Դավիթ Տոնոյանի հայտարարության տողատակերը և մեսիջները՝ միակ բանակցող Նիկոլ Փաշինյանին
Հրթիռների գործով մոտ 1 տարի 8 ամիս անազատության մեջ գտնվող ՀՀ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանն արձագանքել է Նիկոլ Փաշինյանի՝ մայիսի 22-ի ասուլիսի ընթացքում հնչեցրած հայտարարություններին, ինչպես նաև 168.am-ին վերջերս տված հարցազրույցում՝ ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանի պատասխաններին, որոնք մասնավորապես վերաբերում էին 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության նախնական տարբերակում առկա, ապա հանված՝ Տավուշի գյուղերի մասին կետին:
Մայիսի 22-ին հրավիրված ասուլիսի ընթացքում «Հետքը» Նիկոլ Փաշինյանից հետաքրքրվել էր՝ անկլավների և միջանցքի մասին կետերը 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հանելն իր միանձնյա որոշո՞ւմն է եղել, թե՞ քննարկումներ են տեղի ունեցել Պաշտպանության նախարարության, ԳՇ ներկայացուցիչների հետ, Փաշինյանը պատասխանել էր, որ «քննարկումներ են եղել ԳՇ ներկայացուցիչների հետ»:
«ԳՇ-ն ասում էր՝ ոչինչ, անկլավներով ստորագրի: Ես ասել եմ՝ չեմ ստորագրի»,- ընդգծել էր նա, ապա մեղադրանքի սլաքներն ուղղել ՀՀ ԶՈՒ ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանին:
Մայիսի 24-ին 168.am-ի հետ հարցազրույցում ԳՇ պետի նախկին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Տիրան Խաչատրյանն ասել էր, որ ինքն այդ քննարկմանը ներկա չի եղել:
«Ես չգիտեմ՝ ում հետ է քննարկել, ես այդտեղ չեմ եղել: Հաստատ չեմ եղել, իսկ թե ուրիշ ում հետ է քննարկել այդ անկլավների հետ կապված հարցը, չեմ կարող ասել: Բայց միանշանակ, ես տեսել եմ դա ԳՇ պետի մոտ, այդ ժամանակ դեռ քննարկած չեն եղել, որովհետև իմ հարցը ներկայացնելուց հետո, որ Պաշտպանության նախարարի հետ խոսել եմ, որքան գիտեմ, ԳՇ պետն էլ ԱԱԾ տնօրենի հետ է խոսել, որ նա էլ իր հերթին միջնորդի, որպեսզի հանկարծ նման բան չլինի անկլավների պահով»,- նշել էր գեներալը:
Հարցին՝ «հիմա ո՞ւմ դերակատարությունն է զգալի, որ անկլավների հետ կապված կետը հանվել է նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից՝ Դավիթ Տոնոյանի՞, թե՞ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի, ինչպես Օնիկ Գասպարյանն է նշում՝ «ի պատիվ իրեն ու իր ջանքերի շնորհիվ այդ կետը հանվեց», Տիրան Խաչատրյանը պատասխանել էր.
«Ես խոսել եմ Դավիթ Տոնոյանի հետ, իմ իմանալուց հետո, որ նման բան կա: Նշել եմ՝ ինչ կապ ունեն այդ տարածքային պահանջները հրադադարի հետ, և ոչ միայն անկլավների, այլ ընդհանրապես, որ սա դառնում է լրիվ ուրիշ բան: Դավիթ Տոնոյանն ինձ ասեց՝ կապում մնա, ես հիմա միանգամից խոսեմ, գուցե ուրիշ բան էլ լինի: Լսափողը պահած ես լսել եմ՝ ինքը ոնց է խոսում Փաշինյան Նիկոլի հետ: Նա ներկայացրել է այդ ամեն ինչը՝ և՛ տարածքների, և՛ անկլավների հետ կապված, նաև՝ այն պահերի, որ, ասենք, Արցախի տարածքում, ըստ ԼՂԻՄ-ի քարտեզի, իրենք լեզվակներ ունեն մտած: Դրանց հետ կապված ես առաջարկել եմ, որ այն տարածքները, որտեղ գտնվում էր շփման գիծը, բայց նախկինում ԼՂԻՄ-ի տարածքից դուրս էր, դրանք փոխարինենք: Ասել եմ՝ այդ քայլին էլ գնացեք, միանգամից զիջողական կեցվածք մի ընդունեք: Այս մասին լրիվ ես լսել եմ, որ Տոնոյան Դավիթն առաջարկել է: Հիմա թե իմ ասելուց հետո նրա՞ առաջարկն է ազդել, թե՞ Աբազյանին Օնիկ Գասպարյանի ասելը, դե, Աբազյանն էլ երևի ներկայացրած կլինի, գուցե երկուսի ասածը համատեղ է ազդել: Ամեն դեպքում, այդ նախնական տարբերակից անկլավների մասը հանվել է»:
Մինչդեռ Դավիթ Տոնոյանն իր հայտարարության մեջ նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության բովանդակության ձևակերպման հարցում չի ցանկացել գնահատական տալ ոչ Տիրան Խաչատրյանի, ոչ Օնիկ Գասպարյանի, ոչ էլ ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանի ներդրած ջանքերին կամ դրանց չափին: Նշենք, որ Արմեն Աբազյանը ԱԱԾ տնօրեն է նշանակվել 2020 թվականի նոյեմբերի 8-ին:
«Նման գնահատական կարող է տալ ՀՀ կողմից ՌԴ նախագահի հետ միակ բանակցողը` ՀՀ վարչապետը, ով անձամբ համադրել և համակարգել է խորհրդակցությունների մասնակից բոլոր գերատեսչությունների ղեկավարների աշխատանքը: 2020 թ. նոյեմբերի 9-ի երեկոյան ՀՀ վարչապետի մոտ տեղի ունեցած խորհրդակցության արդյունքում նա որոշում կայացրեց, որ չի ստորագրի եռակողմ հայտարարության նոյեմբերի 9-ի տարբերակը՝ միաժամանակ ինձ, ԱԳՆ-ին և այլ գերատեսչություններին հանձնարարելով միայն իր դիրքորոշումը փոխանցել մեր ռուս գործընկերներին»,- շեշտել է Տոնոյանը:
Այսինքն, ՀՀ պաշտպանության նախկին նախարարը հաստատում է՝ վարչապետի աշխատասենյակում տեղի ունեցած քննարկման ընթացքում Փաշինյանը «անկլավներով» նոյեմբերի 9-ի հայտարարությունը չստորագրելու որոշում կայացրել է, բայց ԳՇ և ՊՆ ներկայացուցիչների հետ խորհրդակցության արդյունքում է նա հանգել այդ որոշման, որտեղ, թերևս, նրան բացատրել են՝ Տավուշի մասին կետն արտացոլվել է միտումնավոր՝ որպես դիվանագիտական հնարք հետագա սակարկումների համար:
Մյուս կողմից, Դավիթ Տոնոյանը նրբորեն գնդակը նետում է Փաշինյանի դաշտ՝ նշելով, որ Ռուսաստանի հետ միակ բանակցողը Նիկոլ Փաշինյանն է եղել, թեպետ հետո հայտարարության մեջ շարունակում է միտքը, որ ռուս գործընկերոջ հետ ինքը 4 ժամ քննարկել է հակամարտության գոտուց հարյուրավոր կիլոմետրեր հեռու գտնվող «անկլավների», խաղաղապահ ուժերի տեղակայման, հրադադարի ուժի մեջ մտնելու պահին հայկական ուժերի` այդ պահի դրությամբ իրենց զբաղեցրած դիրքերում մնալու, Լաչինի միջանցքի լայնության և այլ կարևոր հարցեր։
«Համաձայնեցված փաստաթղթի վերջնական տարբերակը՝ առանց «անկլավների» հիշատակման, ներկայացվել է ՀՀ վարչապետին»,- շեշտել է Դավիթ Տոնոյանը:
Հիշեցնենք, որ 2021 թվականի հունվարի 25-ին «Մեդիամաքսին» տված հարցազրույցում Դավիթ Տոնոյանը նշել էր.
«Պատերազմի ողջ ընթացքում ես մշտական կապի մեջ եմ եղել Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ: Եղել են օրեր, երբ մենք օրական մի քանի անգամ ենք խոսել հեռախոսով: Հասկանալի պատճառներով չեմ բացի բոլոր փակագծերը, բայց կարող եմ միանշանակ ասել, որ ծավալված պատերազմի պայմաններում Ռուսաստանն արել է առավելագույնը՝ իր դաշնակցային պարտավորությունների կատարման առումով: Ավելին, զուտ պաշտպանության ոլորտի թեմաներից բացի, ՌԴ պաշտպանության նախարարի հետ մեր մշտական աշխատանքային կապի շնորհիվ հաջողվել է լուծել մի շարք այլ կարևոր հարցեր»:
Մի ուշագրավ փաստ. ՌԴ պաշտպանության նախարարի հետ Դավիթ Տոնոյանը 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության նախնական տարբերակի բովանդակությունը քննարկել էր այն ժամանակ, երբ ռուսական կողմի համար պարզ էր դարձել՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ին ռուսական 102-րդ ռազմական բազայի ավտոշարասյանն ուղեկցող Ми-24 ուղղաթիռը հայկական կողմի կրակից չէ, որ խոցվել է Հայաստանի օդային տարածքում՝ Երասխ բնակավայրի մոտակայքում, Նախիջևանի Ինքնավար Հանրապետության սահմանին մոտ:
«Ժամը 18:30-ի սահմաններում, Ադրբեջանը Նախիջևանի տարածքից խոցեց ռուսական ուղղաթիռը, և քանի դեռ պատահարի մասին ամբողջական տեղեկատվությունը հասանելի չէր, ՀՀ վարչապետի ընդունարանից բավական ծանր խոսակցություն ունեցա իմ ռուսաստանցի գործընկերոջ հետ»,- մանրամասնել էր Տոնոյանը:
Նշենք, որ դեպքից որոշ ժամանակ հետո Ադրբեջանը խոստովանել էր իր զինված ուժերի կողմից Հայաստանի Հանրապետության օդային սուվերեն տարածքում ՀՀ դաշնակից Ռուսաստանի Դաշնության օդատիեզերական ուժերի ուղղաթիռը խոցելու փաստը՝ նշելով, որ «այն պատահականության արդյունք է և ուղղված չէր ռուսական կողմի դեմ», և ներողություն էր խնդրել ռուսական կողմից ու հայտնել, թե պատրաստ են փոխհատուցում տրամադրել: Ուղղաթիռի խոցման հետևանքով ռուս օդաչուներ էին զոհվել:
Կարելի՞ է, ենթադրել, որ դեպքից հետո ռուսական կողմը նախ մտածել է, թե հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը կարող էր գնալ նման սադրանքի, գուցե ինչ-ինչ նպատակներից ելնելով: Հետաքրքիր է,, որ դեպքից հետո ռուսական կողմը չի կասկածել, որ իրենց պատկանող ուղղաթիռը կարող էր խոցել Ադրբեջանը կամ Թուրքիան:
Դառնանք նորից եռակողմ հայտարարությանը. ինչո՞ւ էր հայտարարության նախնական տարբերակը ոչ պաշտոնապես հրապարակվել՝ արտահո՞սք էր, թե՞ դրա մասին իմացել էր նաև Փաշինյանը: Նշենք, որ Տավուշին վերաբերող կետով եռակողմ հայտարարության, այսպես ասած, նախնական տարբերակը ՌԲԿ-ն հրապարակել էր 2020 թվականին՝ մոսկովյան ժամանակով նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 01:26-ին, իսկ «Սպուտնիկ Արմենիան» այն հրապարակել էր մեր ժամանակով նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 02:21-ին: Նիկոլ Փաշինյանը ստորագրման փաստի մասին Ֆեյսբուքում գրառում էր կատարել նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը ժամը 01:48-ին՝ առանց հայտարարության տեքստը հրապարակելու, միայն նշել է, որ «հայտարարություն է ստորագրել», և այն արդեն հրապարակվել է:
Իսկ 2021 թվականի հունիսի 11-ին ԳՇ նախկին պետ, գեներալ-գնդապետ Օնիկ Գասպարյանն էլ հայտարարություն էր տարածել, հայտնելով, որ բազմաթիվ առաջարկներ է արել, այդ թվում՝ Աղդամի փոխարեն՝ Հադրութի վերադարձման հարցը: Թերևս, պատերազմի ժամանակ ԳՇ պետ գեներալ Գասպարյանն այս և նմանատիպ հարցեր քննարկել է նաև իր ռուս գործընկերոջ հետ:
Այսինքն, ռազմական ղեկավարությունը փորձել է ռուսական կողմի հետ ինչ-ինչ հարցեր քննարկել և հասնել լուծման, բայց ինչպես Դավիթ Տոնոյանն է շեշտել՝ ՌԴ-ի հետ միակ բանակցողը Նիկոլ Փաշինյանն է եղել: Կարևոր հարց է նաև, թե եռակողմ հայտարարության մեջ հայանպաստ թեկուզ 1-2 կետերի իրականացմանը որքանո՞վ է Փաշինյանը կարողացել կամ փորձել հասնել:
Օրինակ, 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության առաջին կետում նշվում է՝ կողմերը կանգ են առնում իրենց զբաղեցրած դիրքերում:
Այսինքն, ՀՀ ռազմական ղեկավարությունը կարողացել էր հասնել համաձայնության, որ հայկական զորքերը մնան 2020թ. նոյեմբերի 9-ի դրությամբ զբաղեցված դիրքերում:
Ինչո՞ւ է Փաշինյանը հետագայում խախտել այս կետը և, օրինակ, հրամայել հայկական զորքին հետ քաշվել Սյունիքի հատվածից, որտեղ մենք բավականին հարմար բնագծեր ունեինք: Ինչու՞ անկլավների հարցը Պրահայում հանդիպումից և «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցից հետո նորից օրակարգ մտավ: Իսկ գուցե օրակարգից երբևէ դուրս չի էլ եկել և ընդամենը գրավոր փաստաթղթից է հանվել:
Ավելին, նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությունից «անկլավների» հարցը դուրս թողնելը հենց այնպես չի եղել, դրա դիմաց նախնական տարբերակում Լաչինի միջանցքի, ապաշրջափակման վերաբերյալ կետերում ոչ հայանպաստ խմբագրումներ են կատարվել, որոնց 168.am-ը մեկ անգամ չէ, որ անդրադարձել է:
Արդյո՞ք ռազմական ղեկավարությունից որևէ մեկը մասնակցել է այդ խմբագրումներին, դիվանագիտական խաղերին: Եթե այո՝ ո՞վ և ի՞նչ է առաջարկել, եթե ոչ՝ ինչո՞ւ չի եղել նման մասնակցություն: Իսկ միգուցե այդ խմբագրումները պարտադրվե՞լ են Փաշինյանին, նա էլ չի մերժել՝ բավարար համարելով, որ Տավուշի գյուղերի և միջանցքի մասին դրույթներն արդեն հանվել են: Այս և էլի շատ հարցեր կան, որոնց Փաշինյանը պետք է պատասխանի, նաև՝ հետպատերազմյան բանավոր պայմանավորվածությունների մասին:
Իսկ Դավիթ Տոնոյանն այսօր տարածած հայտարարության մեջ հստակ ասել է.
«2020 թ. նոյեմբերի 20-ից՝ իմ պաշտոնանկությունից հետո, մասնավորապես, Սյունիքում մեր ստորաբաժանումների ետ քաշվելը զբաղեցրած դիրքերից, ինչպես նաև անկլավների հարցի վերադարձը օրակարգ, աղերս չունի իմ՝ որպես ՀՀ պաշտպանության նախարարի կողմից ձեռք բերված պայմանավորվածությունների հետ: Այլ մանրամասների մասին կարող եմ խոսել միայն ԱԺ քննիչ հանձնաժողովում, այն էլ՝ թույլատրելիության սահմաններում բաց, հրապարակային նիստին ՀՀ վարչապետի մասնակցության պայմանով` հետագայում փաստերը որևէ մեկի կողմից չխեղաթյուրելու և չաղավաղելու նկատառումներից ելնելով»:
Ըստ էության, Տավուշի գյուղերի վերադարձի հարցը օրակարգ մտցնելը դուրս է նաև ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանի պատասխանատվությունից:
Ինչ վերաբերում է Սյունիքում զորքերի հետքաշմանը, ապա դրա հետ կապված որոշման քննարկումներին 2021-ի դեկտեմբերի 15-ին մասնակցել են ՀՀ ԶՈՒ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանը, ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանը, ԱԳ նախարար Արա Այվազյանը, այդ ժամանակահատվածում՝ ՏԿԵ նախարար, այսօր՝ ՀՀ ՊՆ Սուրեն Պապիկյանը, ԱԱԾ սահմանապահ զորքերի արդեն նախկին հրամանատար Արման Մարալչյանը, ԳՇ պետի նախկին տեղակալ Կարեն Աբրահամյանը:
Սակայն, 168.am-ի տեղեկություններով, քննարկման մասնակիցները զորքի հետքաշման հարցում չեն տվել իրենց համաձայնությունը, մասնավորապես, ԳՇ նախկին պետ Օնիկ Գասպարյանն առաջարկել է բանակցել ռուսական կողմի հետ և փորձել հարցի այլ լուծում գտնել, ինչը, թերևս, չի արվել:
Այս համատեքստում հիշեցնենք, որ 2021 թվականի հունիսին Տավուշում նախընտրական հանդիպման ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել էր.
«Նոյեմբերի 20-ին Օնիկ Գասպարյանը գնում է Սյունիքի մարզ, հանդիպում է ունենում որոշ շրջանակների հետ, ինչ-ինչ պատճառով ճանապարհին հեռախոսային խոսակցություն է ունենում Սերժ Սարգսյանի հետ, Սերժ Սարգսյանի հետ էդ հեռախոսային խոսակցության մեջ իմ մասին ասում են ամենավերջին բառերը»:
ՀՀ 3-րդ նախագահ Սերժ Սարգսյանը 2021 թվականին նախընտրական հանդիպումներից մեկի ժամանակ հաստատել էր Օնիկ Գասպարյանի հետ նոյեմբերին ունեցած զրույցի փաստը:
«Կարող եմ հաստատել փաստը, որ, այո՛, պատերազմից հետո, եթե չեմ սխալվում` նոյեմբերի 20-ի կողմերը, Օնիկ Գասպարյանն ինձ զանգահարել է: Այդ ընթացքում, իհարկե, կոշտ-կոպիտ խոսքեր եղել են, ես նույնիսկ չեմ հիշում` հայհոյել ենք, թե չենք հայհոյել։ Բա ի՞նչ անեինք, գովաբանեի՞նք, ասեինք` ապրե՞ք, որ մեր հայրենիքի կեսը հանձնել եք, որ 5000 զոհ եք տվել, ասեինք` մալադե՞ց: Երբ Օնիկ Գասպարյանն ինձ զանգել է, ասել է՝ ես Սյունիքում եմ, և այստեղ դժվար իրավիճակ է, հարցնում եմ՝ ի՞նչ դժվար իրավիճակ է, ասում է՝ կարծեք թե մենք պետք է ավելին հանձնենք, քան հանձնել ենք: Ես էլ ասել եմ՝ մի արատավորիր քո գեներալի պագոնները, որևէ կերպ պետք չէ նպաստել այլ որոշումներ կայացնելու կամ այլ գործողություններ կատարելուն, որոնք նշված չեն կապիտուլյանտի ստորագրած փաստաթղթում»,- ասել էր Սերժ Սարգսյանը:
Եվս մեկ անգամ հիշեցնենք, որ Դավիթ Տոնոյանը հենց 2020-ի նոյեմբերի 20-ին էր հայտարարել, որ դադարեցնում է պաշտոնավարումը ՀՀ պաշտպանության նախարարի պաշտոնում:
«Ստեղծված իրավիճակը կարիք ունի լիցքաթափման: Եվ ուզում եմ, որ իմ հեռանալն ընկալվի այդ տրամաբանության մեջ»,- մասնավորապես նշել էր Տոնոյանը:
168.am-ը ժամանակագրական փաստերի ներկայացմամբ, մանրամասն անդրադարձել էր Սյունիքի շուրջ եղած պատերազմական և հետպատերազմական զարգացումներին:
Նշենք, որ Գորիս-Կապան ճանապարհի 21 կմ-անոց հատվածը՝ գրավոր փաստաթղթի հիման վրա կորցրել ենք Տոնոյանի պաշտոնանկությունից և ՊՆ պաշտոնում նրան փոխարինած Վաղարշակ Հարությանյանի օրոք: Ըստ էության, այսօր ՌԴ-ում ՀՀ դեսպան Վաղարշակ Հարությունյանը ևս պետք է Քննիչ հանձնաժողով հրավիրվի, քանի որ, բացի նշվածից, 44-օրյա պատերազմի ժամանակ նա եղել է Նիկոլ Փաշինյանի գլխավոր խորհրդականը, ընդ որում, այդ պաշտոնին նշանակվել էր պատերազմից մոտ մեկ ամիս առաջ՝ 2020 թ. օգոստոսի 19-ին:
Իսկ Նիկոլ Փաշինյանը պետք է պատասխանի՝ այդ ինչպես է, որ 2020-ի նոյեմբերի 9-ին «անկլավներով» եռակողմ հայտարարությունը չի ստորագրում՝ համարելով իր ձեռքբերումը, իսկ հիմա հանձնվում է և՛ այս, և՛ միջանցքային հարցերում: Գուցե դարձյալ ազնիվ չի եղել և ունեցել է հետին նպատակներ: Օրինակ, 2023 թվականի մայիսի 22-ին հրավիրած ասուլիսի ժամանակ Փաշինյանը խոստովանել էր.
«2018-ի դրությամբ հնարավոր չէր լիարժեք կանխատեսելի ընթացք ունենալ, եթե Հայաստանը չէր հրաժարվում ԼՂ-ն Ադրբեջանի կազմից դուրս տեսնելու տեսլականից»:
Արդյո՞ք սա իմանալով էր 2019-ի օգոստոսին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում հայտարարում՝ «Արցախը Հայաստան է, և վերջ»: