Ակնհայտ է՝ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում փակ, բայց ակտիվ գործընթացներ են տեղի ունենում. «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության հարցում ով է պետք Ադրբեջանին, ինչ կանի Իրանը
ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը Բաքվում հանդիպել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ:
Ըստ ադրբեջանական պաշտոնական հաղորդագրության, Օ’Բրայենն ընդգծել է ԱՄՆ-ի պատրաստակամությունը տարածաշրջանային խաղաղության օրակարգն առաջ տանելու և այդ գործընթացին աջակցելու հարցում:
Իսկ Բաքու այցից առաջ ԱՄՆ պետքարտուղարի` Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Ջեյմս Օ’Բրայենը, ելույթ ունենալով Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի լսումների ժամանակ, նա հայտարարել էր.
«Մենք շատ հստակ ենք խոսում նախագահ Ալիևի հետ. խաղաղություն հաստատելու ժամանակն է։ Եվ դա ոչ միայն Ադրբեջանի հարցն է, դա ամբողջ տարածաշրջանի և Կենտրոնական Ասիայի խնդիրն է։ Բոլոր այդ երկրներն այժմ արտահանում են իրականացնում միայն Չինաստանի կամ Ռուսաստանի միջոցով: Որպեսզի նրանք այլ ելք ունենան, նրանք պետք է աշխատեն Ադրբեջանով: Մի ճանապարհն անցնում է Վրաստանով դեպի Սև ծով, բայց մեկ այլ, հնարավոր շատ ավելի մեծ ճանապարհը կանցնի Ադրբեջանով, Հայաստանով և Թուրքիայով: Եվ այդ առումով մեզ անհրաժեշտ է խաղաղության պայմանագիր Ադրբեջանի և Հայաստանի միջև՝ վերջ դնելու պատերազմին և 90-ականներից ի վեր գոյություն ունեցող սարսափելի հակամարտությանը»:
Ադրբեջանական minval.az-ն այս համատեքստում վերլուծություն է ներկայացրել, որտեղ նկատել են, թե Ջեյմս Օ’Բրայենի վերը նշված հայտարարությունը կարևոր է, քանի որ իր ձևակերպման տողատակում շոշափում է «Զանգեզուրի միջանցքի» բացման հարցը:
«ԱՄՆ-ի համար կարևոր է «Զանգեզուրի միջանցքի» գործելը, որովհետև… հիշեք վերևում արված հիշատակումը, որ տրանսպորտային ուղին Ադրբեջանով, Հայաստանով, Թուրքիայով ավելի մեծ ներուժ ունի, քան Վրաստանով դեպի Սև ծով անցնողը: Մյուս կողմից՝ հնարավոր է, որ այս ուղին ավելի մեծ լինի հեռանկարում, բայց ոչ այսօր …»,- նշվում է ադրբեջանական հոդվածում, այնուհետև բարձրացվում է «Զանգեզուրի միջանցքի» վերահսկողության և տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ տեղաշարժի հարցը:
«Ինչպես դա անել, եթե բեռներն անցնելու են ռևանշիստական տրամադրություններ ունեցող Հայաստանի տարածքով»,- հռետորական հարց է բարձրացնում ադրբեջանական հոդվածագիրը և նույնքան հռետորական ոճով սպառնում՝ «այս հարցն Ադրբեջանը կարող է լուծել՝ իր զորքը մտցնելով Զանգեզուր»:
Հավելենք, որ Նիկոլ Փաշինյանը Սյունիք կատարած այցի շրջանակում չէր բացառել, որ սահմանազատման գործընթացի հաջորդ փուլը Սյունիքում լինի, ավելի վաղ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն էլ հայտարարել էր, որ մինչև Մեղրի, մինչև Իրանի սահման սահմանազատում են անելու:
168.am–ի հետ զրույցում Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը նշել էր, որ Իրանում խիստ մտահոգությամբ են հետևում նման հայտարարություններին, և, ընդհանրապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող, այսպես կոչված, սահմանազատման և սահմանագծման գործընթացին:
Իրանի բարձրաստիճան պաշտոնյաները, և այսօր էլ ՀՀ-ում Իրանի Իսլամական Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մեհդի Սոբհանին լրագրողների հետ զրույցում հերթական անգամ շեշտել է՝ տարածաշրջանում միջազգայնորեն ճանաչված սահմանների ու աշխարհաքաղաքական ցանկացած փոփոխության:
Իսկ minval.az-ն իր վերևում հիշատակված հոդվածում «Զանգեզուրի միջանցքի» տրամաբանության համատեքստում ակնարկել է, որ Ադրբեջանի և Իրանի միջև այս հարցի շուրջ քննարկումներ եղել են, և, որ Ադրբեջանը «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված իր պլանները ներկայացրել է իրանական կողմին:
«Իրանին երաշխիքներ են պետք, որ երբ գործարկվի «Զանգեզուրի միջանցքը», բեռները Նախիջևան կմտնեն նաև իրենց տարածքով: Այսինքն, սա բեռների տարանցիկության դիմաց գումարի հարց է, հետևաբար՝ իրական հետաքրքրություն է ներկայացնում նրանց համար»,- գրել է ադրբեջանցի հոդվածագիրը՝ հիշեցնելով Բաքվի և Թեհրանի՝ Արաքս գետի ափով երկաթգծի վերաբերյալ նախագծի մասին:
Թեհրանի «Ալիք» օրաթերթի գլխավոր խմբագիր Արամ Շահնազարյանը մեզ հետ հարցազրույցներում մեկ անգամ չէ, որ նշել է՝ ««Զանգեզուրի միջանցքը», այո, կարմիր գիծ է Իրանի համար, բայց նրա գործուն միջամտության հնարավորությունը մեծապես կախված է լինելու նրանից, թե արդո՞ք Հայաստանը ցանկանում է դա, թե՞ ոչ»:
Այսօր նույն բանն ասել է նաև ՀՀ-ում Իրանի դեսպանը, երբ նրան հարց են տվել, որ չնայած խաղաղության գործընթացին` Ադրբեջանը ՀՀ-ին սպառնում է նոր պատերազմով, և սպառնալիքները մասնավորապես վերաբերում են Սյունիքին, ինչ քայլերի կարող է դիմել Իրանը:
«Ինչ վերաբերում է ՀՀ-ի հետ համագործակցության մեր ձևի մասին, ապա դա կախված է ՀՀ կառավարությունից։ Մենք մեր պատրաստակամությունն ենք հայտնել փոխադարձ ընկյալումների հիման վրա։ Այն, ինչ կբխի մեր երկու երկրների շահերից, բոլոր ոլորտներում կհամագործակցենք ՀՀ–ի հետ: Ցանկացած մակարդակում հնարավոր է համագործակցել ՀՀ-ի հետ, սակայն դա պետք է լինի փոխադարձ ընկալումների ու պայմանավորվածությունների հիման վրա»,- շեշտել է Մեհդի Սոբհանին՝ հավելելով, որ երկու երկրների անվտանգությունները փոխկապակցված են:
Ինչ վերաբերում է ՌԴ-ի դիրքորոշմանը՝ «Զանգեզուրի միջանցքի» հետ կապված, ադրբեջանական վերը նշված հոդվածում ակնարկել են, որ իրենց համար կարևոր է նախագահ Պուտինի և ԱԳ նախարար Լավրովի դիրքորոշումը, որ 2020 թ. նոյեմբերի 10-ի եռակողմ հայտարարության մեջ, որը ստորագրել է Նիկոլ Փաշինյանը, խոսվում է «Զանգեզուրի միջանցքի» մասին, այսինքն, էական չէ ձևակերպումը:
Հավելենք, որ Իլհամ Ալիևը «COP29 և կանաչ տեսլականը Ադրբեջանի համար» թեմայով միջազգային ֆորումի ժամանակ հայտարարել էր.
«Այնտեղ գրված է, որ Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև պետք է լինի տրանսպորտային հաղորդակցություն, որի նկատմամբ վերահսկողություն պիտի իրականացվի Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայության ուժերի կողմից: Այս հայտարարությունը ստորագրել են ՌԴ նախագահ Պուտինը, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը և ես: Եվ արդեն 3 տարի է՝ Հայաստանը փաստացի խախտում է այս պայմանը: Իսկ հիմա էլ փորձում են, այսպես ասած, ազատվել այդ իրավիճակից: Բայց դա հնարավոր չէ»:
Այս ամենը հուշում է, որ «Զանգեզուրի միջանցքի» շուրջ և նրա վերահսկողության համար կարող են որոշակի զարգացումներ լինել:
Ի՞նչ զարգացումներ կարող են լինել, արդյո՞ք ռազմական հարձակում հնարավոր է Սյունիքի ուղղությամբ, որքանո՞վ է Իրանի դիրքորոշումը կախված խնդրում ներգրավված և շահագրգիռ մյուս խաղացողների շահերից ու դիրքորոշումներից, 168.am-ը փորձել է պարզել նաև «Հենակետ» վերլուծական կենտրոնի փորձագետ Շիրազ Խաչատրյանի հետ զրույցում:
«Նախ պետք է նկատել՝ ակնհայտ է, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում փակ, բայց ակտիվ գործընթացներ են տեղի ունենում: Եվ արևմտյան դերակատարների, մասնավորապես, ԱՄՆ-ի ներգրավվածությունը խաղաղության պայմանագիրը վերջնական տեսքի բերելու գործում, ըստ էության, ակտիվ փուլ է մտել: Եվ այս ամենի համատեքստում, բնավ, պատահական չեն ԱՄՆ պաշտոնյաների տարածաշրջանային այցերն ու հեռախոսազանգերը, որոնք արդեն հաճախակի բնույթ են կրում: Եվ Վաշինգտոնի շտապողականությունը Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների կարգավորման հարցում և այն փաստաթղթավորելու հանգամանքը կարելի է մի քանի կետով բացատրել:
Առաջին, ուշ աշնանն ԱՄՆ-ում սպասվում են նախագահական ընտրություններ, իսկ նախընտրական և հետընտրական ժամանակափուլերում նման պրոցեսները ցանկացած պետության, այդ թվում՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքականության պասիվացման, որից օգտվելու են մյուս խոշոր դերակատարները:
Այդ իսկ պատճառով ԱՄՆ-ը փորձում է իր ակտիվությամբ ամրագրել այս փուլում ձեռք բերված պայմանավորվածությունները:
«Զանգեզուրի միջանցքի» բացումն ԱՄՆ դերակատարությամբ գերկարևոր նշանակություն ունի, քանի որ իսրայելա-պաղեստինյան հակամարտությամբ, ռուս-ուկրաինական պատերազմով պայմանավորված առաջնահերթություն է դառնում Հայաստանով դեպի Եվրոպա, Արևմուտք կոմունիկացիաների վերահսկողության հաստատման հարցը: Այդ իսկ պատճառով անուղղակի և ուղղակի ճնշում կա նաև Ադրբեջանի վրա, որ քայլ առաջ անցնեն արևմտյան առաջարկների իրականացմանը: Իսկ Ադրբեջանն էլ փորձում է սակարկել, խաղաղության պայմանագրի ստորագրումը ձգել՝ փոխելով հռետորաբանությունը, նոր պայմաններ ու պահանջներ ներկայացնել, նոր պատերազմի շանտաժ է անում՝ նաև ապատեղեկատվություններ տարածելով, որ ժամանակ շահի՝ մինչև հասկանա, թե խոշոր խաղացողներն ինչ են իրեն առաջարկում: Խոշոր խաղացողներից, բնականաբար, ՌԴ-ն է առաջնահերթ, Իրանը և Թուրքիան:
Այսինքն, ի տարբերություն Հայաստանի՝ Ադրբեջանը խուսափում է ինչ-որ խոշոր խաղացողի հովանավորությամբ որևէ բան ամրագրել, ստորագրել՝ սպասելով հարմար պահի, որ իր նախաձեռնողականությամբ խառնի խաղաքարտերը, իհարկե, շատ բան ստանալու ակնկալիքով,- նշեց նա և անդրադառնալով ապրիլին Ալիևի հայտարարությանը՝ կապված ռուսական վերահսկողության հետ՝ հավելեց,- Մեծ հաշվով, Ալիևին ոչ մի խոշոր խաղացողի վերահսկողություն պետք չի, սակայն համեմատական կարգով, հաշվի առնելով նախկին փորձերը՝ Արցախում ռուս խաղաղապահների ձախողման և Լաչինի միջանցքի վերահսկողության պայմաններում ադրբեջանցիների ազատ տեղաշարժի հետ կապված, այդ սցենարը հիմա էլ ադրբեջանցիները փորձելու են ՀՀ տարածքում պրոյեկտել: Այս պարագայում ռուսական և արևմտյան տարբերակների դեպքում նրանց տեսակետից, թերևս, ավելի հեշտ է ռուսական վերահսկողությունը՝ նախկին սցենարները հաշվի առնելով և մտածելով, որ հետագայում կարող են փորձել ռուսական կողմի հետ պայմանավորվածությունների գնալ և ՀՀ տարածքում անել այն, ինչ արել են Արցախում:
Այսինքն, արևմտյան խաղացողների հետ պայմանավորվածության դեպքում դժվար է լինելու Ադրբեջանին հասնել վերը նշվածին, քան ռուսական կողմի վերահսկողության դեպքում, ես սա ասում եմ զուտ համեմատական կարգով: Իսկ իրականում նրանց ոչ մի խոշոր տերության վերահսկողություն ձեռք չի տալիս՝ թուրք-ադրբեջանական տանդեմի կամ պանթուրքական ծրագրի տրամաբանության շրջանակում: Ըստ այդմ՝ այսօրվա դրությամբ բավարարվելու են պլան մինիմումով, որ հետագայում հասնեն պլան մաքսիմումին»: