Ինձ դեռ անցյալ տարի են ահազանգել՝ հիմնանորոգման անվան տակ կարող են փակել Հայոց ցեղասպանության թանգարանի մշտական ցուցադրությունը․ Հայկ Դեմոյան

Պատմական գիտությունների դոկտոր, Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի նախկին տնօրեն Հայկ Դեմոյանը մտահոգություններ ունի Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման՝ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության նախաձեռնության վերաբերյալ։

«ՀՑԹԻ տնօրինությանը` հանկարծ չփորձե՛ք հիմնավերանորոգման անվան տակ ինքնագլուխ փոփոխել թանգարանի մշտական ցուցադրությունը»,- ֆեյսբուքյան իր էջում ահազանգել է ցեղասպանագետը։

168.am-ի հետ զրույցում Հայկ Դեմոյանը պարզաբանեց իր մտահոգության պատճառները «Դեռ անցյալ տարի բավական լուրջ աղբյուրից ունեի ահազանգ՝ հետևյալ ձևակերպմամբ, որ միգուցե վերանորոգման անվան տակ անորոշ ժամանակով փակվի բուն ցուցադրությունը (թեև հնարավոր է՝ գիտաշխատողները գնան աշխատանքի)։ ՀՑԹԻ նորընտիր տնօրենի վերջին մամուլի ասուլիսից հետո նոր մտահոգություններ են ի հայտ եկել։ Նախ՝ նա չի հիմնավորում ժամկետները․ այնտեղ բավականին մշուշոտ էր ձևակերպումը, թե մենք կանենք ինչ-ինչ աշխատանքներ, կբացենք 110-ամյակին, հետո նորից թանգարանի ներսում կշարունակվեն հիմնավերանորոգման աշխատանքները։

Այո՛, խնդիրներ կան ու եղել են թանգարանում, բայց դրանք միշտ լուծվել են հընթացս, արտաբյուջետային միջոցների հաշվին: Բայց հիմնավոր կերպով արվել են աշխատանքներ 2013-2014 թվականին․ ի դեպ, այդ նույն նախագծային ինստիտուտն է, որը եկել է, գնահատել է։ Ավելին՝ 2019-2023թթ․ ընթացքում հենց ԿԳՄՍ նախարարությունը երկու խոշոր գումար է հատկացնում թանգարան-ինստիտուտին՝ Հարություն Մարությանի դիմումի համաձայն՝ ճիշտ նույն խնդիրները լուծելու համար»։

Կարդացեք նաև

Հայկ Դեմոյանը խնդրահարույց է համարում հարյուր միլիոնավոր դրամների հատկացումից հետո դարձյալ շուրջ 2 միլիոն դոլարին համարժեք գումարի հատկացումն ինստիտուտին՝ հենց նույն խնդիրները լուծելու համար։

«Այստեղ յուրաքանչյուր հարկ վճարող ՀՀ քաղաքացու մոտ, որի կենացը պետք է խմեն՝ ըստ Փաշինյանի, հարցեր պետք է ծնվեն՝ Հարություն Մարությանն այդ ընթացքում 2 անգամ գումար է ստացել, ինչո՞ւ են դրանք փոշիացվել և չեն ծառայել նպատակին, ո՞ւր է ԿԳՄՍ նախարարության ներքին աուդիտը, ի՞նչ ձևով է դա իրացվել, և ինչո՞ւ թանգարանը կանգնած է նույն խնդիրների առաջ»,- նշեց ՀՑԹԻ նախկին տնօրենը՝ չբացառելով կասկածները, որ բյուջեից նորից միջոցների ներգրավումը գուցե նպատակ ունի կոծկել նախկին հատկացումների իրացման հետքերը։

Ի դեպ, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման և բարեկարգման աշխատանքների համար Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունն այս տարվա սեպտեմբերի 3-ին 743 մլն դրամի պայմանագիր է կնքել «Բիդեք» ՍՊԸ-ի հետ։

«Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի շենքը և հուշահամալիրը միշտ ունեցել են խնդիրներ՝ կապված ջրահեռացման համակարգերի հետ։ Ժամանակ առ ժամանակ փորձեր են արվել լուծել այդ խնդիրները, բայց ապարդյուն, և հիմա վերջապես ստեղծվել է իրավիճակը շտկելու հնարավորություն, քանի որ թանգարան-ինստիտուտում և հուշահամալիրում կիրականացվեն հիմնարար վերանորոգման աշխատանքներ»,- լրագրողների հետ հանդիպմանն էլ նախօրեին պարզաբանել էր Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի տնօրեն Էդիտա Գզոյանը։

Հայկ Դեմոյանն իշխանությունների կողմից Հայոց ցեղասպանության թանգարան- ինստիտուտը թիրախավորելու պատճառներն ավելի խորքային է համարում, իսկ դրա սկիզբ է մատնանշում իր դեմ սանձազերծված արշավն ու թանգարանից մեկուսացնելու ներկա իշխանությունների անօրինական գործելաոճը:

«Այդ մասին 6 տարի շարունակ մանրամասնել եմ․ իմ բոլոր գրառումները փաստացի հայտարարություններ են հանցագործություններ կատարելու վերաբերյալ, ոչ մի իրավապահ մարմին չի հետաքրքրվել՝ անգամ այդ մեղադրանքների առնչությամբ ինձ զրպարտության համար պատասխանատվության ենթարկելու համար»,- հավելեց ՀՑԹԻ նախկին տնօրենը։

Հիշեցնենք՝ 2018 թվականի հունիսին Հայկ Դեմոյանն ահազանգել էր, որ օգտվելով իր՝ Հայաստանից բացակայելու հանգամանքից՝ Կրթության և գիտության նախկին նախարար, այժմ՝ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը և նրան ուղեկցող փոխնախարար, այժմ՝ ԵՊՀ ռեկտոր Հովհաննես Հովհաննիսյանը, մտնելով ՀՑԹԻ վարչական մաս, մուտք են գործել տնօրենի առանձնասենյակ։

Ի դեպ, ՀՑԹԻ-ի նախկին տնօրենն այս առնչությամբ իրավական գործընթաց է մեկնարկել, քանի որ պնդում է՝ մինչ օրս աշխատանքից չի ազատվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի պահանջներին համաձայն և ըստ Պետական եկամուտների կոմիտեի պաշտոնական տվյալների՝ ՀՑԹԻ տնօրենի պաշտոնակատար է մնացել մինչ 2019 թ․ հոկտեմբերի 1-ը։

«Այսպիսով, Հարություն Մարությանի տնօրեն ընտրվելը 2018 թ. սեպտեմբերին իշխանությունների կողմից բացահայտ անօրինական ու կոռուպցիոն քայլ է եղել,- հավելեց Հայկ Դեմոյանը՝ այս համատեքստում հիշեցնելով նաև 2018 թվականի սեպտեմբերին նոր տնօրենի ընտրության դրվագը,- Ես այդ ժամանակ դիտավորյալ դրեցի իմ թեկնածությունը, որպեսզի շատ ցցուն երևա սրանց ձեռագիրը․ իրենք ընտրեցին ազգագրագետի, որն ինքն է ամիսներ անց Հունաստանում հարցազրույցի ժամանակ խոստովանում, որ ինքը Հայոց ցեղասպանության մասնագետ չէ։

Կար հստակ ձեռագիր՝ Ծիծեռնակաբերդը դանդաղ անջատելու, մոռացության տալու և վարկաբեկելու տեսքով։ Այստեղ կար նաև քաղաքական մասը՝ այսինքն, բերեցին մեկին, որն ամեն ինչում լոյալ էր և կկատարի բոլոր առաջադրանքները (տեսնում եք՝ թիմի անդամ էր, աղջիկն ավագանու ՔՊ կուսակցության անդամ էր։ Կային նաև այլ դերակատարներ)․ Հարություն Մարությանին իմ թեկնածության առաջադրման պարագայում ընտրեցին նաև 2 ակադեմիկոս՝ Աշոտ Մելքոնյանն ու Ռուբեն Սաֆրաստյանը, և ժամանակն է, որ նրանք 6 տարի անց պատասխանեն հարցին, թե ի՞նչ շարժառիթներից ելնելով տնօրեն ընտրեցին ազգագրագետ, իրեն Ցեղասպանության թեմայի մասնագետ չհամարող Հարություն Մարությանին։

Բայց այստեղ մեկ ուրիշ հարց կա ևս՝ ֆինանսական և դրան առնչվող փաստաթղթերի ոչնչացման հետքերը կոծկելու փաստը, և Մարությանի բերելու նպատակներից մեկը դա է եղել։ Եղել է իմ ստորագրությամբ երկու փաստաթուղթ՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամ»-ում իմ ստորագրությամբ ՀՑԹԻ-ի հետ պայմանագրով՝ 820 հազար դոլար գումարը ժամանակավոր ի պահ դնելու մասին, որի փաստաթղթային հիմքերն արդեն ոչնչացվել են․ ԱԱԾ-ից տեղեկություն ունեմ, որ ոչնչացվել է նաև «Հայաստան» հիմնադրամի օրինակը»։

Հայկ Դեմոյանը չի հավատում հիմնադրամի տնօրեն Հայկակ Արշամյանի հավաստիացումներին, թե այս փաստաթղթերը պահպանվում են արխիվում։ Մինչ օրս, ըստ նրա, հիմնադրամի տնօրինությունը հրաժարվում է մանրամասնություններ ներկայացնել այդ գումարի օգտագործման և բանկային հաշվեհամարի վաղաժամկետ փակելու վերաբերյալ:

«Բայց ես ավելի հակված եմ, որ այս և այլ դրվագներում կա քաղաքական ենթատեքստը, որովհետև այս իշխանությունների ու նրանց խաղաղության բազմաբևեռ ծրագրերի կոկորդում մնացած ամենամեծ փուշը Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտն է, և առաջին հարվածը պետք է հասցնեին հենց դրան։ Քանի որ Ցեղասպանության թեմայով ցանկացած խորացում ցնցելու էր հայ-թուրքական հաշտեցման փորձերին միտված օրակարգերը»,- ամփոփեց ցեղասպանագետը։

Ըստ տարածված հաղորդագրության, Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և թանգարանի հիմնանորոգման նախագիծը կազմվել էր դեռևս 2021 թվականին,Կառավարությունը հատկացրել էր անհրաժեշտ գումարը, սակայն մրցույթն անցկացվել է այս տարի: Հուշահամալիրի հիմնանորոգման աշխատանքները կընթանան երկու հիմնական փուլով. Հայոց ցեղասպանության հուշահամալիրի և հարակից տարածքի հիմնանորոգումը նախատեսվում է սկսել առաջիկա օրերին և ավարտել մինչև Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցի միջոցառումների մեկնարկը:

Հիմնանորոգման նախագծում ներառված է նաև Հայոց ցեղասպանության հուշահամալիրի հարակից կանաչապատ տարածքների ոռոգման համակարգի բարելավումը` ներառյալ ջրամբարի և պոմպակայանի կառուցումը, ինչը կապահովի կաթիլային համակարգի գործարկումը:

Երկրորդ փուլով կընթանան Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտի (այդ թվում՝ վարչական մասնաշենքի) հիմնանորոգման աշխատանքները, որոնք կսկսվեն 2025 թ. կեսից:

ՀՑԹԻ նախկին տնօրենն առաջարկեց նաև հանրային վերահսկողության մարմին ստեղծել թանգարանի շուրջ տեղի ունեցող զարգացումներին ուշի ուշով հետևելու համար, քանզի, ըստ իր ունեցած տվյալների, նպատակ կա նաև օրակարգից հանել Հայոց ցեղասպանության հուշահամալիր պետական արարողակարգային այցերը հենց նույն հիմնավերանորոգման պատրվակով:

Տեսանյութեր

Լրահոս