ՊԲ-ն պատշաճ կերպով պատրաստ չի եղել պատերազմին․ 168.am-ը շարունակում է բաց աղբյուրներից փաստերի հավաքագրումը

Դեկտեմբերի 20-ին «Մարտական ​​խաչ» 1-ին աստիճանի շքանշանակիր, Շուշիի համար մղվող մարտերում զոհված ավագ լեյտենանտ Գևորգ Արշակյանի հիշատակին նվիրված միջոցառման ժամանակ Hetq.am-ի գլխավոր խմբագիր Էդիկ Բաղդասարյանն իր ելույթում հայտարարել էր, որ 44-օրյա պատերազմը պետք է լրջորեն հետաքննել, քանի որ բանակը կռվել է մինչև վերջ:

«Այս պատերազմը մենք չէինք կարող կրվել, սա կրվելու պատերազմ չէր, էս պարտությանը մենք արժանի չէինք, մեր զինվորները կռվում էին իսկապես հերոսաբար։ Ամբողջ առաջնագիծը մոտավորապես մինչև հոկտեմբերի 28-ը պաշտպանվում էր, հետո հարավում, երբ նահանջի հրաման տրվեց, ամբողջ ճակատը համարյա այդ հատվածում փլվեց։ Ընդամենը մի տեղ ճեղքում եղավ, և այդ զորքը եկավ, հասավ Շուշի։ Պատերազմը պետք է իսկապես հետաքննվի, որովհետև զինվորներին շատ հաճախ մեղադրում են, որ բանակը չի կռվել, այդպիսի բան չկա, բանակը մինչև վերջ կռվել է»,- նշել էր նա՝ հավելելով, որ երբ իրենց հետաքննության արդյունքներ հրապարակեն, կտեսնեք, որ իրականում սա պարտվելու պատերազմ չէր, «ոնց որ պարտադրված պարտության տարվեր»:

168.am-ն իր հերթին ուշադրության կենտրոնում է պահում բաց աղբյուրներից հայտնի այն դեպքերը, երբ պատերազմի սկսվելու պահին զինվորները որոշ տեղերում զորամասերում են եղել, հրամանատարները՝ տանը, արձակուրդում, և միայն պատերազմի սկսվելուց հետո են կանչվել։

Շարունակենք բաց աղբյուրներից համապատասխան փաստերի ներկայացումը.

28 սեպտեմբեր, 2021«ՍիվիլՆեթի» հետ զրույցում վերջին պատերազմի մասնակից Արման Գալստյանը, ում հետ մոտ 5 օր հնարավոր չի եղել կապ հաստատել՝ Մատաղիս-Թալիշ հատվածում, պատմել է.

«Ամսի 25-ին դիրքերից իջել ենք, մինչև ամսի 25-ը շատ կուտակումներ էին, և՛ մեր կամերաներով էինք նայում, և՛ անզեն աչքով էինք տեսնում», այնուհետ շարունակել, թե ինչպես են դիմավորել սեպտեմբերի 27-ը. «Գումարտակի շենքի դիմաց կանգնած էինք, առաջին պայթյունը, որ եղավ, սկզբից չէինք հասկանում՝ ինչ է կատարվում, օդին էինք նայում, սաղս իրար դեմքի էինք նայում: Բայց որ արդեն պայթյունը եղավ, առանց հրամանի սկսեցինք տագնապ անել: Հետախուզական դասակով էինք, ավտոն թողել, ոտքով գնում էինք, առավոտ շուտ ջուր չկար, գետնից մի շիշ ջուր ենք ճարում, այդ ժամանակ ես ուզում էի կապ հաստատել մեր գումարտակի հրամանատարի հետ: Երբ այդ ջուրը ինձ տվեցին, որ խմեմ, նայեցի շշին և տեսա, որ ադրբեջաներեն է գրված, ես հասկացա, որ մեր ձախ թևը Ադրբեջանի տիրապետության տակ է, իրենք են այդ դիրքերը արդեն զբաղեցրել»:

Դեկտեմբերի 18-ի «Զինուժի» հերթական հաղորդման ժամանակ Արցախի հերոս Յուրա Ալավերդյանը, ով ծառայել է Հադրութի զորամասերից մեկում, պատմել է.

«Սեպտեմբերի 27-ի առավոտ՝ արդեն վերկացի ժամանակ, որ պետք է դուրս գայինք և անցնեինք առօրյա ծառայությանը դիրքերում, այդ ժամանակ հակառակորդի հրետանու կրակոցներից հետո հնչեց տագնապ ազդանշանը, ու շարժվեցինք դեպի դիրքեր»:

Պատերազմի թեժ օրերին ՝ հոկտեմբերի 4-ին, Արցախի նախագահի հրամանագրով հակատանկային մարտկոցի ավագ սերժանտ Յուրա Ալավերդյանը արժանացել էր «Արցախի հերոս» բարձրագույն կոչման։

Պատերազմի ընթացքում նա խոցել է հակառակորդի ավելի քան 13 զրահատեխնիկա և 5 ավտոտեխնիկա և 2 «Ֆագոտ» համակարգ:

Հադրութի հակատանկային մարտկոցը մեկ ամիս` մինչև հոկտեմբերի 27-ը, պահել է իր զբաղեցրած դիրքերը՝ Կարախանբեյլի գյուղի մոտ:

«Հոկտեմբերի 27-ին մեզ մեր դիրքերից նահանջի հրամանով հետ էին քաշում Մարտունի, որովհետև 10 օրից ավելի շրջափակման մեջ ենք եղել»,- «Զինուժին» պատմել է Արցախի հերոսը:

Հավելենք, որ պատերազմում զոհված ՊԲ հրամանատարի տեղակալ Արթուր Սարգսյանը և ՊԲ հրամանատարի տեղակալ Հովհաննես Ավագյանը սեպտեմբերի 27-ի առավոտյան են շտապել աշխատանքի:

Հիշեցնենք, որ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին` առավոտյան ժամը 07:10-ին, Արցախից ստացվեցին առաջին լուրերը, որ Ադրբեջանը Լեռնային Ղարաբաղի ուղղությամբ սկսել է օդային և հրթիռային հարձակում: Նույն օրը՝ սեպտեմբերի 27-ին, Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը հայտարարել էր․

«Պաշտպանության բանակը հիմնականում առավոտյան ժամը 07:00-ին պատրաստ էր պատերազմի, և սկսվեց հարձակումը ամբողջ երկայնքով մեկ` Օմարից մինչև Արաքս, այո՛, ունենք կորցրած դիրքեր` հիմնականում Թալիշի ուղղությամբ և հարավային թևում, ունենք տասնյակ զոհեր»:

Ավելի ուշ պատերազմի օրերին Արցախի ԱԽ քարտուղար եղած Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ սեպտեմբերի 27-ի առավոտյան Արցախի ՊԲ-ն 15 րոպեում արդեն կորցրել էր հակաօդային ուժերի 50 տոկոսը, հրետանու՝ 40 տոկոսը:

Պատերազմի առաջին օրերին ընկել է Թալիշը, Մատաղիսը, հակառակորդին հաջողվել է գրավել Արեգասարի բարձունքը՝ ունենալով որոշակի առաջխաղացում «Եղնիկների» պաշտպանության տեղամասում:

Եվ այս ամենն այն դեպքում, երբ առնվազն պատերազմից 2 օր առաջ՝ սեպտեմբերի 25-ին, ՀՀ-ի և Արցախի ղեկավարությանը հայտնի էր պատերազմի սկսվելու ժամկետը:

Ի դեպ, պատերազմի սկսվելու պահին զինվորների՝ զորամասերում լինելու, հրամանատարների՝ արձակուրդում գտնվելու վերաբերյալ բաց աղբյուրներից հավաքված դեպքերն արձանագրվել են Մարտունի 3 զորամասում, Ջրականում, Ցորի զորամասում, Հադրութում, Մատաղիսում և այլն, այսինքն, կարևորագույն ուղղություններում:

Ի դեպ, 24TV-ի «Հարցազրույց» հաղորդմանը Սամվել Բաբայանը հայտարարել էր, որ պատերազմից մի քանի օր առաջ հուշել է մարտական գործողությունների ուղղությունները:

«Ես պատերազմից մի քանի օր առաջ ներկայացրել եմ զեկուցագիր, եղել է ԱԽ նիստ, որ լինելու է Ջաբրայիլի հատվածը և Մատաղիսի հատվածը: Որևիցե անգամ ես Աղդամի ուղղությամբ հարված չեմ սպասել, ոչ էլ կարար լիներ: Անիմաստ է դա: Աշխարհագրական էդ քարտեզին նայելով, պետք է առնվազն խելք չունենալ, որ Աղդամի ուղղությամբ խփի: Ջաբրայիլ, Մատաղիսն է եղել, անգամ նկարագրված է եղել, թե հարվածի դեպքում ինչ պիտի արվի, այդտեղ ջրամբարներ կան… Իսկ ՀՀ-ի և Արցախի ռազմական ղեկավարությունը սպասել են, որ պիտի Աղդամի ուղղությամբ հարված լինի»,- նշել էր Բաբայանը:

Սեպտեմբերի 28-ին ՀՀ գլխավոր դատախազությունը հաղորդագրություն էր տարածել, որտեղ նշվում էր, որ պատերազմական գործողությունների հետ կապված քրեական գործերով քննության առարկա են՝ Արցախի Հանրապետության հարավային՝ Մեխակավանի, Հորադիզի, Հադրութի ուղղություններով զորքերի և ստորաբաժանումների գործողությունների ղեկավարման, հակառակորդի կողմից հարավային ուղղությամբ դեպի ՀՀ սահմաններ և դեպի ԱՀ-ի կենտրոն՝ Շուշի քաղաք առաջխաղացման, բնակավայրերի գրավման հանգամանքները:

Բացի այս, քննության առարկա են «Նժդեհ» կոչվող բարձունքի («Լելե-Թեփե») Մեխակավանի, Հադրութի, Մեծ Թաղերի, Թաղավարդի, Սղնախի, Քարին Տակի և Շուշիի ուղղություններով իրականացված ռազմական գործողություններին առնչվող հրապարակայնորեն տարբեր հարթակներով ներկայացված և իրավապահ մարմինների տեսադաշտում հայտնված, ինչպես նաև՝ զոհված, անհետ կորած զինծառայողների ծնողներից, հարազատներից ստացված և հանցագործության հատկանիշների առկայության մասին վկայող բոլոր տվյալները:

Մնում է հուսալ, որ ՊԲ-ի պատշաճ մակարդակով պատերազմի առաջին օրը պատրաստ չլինելու և դրա պատճառների մասին կխոսի նաև պատերազմի ժամանակ ՊԲ հրամանատար եղած Ջալալ Հարությունյանը:

Տեսանյութեր

Լրահոս