«Ատե՛ք ռուսներին, ինչ ուզում եք՝ արեք, բայց ռուսական շուկան հայ տնտեսվարողի համար ուղղակի դրախտ է». Հարություն Մնացականյան

Պարենային անվտանգության խնդիրը Հայաստանի համար շարունակում է մնալ ազգային անվտանգության մակարդակի հարց, որին բախվելու ենք Հայաստանի դեմ պատերազմի պարագայում։

Ասվածի ապացույցն արդեն արձանագրված փաստն է. Արցախի 44-օրյա պատերազմի առաջին օրերին Վրաստանի Մառնեուլի հատվածում Հայաստան սննդամթերք ներկրող մենքենաները կանգնեցրել էին տեղի ադրբեջանցիները և թույլ չէին տալիս, որ Վրաստանի այդ հատվածից հայկական բեռնատարներ մտնեն Հայաստան։

Հիշեք, որ այդ խնդիրը լուծվեց բացառապես վրացական իշխանությունների և եվրոպացիների միջամտությամբ, բայց այդ խնդիրն առկա է նաև այժմ և մահակի պես կախված է Հայաստանի գլխին։ 168TV-ի «Ռեվյու» հաղորդաշարի եթերում, խոսելով պարենային անվտանգության խնդիրների մասին, նման տեսակետ հայտնեց գործարար Հարություն Մնացականյանը՝ ընդգծելով.

«Եթե հիմա Հայաստանն ընկնի շրջափակման մեջ՝ չունենալով ցորենի արտադրություն, ինչպե՞ս է կարողանալու դիմակայել 6-ամսյա շրջափակմանը։ Ցորենի արտադրությունը զենք գնելու պես բան է մեզ նման պետության համար, ուստի Կառավարությունը պարտավոր է աջակցել այդ գործն անող ֆերմերներին։ Ուշագրավ է, որ Հայաստանում ցորենի արտադրությունը զարգացնելուն միտված քայլեր են անում այլ երկրներ, օրինակ՝ ԱՄՆ-ը. այդ երկիրն անում է մի բան, որը պետք է աներ ՀՀ Կառավարությունը։ Ցավալի է, որ օտար պետությունը հասկանում է, իսկ ՀՀ Կառավարության ղեկավարությունն ասում է, թե ցորենի արտադրությունը ձեռնտու չէ մեզ»։

Կարդացեք նաև

Նրա խոսքով՝ ցորենի սպառման 90 տոկոսը Հայաստան է գալիս Ռուսաստանից, և այս համատեքստում անհասկանալի է նաև, թե ինչո՞ւ է Հայաստանում օրեցօր մեծանում հակառուսական ալիքը, և որոշները քաղաքական նպատակահարմարությամբ պայմանավորված՝ հակադրվում են Ռուսաստանին։

«Ատե՛ք ռուսներին, ինչ ուզում եք՝ արեք, բայց ի՞նչ է նշանակում ռուսական շուկայում առևտուր չանելու պահանջը, չէ՞ որ ռուսական շուկան հայ տնտեսվարողի համար ուղղակի դրախտ է, այլընտրանք չունի, որովհետև հայկական արտադրանքը ոչ միայն չի բավարարում եվրոպական ստանդարտները, այլ նաև մեր տնտեսվարողն արտահանելու բան էլ չունի։ Այս խնդիրներին ավելանում է նաև լոգիստիկան. ճանապարհածախսն այնքան մեծ է, որ մինչև այդ ապրանքը Հայաստանից հասնի Եվրոպա, կդառնա ոչ մրցունակ։ Հետևապես, կրկնում եմ՝ եղե՛ք հակառուս, բայց ի՞նչն է խանգարում ձեզ ապրանք արտահանել ռուսական շուկա»,- ասաց Մնացականյանը։

Հարցազրույցի մանրամասները՝ տեսանյութում։

Տեսանյութեր

Լրահոս