Չինաստանը կխառնի՞ ԱՄՆ խաղաքարտերը Հարավային Կովկասում․ ի՞նչ ստորագրեցին Ալիևն ու Ծինփինն Աստանայում, և ի՞նչ նշանակություն այն կարող է ունենալ

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, ով Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի հրավերով այս օրերին Աստանայում է՝ մասնակցելու է Շանհայի համագործակցության կազմակերպության գագաթնաժողովին, բավականին ուշագրավ և ըստ էության աշխարհաքաղաքական նշանակության երկկողմ և եռակողմ հանդիպումներ է ունենում այս հարթակում։

Նախօրեին նա հանդիպել էր՝ ինչպես ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին, այնպես էլ՝ եռակողմ հանդիպում ունեցել Թուրքիայի և Պակիստանի ղեկավարների հետ, իսկ հետո Ալիևը հանդիպել էր Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինին։

Ռուսական ԶԼՄ-ների փոխանցմամբ, Աստանայում Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հանդիպումից հետո ստորագրվել է երկրների միջև ռազմավարական գործընկերության հաստատման մասին հռչակագիր, ինչն աշխարհաքաղաքական զարգացումների ներկայիս փուլում առանցքային աշխարհաքաղաքական և ռեգիոնալ նշանակության, ազդեցության խոշոր իրադարձություն է։

Կարդացեք նաև

Այստեղ հարկ է հիշեցնել, որ 2022 թվականի փետրվարի 22-ին՝ ՌԴ-ի կողմից Ուկրաինայում հատուկ ռազմական օպերացիա, իսկ իրականում՝ պատերազմ սկսելու նախօրեին, Կրեմլում Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարներ Իլհամ Ալիևը և Վլադիմիր Պուտինը ստորագրեցին «Դաշնակցային փոխգործակցության մասին» հռչակագիր, որը բովանդակությամբ ավելի խորն է, քան Չինաստանի հետ Ադրբեջանի գործընկերությունը, սակայն Չինաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը, հետևաբար՝ Չինաստանի հետ ստորագրված այս հռչակագիրն ավելի ծանրակշիռ իրադարձություն է։ Ադրբեջան-Չինաստան հռչակագրում նշվում է, որ կողմերը վերահաստատում են իրենց հանձնառությունը տարածքային ամբողջականության, ինքնիշխանության, փոխադարձ հարգանքի, չհարձակման, ներքին գործերին չմիջամտելու, իրավահավասարության և փոխշահավետության և խաղաղ գոյակցության նկատմամբ։

Ըստ հռչակագրի՝ Ադրբեջանը «վճռականորեն պաշտպանում է «Մեկ Չինաստանի» սկզբունքը, ընդունում է, որ աշխարհում կա միայն մեկ Չինաստան, Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունը միակ օրինական իշխանությունն է, որը ներկայացնում է ողջ Չինաստանը, իսկ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է»։  Փաստաթղթում Բաքուն հաստատում է, որ դեմ է «Թայվանի անկախության ցանկացած ձևի և աջակցում է միջնեղուցային հարաբերությունների խաղաղ զարգացմանը, ինչպես նաև Չինաստանի վերամիավորման համար Չինաստանի կառավարության ջանքերին»:

Չինաստանը հռչակագրով իր պատրաստակամությունն է հայտնում ակտիվորեն մասնակցել Անդրկասպյան տրանսպորտային միջանցքի կառուցմանը և սերտորեն աշխատել Ադրբեջանի և երթուղու այլ երկրների հետ՝ Չինաստան-Եվրոպա բեռնատար գնացքների անխափան աշխատանքը և արագ զարգացումը խթանելու համար։ Պեկինն ու Բաքուն նաև պայմանավորվում են աջակցել ՄԱԿ-ի հովանու ներքո գործող միջազգային համակարգին, հավատարիմ մնալ միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային կարգին և ՄԱԿ-ի կանոնադրության նպատակների ու սկզբունքների վրա հիմնված միջազգային հարաբերությունների հիմնական նորմերին:

Ըստ էության Ադրբեջանն ու Չինաստանը հայտարարեցին իրենց երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության վերածելու մասին։ Հատկանշական է, որ սա տեղի է ունենում Ադրբեջանի նկատմամբ ամերիկյան ռևերանսների՝ ՆԱՏՕ-ի գործընկերների հավաքին հրավերի, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենի Ադրբեջան կատարած այցից, Բլինքեն-Ալիև հեռախոսազրույցից հետո։

Գտնվելով Բաքվում, ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Ջեյմս Օ՛Բրայենը խոսել էր Ադրբեջանի առանցքային դերակատարությունից։ ԱՄՆ պետքարտուղարի Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ՛Բրայենը Բաքվում հայտարարել էր, որ տարածաշրջանում խաղաղության հաստատման գործում կենտրոնական դեր է խաղացել Ադրբեջանը: Իսկ ավելի վաղ Կոնգրեսում լսումների ժամանակ Օ՛Բրայենն ասել էր, որ ԱՄՆ-ի նպատակն է՝ հասնել նրան, որ Կենտրոնական Ասիայից ապրանքների արտահանումն ընթանա ոչ թե Ռուսաստանի ու Չինաստանի, այլ այլընտրանքային ուղիներով, այդ թվում՝ Ադրբեջանի միջոցով:

Օ’Բրայենը նշել էր, որ Կենտրոնական Ասիայի երկրներից համաշխարհային շուկաներ արտահանումն այժմ իրականացվում է միայն Չինաստանի և Ռուսաստանի տարածքով, և խնդիրը «լուծելու համար նրանք պետք է համագործակցեն Ադրբեջանի հետ»։ Օրերս Բրուքինգսի ինստիտուտում իր ելույթի ժամանակ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը ևս խոսեց Ադրբեջանի դերակատարությունից։

Նա նախ ասաց, որ ներկայումս Հայաստանն ու Ադրբեջանն արտակարգ հնարավորություն ունեն խաղաղության համաձայնագիր կնքելու համար, ապա շարունակելով՝ նշեց, որ դա տարածաշրջանում տնտեսական կապերի, տնտեսական աճի, Արևելքի և Արևմուտքի, Հարավի և Հյուսիսի երկրների միջև կապերի հաստատման առումով հսկայական հնարավորություններ կստեղծի։ Բլինքենը գտնում է, որ Ադրբեջանը պետք է առանցքային դեր խաղա այս ամենում։

Ավելի վաղ Բաքու կատարած այցի ընթացքում Ադրբեջանի դերակատարությունից էր խոսել նաև Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։ Վաղեմի ընկերոջ մասին խոսելիս, ի դեպ, Բելառուսի ղեկավարն առանձնահատուկ շռայլություն էր դրսևորել՝ Ալիևին հռչակելով ամբողջ Կովկասի առաջնորդ, ասելով, թե Ադրբեջանի հզոր առաջնորդին ժամանակն է ընտրել ամբողջ Կովկասյան տարածաշրջանը վերահսկելու համար: «Դա արդեն ոչ միայն պատասխանատվություն է Ադրբեջանի համար, դուք արդեն ընդհանուր առմամբ պատասխան եք տալիս Կովկասի համար»,- հայտարարել էր Լուկաշենկոն։ Նախօրեին ՌԴ ԱԳՆ ներկայացուցչի ամենշաբաթյա ասուլիսի ընթացքում ևս կային նրբերանգներ, որոնցից նկատվում էր նախընտրությունը ռեգիոնալ վերահսկողական մեխանիզմներին և ոչ արտատարածաշրջանային ուժերի կողմից առաջ մղվող տարբերակներին, ինչը, իհարկե, հասկանալի է։ Սակայն, ի տարբերություն նախկինի, երբ ՌԴ-ն մասնակցում էր ռեգիոնալ անվտանգության պահպանմանը, ձևավորմանը, ապա այսօր խոսում է ռեգիոնալ երկրների դերակատարության և ռեգիոնալ մեխանիզմների մասին։

168.am-ի հետ զրույցում անդրադառնալով ռեգիոնալ զարգացումներին և դրա շուրջ աշխարհաքաղաքական մրցակցությանն ու հնարավոր վերադասավորումներին, ռուս քաղաքական վերլուծաբան Ստանիսլավ Տարասովն ասաց, որ եթե Ադրբեջանն այդ ուղղությամբ քաղաքականությունը խորացնի (ինչը առաջիկայում ավելի պարզ կդառնա), Ադրբեջան-Չինաստան ռազմավարական գործընկերության հռչակագրի ստորագրումը կարող է էական իրադարձություն դառնալ։

Սակայն Տարասովն այն կարծիքին է, որ հաղթանակելով 44-օրյա պատերազմում, օգտվելով ռեգիոնում այդ առավելությունից, կազմելով երկարաժամկետ ծրագրեր, Ալիևը կարողանում է Ադրբեջանի համար խնդիրներ լուծել՝ փորձելով հասնել երկարաժամկետ ազդեցության։ Վերլուծաբանը գտնում է, որ չմերժելով Արևմուտքին, համագործակցելով Արևմուտքի հետ էներգետիկ, տնտեսական, ինչպես նաև քաղաքական-աշխարհաքաղաքական ոլորտում, Ադրբեջանը կարողացել է նաև բանակցային գործընթացում օգուտներ ստանալ, հեռանալով ռուսական հարթակից, վերջերս նաև համաձայնություն ձեռք բերելով Ռուսաստանի հետ դուրս բերել խաղաղապահներին Ղարաբաղից։

«Բնականաբար, սրանով Ադրբեջանն ԱՄՆ-ին և ողջ Արևմուտքին հույսեր ներշնչեց, թե կարող է լիովին տեղավորվել հակառուսական ճամբարում, սկսվեց ակտիվ խոսակցություն, ապա՝ բանակցություններ, բնականաբար, ակնկալիքներ Ադրբեջանից որոշակի զիջումների իր նախնական դիրքորոշումներից։ Ըստ էության Արևմուտքի այդ ինտենսիվ աշխատանքը հանգեցրեց նրան, որ ԱՄՆ-ը հավակնում է դառնալ միջնորդ և հայտարարում է Ռուսաստանի ու Չինաստանի ազդեցության ճանապարհներին Ադրբեջանի միջոցով այլ ազդեցության ճանապարհներ ձևավորելու մասին։ Եվ դրա համար Ադրբեջանի ուղղությամբ ինտենսիվ աշխատանք է սկսվում։

Այս ֆոնին ԱՄՆ-ի հակադիր բևեռի, աշխարհաքաղաքական մեկ այլ կենտրոնի հետ նման հռչակագրի ստորագրումը կարող է Ադրբեջանի դիվանագիտության, մանևրների համար ավելի լայն դաշտ ստեղծել, առաջին հերթին՝ արևմտյան ուղղությամբ։ Այս հռչակագիրը, իհարկե, փոփոխվող աշխարհակարգի ցուցիչն է, այն Ադրբեջանին կարող է գցել հակաարևմտյան ճամբար, սակայն այս փուլում դեռևս հակված եմ կարծել, որ պետք չէ սրան ավելի մեծ նշանակություն տալ, քան ներկայումս կա, որովհետև հետագա զարգացումները կարող են իրականում այլ լինել։ Սակայն Ադրբեջանի համար սա ինչպես Անդրկովկասում է էական իրադարձություն, այնպես էլ՝ աշխարհում և ԱՄՆ-ի համար, որը ստիպելու է ԱՄՆ-ին որոշ փոփոխություններ մտցնել Ադրբեջանի հետ երկխոսությունում»,- նման կարծիք հայտնեց վերլուծաբանը։

Նա նաև գտնում է, որ սա իր հերթին՝ կմեծացնի Չինաստանի քաղաքական ազդեցությունն անդրկովկասյան ռեգիոնում, որտեղ Չինաստանի ազդեցությունը կրում է առավելապես տնտեսական, քան քաղաքական բնույթ։

«Չինաստանի ազդեցությունը և դիրքորոշումները կարող են զգացվել նաև հետագա ապաշրջափակման գործընթացներում, թեև, հակված եմ կարծել, որ Ադրբեջանն իր նախնական ծրագրերը չի փոխելու։ Այնուամենայնիվ, սա մասամբ խառնում է Արևմուտքի խաղաքարտերն Անդրկովկասում, մեծացնում Արևելքի ազդեցությունը ռեգիոնում, ամրապնդում հակարևմտյան ալյանսը։ Իսկ մնացած զարգացումների նկատմամբ սրա ազդեցությունը և այս հռչակագրի աշխարհաքաղաքական ողջ նշանակությունը կբացահայտվի ժամանակի ընթացքում։ Սակայն աշխարհաքաղաքական բոլոր անկյուններում Ադրբեջանն աշխատում է իր կշիռը բարձրացնելու ուղղությամբ»,- ասաց Տարասովը։

Նա գտնում է, որ Հայաստանում ոչ միայն ուշի ուշով պետք է հետևեն այս զարգացումներին, այլև պետք է կանխատեսեին և ևս երկարաժամկետ արտաքին քաղաքական ռազմավարություն կառուցեին՝ օգտագործելով դաշնակիցների ներուժը, ընդլայնելով ՀՀ հնարավորությունները։

«Սակայն, ինչպես բազմիցս ասել եմ, տեղի է ունենում հակառակը»,- նկատեց նա։

Ինչ վերաբերում է Հայաստանին և հայ-չինական կապերին, ապա ՀՀ արտաքին քաղաքական դոկտրինում (եթե այդպիսին գոյություն ունի փաշինյանական իշխանության օրոք) հայ-չինական օրակարգը լիովին անտեսված է՝ չկան այցեր, նոր նախաձեռնություններ, ակտիվ երկխոսություն։

Հայ-չինական բոլոր էական զարգացումները տեղի են ունեցել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի նախագահության տարիներին։

2015 թվականի մարտին կայացել էր նրա պետական այցը Չինաստանի Ժողովրդական Հանրապետություն։ Սարգսյան-Ծինփին հանդիպման ավարտին բանակցությունների արդյունքներով ղեկավարները ստորագրել էին «Հայաստանի Հանրապետության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության բարեկամական համագործակցության հարաբերությունների հետագա զարգացման և խորացման մասին» համատեղ հռչակագիր: Ստորագրվել էին նաև երկու երկրների միջև մի շարք ոլորտներում երկկողմ համագործակցության զարգացմանն ու ամրապնդմանն ուղղված ավելի քան մեկ տասնյակ փաստաթղթեր:

Նախագահությունից հետո ևս ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակ առ ժամանակ հանդիպում է ՀՀ-ում Չինաստանի դեսպանի հետ։ Ըստ էության, ՀՀԿ-ն միակ քաղաքական ուժն է, որն ակտիվ երկխոսություն է վարում ՀՀ-ում Չինաստանի դեսպանի, այսինքն՝ չինական կողմի հետ՝ կարևորելով հայ-չինական օրակարգի զարգացումը։

Տեսանյութեր

Լրահոս