Սերժ Սարգսյանի անունը քուն ու դադար չի տալիս մեկ պաշտոնական Բաքվին, մեկ էլ Նիկոլ Փաշինյանի արբանյակ սազանդարներին. Էդուարդ Շարմազանով

«Պրեսսինգ» հաղորդաշարում Սաթիկ Սեյրանյանի հյուրը Հայաստանի հանրապետական կուսակցության (ՀՀԿ) Գործադիր մարմնի (ԳՄ) անդամ, ՀՀ Ազգային ժողովի (ԱԺ) նախկին փոխնախագահ Էդուարդ Շարմազանովն է։

Հարցազրույցի հիմնական թեզերը՝ ստորև.

  • 2018թ․ էլ եմ ասել, հիմա էլ եմ ասում, որ եթե Նիկոլ Փաշինյանը մի շաբաթով գրիպ ընկնի, ՔՊ-ն կփլուզվի։ Չեն հասկանա՝ ինչ անեն, ոնց քվեարկեն։ ՔՊ-ում քաղաքական կապիտալ ունեցող անձեր հիմնականում չկան։ Այնտեղ Watsupp-ի խմբով կատարում են Փաշինյանի հրահանգները, որովհետև ՔՊ-ում գրեթե բոլորը պարտք են Նիկոլ Փաշինյանին։ Փաշինյանը ոչ մեկի պարտք չէ իր թիմում, ինքը պարտք է իր արտաքին հովանավորներին։
  • Կարևոր բան բացահայտվեց իշխանության տարբեր թևերի շուրթերով՝ կա կոռուպցիա, հովանավորչություն, զանգեր, և մյուս կողմից՝ կա ճնշում, կալանքը որպես մահակ է օգտագործվում մարդկանց դեմ։ Այսինքն՝ ասվեց այն, ինչ 6.5 տարի է՝ ասում են ընդդիմադիրները, լրատվամիջոցներն ու քաղաքագետները։

Կարդացեք նաև

Հիշեցնենք, օրեր առաջ ՔՊ-ական պատգամավորներն ԱԺ-ում Անդրանիկ Քոչարյանի գլխավորությամբ լսումների ժամանակ Քննչական կոմիտեի (ՔԿ) նախագահ Արգիշտի Քյարամյանին մեղադրում էին քրեական գործերը որպես պատժի մահակ օգտագործելու մեջ, իսկ նույն Քյարամյանը ՔՊ-ական իր թիմակից պատգամավորներին մեղադրում էր հովանավորչության դրսևորումների մեջ: ՔԿ ղեկավարը պատգամավորին՝ Հովիկ Աղազարյանին, խնդրեց կոռուպցիայի դեմ պայքարի, հովանավորչության համատեքստում մեկնաբանել, թե ինչով է պայմանավորված, որ առնվազն երկու անգամ իրեն դիմել են նրա տղայի հետ կապված քրեական գործով։ Դրանից հետո սկսվեց քաշքշոցը՝ ընդհուպ հասնելով ՔՊ-ականների միջև տղայական ռազբորկաների, հայհոյանքների:

  • Չեմ բացառում, որ ՔՊ-ական այդ խմբակում կան «սվոյներ» և «չուժոյներ»։ Չի բացառվում, որ Նիկոլի հետ քայլածներն անարդարության էլեմենտներ են նկատում իրենց հետ չքայլածների համեմատությամբ։ Նրանց համոզմամբ՝ Փաշինյանի հետ 2018-ին քայլողները պետք է առավելություններ ունենան: 

Քաղաքական վերլուծաբան Թաթուլ Հակոբյանն օրեր առաջ ֆեյսբուքյան իր էջում գրել էր. «Ադրբեջանի` 44-օրյա պատերազմի մասին ֆիլմերից մեկում, Ռուսաստանում Ադրբեջանի նախկին դեսպան Բյուլբյուլօղլին ասում է, որ 2016թ. Ապրիլյան պատերազմը դադարեցվել է, քանի որ հայկական կողմը` Սերժը, խոստացել է երեք ամսվա ընթացքում վերադարձնել 5 շրջան։ Անշուշտ, պետք է վերապահումներով մոտենալ Բյուլբյուլօղլիի կամ ադրբեջանցի յուրաքանչյուր դիվանագետի հայտարարության, բայց այդ օրերին` 2016թ. ապրիլին, Մոսկվայում Ադրբեջանի դեսպանի այս պնդումը ուշագրավ է»։

Այդ օրերին Ռուսաստանի միջամտությամբ հրադադար խնդրող Ալիևն էլ իր հերթին Շուշի այցելության ժամանակ 2021թ. հայտարարել էր, թե իբր «Այն ժամանակ, երբ ընթանում էին ապրիլյան մարտերը, օր ու գիշեր նրանք զանգահարում էին Ռուսաստանի գլխավոր շտաբի պետին՝ աղաչելով, որ Ադրբեջանը դադարեցնի պատերազմը: Մենք դադարեցրինք այն պայմանով, որ բանակցություններն անմիջապես կսկսվեն, և դրանք սկսվեցին: …Հունիսին Ռուսաստանում տեղի ունեցավ գագաթնաժողովի հանդիպում: Սարգսյանն ինձ խոսք տվեց, որ իրեն երկու շաբաթ է պետք: Նա ասաց, որ կլուծի այս հարցը»:

Մի կողմ թողնենք, որ Ալիևն ու իր դեսպան Բյուլբյուլօղլին տարբեր ժամկետներ են նշում, բայց փաստ է այն, որ նույնիսկ այդ օրերին միջազգային, այդ թվում՝ ռուսական մամուլն էր գրում, որ Ադրբեջանի ԶՈՒ ղեկավարն արագ վազել է Ռուսաստան՝ խնդրելով կանգնեցնել պատերազմը:

Այս կապակցությամբ Էդուարդ Շարմազանովը թարմացրեց բյուլբյուլօղլիների հիշողությունը.

«Տարակուսելի է, որ ՀՀ քաղաքացիություն ունեցող անձը, անկախ նրանից՝ լրագրող է, թե վերլուծաբան, մեջբերում է ՌԴ-ում Ադրբեջանի կասկածելի գործելաոճ ունեցող դեսպանին։ Ռուսաստանում Ադրբեջանի դեսպան Փոլադ Բյուլբյուլօղլիի ասածը քառօրյա պատերազմի մասին կատարյալ սուտ է ու կեղծիք։ Սա ասում եմ՝ որպես ականատես։ Մի հանդիպման ժամանակ, որին ներկա էին Նարիշկինը, Լարիջանին, Բյուլբյուլօղլին, Ասադովը, այլ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, Բյուլբյուլօղլին ասաց, որ քառօրյա պատերազմը սկսել են արցախցիները։ Դեմ առ դեմ, բոլոր այդ մարդկանց ներկայությամբ հայտարարել եմ, որ ադրբեջանցիներն են սկսել ապրիլյան՝ 2016 թվականի քառօրյա պատերազմը, իսկ 4 օր հետո նույն ադրբեջանցիները խնդրել են ռուսներին, որ միջնորդեն պատերազմը կանգնեցնելու համար։ Ո՛չ Ասադովը, ո՛չ Բյուլբյուլօղլին ոչ մի բառ չեն պատասխանել բոլորի ներկայությամբ իմ արած այդ հայտարարություններից հետո: Բերանները ջուր առած՝ նստել էին։ Դրանից հետո ասուլիս է եղել, նույն բանն այդ ժամանակ եմ ասել, էլի ոչ մի արձագանք չի եղել։ Դա այնքան հանրահայտ փաստ է։ Բա եթե հայերն էին խնդրել զինադադար, որ հետո վերադարձնեն 5 շրջանները, ինչո՞ւ հետո առաջացավ Ժնևի, Սանկտ Պետերբուրգի, Վիեննայի մեխանիզմների անհրաժեշտությունը, ինչո՞ւ էր Ալիևը քառօրյա պատերազմից հետո հոկտեմբերին, իր կառավարության նիստում ասում՝ «փակ դռների հետևում ինձ ստիպում են ճանաչել Ղարաբաղի անկախությունը»։

  • Սերժ Սարգսյանի անունը քուն ու դադար չի տալիս մեկ պաշտոնական Բաքվին, Ալիևին, մեկ էլ այստեղի սազանդարներին՝ Նիկոլ Փաշինյանի արբանյակներին։
  • Եկե՛ք թարմացնենք բոլորի հիշողությունը։ Այդ օրերին ԱՄՆ-ից Երևան վերադարձած Սերժ Սարգսյանը քառօրյա պատերազմի ժամանակ հավաքեց Եվրամիության բոլոր դեսպաններին, ասաց, որ սա ագրեսիա է Արցախի ու խաղաղության դեմ, ու ասաց, որ եթե Ադրբեջանը չդադարեցնի իր այդ գործողությունները, Հայաստանը ստիպված կլինի ճանաչել Արցախի անկախությունն ու բոլոր հնարավոր միջոցներով պաշտպանել նրան։ Դեսպաններին Սերժ Սարգսյանն ասաց՝ գնացե՛ք, ձեր մայրաքաղաքներում ասեք։ Այստեղ որևէ խնդրանք տեսնո՞ւմ եք։ Բացեք այդ օրերի լրատվամիջոցները և կարդացեք: 
  • Ալիևի նպատակն էր՝ պատերազմի միջոցով ստիպել հետ կանգնել հրադադարի հին պայմանագրից, որտեղ Արցախը կողմ էր, ու պարտադրեր նոր պայմաններ։ Նոր զինադադարի փաստաթուղթ չի եղել, ինչին ուզում էր հասնել Ալիևը։ Մնացել է 1994-95թթ․ զինադադարի փաստաթուղթը։ Զինադադար խնդրել է Ադրբեջանը, պայմաններ թելադրել ենք մենք։
  • Թաթուլ Հակոբյանի ու նմանների նման հայտարարությունները նպատակ ունեն ուշադրությունը շեղել լուզեր Փաշինյանից, ով ֆիասկոյի է ենթարկվել, ձախողվել է բոլոր հարցերում։ Փաշինյանից ձախողակի պիտակը հեռացնելու համար կարող են այդպես հասնել մինչև Արտաշես 1-ին։ 
  • Ես միշտ էլ այս իշխանության այլընտրանք տեսել եմ նախկիններին, որովհետև նախկինը հաղթանակ էր, ներկան՝ պարտություն։ Սա իմ կարծիքն է։ Միայն Արցախը պահող, բանակ ստեղծող, հավասարակշռված արտաքին քաղաքականություն տանողները կարող են պետություն ղեկավարել։ Որովհետև 2018թ․ հեղափոխություն կոչվածը միայն ՀՀԿ-ի ու Սերժ Սարգսյանի մասին չէր։ Դա մեր պատմական կաղապարների, մեր ազգային արժեքների մասին էր, որի մեջ մտնում էր և՛ Արցախը, և՛ բանակը, և՛ ազգային ավանդույթները։
  • ՀՀԿ-ին ոչ ոք հենց այնպես տեղ չի տվել էս երկրի տակ, պայքարել ենք. թող մրցակցեն։ 
  • ՀՀ երկրորդ և երրորդ նախագահներին քաղաքականությունից հեռանալու կոչ անողները գործուղված են ընդդիմադիր դաշտ՝ իրական ընդդիմադիր դաշտի հերն անիծելու համար։ Մեր պայքարը պետությունը պահպանելու համար է, նրանց պայքարը՝ մանդատի համար, որ Էրդողանի և Ալիևի սիրելիները գան Խորհրդարան։ Մանդատներ վայր դնելու խոսույթը կեղծ օրակարգ է։ Դեռ հարց է՝ ով է ավելի վտանգավոր՝ Նիկոլ Փաշինյա՞նը, թե՞ դրանք։
  • Դաշնակից ունենալու համար դու պետք է լինես գործոն, ոչ թե գործիք։ Նիկոլ Փաշինյանի իշխանությանը դրսում ոչ ոք լուրջ չի վերաբերվում։ Ինքը թուրքական սատելիտի կարգավիճակում է։ Եթե դու 2020թ․ աշնանը հայտարարում ես՝ էրդողանական Թուրքիան գալիս է Հայաստանը ցեղասպանելու, դրանից 4 տարի անց գնում Էրդողանի գիրքը վերցնում, Ավետարանի նման դնում ես կրծքիդ, մի հատ էլ խնդրում ես, որ միջնորդ լինի հայ–ադրբեջանական հարաբերություններում, քեզ ո՞վ է լուրջ վերաբերվելու։ Դու վասալ ես։
  • Փաշինյանին արտաքին ուժերը բերել էին 2 բան իրականացնելու համար՝ Արցախի ադրբեջանացում և Հայաստանի թրքացում։ Արցախի ադրբեջանացումն իրականացրել են, Հայաստանի թրքացումն ընթանում է շատ արագ տեմպերով։

  • Երբ Փաշինյանն ասում է՝ իրական Հայաստան, դա նշանակում է՝ Էրմենիստան։ Իր առաքելությունը մեկն է՝ Հայաստանը դարձնել Թուրքիայի իշխանության ներքո գտնվող փոքրիկ երկիր, որտեղ անգամ ներքաղաքական հարցերը պիտի համաձայնեցնի Թուրքիայի հետ։
  • Պատերազմը լավ բան չի, բայց մենք պետք է վախենանք ոչ թե պատերազմից, այլ մեր ինքնությունը կորցնելուց ու տրանսգենդեր դառնալուց՝ մտածողության առումով։ Ժողովո՛ւրդ, այն, ինչ մեզ հետ կատարվում է, աննորմալ է։ Լավ ապրելը լավ բան է, բայց մենք պետք է ունենանք ազգային նկարագիր։ Այս իշխանությունը մեզ հեռացնում է մեր արմատներից, մեր պորտալարից, իրական անկախության և ինքնիշխանության գաղափարներից, որպեսզի որպես ազգ՝ մենք վերածնվելու հնարավորություն այլևս չունենանք։
  • Նոյեմբերի 9-ի փաստաթղթից առաջինը հրաժարվել է Փաշինյանը՝ Ղարաբաղը ճանաչելով Ադրբեջանի կազմում։ Ռուսների հետ կապված լիքը հարցեր կան, բայց այդ քարտ-բլանշը բոլորին տվել է Փաշինյանը՝ իր գործողություններով։
  • Նիկոլ Փաշինյանը ստորագրել է մի փաստաթղթի տակ, որտեղ գրված է, որ հայկական զորամիավորումները դուրս պիտի գան Ղարաբաղից, մինչդեռ այնտեղ՝ Քարվաճառում, հայկական բանակ չի եղել։ Այնտեղ եղել է Արցախի ՊԲ-ն։ Այո, Հայաստանն Արցախի անվտանգության երաշխավորն էր: Հետևաբար՝ իր ստորագրությամբ Փաշինյանն ընդունել է, որ Հայաստանն այնտեղ զորք է ունեցել, այսինքն՝ ագրեսոր է։ 
  • Ընդդիմությունը նրա համար չէ, որ ոտքերը կտրած մարդուն նոր ոտք տա, այլ նրա համար է, որ թույլ չտա, որ գլուխներս էլ կտրեն։ Փաշինյանը մնաց, գլուխներս էլ են կտրելու։ 
  • Թե Ռուսաստանն ի՞նչ կանի, մեր խնդիրը չէ։ Ռուսաստանի մասին Վլադիվոստոկից մինչև Կալինինգրադ մտածող կա։
  • Միջին միջանցքը հակառուսական և հակաիրանական պրոյեկտ է։ Այն ձեռք է տալիս Արևմուտքին։
  • Բանակցային սեղանի վրա մենք հայկական շահը պաշտպանող որևէ մեկը չունենք։ Մեր ու Փաշինյանի տարբերությունն այն է, որ մենք Ադրբեջանին ու Թուրքիային համարում էինք անվտանգության սպառնալիք, իսկ Փաշինյանն այն Թուրքիային, որ գրավել է Ղարաբաղը, սպանել մեր երեխաներին, խնդրում է որպես միջնորդ հանդես գալ։
  • Ես Թուրքիայի ու Ադրբեջանի դեմ պատերազմի, վրեժի կոչ չեմ անում, ես կոչ եմ անում խելամիտ լինել։ Բայց քանի որ պետության ղեկին հարբած վարորդ է, ոչ մի լավ բան հնարավոր չէ սպասել։
  • Էրդողանի խաթր է Փաշինյանը Կազանում մասնակցելու ԲՐԻԿՍ-ին, Էրդողանին համար է այսօր Արարատ Միրզոյանին ուղարկել Թուրքիա։ Էրդողանին, իմ տպավորությամբ՝ Փաշինյանն ասում է՝ նայի՛, Ալիևը կարող է խաղեր տալ, ես՝ երբեք։
  • Ռուսաստանն այս տարածաշրջանից դուրս չի գալու։ Կարող է նահանջել մի քանի ամսով կամ տարով, բայց Հարավային Կովկասը Ռուսաստանի հետաքրքրությունների տիրույթից դուրս չի գալու։ Էդ հակառուսականությամբ նա ո՛չ Պուտինին է վատություն անում, ո՛չ Լավրովին, ո՛չ էլ իր սիրելի Զախարովային։ Վատություն է անում սոսկ Հայաստանի Հանրապետությանն ու հայ ժողովրդին։ Հայաստանի հետ այլևս ոչ ոք ոչինչ չի քննարկում, ընդամենը տեղյակ են պահում։ Ինքն իր նմանատիպ քաղաքականությամբ մեր դեմ է գրգռել առնվազն մեր երկու բնական դաշնակիցներին՝ դրանով բացելով Ադրբեջանի ախորժակը։

  • Խաղաղություն են աղաչում։ Հայաստանում էլ պաշտոնյա չմնաց, որ եվրոպական տարբեր երկրներում չմուրան, որ համաձայնեցված 13 կետերով գոնե կնքեն խաղաղության համաձայնագիրը։ Ալիևն ասում է՝ չէ, սա խնդրում է։ Չի լինելու խաղաղության պայմանագիր։ Առանց դրա էլ Ալիևն ինչ ուզում, ստանում է։ 
  • Ասում էր՝ Տավուշի գյուղերը տանք, թե չէ՝ պատերազմ կսկսեն Ադրբեջանն ու Թուրքիան: Հիշում եք տավուշեցիների հետ նրա հանդիպումներն ու ելույթները: Տվեց Տավուշի գյուղերը. Բա հիմա խի՞ են ինքն ու Արարատ Միրզոյանը, մյուս ՔՊ-ականներն առավոտից իրիկուն դրսի ամբիոններում ու Հայաստանում հայտարարում, որ պատերազմ է սկսելու Ադրբեջանը: Տավուշի 4 գյուղերը, մեր լավագույն կահավորված դիրքերն ինչո՞ւ տվեցիր, որ Հայաստանն ավելի հեշտ գրավե՞ն։
  • Մենք գտնվում ենք մեր պետականության ամենավտանգավոր փուլում, և դա ներկայացվում է՝ որպես փրկություն։ Սա է ամենավատը։
  • Վրաստանի ընտրությունները շատ կարևոր են։ Ցանկացած հայի համար շատ կարևոր է, որ Վրաստանում լինի թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական, և թե՛ անվտանգային կայունություն։ Այնտեղ կլինի բախում երկու աշխարհաքաղաքական կենտրոնների միջև։ Ակնհայտ է, որ Փաշինյանն էլ է սպասում այդ ընտրություններին, և եթե այնտեղ ընդդիմադիրները հաղթեն, կուրախանա ու ավելի թափով կգնա դեպի Արևմուտք։ Եթե Ռուսաստանի դիրքերն ամրապնդվեն Վրաստանում, կուժեղանան նրա դիրքերը Հարավային Կովկասում։ Այդ առումով, այո, եթե հանկարծ Վրաստանում հաղթեն ընդդիմադիրները, դա մեզ համար իրոք կարող է լինել ճակատագրական։
  • Մենք պետք է մտածենք Հայաստանի Հանրապետության շահերի մասին, իսկ այն պահանջում է օր առաջ ազատվել այս ազգակործան, ապիկար, «կռուտիտ» լինող իշխանությունից։
  • Քաղաքական օրակարգում կա մի հարց՝ այս իշխանության հեռացում։ Այսօր արտահերթ ընտրությունների օրակարգ չկա ոչ միայն իշխանության, այլև ընդդիմության մոտ։ Ես չեմ տեսնում, որ արտահերթ ընտրությունների նախապատրաստություն կա։

 Բոլոր էն «ընդդիմադիրները», ովքեր քննադատում են Նիկոլին, ձեռքի հետ էլ՝ տիտղոսային ընդդիմությանը, նրանք ինձ համար փոքրիկ նիկոլիկներ են։

Մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս