Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի պատերազմական «բացահայտումները». Ո՞ւմ է փրկում և ո՞ւմ՝ «փուռը տալիս»
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի զեկույցը դեռ պատրաստ չէ: Փոխարենը՝ Նիկոլ Փաշինյանի երբեմնի հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն է որոշել 2020 թվականի պատերազմի վերաբերյալ բացահայտումների շարք սկսել:
Մինչ այս պահն անդրադարձ է կատարվել նոյեմբերի 9-ի գիշերը տեղի ունեցած զարգացումներին և պատերազմի առաջին օրը տեղի ունեցածին, կամ առաջին օրերին: Թե որքանով են Մարուքյանի ներկայացրածները ռազմական, ռազմաքաղաքական առումով բացահայտում, կամ՝ որքանով են ներկայացված փաստերը խնդիր առաջացնելու հետագայում Նիկոլ Փաշինյանի համար, որ ինքն իրեն հռչակել էր գերագույն հրամանատար, դժվար է ասել:
Բնականաբար, Էդմոն Մարուքյանի յութուբյան տեսանյութերում ավելի շատ քաղաքական գնահատականներ են՝ սուբյեկտիվ կամ կոնկրետ տեղեկությունների հիման վրա: Եվ գոնե յութուբյան երկու հաղորդման համատեքստում կարող ենք ասել, որ ռազմական, ռազմաքաղաքական լուրջ նշանակություն ունեցող տեղեկություն չկա, որը Նիկոլ Փաշինյանի համար առանձնապես մտահոգվելու առիթ կարող է տալ:
Ոչ մի առանցքային հարցադրում առաջ չի քաշվում, որոնք ազդեցություն են ունեցել պատերազմի ելքի վրա, ինչի մասին բազմիցս անդրադարձել ենք՝ պատերազմի առաջին օրը զորքի պաշտպանության անցնել-չանցնելու հրամանից՝ մինչև կոնկրետ օպերացիաների հետ կապված զարգացումներ:
Ամեն դեպքում, Նիկոլ Փաշինյանի հատուկ հանձնարարություններով նախկին դեսպանի պատերազմական շարքի երկու հաղորդման մեջ հնչեցրած որոշ տեղեկություններին, հայտարարություններին և դիտարկումներին՝ 44-օրյա պատերազմին և ռազմական ղեկավարությանն առնչվող, կանդրադառնանք:
Եվ այսպես:
«Ի՞նչ է կատարվել պատերազմի առաջին օրը, 27 սեպտեմբեր 2020 թ.» վերտառությամբ տեսանյութում և դրան կից գրառման մեջ Էդմոն Մարուքյանը հիշեցնում է, որ սեպտեմբերի 27-ին ՀՀ կառավարության որոշմամբ հայտարարվել էր ռազմական դրություն, ընդհանուր զորահավաք, գործողության մեջ էր դրվել ՀՀ Զինված ուժերի կիրառման պլանը, ՀՀ Զինված ուժերը, քաղաքացիական պաշտպանության և արտակարգ իրավիճակների լիազոր պետական մարմնի ուժերը փոխադրվել էին պատերազմական ժամանակաշրջանի կազմի և կառուցվածքի:
Նշենք, որ Ռազմական դրություն հայտարարելու իրավական խնդիրներին, Նիկոլ Փաշինյանի՝ գերագույն հրամանատար լինել-չլինելու իրավունքին 168.am-ն անդրադարձել է: Ինչ վերաբերում է զորահավաքին, ապա սկզբում խոսք գնաց ամբողջական զորահավաք հայտարարելու մասին, որից հետո հայտարարվեց և անցկացվեց մասնակի զորահավաք:
Իսկ մոբիլիզացիան, մեծ հաշվով, Նիկոլ Փաշինյանի կառավարությունը ձախողել է, որովհետև բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ՝ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվել էր մեկնել՝ որպես կամավոր զինվոր, մինչդեռ մարդը, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, նրան որպես զինվոր օգտագործելը, ինչը կատարվեց, աբսուրդ էր:
Մասնագետների կարծիքով, եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկե, գաղտնի են և չեն կարող բացահայտվել), ստեղծվեին համապատասխան ուժեր, ի վերջո, 44-45 օրը բավականին մեծ ժամանակ է, որ ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը: Այսինքն, չկար կառավարման հստակ համակարգ, որի արդյունքը եղավ այն, ինչ եղավ:
Ի դեպ, պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի խորհրդական, այնուհետև ՀՀ պաշտպանության նախարար նշանակված Արշակ Կարապետյանն ինքն է այս մասին խոսել, մասնավորապես, նշելով.
«Բայց իշխանությունը ձախողել է կառավարումը, չէ՞ որ պատերազմը պետությունն է վարում, համապատասխան կազմակերպում է իրականացնում և վարում: Իսկ այս իշխանությունը ոչինչ չի արել, ինքնամեկուսացվել է: Նրանք ամեն ինչ դրել են ԳՇ պետի վրա և մի կողմ քաշվել: Իսկ ԳՇ պետը (գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։- Մ.Պ.), այո՛, գրագետ զինվորական է, մարտական սպա, պատրաստված սպա, բայց նրան մենակ են թողել՝ իր շտաբի հետ: Այսինքն, Ադրբեջանը հաղթել է այդ պատերազմում միայն շնորհիվ այն բանի, որ ունեցել է կառավարման առումով առավելություն, և ոչ թե մարտի դաշտում: Այո՛, եղել են պահեր ԱԹՍ-ների հետ կապված, բայց որոշ ժամանակ անց դրան էլ էին սովորել, իսկ անօդաչուները թուրքական և իսրայելական արտադրության էին, դրանք շատ էին, բայց բանակն արդեն կարողանում էր կռվել նաև այդ պայմաններում: Սակայն իշխանությունը ոչինչ չի արել, բացարձակ ոչինչ: Ամբողջ բեռը դրել են զինվորականության վրա և մի կողմ քաշվել: Չի իրականացվել գրագետ մոբիլիզացիա»:
Արշակ Կարապետյանի հայտարարության հնարավոր տողատակերին մենք անդրադարձել ենք: Սա այլ խոսակցության թեմա էր:
Իսկ Մարուքյանը պատերազմի առաջին օրվա մասին տեսանյութում չի շեշտադրել վերևում նշված խնդիրները, ինչպես նաև ԶՈւ կիրառման և ԶՈՒ ծավալման պլանների հետ կապված բազմաթիվ հարցեր:
2021 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանին «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը հարց էր ուղղել՝ «տվյալ եք ունեցել, որ պատերազմ է լինելու, և եթե անգամ հարյուր տոկոսով չեք հավատացել կամ չեք վստահել, ինչո՞ւ Ձեզ, ՀՀ-ն և Արցախը ապահովագրելու համար, պետական կառավարման համակարգը և ԶՈՒ-ն պատրաստության վիճակի չեք բերել», ինչին Փաշինյանը պատասխանել էր.
«Զինված ուժերն ունեն կիրառման պլան, և զինված ուժերը գործում են՝ ըստ իրենց կիրառման պլանի: Էնպես չի՝ սուբյեկտիվ ցանկություն է, որ մեկ էլ զինված ուժերը հանում ես, և այլն, և այլն: Այսինքն, ինստիտուտ է, այնուամենայնիվ, հետո հետ կդառնանք և կտեսնենք, թե էդ ինստիտուտը ոնց է աշխատում: Եվ, այո՛, կա կիրառման պլան, կան անհրաժեշտ ընթացակարգեր, և էդ ընթացակարգերը պետք է աշխատեն, ապահովագրելու-չապահովագրելու մասին չի»:
Նիկոլ Փաշինյանը նաև ասել էր, որ «2020 սեպտեմբերի 27-ից 2 օր առաջ ինչ-որ ռադիոկլանում էր տեղի ունեցել, մի նախադասություն, որն այդ առումով շատ վստահելի էր թվացել», մեկ այլ առիթով էլ, որ՝ «Ադրբեջանը պատրաստվում էր 2 օր անց պատերազմ սկսել, և, բնականաբար, տեղեկատվական պատերազմը պետք է ակտիվանար»:
Հավելենք, որ 44-օրյա պատերազմի ժամանակ Մատաղիսի զորամասի հրամանատար գնդապետ Սևակ Աբրահամյանի փաստաբան Արման Թամրազյանը 168.am-ին, ինչպես նաև այլ լրատվամիջոցների ասել էր, որ պատերազմի ժամանակ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի սեպտեմբերի 25-ին կարգադրություն է արձակել՝ ԶՈՒ-երը պետք է պատրաստ լինեն հակառակորդի սադրիչ գործողությունները դիմագրավելու և կանխելու: Բացի այդ, նա իր կարգադրության մեջ նշել էր, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ:
«Սեպտեմբերի 25-ին ԳՇ պետը կարգադրություն է տվել առ այն, որ ղեկավարման մարմինների համար սահմանվում է մարտական աշխատանքային ռեժիմ, դա ուղղված է եղել ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանին, որովհետև «ՀՀ ԶՈՒ ներքին ծառայության կանոնագրքի» համաձայն՝ վերադասն իր ստորադասին է կարգադրում, նա չի կարող իր ստորադասի ստորադասին կարգադրություն տալ»,- 168.am-ի զրույցում շեշտել էր քր. գործով անցնող գնդապետի փաստաբանը՝ հավելելով, որ «կուտակումները տեղի են ունեցել ոչ թե սեպտեմբերի 25-ին, այլ այդ զորամիավորումները, որոնք, ըստ էության, հարձակումը սկսել են, դրանք տեղակայված են եղել այդ տարածքում 2020 թվականի հուլիս ամսից՝ տավուշյան դեպքերից հետո»:
Բայց, ինչպես նշեցինք, պատերազմի առաջին օրը ՊԲ-ն պատշաճ չի դիմավորել պատերազմը, հիմա այլ մանրամասների մեջ չմտնենք, շատ ենք խոսել այդ մասին՝ ՊԲ հրամանատար Ջալալ Հարությունյանի՝ պատերազմի առավոտն աշխատասենյակում լինել-չլինելուց՝ մինչև ՊԲ հրամանատարի տեղակալներին պատերազմի առաջին օրվա առավոտյան արձակուրդից հետ կանչելու մասին փաստերով:
Էդմոն Մարուքյանը վերևում հիշատակված իր տեսանյութում ասում է, որ պատերազմի 3-րդ օրն Արցախում պատերազմը կանգնեցնելու տրամադրություններ և խնդրանքներ են եղել, ընդ որում, նաև զինվորականներից:
«Ու իմ մեջ հարց է առաջացել. բոլոր այն մարդիկ, որոնք պարտավոր են, կոչված են այդ պատերազմում հաղթանակ ապահովել, ինչի՞ մասին խոսել են 30 տարի, բոլորն ասում են՝ տարբերակ չկա, այս կռիվը պետք է շատ արագ կանգնեցնել: Ու իմ մեջ խզում է առաջացել իմ իմացածի, պատկերացրածի ու իրականության միջև»,- շեշտում է Մարուքյանը:
Այս համատեքստում հիշեցնենք, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը 2020 թվականի պատերազմի 4-րդ օրն ԱԽ նիստում առաջարկել էր՝ «երկու-երեք օրվա ընթացքում անհրաժեշտ է միջոցներ ձեռնարկել պատերազմը կանգնեցնելու համար, հակառակ դեպքում այս ինտենսիվությամբ վարվող մարտական գործողությունների պարագայում մեր ռեսուրսները սեղմ ժամկետում կսպառվեն և յուրաքանչյուր հաջորդ օրերի ընթացքում ունենալու ենք բանակցային գործընթացի համար ավելի ոչ բարենպաստ պայմաններ»:
Չնայած պատերազմի առաջին օրն ունեցած մեր մարդկային, ռազմատեխնիկական և տարածքային որոշակի կորուստներին, Օնիկ Գասպարյանի այս առաջարկի հիմքում, ըստ էության, առաջին հերթին հաշվի է առնվել աշխարհաքաղաքական իրավիճակը, մեր նկատմամբ դաշնակիցների և գործընկերների տրամադրվածությունը և մեր դիվանագիտական կարողությունները:
Էդմոն Մարուքյանը, ի դեպ, չի կարող գնահատական տալ՝ ով է ճիշտ ասում՝ Օնիկ Գասպարյա՞նը, թե՞ Նիկոլ Փաշինյանը, ով սկզբում չէր հերքել, որ նման առաջարկ է եղել գեներալի կողմից, այնուհետև հերքել էր՝ Օնիկ Գասպարյան-ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանի հեռավար բանավեճի ֆոնին:
Միաժամանակ, խոստանում է, որ առանձին անդրադարձ է կատարելու ԱԽ հոկտեմբերի 19-ի նիստին, որի ժամանակ, ըստ Արմեն Գրիգորյանի, պատերազմը կանգնեցնելու համաձայնություն է եղել ներկաների կողմից, բայց չի կանգնեցվել, որովհետև թուրք-ադրբեջանական տանդեմի կողմից նոր պահանջներ են եղել: Սպասենք Էդմոն Մարուքյանի՝ 2020 թվականի հոկտեմբերի 19-ի ԱԽ նիստի վերաբերյալ գաղտնազերծումներին:
Իսկ մինչ այդ Մարուքյանը մի հաղորդում էլ, ինչպես նշել ենք վերևում, նվիրել է 2020 թվականի նոյեմբերի 9-ի իրադարձություններին: Այստեղ, նա անդրադառնում է նոյեմբերի 9-ի գիշերվա գործողություններին ընդդեմ իշխանությունների, որը նա որակում է մահափորձ, հեղաշրջման փորձ, այնուհետև շարունակում է.
«Լուսադեմին ինձ արթնացնում են և ասում, որ ԳՇ պետն ուզում է ձեզ տեսնել: Պլանի մյուս մասն այն է լինում, որ պետք է շատ անհապաղ վերացնել ռազմական դրությունը և սկսել ցույցերի հաջորդ շրջանը: ԵՎ ԳՇ պետն ինձ խնդրում է, որ մենք որևէ պարագայում թույլ չտանք ռազմական դրության չեղարկումը, որովհետև ռազմական դրության չեղարկման արդյունքում նա չի կարողանա ռազմական ուժերի տեղակայումը, տեղաբաշխումն իրականացնել, և ՀՀ զինված ուժերին փոխարինել ՌԴ խաղաղապահ զորախմբերով…»:
Այս համատեքստում հիշեցնենք Էդմոն Մարուքյանին, որ 2020 թվականին նոյեմբերի 9-10-ին այս թեմային նա անդրադարձել է ֆեյսբուքյան ուղիղ եթերով:
«Վտանգը չի անցել պատերազմի հետ կապված, և դեռ ամեն ինչ չի ավարտվել: Եվ ես ասացի, որ ռազմական դրությունը պետք է հանվի, որ երկրում սկսվեն քաղաքական և քաղաքացիական պրոցեսներ, և Գլխավոր շտաբի պետի ամբողջ պահանջը, խնդրանքն այն էր, որ առնվազն 7 օր հնարավորություն տանք Հայաստանի Հանրապետության զինված ուժերին: Չկա ինձ համար այլ մարդ այս պահին վստահելի, քան զինված ուժերի գլխավոր շտաբի պետը: Ես ընդունել եմ Զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջարկ-հորդոր-խնդրանքը, և մենք քննարկել ենք և որոշում ենք ընդունել, որ ռազմական դրության իրավական ռեժիմը երկրում վերացնելու վերաբերյալ Ազգային ժողովի առանձին նախաձեռնություն կլինի 7 օր հետո»,- մանրամասնել էր նա 2020 թվականի նոյեմբերին:
Հավելենք, որ 2020 թվականի դեկտեմբերի 2-ին Կառավարության որոշմամբ վերացվել էին ռազմական դրության շրջանակներում գործող սահմանափակումները:
Կառավարության ֆեյսբուքյան էջում էլ նշված էր. ««Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն հայտարարելու մասին» կառավարության որոշման մեջ կատարվել են հետևյալ փոփոխությունները՝ վերացվում է հավաքների, գործադուլների կազմակերպման և մասնակցելու արգելքը: Վերացվում է հրապարակումների և հաղորդումների սահմանափակումների արգելքը, ինչպես նաև Հայաստանի տարածք հատուկ մուտքի և ելքի ռեժիմն ու սահմանափակումները»:
Իսկ արդեն 2021 թվականի մարտին ռազմական դրությունը վերացվում է ամբողջությամբ, երբ ԳՇ-ն արդեն պահանջել էր Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, և Օնիկ Գասպարյանին իրավունքի ուժով ազատել էին ԳՇ պետի պաշտոնից:
Վերադառնանք 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի իրադարձություններին, որոնք առնչվում են բանակի ղեկավարությանը:
2020-ի նոյեմբերի 10-ին, երբ արդեն Նիկոլ Փաշինյանը ստորագրել էր կապիտուլյացիոն եռակողմ փաստաթուղթը, ՀՀ ՊՆ-ն և ԶՈՒ ԳՇ-ն համատեղ ուղերձ են տարածում, որում, մասնավորապես, նշվում էր.
«Ձեզանից յուրաքանչյուրը պետք է վստահ լինի, որևէ մեկի մոտ կասկածի նշույլ անգամ չպետք է լինի, որ մեր բանակն արել է հնարավորն ու անհնարինը։ Մենք ևս մեկ անգամ փաստեցինք, որ ունենք ոգով անկոտրում զինվորներ, սպաներ ու գեներալներ, որոնք պատրաստ են առանց վայրկյան անգամ մտածելու իրենց կյանքը զոհաբերել մեր սուրբ Հայրենիքի պաշտպանության համար։
Բայց ժամանակն է դադարեցնել արյունահեղությունը։ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի քաղաքական ղեկավարությունները եկել են համաձայնության, որի բովանդակությանն արդեն ծանոթ եք։ Պատերազմը լիարժեք չի ավարտվել, և մարտական գործողություններն Արցախում դեռևս շարունակվում են։ Այդուհանդերձ, մենք պաշտպանում ենք և պարտավոր ենք կատարել մեր երկրի ռազմաքաղաքական ղեկավարության որոշումները, որոնք կայացվել են իրադրության բազմակողմանի վերլուծության և գնահատականի հիման վրա։
Մենք պարտավոր ենք կանգնեցնել արունահեղությունը։
…Պատերազմն ավարտվում է։ Բանակն իր անելիքն արել է և շարունակելու է անել անմնացորդ։
Կոչ ենք անում զերծ մնալ գործողություններից, որոնք կարող են խարխլել պետականության հիմքերը և, դասեր քաղելով գործած հնարավոր բոլոր սխալներից, կերտել անհամեմատ ուժեղ ու մարտունակ բանակ, որին արժանի է մեր հերոսական ժողովուրդը»:
Նույն օրը՝ նոյեմբերի 10-ին, ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը և Հայ-ռուսական միացյալ զորախմբի հրամանատար Տիգրան Փարվանյանը հանդիպել էին «Բարգավաճ Հայաստան», «Հայրենիք», «Հայ Յեղափոխական Դաշնակցություն» կուսակցությունների ղեկավարների հետ։
Հայտնի է, որ հանդիպմանը քաղաքական կուսակցություններն իրենց անվերապահ աջակցությունն էին հայտնել Հայաստանի զինված ուժերին, Արցախի պաշտպանության բանակին, իսկ ժողովրդին հանդարտության կոչ արվեց:
Ի դեպ, 2020թ. հոկտեմբերի 27-ին, երբ Վազգեն Մանուկյանը պահանջել էր Նիկոլ Փաշինյանի կառավարության հրաժարականը՝ ասելով, որ ողջ իշխանությունը պետք է հանձնվի բանակին, նույն օրը ՀՀ պաշտպանության նախարարությունը և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբը համատեղ հայտարարությամբ հանդես էին եկել՝ շեշտելով, որ անվերապահորեն կատարելու են ՀՀ Գերագույն հրամանատարի հրամաններն ու որոշումները:
«Առավելևս ռազմական դրության պայմաններում Հայաստանի Զինված ուժերը հավատարիմ են օրենքով նախատեսված աստիճանակարգությանը և շարունակելու են անվերապահորեն կատարել ՀՀ Գերագույն հրամանատարի, Կառավարության և պաշտպանության նախարարի հրամաններն ու որոշումները:
ՀՀ պաշտպանության նախարարությունը և զինված ուժերի գլխավոր շտաբը քաղաքական և մերձքաղաքական շրջանակներին կոչ են անում զերծ մնալ պառակտիչ հայտարարություններից և գործողություններից»,- նշվում էր ՊՆ և ԳՇ հայտարարության մեջ:
Եվ բանակն՝ ի դեմս ԳՇ ղեկավարության, շարունակել էր լինել Նիկոլ Փաշինյանի կողքին և կատարել նրա հրամանները՝ մինչև ԳՇ հայտարարությունից հետո Նիկոլ Փաշինյանը չորոշեց ազատվել Օնիկ Գասպարյանից: Հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանն էլ ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնից հեռացել էր 2020 թվականի նոյեմբերի 20-ին:
Ի դեպ, այդ օրերին մամուլում տեղեկություններ եղան նաև Օնիկ Գասպարյանի ազատման մասին, որը ՊՆ-ն հերքել էր:
2020 թվականի նոյեմբերի 9-10-ի ռազմական իրադարձությունների և ԳՇ պետի՝ Էդմոն Մարուքյանին խնդրանքի համատեքստում, հավելենք, որ գրեթե նույն ժամանակահատվածում եռակողմ հայտարարությունից Տավուշի մասին կետը հանելու խնդիր կար:
Իսկ Տավուշին վերաբերող կետով եռակողմ հայտարարության, այսպես ասած, նախնական տարբերակը ՌԲԿ-ն հրապարակել էր 2020 թվականին՝ մոսկովյան ժամանակով նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 01:26-ին, իսկ «Սպուտնիկ Արմենիան» այն հրապարակել էր մեր ժամանակով նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 02:21-ին:
Նիկոլ Փաշինյանը ստորագրման փաստի մասին Ֆեյսբուքում գրառում էր կատարել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 01:48-ին՝ առանց հայտարարության տեքստը հրապարակելու, միայն նշել է, որ «հայտարարություն է ստորագրել», և այն արդեն հրապարակվել է:
Ինչևէ, «անկլավների» մասին կետը հանվում է եռակողմից, բայց ինչպես տեսնում ենք, բանավոր պայմանավորվածությունների օրակարգում այն շարունակել էր մնալ:
Էդմոն Մարուքյանն իր տեսանյութում այս թեմայի մեջ չի խորանում, բայց հիշում է ռուսական ուղղաթիռի խոցման փաստը: Ուստի այստեղ տեղին է հիշեցնել ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մի առիթով արված ուշագրավ հայտարարությունը։
ՌԴ պաշտպանության նախարարի հետ Դավիթ Տոնոյանը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի բովանդակությունը քննարկել էր այն ժամանակ, երբ ռուսական կողմի համար պարզ էր դարձել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը հայկական կողմի կրակից չէ, որ խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ:
«Ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջևանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, և քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ»,- մանրամասնել էր Տոնոյանը:
Նշենք, որ դեպքից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը խոստովանել էր իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի՝ ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ», և ներողություն էր խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ են փոխհատուցում տրամադրել: Ուղղաթիռի խոցման հետևանքով ռուս օդաչուներ էին զոհվել:
Կարելի՞ է, ենթադրել, որ դեպքից հետո ռուսական կողմը նախ մտածել է, թե հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ նման սադրանքի, գուցե ինչ-ինչ նպատակներից ելնելով: Հետաքրքիր է, որ դեպքից հետո ռուսական կողմը չի կասկածել, որ իրենց պատկանող ուղղաթիռը կարող էր խոցել Ադրբեջանը կամ Թուրքիան: Նման փաստերը Մարուքյանն անտեսել է, բայց չի մոռացել նշել, որ Տոնոյանը չի գտնվել պատերազմի ավարտի օրերին, բայց չի նշել՝ արդյո՞ք փորձել է նրա հետ կապ հաստատել:
Մարուքյանն իր տեսանյութերում վստահելի է համարում ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանին, բայց հարց է՝ արդյո՞ք դրականի քողի տակ գեներալ Գասպարյանը «փուռը չի տրվում» Մարուքյանի կողմից: Բայց մենք կարող ենք միայն ենթադրություններ անել, թե ինչու է այդքան վստահելի եղել էդմոն Մարուքյանի համար, քանի որ ԳՇ նախկին պետը շարունակում է լռություն պահպանել: Չմոռանանք, որ Նիկոլ Փաշինյանը մի առիթով ասել է, որ պատերազմի օրերին 100 տոկոսով վստահել է Օնիկ Գասպարյանին, բայց հետո այդ վստահությունը կորել է, իհարկե, հետո եղել են իրարամերժ ձևակերպումներ:
Իսկ Էդմոն Մարուքյանը Օնիկ Գասպարյանին առնչվող դեռ հետաքրքիր բացահայտումներ է խոստանում, օրինակ, թե ո՞ր հարցում է Նիկոլ Փաշինյանը ճիշտ դուրս եկել Օնիկ Գասպարյանի հարցում: Սպասենք նոր բացահայտումների կամ չբացահայտումների: