Թոշակառուների ուրախությունը կարճ տևեց. Մի ձեռքով տալիս են, մյուս ձեռքով՝ վերցնում
Ընտրություններից 2 ամիս առաջ թոշակները բարձրացնելով՝ իշխանությունները համարում են, որ մեծ լավություն են արել թոշակառուին, թոշակառուն էլ պետք է իրենց վարձահատույց լինի ընտրությունների ժամանակ։ Նիկոլ Փաշինյանը որտեղ գնում, թոշակների բարձրացումը թոշակառուի երեսով է տալիս։ Այնպիսի մի հպարտությամբ են խոսում թոշակները բարձրացնելու մասին, որ կարծես բարձրացրածն էլ 10 հազար դրամ չէ։
10 հազար դրամով թոշակի բարձրացման մասին ամեն անգամ հիշեցնում են, բայց մոռանում են, որ վերջին ամիսներին գները Հայաստանում այնպիսի արագությամբ են աճում, որ այդ բարձրացումից թոշակառուին գրեթե ոչինչ չի մնում։ Թոշակառուն ստիպված է նույն ապրանքը գնելու համար հիմա անհամեմատ ավելի շատ վճարել, քան վճարում էր դրանից կարճ ժամանակ առաջ։
Տարեսկզբից գնաճի տեմպերը Հայաստանում կտրուկ արագացել են։ Գնաճը վաղուց անցել է նախատեսված թիրախի վերին սահմանից, իսկ Կենտրոնական բանկը չի բարեհաճում քայլեր ձեռնարկել։ Հերթական անգամ որոշեցին անփոփոխ թողնել հիմնական տոկոսադրույքը՝ նպաստավոր միջավայր ստեղծելով գնաճի հետագա արագացման համար։
Արդեն ապրիլին կամ նույն ամսին, երբ բարձրացրին թոշակները, 12-ամսյա գնաճը Հայաստանում հասավ 5.3 տոկոսի։ Սա ինքնին գնաճի լուրջ ազդանշան է, բայց դա էլ ամբողջը չէ. թոշակառուի համար ավելի կարևոր է ոչ թե միջին գնաճը, այլ այն ապրանքների գինը, որոնք նա ամեն օր գնում է։
Այդ ապրանքներից է հատկապես սննդամթերքը։ Իսկ սննդամթերքի գներն ապրիլին, նախորդ տարվա համեմատ, արդեն հասցրել են ավելանալ 9.5 տոկոսով։
Այսինքն՝ գրեթե երկնիշ գնաճ է գրանցվել թոշակառուի ու ընդհանրապես այլ սպառողների համար առաջնային կարևորության ապրանքների պարագայում։
Միայն վերջին մեկ ամսում՝ մարտից ապրիլ, սննդամթերքը թանկացել է ևս 2.8 տոկոսով։
Սննդամթերքի գները համատարած բարձրացել են։ Բազմաթիվ առաջնային ապրանքներ շատ կտրուկ են թանկացել։ Ապրիլին, նախորդ տարվա ապրիլի համեմատ, տավարի մսի գները բարձրացել են 20.5 տոկոսով, գառան մսինը՝ շուրջ 15 տոկոսով, խոզի մսինը՝ 12.5 տոկոսով։ Թռչնամիսը թանկացել է գրեթե 5 տոկոսով։ Ձվի գնաճը 1 տարվա ընթացքում գերազանցել է 31 տոկոսը։ Բուսական յուղը թանկացել է 11.6 տոկոսով, կարագը՝ 8.7 տոկոսով, պանիրը՝ 8.5 տոկոսվ, թթվասերը՝ 9.3 տոկոսով, կաթը՝ 9 տոկոսով, կաթնաշոռը՝ 7.1 տոկոսով։ Մակարոնեղենի գնաճը հասել է 11 տոկոսի, ձավարինը՝ 10.5 տոկոսի, հնդկացորենինը՝ 7.7 տոկոսի։
Երկնիշ գնաճ է գրանցվել մրգերի պարագայում։ Այս տարի մրգերը 10.3 տոկոսով ավելի թանկ են, քան նախորդ տարի էին։ Պակաս բարձր չէ նաև բանջարեղենի գնաճը։ Ապրիլին՝ նախորդ ապրիլի համեմատ, գներն աճել են 6.5 տոկոսով։ Կտրուկ թանկացել է հատկապես լոլիկը. այս տարի գինն ավելի քան 31 տոկոսով բարձր է։
Սա դեռ միայն սննդամթերքի թանկացումներ են։ Թանկացել են նաև ոչ պարենային ապրանքներն ու ծառայությունները։ Մինչև վերջերս հպարտանում էին ներմուծված ադրբեջանական բենզինի գործած հրաշքներով՝ բենզինի գներին այս տավա ապրիլին ավելի բարձր են եղել, քան նախորդ տարի։ Դիզելի դեպքում գնաճը 7 տոկոս է։ Հեղուկ գազի պարագայում նույնիսկ խոսելն է ավելորդ՝ գինը 48.8 տոկոսով բարձր է եղել նախորդ տարվանից։
Համարենք, որ թոշակառուն բենզին, գազ կամ դիզել չի օգտագործում, բայց սննդամթերք չի կարող չօգտագործել։ Սննդամթերքի 9.5 տոկոս գնաճը լուրջ հարված է թոշակառուի գրպանին։ Դա նշանակում է, որ թոշակների բարձրացումը ջրվում է հենց բարձրացման պահին։ Արտաքուստ թոշակառուն ավելի շատ գումար է ստանում, բայց նույն պահին ավելի շատ է վճարում հացի, կաթնամթերքի, ձեթի, մսի, մրգի, բանջարեղենի և այլ առաջնային ապրանքների համար։
Ու ստացվում է այնպես, որ նրա կյանքում իրական բարելավում գրեթե չի լինում։ Եթե մարդը նախկինում հազիվ էր փակում ամսվա ծախսերը, ապա այսօրվա թանկացումների պայմաններում 10 հազար դրամի ավելացումն էական խնդիր չի լուծում, լավագույն դեպքում՝ մի փոքր մեղմում է այն հարվածը, որը թոշակառուն կրում է գնաճի ազդեցության հետևանքով։
Այստեղ է թոշակների բարձրացման հիմնական կեղծիքը. Մի ձեռքով տալիս են, իսկ մյուս ձեռքով, գնաճի միջոցով, վերցնում։
Թոշակառուն տեսնում է, որ դրամապանակում մի քիչ ավելի շատ փող կա, բայց խանութում այդ փողով հիմա ավելի քիչ բան է կարողանում գնել։
Ի՞նչ արժեք ունի թոշակառուի համար այնպիսի բարձրացումը, որը նրա կյանքում ոչինչ չի փոխում։
Եթե թոշակի բարձրացումը չի ապահովում ավելի լավ ապրելու պայմաններ թոշակառուի համար, այն ստանում է ոչ թե սոցիալական նշանակություն, այլ դառնում է ընդամենը քարոզչական միջոց։ Այն, ինչ թաքնված էր թոշակների բարձրացման այս ամբողջ քաղաքական շոուի տակ։ Երբ իշխանությունն ընտրություններից առաջ բարձրացնում է թոշակները, բայց չի ապահովում, որ այդ բարձրացումը պաշտպանված լինի գնաճից, այն քաղաքական առումով վերածվում է նախընտրական կաշառքի։
Իշխանությունը թոշակառուին ասում է՝ բարձրացրել եմ թոշակը։ Բայց թոշակի բարձրացումը կարևոր է ոչ թե չափով, այլ նրանով, թե այդ գումարով թոշակառուն ինչ կարող է գնել։ Գնաճի տեմպերը Հայաստանում մեծապես արագացել են, ու դրանք առոչինչ են դարձնում թոշակների բարձրացումը։
Խնդիրն ավելի խորն է դառնում, երբ նայում ենք, թե ինչ է խոստանում ՔՊ-ն իր նախընտրական ծրագրով։ Իբր արդեն այնքան են բարձրացրել թոշակները, որ 2026-2031 թվականների համար բարձրացում այլևս չեն նախատեսում։ Բարձրացման փոխարեն՝ պատրաստվում են բավարարվել միայն կենսաթոշակների ինդեքսավորմամբ։ Ավելին՝ ասում են, որ դա անելու են միայն 2028 թվականից։
Այսինքն՝ եթե ՔՊ-ն նորից վերընտրվի, ստանա իշխանություն, թոշակառուները պետք է սպասեն ևս երկու տարի, մինչև իրենց թոշակներն ինչ-որ կերպ կկապեն գնաճի հետ։ Իսկ մինչև այդ ի՞նչ պիտի անեն։
Մինչ այդ պետք է հույսը դնեն այն 10 հազար դրամի վրա, որն արդեն հասցրել է մեծապես կորցնել իր արժեքը՝ համատարած թանկացումների հետևանքով։
Եթե այսօր է այդպես, դժվար չէ պատկերացնել, թե առաջիկա 2 տարում ինչ կմնա դրանից, մինչև վերարտադրվելու պարագայում ՔՊ-ն բարեհաճի ինդեքսավորում անել։
ՀԱԿՈԲ ՔՈՉԱՐՅԱՆ



