշխատակիցներից մեկի վրա՝ ասելով, թե նա է հնարավոր գողություն կատարողը,- նշեց Հայկ Դեմոյանը՝ մանրամասնելով, որ այն սենյակում, որտեղից թանգարանի վերանորոգման ժամանակ գողացվել են գրքերը, հաճախ գտնվել են Արարատ Միրզոյանն ու Վլադիմիր Վարդանյանը,- Մի քանի հարցաքննություններից հետո գործը կարճվում է, գողոնը չի հայտնաբերվում։ Բայց ես ընդամեննը ուզում եմ պարզել՝ իրավապահ մարմիններն արդյո՞ք մոտ են եղել գողոնը հայտնաբերելուն, և թե ինչո՞ւ է կարճվել գործը, նաև ուզում եմ հանրայնացվեն գործի շրջանակում տրված ցուցմունքները։

2007 թվականին նույն ամսին, երբ հարուցվել էր քրեական գործը, Արարատ Միրզոյանը դառնում է «օմեգա» (Միքայել Մինասյանը հանրայնացրեց համապատասխան փաստաթուղթը), ու սա փաստ է, որ նա չի ժխտել դրա իրական լինելը՝ մեկնաբանելով, թե համագործակցել է օգնելու համար (դա իրենից ենթադրում է հավաքագրման մեխանիզմ):

Ես կցանկանայի իմանալ՝ արդյո՞ք իմ նախաձեռնությամբ հարուցված քրեական գործի հետևանքով է Արարատ Միրզոյանը դարձել «օմեգա», ասենք այսպես՝ «համագործակցում՝ չպատժվելու դիմաց» ծրագրով, ու նաև ուզում եմ ամենավերջում հասկանալ՝ այդ այլանդակ վարքը, որ դրսևորվեց իմ հանդեպ 2018 թվականին Հայոց ցեղասպանություն թանգարանում, իր կուսակիցների խայտառակ ու փողոցային պահվածքը պայմանավորվա՞ծ էր արդյոք այն ներքին քինախնդրությամբ, որ ես քրգործ էի հարուցել, և իրենց տարել էին հարցաքննելու»։

 

Տեսանյութեր

Լրահոս