Տնտեսության բացասական միտումների պատճառով զարկ են տվել հարկային տեռորի քաղաքականությանը․ տնտեսագետ
2024թ. առաջին կիսամյակի տնտեսական միտումները, ըստ մասնագիտական տարբեր շրջանակների, շարունակում են մնալ անկումային։ Պետական բյուջեի կատարման հաշվետվության ուսումնասիրությունն էլ ցույց է տվել՝ թերակատարվել են թե՛ եկամուտները, թե՛ ծախսերը։
Վիճակագրական կոմիտեն նախօրեին հրապարակեց 2024թ. օգոստոսի 26-ի դրությամբ ՀՀ սոցիալ-տնտեսական վիճակը բնութագրող ընթացիկ-օպերատիվ ամփոփմամբ ստացված նախնական հիմնական մակրոտնտեսական ցուցանիշները։
Վիճակագրական կոմիտեն արձանագրել է՝ 2024 թվականի հունվար-հուլիսին (7 ամիսներին) նախորդ տարվա նույն ժամանակահատվածի նկատմամբ առկա է 9.6 տոկոս տնտեսական ակտիվության աճ։ Նշենք՝ առաջին 6 ամիսների տվյալներով այդ ցուցանիշը 10,4 տոկոս էր:
Բավականին մտահոգիչ է տնտեսական ակտիվության տեմպերի էական նվազումը
Վիճակագրական տվյալները, մասնագետների արձանագրմամբ, հենց վկայումն են, որ ՀՀ տնտեսության վրա ռուս-ուկրաինական հակամարտության հետևանքով ի հայտ եկած արտածին բարենպաստ գործոնները, որոնց շնորհիվ նաև արձանագրվել է այդ 10,4 տոկոս ՏԱՑ-ը, շարունակում են թուլանալ։
Արդյունաբերական արտադրանքի աճը կազմել է 15.7%, մինչդեռ հունվար-հունիսին այդ ցուցանիշը 18,2 տոկոս էր: Շինարարության ծավալն աճել է 16.1 %-ով, առևտրի շրջանառությունը՝ 21.4%-ով: Այս տարվա առաջին կիսամյակի տվյալներով՝ առևտրի շրջանառության աճը կազմել է՝ 22,9, իսկ շինարարությունը՝ 15,7 տոկոս: Հունվար-հուլիսին ծառայության ծավալներն ավելացել են ընդամենը 4.5 %-ով (հունվար-հունիսին՝ 4,4 տոկոս):
«Բավականին մտահոգիչ է տնտեսական ակտիվության տեմպերի էական նվազումը․ տարեսկզբին՝ առաջին եռամսյակում, գրեթե 15 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ունեինք, իսկ արդեն 6-րդ ամսվա դրությամբ՝ այդ միջին ցուցանիշը նվազեց մինչև 9 տոկոսի, իսկ հուլիսին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 6.2 տոկոս։ Եվ արդեն նաև սրանից բխող բացասական միտումներ են արձանագրում մակրոտնտեսական մյուս ցուցանիշները,- 168․am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, տնտեսագետ Թադևոս Ավետիսյանը՝ մանրամասնելով,- Առաջինը պետական բյուջեի եկամուտներն են․ հարկային եկամուտների թերհավաքագրումը մոտավորապես կազմում է ծրագրածից 10 տոկոսով պակաս, 12 տոկոսով պակաս էլ ծախսերն են կատարվել»։
ԱԺ ընդդիմադիր պատգամավորը հիշեցրեց՝ նախորդ տարեվերջին, երբ ներկայացնում էին պետական բյուջեն, շատերն են արտահայտել մտահոգություններ, որ այդչափ ծախսեր և եկամուտներ նախատեսելը բավականին ռիսկային է, քանի որ հնարավոր չի լինելու այն ապահովել։
Հաջորդ կարևոր խնդիրը, որի վրա ուշադրություն դարձրեց Թադևոս Ավետիսյանը, տնտեսության կառուցվածքն է․
«Հիմնականում մեկ-երկու ոլորտի վրա է շարունակում մնալ տնտեսական ակտիվության ապահովումը, իսկ այնպիսի ոլորտներ, ինչպիսիք են գյուղատնտեսությունը, Տեղեկատվական տեխնոլոգիաները (ՏՏ), արձանագրում են զրոյական աճ և նույնիսկ՝ անկում։
Արդյունաբերության ոլորտի բարձր աճի ցուցանիշն էլ վերաբերում է հիմնականում մեկ ուղղության՝ ոսկերչական ճյուղին, և այն էլ առավել արտաքին գործոնի պատճառով է (ըստ էության, սա ՌԴ-ից ներմուծվող և վերարտահանվող ոսկու շարժն է ապահովում)։
Մնացած ոլորտներում դեռ իներցիայով շարունակվում է արտաքին գործոնի դրական ազդեցությունը․ արտաքին առևտուրը դեռևս բավականին բարձր է ռուսական ապրանքների վերարտահանման և դեպի ՌԴ վերարտահանման հաշվին։ Վերջինը, սակայն, ևս թուլանալու է մինչև տարեվերջ, և մենք դժվարություններ ենք ունենալու նաև արտաքին առևտրաշրջանառության իմաստով»։
Ըստ նրա՝ բացասական խորացող միտումներն են պատճառը, որ օրվա իշխանություններն արդեն զարկ են տալիս հարկային տեռորին։
«Դա անում են ամեն գնով, որովհետև ամենալավն իրենք գիտեն, որ մեծ-մեծ խոստումները, որ տվել էին, և սպասումները, որոնք ձևավորել էին ընդամենը կես տարի առաջ՝ բյուջեի քննարկման ժամանակ, անկատար են մնալու։ Այժմ փորձում են հարկ քերթելու քաղաքականությամբ ապահովել հարկային եկամուտներ։ Սա, իհարկե, լուրջ խնդիրներ է առաջացնելու հատկապես այն ոլորտներում, որոնք պահանջարկի նվազման հետևանքով ունեն դժվարություններ»,- ամփոփեց տնտեսագետը։