Արշակ Կարապետյանը նշել է 44-օրյա պատերազմում պարտության պատճառը և գովել Օնիկ Գասպարյանին. ինչ է թաքնված դրա տակ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը «Ռադիո Ավրորայի» եթերում՝ ռուս քաղաքագետ, հրապարակախոս Դարյա Միտինայի հետ հարցազրույցում անդրադարձել է 2020 թվականի 44-օրյա պատերազմին և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած պետության և հենց նրա՝ պատերազմ վարելու և պատերազմական իրավիճակում կառավարման ունակություններին:

Կարապետյանը նշել է, որ կանոնավոր բանակը նրա համար է, որպեսզի ստեղծվեն պայմաններ՝ զսպելու հակառակորդին այնքան ժամանակ, մինչև մոբիլիզացիոն ռեզերվը կմոբիլիզացվի, և ակնարկել, որ 2020 թվականի 44-օրյա պատերազմի 20 օրն Ադրբեջանի համար այնքան էլ հեշտ չի եղել՝ «бились об стену», այսինքն՝ մեր բանակը կարողացել է ապահովել պաշտպանություն և դիմադրել:

«Բայց իշխանությունը ձախողել է կառավարումը, չէ՞ որ պատերազմը պետությունն է վարում, համապատասխան կազմակերպում է իրականացնում և վարում: Իսկ այս իշխանությունը ոչինչ չի արել, ինքնամեկուսացվել է: Նրանք ամեն ինչ դրել են ԳՇ պետի վրա և մի կողմ քաշվել: Իսկ ԳՇ պետը (գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանը։- Մ.Պ.), այո՛, գրագետ զինվորական է, մարտական սպա, պատրաստված սպա, բայց նրան մենակ են թողել՝ իր շտաբի հետ: Այսինքն, Ադրբեջանը հաղթել է այդ պատերազմում միայն շնորհիվ այն բանի, որ ունեցել է կառավարման առումով առավելություն, և ոչ թե մարտի դաշտում: Այո՛, եղել են պահեր ԱԹՍ-ների հետ կապված, բայց որոշ ժամանակ անց դրան էլ էին սովորել, իսկ անօդաչուները թուրքական և իսրայելական արտադրության էին, դրանք շատ էին, բայց բանակն արդեն կարողանում էր կռվել նաև այդ պայմաններում: Սակայն իշխանությունը ոչինչ չի արել, բացարձակ ոչինչ: Ամբողջ բեռը դրել են զինվորականության վրա և մի կողմ քաշվել: Չի իրականացվել գրագետ մոբիլիզացիա: Եվ այսօր էլ հենց իշխանությունները պետք է ապահովեն երկրի անվտանգությունը, և եթե Ադրբեջանն իմանա, որ, օրինակ, 2 կմ վերցնելու փորձի դեպքում կորուստներ է ունենալու, 10 անգամ կմտածի՝ վերցնե՞լ, թե՞ չվերցնել»,- մանրամասնել է Արշակ Կարապետյանը և նշել, որ իր նախարար եղած ժամանակ Երասխի հատվածում մի ամիս իրադարձություններ են եղել, բայց Ադրբեջանին ոչինչ չի հաջողվել, երբ նրանք մեկ ամիս փորձել են առաջ գալ նախիջևանյան հատվածում, Երասխի ուղղությամբ՝ թեկուզ 1 մետր, որովհետև ապահովել են պաշտպանություն:

«Հստակ պահանջ էր դրված՝ չթողնել դիրքերը, բանակը կատարել է իր խնդիրը»,- ընդգծել է ՀՀ պաշտպանության նախկին նախարարը և նշել, որ այսօրվա բանակի հետ կապված բազմաթիվ հարցեր կան, բայց ինքը չի ցանկանում գնահատական տալ:

Կարդացեք նաև

Մյուս կողմից՝ Կարապետյանը չի անտեսել Տավուշի կամ հյուսիսարևելյան սահմանագոտու հատվածում դիրքեր հանձնելու փաստը՝ նշելով, որ այնտեղ ամուր պաշտպանական գիծ ունեինք:

«30 տարի Ադրբեջանը փորձել է գրոհել և դիրքեր վերցնել, բայց դա նրանց չի հաջողվել»,- շեշտել է նա՝ հավելելով, որ Նիկոլ Փաշինյանի ասած՝ հստակեցված սահմանն Ադրբեջանին հետ չի պահելու, և բարենպաստ պայմանների դեպքում գնալու է համապատասխան քայլերի, և խաղաղության պայմանագիրը ևս անվտանգություն չի ապահովելու, երբ Թուրքիան և Ադրբեջանը հստակ ցույց են տալիս՝ պատրաստվում են պատերազմի:

Արշակ Կարապետյանի հայտարարություններին անդրադառնանք առանձին-առանձին:

Գերագույն հրամանատար Փաշինյանի կառավարման անկարողությունը՝ 44-օրյա պատերազմի պարտության պատճառ

ՀՀ պաշտպանության նախկին նախարար Արշակ Կարապետյանը ռուս քաղաքագետ, հրապարակախոս Դարյա Միտինային տված հարցազրույցում, ըստ էության, թվարկում է 44-օրյա պատերազմում ՀՀ պարտության հիմնական պատճառները՝ կառավարման համակարգի ձախողում, մոբիլիզացիոն գործընթացի ձախողում, Փաշինյանի՝ պատերազմական պայմաններում կառավարելու անկարողություն։ Այստեղ կարո՞ղ ենք նաև դիտավորություն տեսնել, կամ, ինչպես ռազմական կամ քաղաքական որոշ փորձագետներ են ասում՝ գործ ենք ունեցել կազմակերպված անկազմակերպվածության հետ:

Այսինքն, պատերազմի ժամանակ որոշումները հաճախ ընդունվել են «ոտքի վրա» կամ ՊԲ հրամանատարի առանձին սենյակում՝ մի քանի մարդկանց մոտ, որոնց մի մասը բանակից, ռազմական որոշումներից բան չէր հասկանում: Մինչդեռ, ըստ մասնագետների, նման որոշումները պետք է ընդունվեն ՊԲ հրամանատարական կետի ծառայողական պարտականություններ կատարող զորատեսակների, ծառայությունների ներկայությամբ: Այլ կերպ ասած՝ համապատասխան վայրում՝ մարտական կառավարման կետում, և ամենակարևորը՝ ընդհանուր օպերատիվ պլանավորման օղակում, որտեղ կա շտաբ, հրամանատար, կան շտաբի բոլոր զորատեսակները, ծառայությունները, որոնք էլ իրենց առաջարկությունները կանեն: Այսինքն, պատերազմի ժամանակ երկիրն ու բանակը ղեկավարվել է «ոտքի վրա»: Եվ սա ավելի ուշ արձանագրել էր նաև Ադրբեջանը:

Մասնավորապես, 2021 թվականի հունիսին ադրբեջանական CBC հեռուստաընկերությանը տված հարցազրույցում Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը նշել էր՝ պատերազմի արդեն 7-րդ օրը զգացվում էր, որ «հայկական ռազմական ղեկավարությունը կորցրել է զինված ուժերի կառավարումը, կառավարման համակարգը «սբոյ» է տվել»: Նշենք, որ ինչ-որ պահի Ադրբեջանի ԳՇ կառավարումն իրենց վրա էին վերցրել թուրքական գեներալները:

Իսկ 2021-ին Զաքիր Հասանովը պնդել էր հայկական կողմի ռադիոէլեկտրոնային հզոր պայքարը (ՌԷՊ), ինչը լուրջ խնդիրներ է ստեղծել ադրբեջանական կողմի համար, երբ գործի են դրվել համապատասխան համակարգերը:

«Խնդիր դրված չէ՝ ինչ-որ տեխնիկայից հրաժարվել, այլ հարց է ծագել, որ տվյալ սպառազինության տեխնիկական ինչ-որ բաղադրիչ չի կարողացել դիմադրել հակառակորդի ռադիոէլեկտրոնային պայքարին, որովհետև հակառակորդը շատ հզոր ռադիոէլեկտրոնային դաշտ էր ստեղծել, նրանք ունեին ամենաժամանակակից ռուսական արտադրության ՌԷՊ համակարգերը»,- ասել էր նա:

Ավելի ուշ ադրբեջանցի ռազմական փորձագետ Ռամիլ Մամեդլին ադրբեջանական լրատվամիջոցներից մեկի հետ զրույցում ադրբեջանական բանակի բարեփոխումների համատեքստում խոսել էր իրենց հրետանային ստորաբաժանումների և ականանետային մարտկոցների վերափոխման և որակի բարձրացման մասին, այնուհետև նշել, որ 44-օրյա պատերազմի ժամանակ հայկական հրետանին բավականին արդյունավետ և հաջող է կիրառվել:

Այն, որ 44-օրյա պատերազմի ժամանակ որոշ հատվածներում Ադրբեջանի համար հեշտ չի եղել, անգամ Ադրբեջանի նախագահն է տարբեր հարցազրույցներում ընդունել:

Մասնավորապես, 2021-ի սեպտեմբերին Ադրբեջանի նախագահն «Ազգային պաշտպանություն» ամսագրին տված հարցազրույցում ասել էր, որ «որոշ բնակավայրերում հայերը կանգնել են մինչև վերջ»:

«Ես, իհարկե, կնշեի Սոլթանլի և Ամիրվարլի բնակավայրերի վերցնելը: Ինչո՞ւ: Այնտեղ շատ հզոր պաշտպանություն կար: Մի քանի օր մեզնից պահանջվեց ակտիվ մարտական գործողություններ վարել՝ կոտրելու հակառակորդի դիմադրությունը: Որոշ բնակավայրերում նրանք կանգնել են մինչև վերջ: Ես կարծում եմ, որ ոչ մեկի մոտ չպետք է կասկած լինի այն բանում, որ որոշ օպերացիաներում հայկական կողմը դրսևորել է հաստատակամություն: Ոչ մի դեպքում չպետք է թերագնահատել հակառակորդին»,- ասել էր Ալիևը:

Չմոռանանք, որ Քարվաճառը, Ակնան առանց կրակոցի են հանձնվել Ադրբեջանին, այստեղ ոչ մի միլիմետր հայկական կողմը չի կորցրել, և իրապես մարտի դաշտում բուն ռազմական գործողությունների ժամանակ հայկական կողմն ավելի քիչ տարածք է կորցրել, քան դրանից հետո՝ առանց կրակոցի: Դեռ մի կողմ դնենք այն, որ մարտի դաշտում կորուստներն էլ կարող էին չլինել, եթե բանակին կռվելու համար համապատասխան պայմաններ ստեղծվեին՝ մարդկային ռեսուրսի համալրումից՝ մինչև զինամթերքի ճիշտ ժամանակին մատակարարում:

Այսինքն, ինչպես 2023 թվականի հունիսին հայտարարել է ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանը՝ «ոչ արդյունավետ կազմակերպվեց զինված ուժերը անհրաժեշտ քանակի հրթիռներով և զինամթերքով անխափան ու կանոնավոր ապահովումները, ինչի հետևանքով լիարժեք հնարավորություն չտվեց հրթիռների և զինամթերքի ծախսը, ինչպես նաև սպառազինության ու ռազմական տեխնիկայի կորուստները լրացնելու համար»:

Նիկոլ Փաշինյանը, այո, ձախողել է նաև մոբիլիզացիոն գործընթացը: 2020 թվականի սեպտեմբերի 27-ին նախ հայտարարվել էր համընդհանուր զորահավաք, այնուհետև՝ մասնակի:

Ավելին, բազմաթիվ անձինք, ովքեր ունեին որոշակի կամ կոնկրետ մասնագիտություն, պատրաստվածություն, չընդգրկվեցին մոբիլիզացիայի մեջ: Կամ անձինք, ովքեր ունեին որոշակի պատրաստվածություն և կարող էին որոշակի, այսպես ասած, պաշտոններ զբաղեցնել, բոլոր անձանց առաջարկվեց մեկնել՝ որպես կամավոր զինվոր: Մինչդեռ մարդը, որը պատրաստվել է որոշակի գործառույթներ իրականացնելու համար, նրան որպես զինվոր օգտագործելը, ինչը որոշ դեպքերում կատարվեց, աբսուրդ էր:

Մինչդեռ, մասնագետների գնահատմամբ, եթե պատերազմի առաջին օրը, ըստ մոբիլիզացիոն պլանների (որոնք, իհարկե, գաղտնի են և չեն կարող բացահայտվել), ստեղծվեին համապատասխան ուժերը, ի վերջո, 44-45 օրը բավականին մեծ ժամանակ է, որ ձևավորվեին մարտունակ զորամասեր, որոնք կարող էին մտնել մարտի մեջ և կատարել այն խնդիրները, որոնք ի վիճակի չէին կատարել կամավորական խմբերը:

Այն, որ զորահավաքի հետ կապված խնդիրներ են եղել, 2023 թվականի օգոստոսի 1-ին 44-օրյա պատերազմի Քննիչ հանձնաժողովում արձանագրել էր նաև ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը, սակայն չէր մանրամասնել այն հարցաքննության բաց մասում, այն թողնելով դռնփակ հատվածին:

Իսկ Արշակ Կարապետյանի՝ 44-օրյա պատերազմին առնչվող հայտարարությանը, որ ձախողվել է Փաշինյանի իշխանության կառավարման համակարգը, որ իշխանությունն ինքնամեկուսացվել է և ամբողջ բեռը և պատասխանատվությունը պատերազմը վարելու թողել այդ ժամանակ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանի վրա, դիտարկենք նաև այլ տեսանկյունից: Այո, Նիկոլ Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ ձախողվել է՝ որպես երկրի ղեկավար և գերագույն հրամանատար:

Այո, շատ հաճախ պատերազմի օրերին և 2020 թվականի նոյեմբերի 9-10-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի հրապարակումից հետո ԳՇ պետն ու Պաշտպանության նախարարն է ռուսական կողմի հետ փորձել բանակցել տարբեր հարցերի շուրջ և ձեռք բերել պայմանավորվածություններ: Բայց սա Նիկոլ Փաշինյանին չի ազատում գլխավոր բանակցողը լինելուց, և այն, որ, ըստ Արշակ Կարապետյանի, ամեն ինչ թողնվել է ԳՇ պետի վրա, սա ևս չի նշանակում, որ պարտության միակ պատասխանատուն բանակն է: Մյուս կողմից՝ մի փոքր վերապահում կա, որ իշխանություններն ամբողջովին մեկուսացել են և ԳՇ-ին մենակ են թողել: Եթե այդպես էլ լիներ, եթե ԳՇ-ին և բանակին չխանգարեին, գուցե 44-օրյա պատերազմի ելքն այլ լիներ, առնվազն չէինք պարտվի այն արդյունքով, ինչով պարտվեցինք:

Ինչ վերաբերում է Արշակ Կարապետյանին, ապա 44-օրյա պատերազմի ժամանակ նա եղել է Նիկոլ Փաշինյանի խորհրդականը, և, ըստ էության, ներսից է տեսել կառավարման խնդիրները:

Ի դեպ, 2020թ. սեպտեմբերի 2-29-ը ներառյալ Փաշինյանն արձակուրդ էր տրամադրել իր գեներալ խորհրդականին, և հայտնի չէ՝ սեպտեմբերի 25-ին, երբ Փաշինյանը տեղեկություն է ստացել՝ պատերազմ է լինելու, արդյո՞ք հետ է կանչել Արշակ Կարապետյանին, և ամբողջ պատերազմի ընթացքում ի՞նչ խորհուրդներ է տվել 10 տարի ռազմական հետախուզությունը ղեկավարած Արշակ Կարապետյանը Նիկոլ Փաշինյանին:

168.am-ը ուղիղ և հոդվածի տեսքով ՀՀ պաշտպանության նախկին նախարարին մի շարք հարցեր է ուղղել, որոնք դեռ սպասում են իրենց պատասխանին: Բացի նշվածներից, հայտնի չէ՝ 44-օրյա պատերազմում տեսնելով Փաշինյանի կառավարման անկարողությունը, պատերազմից հետո նրա միանձնյա որոշմամբ Սյունիքից զորքը հետ քաշելու փաստը, 2021 թվականի փետրվարի 25-ին ՀՀ զինված ուժերի հայտարարությունը՝ Օնիկ Գասպարյանի ղեկավարությամբ, որ «ՀՀ վարչապետը և կառավարությունն այլևս ի վիճակի չեն ընդունելու ադեկվատ որոշումներ՝ հայ ժողովրդի համար այս ճգնաժամային և ճակատագրական իրավիճակում, գործող իշխանությունների անարդյունավետ կառավարումը և արտաքին քաղաքականությունում ցուցաբերած լրջագույն սխալները երկիրը հասցրել են կործանման եզրին», 2021 թվականի ադրբեջանական առաջխաղացումները և կրակել-չկրակելու հետ կապված խնդիրները, ինչո՞ւ է Արշակ Կարապետյանը համաձայնել 2021 թվականի օգոստոսին ստանձնել ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնը, երբ Նիկոլ Փաշինյանը հստակ դրել էր իր առջև՝ պետք է առաջ տանի իր քաղաքական օրակարգը, այն է՝ սահմանների դելիմիտացիա և դեմարկացիա: Հանուն բանակի վերականգնմա՞ն է համաձայնել այդ գործընթացը թույլ չտալու, ինչը չի հաջողվել, որովհետև նման քաղաքական կամք չի ունեցել Նիկոլ Փաշինյանը, իսկ իրեն էլ մոտ 3 ամսից ազատել են պաշտոնից:

Ի դեպ, չի բացառվում, որ այդ ազատման մեջ դերակատարում է ունեցել Կարապետյանի ռուսական ուղղվածությունը կամ Արևմուտքից ոչ ուղիղ նման ակնարկ է եղել: Գուցե մի օր այս համատեքստում փաստեր ի հայտ գան: Գուցե նաև այլ պատճառնե՞ր կան:

Երասխում 2021 թվականին Ադրբեջանը փորձել է առաջխաղացո՞ւմ ապահովել

Ինչ վերաբերում է Կարապետյանի հայտարարությանը, որ 2021-ին, երբ դեռ ինքը պաշտպանության նախարար էր, Ադրբեջանը փորձել է նախիջևանյան թևում՝ Երասխի հատվածում, առաջխաղացում ապահովել և մեկ ամիս լարված է պահել, իսկապես, սեպտեմբերից հոկտեմբեր տարբեր սադրանքներ են եղել այդ ուղղությամբ:

Մասնավորապես, 2021 թվականի սեպտեմբերի 1-ին ՀՀ պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն էր տարածել. «Սեպտեմբերի 1-ին, ժամը 11։10-ի սահմաններում, ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները հերթական անգամ սադրանքի են դիմել, հրաձգային զինատեսակներից և դիպուկահար հրացաններից կրակ բացելով հայ-ադրբեջանական սահմանի Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով մահացու հրազենային վիրավորում է ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, 1982 թ. ծնված, կրտսեր սերժանտ Գեղամ Լյովայի Սահակյանը»:

Պաշտպանական գերատեսչությունը նաև հստակ զգուշացրել էր. «Պաշտպանության նախարարությունը խստիվ դատապարտում է ադրբեջանական կողմի գործողությունները և նախազգուշացնում, որ դրանք անպատասխան չեն մնա։ Իրադրության սրման ամբողջ պատասխանատվությունն ընկնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության վրա»:

Այնուհետև Երասխի հատվածում հոկտեմբերի 9-ին Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումների կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում էր ստացել ՀՀ ՊՆ N զորամասի պայմանագրային զինծառայող, շարքային Միսակ Վարդանի Խաչատրյանը:

Իսկ հոկտեմբերի 15-ին ադրբեջանական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ էր բացել Հայաստանի Հանրապետության Արարատի մարզի, մասնավորապես՝ Երասխ գյուղի, և այդ հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ, ինչի հետևանքով այրվել են գյուղի բնակիչներից մեկի անասնագոմը և խոտի դեզերը։ ՀՀ ԶՈւ անձնակազմի և քաղաքացիական բնակչության շրջանում տուժածներ չէին եղել: Միաժամանակ, նույն ժամանակահատվածում ադրբեջանական կողմը հայտնել էր՝ «զինվոր է սպանվել հայ դիպուկահարի կրակոցից»:

Այսինքն, իրապես, մեկ ամիս լարված է եղել Երասխի հատվածում: Իսկ 2021 թվականի նոյեմբերի 15-ին Կարապետյանին Փաշինյանը որոշել էր ազատել:

Արդեն 2022 թվականի մարտին Փաշինյանը սկսեց խոսել Երասխից զորքի հետքաշման մասին:

«Մենք հանդես ենք եկել նաև տեղային hետքաշումների առաջարկներով և այստեղ էլ սպասում ենք Ադրբեջանի արձագանքին: Մասնավորապես, Երասխի հատվածում առաջարկել ենք, որ իրենք մի քանի դիրք hետ քաշեն մեր տարածքից, մենք էլ մի քանի դիրք hետ քաշենք իրենց տարածքից, այսպիսով երկուստեք կլուծենք վերջին մեկուկես տարվա ամենաթեժ կետերից մեկի հարցը: Ինչպես ասացի, սպասում ենք Ադրբեջանի արձագանքին»,- Կառավարության նիստի ժամանակ հայտարարել էր նա: Եվ սա այն դեպքում, որ Երասխի հատվածում հայկական կողմը գերակա դիրքերում է,անգամ, երբ 2018 թվականին ապրիլ-մայիս ամսին միջդիրքային հատվածում Ադրբեջանն առաջ էր եկել, ինչը կարող էինք մենք անել: Բայց հաշվի առնելով, որ Փաշինյանը քանդեց կամ թուլացրեց Տավուշի հատվածում՝ հյուսիսարևելյան պաշտպանական գիծը, հաջորդը կարող է լինել նաև այս ուղղությունը, հատկապես, երբ Տիգրանաշենի հանձնման հարց կա:

Իսկ այն, որ Ադրբեջանը և Թուրքիան գործնականում չեն պատրաստվում խաղաղության, ապացուցում է Ալիև-Էրդողան վերջին հանդիպումը Թուրքիայում և դրա օրակարգը՝ Ադրբեջան-Թուրքիա համագործակցության ամրապնդում պաշտպանական և ռազմարդյունաբերության ոլորտում, Երևան-Բաքու խաղաղության պայմանագիր:

Ադրբեջանական կայքերից մեկն Ադրբեջան-Թուրքիա ռազմական ամուր համագործակցությունը և դրա ընդլայնման անհրաժեշտությունը պայմանավորել էր «ՀՀ-ում ռևանշիստական տրամադրությունների աճով»՝ հղում անելով Իլհամ Ալիևի վերջերս արած հայտարարությանը՝ «մենք տեսնում ենք, որ նման գաղափարներ գոյություն ունեն, և ոչ միայն ընդդիմության շրջանում, այլ իշխող թիմում»:

Գուցե բանակո՞ւմ էլ կան նման տրամադրություններ, որոնք չեն երևում, գուցե պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը հոգու խորքում չի՞ կիսում Փաշինյանի քաղաքական օրակարգը, կամ ամբողջապես չի կիսում և դեռ մնում է այն կարծիքին, որ՝ «թշնամին օկուպացրել է ՀՀ ինքնիշխան տարածքները….»:

Տեսանյութեր

Լրահոս