Փաշինյանը 44-օրյա պատերազմի ժամանակ գերագույն հրամանատար լինելու իրավունք չուներ. Անդրանիկ Քոչարյանը համարձակություն կունենա՞ օրինական գնահատական տալու

Այսօրվա կառավարության նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը խոսել է կենցաղային հարցերում ինչ-որ ստանդարտների մասին: Օրինակ, ըստ նրա, ստանդարտը պետք է հստակ լինի՝ ո՞րն է այն գիծը, որից հետո կառավարությունը պետք է միջամտի և երեխայի լավագույն շահից ելնելով՝ նրան պաշտպանի այն ընտանիքից, որում նա գտնվում է:

Նիկոլ Փաշինյանը հատկապես 2020 թվականի 44-օրյա պատերազմի օրերին և դրանից հետո և հիմա հատել է ու շարունակում է հատել այն օրենսդրական և քաղաքական գիծը, որը թույլ է տալիս երկիրը վերցնել նրա ձեռքից: Այլ հարց է, որ այս ամենը պետք է վերածվի, այսպես ասած, իրավարար ծրարի: Հիմա՝ առավել առարկայական:

2020 թվականի 44-օրյա պատերազմի հենց առաջին օրը ՀՀ-ում ռազմական դրություն հայտարարվեց, թեպետ պատերազմն Արցախում էր, և ՀՀ սահմանադրության 119-րդ հոդվածի համաձայն՝ «Հայաստանի Հանրապետության վրա զինված հարձակման, դրա անմիջական վտանգի առկայության կամ պատերազմ հայտարարվելու դեպքերում Կառավարությունը հայտարարում է ռազմական դրություն»:

2020 թվականի սեպտեմբերի 27-ին Հայաստանի վրա հարձակում չի եղել, ՀՀ-ին պատերազմ կամ Հայաստանը պատերազմ չէր հայտարարել: Ստացվում է, որ ՀՀ կառավարության այս որոշումը, մեղմ ասած, օրինական չէ:

Կարդացեք նաև

Ըստ այդմ՝ ռազմական դրության և պատերազմի ժամանակ երկրի ղեկավարին վերագրվող լիազորություններից Նիկոլ Փաշինյանի օգտվելն օրենքի հետ որևէ աղերս չունի, որից, իհարկե, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նա հրաժարվում է:

Իսկ այն, որ Նիկոլ Փաշինյանն իրավունք չուներ իրեն հռչակել գերագույն հրամանատար, այդ մասին 2023 թվականի օգոստոսի 1-ի 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովում ակնարկել էր անգամ ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը: Մասնավորապես, իշխանական պատգամավոր Հայկ Սարգսյանը պաշտպանության նախկին նախարարին հարց էր ուղղել՝ «ինչպես կգնահատեք վարչապետ Նիկոլ Փաշինյանի աշխատանքը՝ որպես գերագույն հրամանատար պատերազմի ժամանակ և մինչև պատերազմը», ինչին Դավիթ Տոնոյանը պատասխանել էր.

«Այդ հարցը որ տալիս եք, արդյոք վարչապետն այդ ժամանակ եղե՞լ է գերագույն հրամանատարը, «Պաշտպանության մասին» օրենքով, Սահմանադրությամբ, վարչապետը ստանձնում է իր պարտականությունները պատերազմական ժամանակաշրջանում: «Պաշտպանության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 5-րդ կետով պատերազմ հայտարարելու դեպքում, որպես գերագույն հրամանատար, ընդունում է քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ: Արդյոք պատերազմի հայտարարում եղե՞լ է, թե՞ ոչ: Իհարկե, սրանք սահմանադրական խնդիրներ են, բայց իր լիազորությունների շրջանակում որպես վարչապետ իր գործողություններին՝ այս հանձնաժողովն է, որ պետք է տա, ոչ ես, որը եղել է իր ենթական և շատ ճգնաժամային ժամանակաշրջանում մարտավարական խնդիրներ է լուծել, կտրված եմ եղել: Դրա համար կոռեկտ չի իմ կողմից՝ որպես պաշտպանության նախկին նախարար, գնահատական տալ վարչապետի գործողություններին, դա ձեր գործառույթն է»:

Այսինքն, մի կողմից՝ Դավիթ Տոնոյանը ցույց է տվել Նիկոլ Փաշինյանի՝ 44-օրյա պատերազմի օրերին գերագույն հրամանատար լինելու անօրինականությունը, մյուս կողմից՝ հիշատակելով «Պաշտպանության մասին» օրենքը, որ ՀՀ վարչապետը «պատերազմ հայտարարվելու դեպքում, որպես զինված ուժերի գերագույն հրամանատար, ընդունում է պատերազմական ժամանակի քաղաքական և ռազմական բնույթի որոշումներ», ակնարկել է նրա պատասխանատվության չափը:

Այսինքն, եթե 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանն անօրինական է իրեն վերապահել գերագույն հրամանատարի լիազորություններ, դրա համար պետք է պատասխանատվություն կրի, նաև այն քաղաքական և ռազմական որոշումների համար, որոնք կայացրել է այդ օրերին, և վերջին դեպքում արդեն էական չէ՝ օրինակա՞ն, թե՞ ինքնահռչակ գերագույն հրամանատար է եղել նա: Այլ կերպ ասած՝ որ կողմից էլ հարցին մոտենանք, պատասխանատվություն կրելու խնդիր կա:

Ի դեպ, արդեն ավելի ուշ պաշտպանական և զինված ուժերի համակարգի պատրաստ լինելու հարցին ի պատասխան՝ Քննիչ հանձնաժողովում իր հարցաքննության ժամանակ Դավիթ Տոնոյանն առաջարկել էր վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում՝ պարզաբանելով.

«Ռազմական գործողությունների ընթացքում արդյո՞ք այդ ժամանակաշրջանը գնահատվում է որպես պատերազմ, թե՞ ոչ՝ իրավական և դրանից բխող գործողությունների առումով: Կառավարման համակարգի թերություններին բախվեցինք և՛ ես, և՛ ԳՇ-ն, և՛ վարչապետը։ Շտապ փոփոխության անհրաժեշտություն ունի, որոշ փոփոխություններ իրականացվել են, բայց դրանք բավարար չեն։ Ուստի, պետք է վարչապետին օժտել Գերագույն հրամանատարի լիազորություններով նաև խաղաղ պայմաններում»:

Հիշեցնենք, որ 2022-ի հունիսին ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանը հոդված էր հրապարակել ««Պաշտպանության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի վերաբերյալ, որտեղ մի քանի դիտարկում էր արել: Մասնավորապես՝

«Անհստակությունը պահպանվում է

Առաջին խնդիրն այն է, որ առաջարկվող փոփոխություններով շարունակում է պահպանվել զինված ուժերի ղեկավարման անհստակությունը պատերազմական իրավիճակում, երբ, օրինակ, ԱԺ կողմից հայտարարված չէ պատերազմ, բայց հայտարարված է ռազմական դրություն, կամ կառավարության կողմից որոշում է կայացված զինված ուժերի կիրառման վերաբերյալ՝ զինված ուժերի կիրառման պլանը գործողության մեջ դնելու միջոցով կամ այլ եղանակով:

Ստացվում է, որ խաղաղ պայմաններում նախարարը հիմնական պատասխանատվություն է կրում պատերազմին նախապատրաստվելու համար, իսկ վճռական պահին դուրս է մղվում ռազմական հրամանատրման շղթայից, և դա՝ այն դեպքում, երբ առաջարկվող կարգավորումներով լիազորված է ԶՈՒ կիրառման պլանի համակարգման համար։

Հստակեցման կարիք ունի նաև «Պաշտպանության մասին» փոփոխվող օրենքի (այսուհետ՝ նաև Օրենք) 10-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետը («Պաշտպանության նախարարը համակարգում է զինված ուժերի կիրառման գործընթացը»): Ի՞նչ է նշանակում՝ «համակարգում է», և արդյո՞ք նշված լիազորությունն իրականացվելու է և՛ պատերազմի չհայտարարման, և՛ ռազմական դրության հայտարարման դեպքում, երբ որոշում է կայացված ԶՈՒ կիրառման վերաբերյալ:

Պետք է հստակեցնել վարչապետի գործառույթը

Պետք է հստակեցնել նաև ռազմական դրության հայտարարման և պատերազմի չհայտարարման ժամանակ զինված ուժերի կիրառման մասով ՀՀ վարչապետի գործառույթը: Արդյո՞ք վերոհիշյալ իրավիճակը նույնական է ՀՀ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված «պատերազմի ժամանակ» հասկացությանը բնորոշ իրավիճակի հետ և արդյո՞ք փաստացի կարելի է գտնվել պատերազմի մեջ՝ առանց դրա հայտարարման:

Անհրաժեշտ է Սահմանադրությամբ անցում կատարել

Եթե որպես օրինակ վերցվել է որոշակի պետության պաշտպանության նախարարության մոդելը, ապա, կարծում եմ, այդ դեպքում անհրաժեշտ է ՀՀ Սահմանադրությամբ անցում կատարել նախագահական կառավարման համակարգի և պետության գլխին կարգել որպես գերագույն հրամանատար և չսահմանափակվել այդ լիազորությամբ միայն պատերազմի ժամանակաշրջանով, այլև խաղաղ ժամանակաշրջանով՝ հեռացնելով Սահմանադրությունից պատերազմի ժամանակ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի ենթարկեցումը գերագույն հրամանատարին»։

Այսինքն, Դավիթ Տոնոյանն առաջարկել էր վարչապետին վերապահել գերագույն հրամանատարի լիազորությունները, թերևս, ոչ թե, որ բարձր է գնահատում այսօր այդ պաշտոնը զբաղեցնող անձի կարողությունները, այլ ելնում է այն փաստից, որ գործող իշխանություններն այս հարցում փորձում են մանևրել և իրենց վրայից գցել պատասխանատվությունը, և, որ դե ֆակտո Նիկոլ Փաշինյանն իրեն խաղաղ պայմաններում ևս վերապահել է գլխավոր հրամանատարի գործառույթներ: Այսինքն, ինչպես այսօր Նիկոլ Փաշինյանն էր կառավարության նիստի ժամանակ ասել, ստանդարտը պետք է շատ հստակ լինի, այն խախտելու դեպքում պատասխանատվությունը՝ ևս:

Չմոռանանք, որ 2021 թվականի հոկտեմբերին ԱԺ-ում Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր, որ 2020 թվականին Սյունիքի սահմաններից զորքերի հետքաշման հրամանն ինքն է տվել:

«Ասում եք՝ նախարարը գրավո՞ր է տվել, թե՞ բանավոր. իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները: Քննարկում եղե՞լ է, այո՛, եղել է: Անվտանգության խորհրդի նիստ չի եղել, բայց դրա անդամները, Սյունիքի մարզպետը, ԱԳ նախարարը, որ ասում էր՝ մենք տեղյակ չենք, նախարարի տեղակալը՝ հետո, մասնակցել են այդ քննարկմանը: Այն տեղի է ունեցել Կառավարությունում, և որոշում է կայացվել: Իմ համոզմունքն այն էր, որ եթե այդ որոշումը չկայացվեր, այնտեղ ռազմական գործողություններ էին սկսելու, և իրոք Սյունիքում մենք ունենալու էինք խնդիրներ»,- շեշտել էր նա:

Նշենք, որ Սյունիքից զորքի հետքաշման և Գորիս-Կապան ճանապարհահատվածի Ադրբեջանին հանձնելու շուրջ 2020 թվականի դեկտեմբերին ևս քննարկումներ են եղել, 2021 թվականի հոկտեմբերի 28-ին ArmLur.am-ը հրապարակել էր Սյունիքում զորքերի հետքաշման որոշման քննարկումների մասնակիցների ցանկը, որոնց թվում են եղել այդ ժամանակ ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, այդ ժամանակահատվածում՝ ՏԿԵ նախարար, այսօր՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի արդեն նախկին հրամանատար Արման Մարալչյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Կարեն Աբրահամյանը:

Արդյո՞ք այս քննարկումների ձայնագրությունները կան, թե՞ դրանք Կառավարությունում դարձյալ Նիկոլ Փաշինյանի կաբինետում են տեղի ունեցել, որտեղ տեղի ունեցած խոսակցությունները, ըստ Փաշինյանի, չեն ձայնագրվել: Մի բան հստակ է, որ Նիկոլ Փաշինյանի այս հրամանը կամ միանձնյա որոշումն օրինական չէ, որի հետևանք էին նաև Սյունիքի ուղղությամբ Ադրբեջանի զորքի ներխուժումը ՀՀ ինքնիշխան տարածք: Գործ ունենք զորքի միակողմանի հետքաշման, առանց փաստաթղթի՝ բանավոր պայմանավորվածությամբ, սահմանազատման և սահմանագծման գործընթացի հետ:

Ի դեպ, 2020թ. դեկտեմբերի 27-ին Պետրոս Ղազարյանի հետ հարցազրույցում անդրադառնալով հարցին՝ «ինչո՞ւ հայկական զորքերը ետ քաշվեցին Կուբաթլուի և Զանգելանի շրջանից», Փաշինյանը պատասխանել էր.

«Նոյեմբերի 9-ի հայտարարության ստորագրման պահին Կուբաթլուի և Զանգելանի շրջանների 90 և ավելի տոկոսը, ցավոք սրտի, եղել է արդեն Ադրբեջանի վերահսկողության ներքո, եղել է բանավոր ըմբռնում այդ համատեքստում, որ այդտեղ մենք պետք է սահմանային կետերի՝ ոչ թե սահմանի, այլ որոշակի կետերի ճշգրտում իրականացնենք: Եվ այն ժամանակ, երբ պարզ է եղել, որ այս հարցի շուրջ կարող է տեղի ունենալ, կարող է բռնկվել պատերազմ, որը կարող է անցում կատարել դեպի Սյունիքի մարզ, մենք միջոցներ ենք ձեռնարկել՝ Սյունիքի անվտանգությունն ապահովելու համար»։

Ըստ էության, այստեղ բանակը կատարել է անօրինական հրաման, գուցե դարձյալ բանավոր: 168.am-ն այս առնչությամբ հարցում է ուղարկել ՀՀ պաշտպանության նախարարություն՝ պարզելու՝ կա՞ ԳՇ-ում գրավոր հրաման Սյունիքից զորքի հետքաշման, պատասխանը ստանալուն պես կներկայացնենք այն:

Իսկ Նիկոլ Փաշինյանն այսօր նույնը փորձում է անել Տավուշում: Մասնավորապես, մարտի 12-ին լրագրողների հետ հանդիպմանը Փաշինյանը հայտարարել էր, որ սահմանագծման և սահմանազատման գործընթացը պետք է սկսել Տավուշից, մի քանի օր հետո նա գնացել էր Ոսկեպար և պնդել, որ այդպես պիտի լինի՝ վախեցնելով պատերազմով:

Մինչդեռ «Ազատությանը» սահմանազատման հանձնաժողովի նախագահ, փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի գրասենյակից հայտնել են, որ Ադրբեջանի և Հայաստանի հանձնաժողովները մի շարք առանցքային հարցերի, այդ թվում՝ սահմանազատումը Տավուշից սկսելու վերաբերյալ որևէ կայացված որոշում կամ ձեռք բերված համաձայնություն չունեն:

Այն, որ այս հարցում չկա հստակություն, լրագրողների հետ զրույցում այսօր հաստատել է նաև ՀՀ ԱԳ փոխնախարար Վահան Կոստանյանը:

Միակ հստակությունն այն է, որ սա Ադրբեջանի պահանջն է, որին Նիկոլ Փաշինյանը պատրաստ է տուրք տալ, ինչի մասին երեկ ուղիղ տեքստով հայտարարել է ՔՊ-ական պատգամավորը:

«Ադրբեջանն առաջարկել է, որ սկսենք հյուսիսային սահմանից»,- շեշտել է իշխանական պատգամավոր Արմեն Խաչատրյանը։

Այսինքն, Նիկոլ Փաշինյանն արհամարհելով սահմանազատման հանձնաժողովների աշխատանքը, իր խաղն է տանում Ալիևի հետ և պատրաստ է հերթական ռազմական և քաղաքական անօրինական որոշումը կայացնել՝ առանց գրավոր ամրագրումների, և բանակի հրամանատարությանն էլ մղել կատարել հերթական անօրինական հրամանը, գուցե ևս բանավոր՝ նահանջի հրաման տալ և ԶՈւ զորքը հեռացնել հայկական դիրքերից: Ցանկացած անձ, որը հրապարակավ դեմ է արտահայտվում սրան, պետք է ոչ թե փափուկ բարձ դնի ժողովրդի գլխի տակ, այլ շեշտադրի Փաշինյանի անօրինական որոշումների և դրանց հետևանքների համար պատասխանատվության չափը, և եթե բանակն այս դեպքում ևս գնա այդ անօրինական քաղաքական հրամանի կատարմանը, ապա ինչ-որ ժամանակ խնդիր է ունենալու պատասխանատվության հետ, հատկապես, որ Նիկոլ Փաշինյանն էլ շատ լավ գիտի, որ բանակին «իրենց ընթացակարգերով են տալիս հրամանները»:

Այս համատեքստում նշենք նաև, որ ՀՀ սահմանադրությամբ Հայաստանի Հանրապետության տարածքի փոփոխության հարցերը պետք է կարգավորվեն հանրաքվեի միջոցով:

Քանի որ խոսք եղավ պատերազմի ժամանակ և դրանից հետո Նիկոլ Փաշինյանի ռազմական և քաղաքական որոշումների օրինական լինել-չլինելու մասին՝ նշենք, որ վերջերս 24News-ին տված հարցազրույցում ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը հայտարարել է, որ 44-օրյա պատերազմի օրերին Նիկոլ Փաշինյանի անձնական խնդրանքով Հայաստանի և Ադրբեջանի սահմանին ռուս սահմանապահների դիտակետեր են տեղադրվել:

«Ի դեպ, հայկական կողմն այդպես էլ իրավական առումով չգնաց դրանց օրինականացմանը»,- ընդգծել է դեսպանը:

Այնպես որ, Անդրանիկ Քոչարյանի ղեկավարած Քննիչ հանձնաժողովն առնվազն 44-օրյա պատերազմի ժամանակաշրջանի առումով Նիկոլ Փաշինյանի՝ պատերազմի ելքի համար պատասխանատվության մասով գնահատելու խնդիր ունի։ Այլ հարց է՝ ինչ գնահատական կտրվի: Սա, սակայն, չի նշանակում, թե ռազմական նախկին և ներկա ղեկավարությունը չպետք է հստակ գնահատական տա: Եթե հաշվի առնենք 2021 թվականի փետրվարի 25-ի ՀՀ զինված ուժերի հայտարարությունը, ապա որոշակի գնահատական տրվել է, այլ հարց է՝ ինչ հետևություններ են արվել: Իսկ Փաշինյանի դեմ մեղադրական իրավարար ծրար կազմելու համար բավարար նյութ կարելի է գտնել միայն հոդվածում բարձրացված հարցի շրջանակում:

Տեսանյութեր

Լրահոս